Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը
-Պարո՛ն Գրիգորյան, դուք բարձրացնում եք Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի պաշտոնանկության անհրաժեշտության հարցը՝ նշելով, որ այն փաստը, որ Դավիթ Բաբայանը Արցախի ԱԳ նախարարն է, ինքնին մեծագույն խնդիր է Արցախի ու Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում նրա գործունեության հետ կապված։
-Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ Արցախում որոշակի կոնսենսուս կա, նույնիսկ իշխանությունների ներսում, որ Դավիթ Բաբայանն այդ պաշտոնին չի համապատասխանում իր պրոֆեսիոնալ որակներով։ Այսինքն՝ այդ մարդը կտրված է իրականությունից, չի գիտակցում ընդհանրապես, թե ինչ վիճակում ենք մենք գտնվում։ Եվ իմ ասուլիսի ժամանակ, պատասխանելով այդ հարցին, ես արձագանքել էի իր հայտարարություններից մեկին, որը ևս մեծ հաշվով կտրված է իրականությունից։ Կարծում եմ՝ այս փուլում Արցախին այդ կարևոր պաշտոնում շատ ավելի կոմպետենտ գործիչներ են պետք։
Կարծում եմ՝ Արցախի ԱԳՆ գործունեությունը չափազանց կարևոր է այն պարագայում, երբ լուրջ խնդիրներ ունենք։ Ռեսուրսների բացակայության, գործիքակազմերի կրճատման պայմաններում աշխատանքն արտաքին աշխարհի հետ կարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի՝ առնվազն մեզ համար շահեկան դիսկուրսներ առաջ տանելու համար։ Այդ առումով ես չեմ տեսնում նման աշխատանք։ Արտաքին գործերի նախարարությունում իրականում բավական կոմպետենտ կադրեր կան, սակայն խնդիրը, ինչպես արդեն նշեցի, հենց նախարարի կոմպետենտության մեջ է։ Ես չեմ կարծում, որ նախարարն իր պրոֆեսիոնալ որակներով համապատասխանում է այդ պաշտոնին։ Եվ կարծում եմ՝ հնարավորինս շուտ այդ պաշտոնին պետք է նշանակվեն մարդիկ, այդ թվում՝ այդպիսի մարդիկ կան նաև արտգործնախարարության համակարգում, որոնք կկարողանան գնահատել իրավիճակը, որն ստեղծվել է պատերազմից հետո և ավելի խելամիտ, ավելի պրոակտիվ գործունեություն կծավալեն այդ պաշտոնում։
-Դուք կարևորում եք Արցախի ԱԳՆ՝ միջազգային դաշտում ակտիվ գործելու անհրաժեշտությունը, այնինչ, Արցախից շատ են տեսակետներ հնչում, որ Արցախի ձայնը լսելի չէ միջազգային հարթակներում:
-Արցախի դերը, նշանակությունը, ինչպես նաև սուբյեկտայնությունը զգալիորեն նվազել է պատերազմից հետո։ Սակայն ասել, որ Արցախից ընդհանրապես ոչինչ կախված չէ, որ աշխատանք անելու տեղ չկա, կարծում եմ, ևս չի համապատասխանում իրականությանը։ Ես ամիսներ առաջ անդրադարձ կատարել եմ, թե, օրինակ, Արցախի արտգործնախարարությունն ինչպիսի գործառույթներ կարող է կատարել այս իրավիճակում։ Արցախի ԱԳՆ-ն առնվազն կարող է բավական լուրջ վերլուծական կենտրոնի գործառույթներ կատարել, կարող է որոշակի պատումներ մշակել Ղարաբաղյան համակարտության վերաբերյալ և փորձել տարածել դրանք հայկական Սփյուռքի հետ համագործակցության միջոցով։ Այսինքն՝ մի շարք գործառույթներ կան, որոնք հնարավոր է այս փուլում իրականացնել։
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ