Նորերս հետաքրքրությամբ հետևում էի ընդդիմադիր հայացքների տեր երկու արցախցի հասարակական-քաղաքական գործիչների ֆեյսբուքյան բանավեճին։ Տարբեր մոտեցումներով հանդերձ՝ երկուսն էլ կարևորում էին երկրի ու, մասնավորապես, իշխանություների արժանապատիվ կեցվածքի անհրաժեշտությունը ներկայիս բարդ իրավիճակում։
Նման բանավեճի ու դիսկուրսի կարիքը շատ մեծ է ներկայիս Արցախում։ Ինչ խոսք, ոչ ոք էլ պատրանքներ չունի, որ արտաքին-քաղաքական ոլորտում իշխանությունների սկզբունքային ու երկրի դավանած (հանրահռչակած) արժեքների վրա խարսխված դիրքորոշումը միանգամից լուծելու է մեր ժողովրդի առջև ծառացած ծանր մարտահրավերները։ Բայց կա այն ընկալումը, որ դա, ամեն դեպքում, շանս է՝ ելք գտնելու տխուր իրականությունից։ Եվ որ երկրի բարի համբավը, առաջադեմ ու կանխատեսելի պահվածքը նույնպես ռեսուրս է, ավելին՝ անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս։ Ինքներս մեզ այսպիսի շանս տալով՝ դրանով իսկ շանս կտանք մեր հնարավոր դաշնակիցներին ու բարեկամներին։ Անգամ այս ծանր պայմաններում հնարավոր է պահպանել սեփական դեմքը, հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել, հետամուտ լինել սեփական շահերին, այլ ոչ թե սպասարկել այլոց շահերը։
Այս առումով հատկապես կարևոր են Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Ու ոչ միայն այն պատճառով, որ արտաքին աշխարհի հետ Արցախի շփումները ներկայիս պայմաններում խիստ սահմանափակ են, այլև այն պարզ պատճառով, որ հենց Ռուսաստանի հետ հարաբերություններում է խիստ կարևոր մեր դեմքը պահպանելը, քանի որ այդ հարաբերություններում մենք կորցնում ենք մեր սուբյեկտության վերջին փշրանքները։ Եվ այստեղ ծանր իրավիճակն ու այսօրվա տխուր իրողությունները քիչ կապ ունեն, ուստի ամենևին էլ արդարացված չէ մարդկանց այն ճարահատ հարցը, թե բա այս պայմաններում մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել։
Տարբեր առիթներով այս կամ այն երկրին կամ ընդհանուր առմամբ միջազգային հանրությանը երկակի ստանդարտների մեջ մեղադրելուն սովոր մեր իշխանություններն ու հանրությունը չեն էլ նկատում, թե ինչպես են որդեգրում նույն՝ երկակի ստանդարտները։ Ու դարձյալ՝ այսօրվա ծանր իրավիճակը դրա գլխավոր պատճառը չէ։ Պարզապես մտաբերեք, թե Արցախի իշխանություններն ինչպես են վերաբերվել մի դեպքում՝ միջազգային հանրության մի զգալի մասի կողմից Կոսովոյի ճանաչմանը և մյուս կողմից՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղրիմում անկախության հանրաքվեի անցկացմանը։ Հիշում եք՝ առաջինի պարագայում, մեղմ ասած, զուսպ արձագանք էր, իսկ երկրորդի դեպքում Ստեփանակերտի գլխավոր հրապարակում տոնական համերգ էր։
Նույն վերաբերմունքը շարունակվում է այսօր։ Այս առումով միանգամայն խորհրդանշական են Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի՝ նորերս կատարած այցը Շուշի և արցախյան իշխանությունների վերաբերմունքը դրա նկատմամբ։ Հիշեցնենք՝ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Factor.am-ին տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Մենք ցանկացած նման զարգացում պետք է սառնասրտորեն վերլուծենք, գրագետ և հասուն ձևով գնահատական տանք։ Շուշի Ադրբեջանը բերում է տարբեր դիվանագետների, բայց երբ այնտեղ այցելում են ժողովրդավարական երկրների, կամ այն երկրների դեսպանները, որոնք իրենց համարում են ժողովրդավարության բաստիոն, մեզ համար դա թեստ է․․․Երբ Ռուսաստանի ներկայացուցիչն է գալիս, աշխարհաքաղաքական առումով ավելի ճիշտ կպատկերացնեն ինչ է այնտեղ կատարվում, թող իրենց աչքով տեսնեն։ Իսկ Շուշին ոչ միայն օկուպացված է, այլև դարձել է Թուրքիայի կարևորագույն հենակետերից մեկը։ Կարծում եմ, որ գան ու ծանոթանան, շատ ու շատ հետևություններ կանեն։ Որոշ երկրների դեսպաններ անպայման պետք է այցելեն ու տեղում ծանոթանան, հատկապես այն երկրները, որոնք առնչվում են Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության հետ։ Իսկ մնացած երկրները, որոնք ջատագով են մարդու իրավունքների, այ՝ նրանք երբ այցելում են, արդեն սա այլ հարթությունում է գտնվում»։
Դժվար է «սառնասրտորեն վերլուծել, գրագետ և հասուն ձևով գնահատական տալ» Արցախի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի նշյալ խոսքերին։ Ավելի լավ կլիներ, որ դրանք ընդհանրապես չհնչեին։
Ինչ որ է, Lragir.am կայքը ուշագրավ դիտարկումներ է արել այս առիթով։ Նախ՝ փաստել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները ցայսօր չեն այցելել Շուշի։
Ապա հիշեցրել է հետևյալը։ Մեկ տարի առաջ՝ 2021 թ․ հուլիսի 10-ին, պաշտոնական Բաքուն կազմակերպել էր Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի։ Այդ կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում դատապարտում էր այդ այցը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ ԱԳՆ-ն նաև ափսոսանք էր հայտնել, որ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները ենթարկվել են պաշտոնական Բաքվի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը՝ հիմքեր ստեղծելով ապօրինի գործողությունների արդյունքներն ընդունելի նորմա ճանաչելու համար
Իր հերթին, 2021-ի հուլիսի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն էր տարածել համանման հաղորդագրություն։
Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի Շուշի այցի առիթով երկու հայկական պետականությունների ԱԳՆ-ները լռեցին։
Կարելի է էլի փաստեր բերել։
Արցախում, ռուսաստանյան խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ամեն մի նոր միջադեպից ու ադրբեջանական հերթական սադրանքից հետո արցախյան և ընդհանրապես հայկական պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներում մի միտք միշտ կարմիր թելի պես անցնում է։ Դա հետևյալն է՝ ադրբեջանական կողմը փորձում է հեղինակազրկել կամ վարկաբեկել ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունն Արցախում։
Օրինակներ շատ կարելի է բերել։ Ահա սոսկ մեկը։ Շուշիի մերձակայքում անցած տարվա նոյեմբերի 8-ի ադրբեջանական ահաբեկչությանն անդրադառնալով՝ Արցախի նախագահն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է. «Ադրբեջանի բացահայտ ահաբեկչության թիրախում Արցախի Հանրապետության քաղաքացիներն էին, ինչպես նաև՝ ՌԴ խաղաղապահները. նպատակը խուճապային տրամադրություններ սերմանել Արցախում ապրողներիս շրջանում և, իհարկե, փորձել հեղինակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը»։
Ապա, խոսելով բնակչության անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված ջանքերի մասին, նա անդրադարձել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությանը ու «մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»:
Մեջբերման վերջին նախադասությունը նույնպես խորհրդանշական է։ Որտեղ խիստ մտահոգությունը խաղաղապահների վարկանիշի կապակցությամբ, այնտեղ էլ անմիջապես շնորհակալությունը ռուսաստանյան կողմին և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Ամենատարբեր հայտարարություններում ու զանազան ձևաչափերով հանդիպումներում ու քննարկումներում բուռն երախտագիտության զեղումները վաղուց արդեն հեգնանքի կամ վշտակցության առիթ են տալիս։ Բարեկամները դրության մեջ են մտնում ու մտովի ցավակցում, իսկ ոչ բարեկամները պարզապես ծիծաղում են մեզ վրա։
Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հեղինակությամբ հայկական իշխանությունների խիստ մտահոգությունն ու ադրբեջանական սադրանքները որպես այդ առաքելության վարկաբեկման փորձ գնահատելը լուրջ չեն ընկալվում ոչ մի տեղ։ Եվ մի պարզ պատճառով՝ ռուսներն իրենք այդպես չեն գնահատում, այդպիսի որակում չեն տալիս։ Հիմա ի՞նչ է ստացվում՝ մենք նրանցից ավելի լա՞վ ենք հասկանում իրենց հեղինակության կարևորությունը։ Պապից ավելի կաթոլիկ կամ, տվյալ դեպքում, ռուսից ավելի ռուս լինելու ցանկությունը, մեղմ ասած, հարգանքի չի արժանանում աշխարհում։ Ու չի էլ կարող արժանանալ, քանի որ դա հարգանքի չի արժանանում նույնիսկ ռուսների կողմից։ Ավելին՝ նրանք դա ընկալում են որպես հակամարտության մեջ իրենց անմիջականորեն ներքաշելու և ադրբեջանական կողմի դեմ տրամադրելու փորձ։
Աշխարհի հետ մեր հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ մեր շփումներում արժանապատվությունը շատ կարևոր հանգամանք է։ Այնպես է ստացվել, որ մեր նկատմամբ աշխարհի հարգանքը կախված է Ռուսաստանի հետ մեր արժանապատիվ հարաբերություններից։
Մեր արժանապատիվ կեցվածքը կարող է նպաստել մեր նկատմամբ հարգալից վերաբերմունքին, վերջինս էլ՝ աջակիցների ու դաշնակիցների ավելացման կամ եղածների լրացուցիչ մոտիվացման, արդյունքում՝ մեր անվտանգության ամրապնդման։
Իսկ դա կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե բուն Արցախում արժանապատիվ լինեն նաև իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները, ինչի արդյունքում իշխանության ղեկին կհայտնվեն արժանավորները, ու կհաստատվի մերիտոկրատիա՝ արժանավորների իշխանություն։ Միայն արժանավորները կարող են արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել։ Միայն սեփական ժողովրդի վերահսկողության տակ գտնվող իշխանությունները կարող են չվերահսկվել ուրիշների կողմից։
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն»-ի գլխավոր խմբագիր
Երևան-Ստեփանակերտ