Պաշտոնական Մոսկվան առայժմ չի արձագանքել Ղազախստանի նախագահի՝ Դոնեցկի և Լուգանսկի քվազի պետությունները չճանաչելու մասին հայտարարությանը։ Փոխարենը խոսել են Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը և Չեչնիայի ղեկավարը, որոնք, ինչպես բազմիցս հայտարարել է Կրեմլը, պաշտոնական Մոսկվայի կարծիքն արտահայտել չեն կարող։
Իսկ վերլուծաբաններն արդեն գրում են Ռուսաստանի և Ղազախստանի միջև հարաբերություններում ակնհայտ ճեղքի մասին՝ նկատելով, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունները դեմարշի էին նման, հատկապես որ դրանք արվեցին Ռուսաստանի նախագահի ներկայությամբ։
Հունիսի 17-ին Պուտինի կողքին նստած Տոկաևը, պատասխանելով քննարկման մոդերատոր, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցին, թե ինչպե՞ս է Ղազախստանը վերաբերվում Ուկրաինայում այսպես կոչված` «հատուկ գործողությանը», նախ ասաց, որ Ղազախստանում կան տարբեր տեսակետներ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ, քանի որ երկրում զարգացած քաղաքացիական հասարակություն կա։ Ապա խոսելով Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների մասին՝ նշեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության երկու հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը և պետությունների տարածքային ամբողջականությունը, հակասության մեջ են մտել միմյանց հետ։
«Հաշվարկվել է, որ եթե ազգի ինքնորոշման իրավունքը իրագործվի ամբողջ աշխարհում, ապա 193 պետության փոխարեն Երկրի վրա կստեղծվի ավելի քան 500-600 պետություն: Քաոս է լինելու, այդ իսկ պատճառով մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան, այս սկզբունքը կկիրառվի քվազիպետական տարածքների նկատմամբ, ինչպիսիք, մեր կարծիքով, Լուգանսկն ու Դոնեցկն են», – նշեց նա։
Պուտինը Տոկաևի այս հայտարարությանը որևէ կերպ չանդրադարձավ։ Նույն օրը Вести-ի եթերում Տոկաևը հայտարարեց, թե Ռուսաստանում տարածված այն կարծիքը, որ Ղազախստանը պետք է շնորհակալ լինի Ռուսաստանին հունվարին հեղաշրջման փորձը կանխելու համար, սխալ է. «30 տարվա ընթացքում առաջին անգամ ՀԱՊԿ-ն իրեն ինչ-որ կերպ դրսևորեց՝ սահմանափակ քանակությամբ կոնտինգենտ ուղարկելով Ղազախստան, շեշտում եմ ոչ թե Ռուսաստանը, այլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ Ռուսաստանում ոմանք խեղաթյուրում են այս ամբողջ իրավիճակը՝ ասելով, որ Ռուսաստանը փրկեց Ղազախստանը, և Ղազախստանն այժմ հավերժ պետք է ծառայի և խոնարհվի Ռուսաստանի ոտքերի առաջ։ Ես կարծում եմ, որ սրանք միանգամայն չարդարացված հայտարարություններ են, կարելի է ասել, իրականությունից հեռու»։
Այս հարցազրույցից մեկ օր անց էլ ղազախական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Ղազախստանի նախագահը հրաժարվել է ռուսական շքանշանից: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքեց տեղեկությունը՝ ասելով, թե իբր ռուսական կողմը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ալեքսանդր Նևսկու շքանշանով պարգևատրելու ծրագիր չուներ։
Մոսկվան առաջին հայացքից «հանգիստ տարավ» Տոկաևի մեղմ ասած` ոչ հաճելի հայտարարությունները, սակայն Ղազախստանի նախագահի ելույթից երկու օր անց Ռուսաստանը դադարեցրեց ղազախական նավթի առաքումը՝ հիմնավորելով, թե իբր Կասպից ծովում դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ինչ-որ ռումբեր են գտել, և առաքումն անհնար է դարձել։
Կրեմլի լռության ֆոնին` Տոկաևին արձագանքեց նախ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, սպառնալով, թե Ղազախստանը կարող է ունենալ Ուկրաինայի ճակատագիրը, հետո էլ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմեց ոչ թե ուղիղ Ղազախստանին, այլ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներին, բայց հատկապես առանձնացնելով Հայաստանին ու Ղազախստանին։
«Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք փորձում վերջ տալ պատերազմին»։ Կադիրովն իր այս ուղերձում հիշեց նաև 44-օրյա պատերազմը՝ ասելով, թե երբ ռազմական գործողություններ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Պուտինն առանցքային դեր խաղաց:
Հետո էլ հավելեց. «Երբ Ղազախստանը սկսեց կորցնել ինքնիշխանությունը, ո՞վ օգնեց։ Ռուսաստանը: Իսկ երբ դա պետք է Ռուսաստանին, բոլորը լռում են՝ դուք վախենում եք պատժամիջոցներից»։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանին հրապարակավ աջակցություն է հայտնել ՀԱՊԿ անդամ միայն մեկ պետություն՝ Բելառուսը, այն էլ պարբերաբար շեշտելով, թե բելառուսական ուժերն այդ պատերազմին չեն մասնակցում։
Կրեմլի խոսնակն, այսօր արձագանքելով Կադիրովի հայտարարությանը, ասել է, թե Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը ՀԱՊԿ երկրներին ներգրավելու սցենարը Մոսկվայում չեն քննարկում։ Քաղաքական մեկնաբանները կարծում են, որ այսօր Արևմուտքի հետ աննախադեպ առճակատման մեջ գտնվող Ռուսաստանը փորձում է չփչացնել հարաբերությունները ուկրաինական պատերազմի նկատմամբ չեզոք դիրքորոշում որդեգրած հետխորհրդային պետությունների, այդ թվում` Մոսկվայի համար չափազանց կարևոր Ղազախստանի հետ։