Միջպետական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ս.թ.հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպումը դարձավ առաջինը, որի արդյունքում արձանագրվեցին թեև միջանկյալ, բայց, այդուհանդերձ, կոնկրետ պայմանավորվածություններ։ Ինչպես հայտնի դարձավ կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրություններից՝ խոսքը գնում է երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու երկուստեք մտադրության և օդային բեռնափոխադրումները մոտ ժամանակներս մեկնարկելու մասին։ Կողմերը նաև հաստատել են առանց նախապայմանների հարաբերությունների ամբողջական բնականոնացման հայտարարված ուղեգիծը։
Սակայն հիմնախնդիրը շարունակում է բարդ մնալ՝ հաշվի առնելով «ֆուտբոլային դիվանագիտության» բացասական փորձը։ Այդ բանակցությունները ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին են, որքան ավելի խոշոր ու ավելի ընդգրկուն խաղի տեսանելի մասն են, խաղ, որում ներգրավված են երրորդ կողմերը՝ իրենց տարաբնույթ շահերով։ Դա և՛ Ռուսաստանն է, և՛ Ադրբեջանը, և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան, և՛ Իրանը, և՛ այլ երկրներ, որովհետև հարաբերությունների կարգավորմամբ ակնհայտորեն խախտվում են մի շարք սուբյեկտների «հարմարավետության գոտիները», ու ամենևին էլ փաստ չէ, որ նման հեռանկարն ի սկզբանե ձեռնտու է բոլորին։ Ինչ խոսք, պայմանավորվող կողմերը Հայաստանն ու Թուրքիան են, սակայն երրորդ երկրների ազդեցությունը շարունակում է հսկայական մնալ։ Այս ամենին ավելանում է նաև ներքաղաքական գործոնը Թուրքիայում, որտեղ առայժմ հայտնի չէ, թե մոտ ապագայում որ կողմը կթեքվի նախընտրական կոնյունկտուրայի «ճոճանակը»։
Ուստի առայժմ մնում է ընդամենը արձանագրել, որ դրական բոլոր ազդանշաններով հանդերձ, այդ թվում՝ վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկու երկրների առաջնորդների անմիջական շփմամբ, գործ ունենք բազմաթիվ անհայտներով հավասարման հետ, ու հարցերն էլ, ըստ այդմ, ավելի շատ են, քան պատասխանները, բայց այդ պատասխանները գտնելը բխում է մեր շահերից։ Մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը մի փորձ է՝ լույս սփռելու բարդ հիմնախնդրի վրա։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն