2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը՝ «վերջնականապես լուծելու համար Ղարաբաղի հարցը», փոխել է իրողությունները տարածաշրջանում, բայց հիմնախնդիրն այդպես էլ չլուծված է մնացել, և այս հարցում համընկնում են միջազգային հանրության ու պաշտոնական Երևանի դիրքորոշումները՝ ի հեճուկս պաշտոնական Բաքվի անհամաձայնության։ Հետևաբար, հարցը պիտի լուծվի որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ողջ գործընթացի բաղկացուցիչ մաս, գործընթաց, որը շարունակվում է մի քանի խողովակով. երկկողմանի (Բրյուսել, Թբիլիսի) , եռակողմ (Մոսկվայի մասնակցությամբ) և բազմակողմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով, խումբ, որի համանախագահները դժվար թե հանդիպեն դեռ տևական ժամանակ։
Նոր իրողությունները նոր դիրքավորում են թելադրում Հայաստանին ու Արցախին, և սա անխուսափելի է, սակայն, թվում է, իներցիան շատ բանում մնում է չհաղթահարված, թեև անցած մոտ երկու տարում շատ բան պետք է վերարժևորվեր ու վերանայվեր։ Մասնավորապես, և առաջին հերթին՝ խնդիրը կայանում է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների, ընդհանուր առմամբ տարածաշրջանում նրա վարած քաղաքականության և, մասնավորապես, Հայաստանի ու Արցախի նկատմամբ նրա վերաբերմունքի գնահատման մեջ։
Սակայն պաշտոնական Երևանի դանդաղկոտությունը, պաշտոնական Ստեփանակերտից հնչող, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններն այն տպավորությունն են ստեղծում, որ շատ փոփոխություններ այդպես էլ մնում են ոչ բավարար ընկալված, գործողություններն ու քայլերն էլ բնազդային՝ ի հեճուկս մեր շուրջ կատարվող դինամիկ գործընթացների, որոնք պարունակում են ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ։
«Անալիտիկոն»-ի նոր թողարկմամբ փորձել ենք մեր հեղինակների հոդվածներով ու նույն թեմայով մամուլից ընտրված ուշագրավ հրապարակումներով այս պահի դրությամբ առկա բանակցային գործընթացի մի յուրատեսակ «գույքագրում» անցկացնել, փորձագիտական գնահատական տալ դրա առանձին տարրերին ու եզրակացություններ անել կատարվածից, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ կողմնորոշվելու դրանում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն