2020 թ. արցախյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական բանակցություններն ընթանում են երեք ուղղություններով՝ հաղորդակցության ուղիների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկ, և հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրում, որը քաղաքական և քաղաքագիտական շրջանակները երբեմն անվանում են նաև խաղաղության պայմանագիր: Եթե պատերազմին հաջորդած մեկ տարվա ընթացքում բանակցություններն ընթանում էին Ռուսաստանի միջնորդությամբ, ապա 2021 թ. վերջին մոսկովյան հարթակին ավելացավ նաև բրյուսելյան հարթակը: 2021 դեկտեմբերին, 2022 թ. ապրիլին ու մայիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Բրյուսելում կայացած հանդիպումներում քննարկման առարկա են դարձել նշված երեք ուղղություններին վերաբերող հարցեր: Միևնույն ժամանակ, Եվրամիության նախաձեռնությամբ գործարկվել է բանակցային նոր հարթակ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնականի մասնակցությամբ:
Այս գործընթացներին զուգահեռ ակտիվորեն քննարկվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարը: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ հակամարտությունն արդեն անցյալում է: Չնայած Բաքվի այս պնդումներին, պատերազմի ավարտին հաջորդած առաջին վեց ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում շարունակում էին պնդել, որ հակամարտությունը շարունակվում է և այն պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:[1] 2021 թ. երկրորդ կեսին ընդունված հայտարարություններում համանախագահները դադարեցին հղում կատարել հակամարտության կարգավորման սկզբունքներին և տարրերին` խոսելով միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող խնդիրների համապարփակ լուծման կարևորության մասին:[2]
2022 թ. փետրվարի 24-ին մեկնարկած ուկրաինական պատերազմի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը փաստացի դադարեցված է: Ռուսաստանը արտաքին գործերի նախարարի շուրթերով պնդում է, որ դրա պատճառը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումն է, որոնք հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, 2020 թ. հունիսի վերջին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերին Դոնֆրիդը հայտարարել է, որ չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման։
Անկախ այս հայտարարությունների իրարամերժ բնույթից, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները վերջին համատեղ հայտարարությունն ընդունել են 2021 թ. դեկտեմբերի սկզբին, և վերջին յոթ ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններն ընթանում են մոսկովյան և բրյուսելյան հարթակներում: Սա նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության փաստացի դադարեցումը չի խոչընդոտում բանակցություններին: Չնայած հայկական կողմի հայտարարություններին, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, Հայաստանը չի հրաժարվել մոսկովյան և բրյուսելյան հարթակներում հակամարտության առնչվող հարցերի քննարկումից: Իր հերթին, Ադրբեջանի նախագահը շարունակում է պնդել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, և դրա վերակենդանացմանն ուղղված փորձերը վտանգում են խաղաղության հաստատման գործընթացը: Ստեղծված պայմաններում հասկանալի չէ, թե ով և ինչպես կարող է հարկադրել Ադրբեջանին փոխել այս դիրքորոշումը:
Միևնույն ժամանակ, բանակցային գործընթացի երեք ուղղություններից առաջընթաց է արձանագրվել առաջին երկուսում: Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե մոտ են ավտոճանապարհային և երկաթուղային հաղորդակցության ուղիների վերագործարկման խնդրով պայմանավորվածությունների ձեռք բերմանը: Կողմերը ձևավորել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովներ, որոնց ղեկավարների առաջին հանդիպումը կայացել է 2022 թ. մայիսի վերջին: Սակայն Արցախի ապագայի շուրջ բանակցությունները փակուղում են:
Հայաստանի ղեկավարությունը վերջին ամիսներին ակնարկում է, որ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման գործուն երաշխիքների առկայության պայմաններում տեսականորեն պատրաստ է դիտարկել Արցախը որպես ինքնավար միավոր Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, և բացառում է Արցախին նույնիսկ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակի տրամադրումը: Ադրբեջանական կողմը հստակ հայտարարում է, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջը և չհայտարարի, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, ապա Ադրբեջանը առաջ է քաշելու Սյունիքի մարզում ադրբեջանական բնակչության տեղակայման և այնտեղ ադրբեջանական ինքնավարություն ստեղծելու պահանջ: Ադրբեջանը նաև նշում է, որ Արցախի հարցում ադրբեջանական պահանջների չկատարումը խոչընդոտելու է այլ ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, և միջնաժամկետ հեռանկարում (3-8 տարի) կարող է հանգեցնել հայ-ադրբեջանական նոր պատերազմի: Ադրբեջանը վստահ է, որ նոր պատերազմը ավարտվելու է Հայաստանի ռազմական պարտությամբ, ընդ որում դրա հետևանքով Ադրբեջանը վերահսկողություն է հաստատելու ոչ միայն ամբողջ Արցախի, այլ Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հետագա ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է: Լավագույն լուծումն այդ ուժերի դուրս բերումն է 2025 թ. նոյեմբերին, ընդ որում՝ Ադրբեջանում համոզված են, որ եթե Արևմուտքին հաջողվի ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանին, դա էականորեն կմեծացնի Արցախից ռուսական զորքերի դուրս բերման հավանականությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նշում է, որ Արցախից ռուսական ուժերի դուրս բերման պարագայում Ադրբեջանը ոչ մի դեպքում չի համաձայնվի Արցախում ցանկացած ձևաչափով այլ՝ միջազգային խաղաղապահ առաքելության տեղակայմանը:
Ադրբեջանում դիտարկում են նաև այն սցենարը, երբ առաջիկա մի քանի տարիների ընթացքում Արևմուտքը չի կարողանա էականորեն թուլացնել Ռուսաստանին, և ռուսական ուժերը կշարունակեն մնալ Արցախում նաև 2025 թ. նոյեմբերից հետո: Այս դեպքում Ադրբեջանը կհամաձայնվի ռուսական ուժերի տեղակայման ժամկետի ևս հինգ տարով երկարաձգմանը բացառապես երկկողմ Ռուսաստան – Ադրբեջան համաձայնագրի համատեքստում՝ այդ գործընթացից ամբողջովին դուրս մղելով Հայաստանին: Ընդսմին, այդ համաձայնության դիմաց Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կպահանջի Ռուսաստանից թույլ տալ ադրբեջանցիների տեղակայում ներկայումս Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության տակ գտնվող տարածքներում՝ պնդելով, որ ռուս խաղաղապահները պարտավոր են ապահովել նաև ադրբեջանցիների անվտանգությունը:
Ռուսաստանը շարունակում է հայտարարել, որ Արցախում ռուսական ուժերը կմնան այնքան ժամանակ, որքան առկա է հայ-ադրբեջանական նոր բախումների վտանգ: Միևնույն ժամանակ ռուսական կողմի համար առաջնայինը Արցախում ռուսական զորքերի տեղակայումն է, իսկ մնացած հարցերը, այդ թվում հայ բնակչության թվաքանակը և ադրբեջանցիների մուտքը ռուսական վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ, ենթակա են քննարկման:
ԱՄՆ-ն ու Եվրամիությունը շահագրգռված են 2025 թ. նոյեմբերին Արցախից ռուսական ուժերի դուրս բերմամբ: Նրանք հասկանում են, որ նմանատիպ լուծման հավանականությունն էականորեն կմեծանա Արցախի կարգավիճակի հարցում հայ-ադրբեջանական համաձայնություն ձեռք բերելու դեպքում: Այդ համատեքստում նրանց համար ընդունելի լուծում կարող է լինել Արցախը որպես ինքնավար միավոր Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնությունը:
Հաշվի առնելով Արցախի վերաբերյալ Ադրբեջանում առկա տեսակետները, առաջիկա տարիներին իրադարձությունները կարող են զարգանալ հետևյալ սցենարներով:
- Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջները, հրաժարվում է Արցախին որևէ կարգավիճակ տրամադրելու պնդումից և հույս է փայփայում, որ Արցախի արագ հայաթափումից հետո Ադրբեջանը ձեռնամուխ չի լինի ռազմական ճանապարհով Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ռազմավարության իրականացմանը: Սակայն նմանատիպ հույսերը իրականությունից բավականաչափ հեռու են, և Արցախի անկումից հետո առնվազն Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ Ադրբեջանի ռազմական նկրտումներն ընդամենը ժամանակի հարց են:
- Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանը փորձում է հասնել Ադրբեջանի կողմից Արցախի ինքնավար կարգավիճակի ճանաչմանը, հույս ունենալով, որ միջազգային երաշխիքների առկայության պայմաններում Արցախի հայաթափումը կընթանա դանդաղ տեմպերով: Այս սցենարի իրականացման դեպքում դեպքում Հայաստանը կարող է օգտագործել այդ ժամանակը բանակի հզորացման համար, ինչը կարող է նվազեցնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ադրբեջանական նկրտումները: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կմերժի Արցախին Ադրբեջանի կազմում ինքնավար կարգավիճակի տրամադրման առաջարկը և կշարունակի պատրաստվել հարցի ռազմական ճանապարհով լուծմանը:
- Եվրամիության և Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ տարվող բանակցություններում Հայաստանն առաջ է քաշում այլընտրանքային լուծումներ Արցախի կարգավիճակի վերաբերյալ (օրինակ, հայ-ադրբեջանական պայմանագրում Արցախի համար անցումային ժամանակաշրջանի սահմանում՝ մինչև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայցով վճռի հրապարակումը), և դրանց շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ հնարավորինս արագ վերականգնում զինված ուժերի մարտունակությունը Ադրբեջանի հետ սպասվելիք նոր պատերազմում՝ 2020 թ. արդյունքից խուսափելու համար: Այստեղ ևս պետք է նշել, որ Ադրբեջանի կողմից Արցախին անցումային ժամանակաշրջան տրամադրելու առաջարկի ընդունման հավանականությունը բավականաչափ փոքր է:
Նշված սցենարներից առաջինն ուղղակի հակասում է ՀՀ կենսական շահերին, մինչդեռ երկրորդ և երրորդ սցենարների իրականացման հավանականությունը բավականաչափ ցածր է: Հաշվի առնելով միաբևեռ աշխարհակարգի աստիճանական կերպափոխման համատեքստում միջազգային և տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության ինտենսիվ վերաձևումները, Ռուսաստան – Արևմուտք փաստացի ընթացող հիբրիդային պատերազմը և տարբեր պետությունների միջև տարածաշրջանային գերիշխանության համար մղվող պայքարում ուժային կոմպոնենտի դերակատարման մեծացումը, Հարավային Կովկասում առաջիկա տարիներին (2023-2030) շարունակվելու է աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը: Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կոշտ և մաքսիմալիստական դիրքորշման հաշվառմամբ՝ նշված ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից նոր լայնածավալ ռազմական գործողությունների ձեռնարկման հավանականությունը մնում է բարձր:
Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն
Երևան
_____________________
[1] Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group (13 April 2021), https://www.diplomatie.gouv.fr/en/country-files/armenia/news/article/statement-by-the-co-chairs-of-the-osce-minsk-group-13-apr-2021
[2] Joint Statement by the OSCE Minsk Group Co-Chair Countries, https://www.osce.org/minsk-group/507320