Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ռուսաստանի պատճառով Հայաստանն ու Վրաստանը պատժամիջոցների տակ կհայտնվե՞ն. կարծիքներ

hayk
July 2022
Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են այն երկրների ցանկում, որոնց միջոցով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են հասնել Ռուսաստան և Բելառուս։

ԱՄՆ ֆինանսների նախարարության Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) այս ցանկում ներառել են նաև Ղրղզստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Մեքսիկան, Իսրայելը, Սերբիան, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Ուզբեկստանն ու Տաջիկստանը։

 «Այդ երկրներ վերահսկվող ապրանքները կարող են օրինական կերպով արտահանվել որպես հումք, սակայն դրանց հետագա արտահանումը Ռուսաստան կամ Բելառուս արգելված է։ Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով»,— ասված է հայտարարության մեջ:

«Առանձնահատուկ մտահոգություն առաջացնող» ապրանքների շարքին է դասվել տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով՝ ինքնաթիռների մասեր, հիդրոակուստիկ համակարգեր, ալեհավաքներ, փորձարկման սարքավորումներ, GPS համակարգեր, նավթահանքային սարքավորումներ:

Ի՞նչ են մտածում Հայաստանի և Վրաստանի վերլուծաբաններն այս ցուցակում ընդգրկվելու մասին, ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ Հարավային Կովկասի այս երկրներին։

Մեկնաբանություններ Երևանից

Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն այս նախազգուշացման հետ կապված վտանգներ է տեսնում՝ փոխանցումների սառեցումից ընդհուպ մինչև Հայաստանի անջատում SWIFT համակարգից:

Բալասանյանի կարծիքով՝ երկրի իշխանությունները չպետք է կրավորական կեցվածք ընդունեն ու սպասեն, որ իրավիճակը բարդանա, նոր միայն «ցայտնոտային քայլեր» ձեռնարկեն այն շտկելու համար:

«ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին պետք է հրավիրվի Հայաստանի արտաքին գերատեսչություն, հայկական կողմը պետք է հայտնի իր մտահոգությունները: Կառավարությունը պետք է ներկայացնի փաստարկներ, թե ինչու է պահպանում տնտեսական ակտիվություն Ռուսաստանի հետ»,- JAMnews-ի հետ զրույցում ասել է նա:

Նախազգուշացումն, ըստ նրա, սպասելի էր, քանի որ ԱՄՆ-ն և Արևմուտքը խնդիր են դրել բոլոր կողմերից շրջափակել Ռուսաստանը, չթողնել, որ նա ունենա սողանցքներ պատժամիջոցների հաղթահարման համար: ԱՄՆ ցանկություններին տուրք տալը, սակայն, Բալասանյանը սխալ է համարում: Ասում է՝ Հայաստանը կարող է ապրանք ներմուծել և արտահանել, եթե դա արգելված ապրանք չէ:

«Ինտերպոլով հստակ ցանկ կա ֆիքսված, որոնց արտահանումը կամ ներկրումը արգելված է: Եթե խոսք է գնում ապրանքների մասին, որոնք ընդգրկված չեն այդ ցանկում, ապա Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավասու է ցանկացած ապրանք իր տարածքով արտահանել և ներկրել»,- շեշտել է միջազգայնագետը:

Նրա կարծիքով՝ Հայաստանն այդ ցուցակից հանելու համար Պետդեպարտամենտի հետ ակտիվ աշխատանք պետք է տանեն Հայ դատի գրասենյակն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ Բալասանյանը հույսեր չի կապում: Ասում է՝ Լիլիթ Մակունցն այս չափազանց կարևոր խնդիրը կարգավորելու համար քաղաքական և դիվանագիտական փորձառություն չունի:

Բալասանյանը շեշտում է՝ Հայաստանի տնտեսական զարգացման միակ ուղղությունն այսօր Ռուսաստանն է: Հիշեցնում է՝ Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, ուստի պետք է իր ունեցած բոլոր հնարավորություններով աջակցի իր տնտեսական գործընկերոջը: Ընդգծում է՝ դաշնակցի հետ տնտեսական հարաբերություններում «Հայաստանը պարտավոր չէ հաշվի առնել կամ հարցնել ինչ-որ պետության կարծիք»:

Քաղաքագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանն ասում է՝ Միացյալ Նահանգների նախազգուշացումը պետք է ընկալել որպես հերթական հիշեցում պատժամիջոցների գոյության մասին:

«Պետությունները պետք է իրենց տնտեսական քաղաքականությունը վարեն դա հասկանալով: Սա չի նշանակում, որ պետք է Ռուսաստանի հետ չաշխատել, ուղղակի աշխատելիս պետք է շատ զգույշ լինել՝ այն, ինչ հնարավոր է՝ անել, ինչ արգելված է՝ չանել»,- JAMnews-ի հետ զրույցում նշել է Մելիքյանը:

Քաղաքագետը չի կարծում, թե այս ցուցակում հայտնվելով Հայաստանն ու Վրաստանը թիրախավորվել են: Նկատում է՝ երկրների ցանկը երկար է, այդ բոլոր երկրներն էլ ինչ-որ ձևով տնտեսական հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ:

«Հայաստանն ու Վրաստանը, ինչպես այն բոլոր երկրները, որոնք ազգային պատժամիջոցներ չեն կիրառել ՌԴ նկատմամբ, պետք է փորձեն մի կողմից անել այնպես, որ իրենց տարածքը չօգտագործվի, մյուս կողմից՝ շարունակել առևտրատնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ»:

Մելիքյանի խոսքով՝ ռազմական տեխնիկայի արտահանման վտանգ Հայաստանում և Վրաստանում Վաշինգտոնը չի տեսնում: Կարծում է՝ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «առանձնահատուկ մտահոգությունը» վերաբերում է Կենտրոնական Ասիային:

Մեկնաբանություն Թբիլիսիից

Կախա Գոգոլաշվիլի, «Ռոնդել» հիմնադրամի ավագ գիտաշխատող, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն․

«Մի դեպք արդեն բացահայտվել է ԶԼՄ-ներում, երբ Motorola-ի համակարգերը Վրաստանից տեղափոխվել են Ուզբեկստան, որտեղից էլ հասել են Ռուսաստան։ Այս փաստը չհերքեց նույնիսկ ընկերության տնօրենը։ Նա ասաց, որ, այո, վաճառել են, բայց Ուզբեկստանին, ոչ թե Ռուսաստանին։

Motorola ընկերության մատակարարումներն արգելված են, քանի որ ռադիոհաղորդման համակարգերը, GPS-ը պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ցանկում են։

Եթե ​​հետաքննություն անցկացնեն, կպարզեն, թե այս գործում որքանով է մեղավոր եղել վրացական ընկերությունը կամ Վրաստանի կառավարությունը։ Այնուամենայնիվ, փաստն այն է, որ դա տեղի է ունեցել։ Պարզվեց, որ Վրաստանն այն ճանապարհն է, որով անցել է պատժամիջոցների տակ գտնվող բեռը։ Միգուցե այս դեպքում օրենք չի խախտվել, բայց սխեմայի մեջ Վրաստանը ներքաշվել է։

Հենց նման դեպքերի պատճառով է, որ Վրաստանը հայտնվել է այս ցուցակում։ Սա այն է, ինչ մեզ հայտնի է, բայց կարող են լինել նաև այլ դեպքեր։

Եթե ապացուցվի, որ դա հաճախակի է տեղի ունենում, ապա Վրաստանին կառաջարկեն կանխել այդ դեպքերը։

Երբ դու վաճառում ես պատժամիջոցների տակ գտնվող բեռն ու այն մատակարարում մի երկիր, որը կապ չունի պատժամիջոցների հետ, և երբ չգիտես այդ բեռի հետագա ճակատագիրը, պետք է հաշվարկես ռիսկերը, հետաքննես։ Այս դեպքում, օրինակ, պարզվեց, որ այս ընկերությունն իրականում ռուսական է և գրանցված է Ուզբեկստանում։

Երբ դուք արտահանում եք երրորդ երկիր և չունեք երաշխիք, որ ձեր ապրանքները չեն հասնի Ռուսաստան, ուրեմն ձեզ նույնպես օգտագործում են որպես պատժամիջոցներից խուսափելու սխեմայի մաս։

Եթե ​​նման դեպքերը կրկնվեն և դառնան համակարգային, չի բացառվում, որ երկիրը հայտնվի պատժամիջոցների տակ։ Իսկ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծումը Վրաստան հնարավոր է արգելել։

Ուստի, անկախ նրանից՝ Վրաստանը կմիանա պատժամիջոցներին, թե ոչ, երկիրը պետք է հայտարարի, որ պատերազմի պայմաններում արգելում է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան կամ այն ​​երկրներ, որոնք իրենց տարածքով Ռուսաստան ապրանք արտահանելու հետ կապված սահմանափակումներ չունեն։

Հակառակ դեպքում երկիրն իրոք կարող է բախվել պատժամիջոցների»։

Jam-news.net

 

Թեգեր ԱրտատպությունՀուլիս չորրորդ թողարկում

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Պատժամիջոցները՝ ԱՄՆ ֆիննախի ուշադրության կենտրոնում. Հայաստանի անհրաժեշտ քայլերի մասին

July 2022

Փետրվարի 24-ից հետո ազատ աշխարհն ու նրա առաջնորդ ԱՄՆ-ն, ռուսաստանյան ագրեսիան զսպելու և դրան դիմակայելու նպատակով, եկան կոնսենսուսային որոշման՝ Մոսկվայի...

Կարդալ ավելին
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դրանց շրջանցման հնարավոր հետևանքները

July 2022

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ Վերջերս (ս.թ. հունիսի 28-ին) Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցը (FinCEN) և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոն...

Կարդալ ավելին
Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ, իսկ Ռուսաստանին հումանիտար աղետ է սպառնում

July 2022

Երկրների ցանկը, որոնց թվում է Հայաստանը, փոքր է, բայց շատ հզոր։ Դրանք այն երկրներն են, որոնք Ուկրաինայում պատերազմի հետ կապված...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Հայաստան-Թուրքիա առաջին պայմանավորվածությունները. խոսքեր և գործեր

July 2022

Միջպետական հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև ս.թ.հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպումը դարձավ առաջինը, որի արդյունքում...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.