Երևան, 2022 թվականի հունիս. քաղաքում գտնվելու իմ երրորդ օրը հյուր եմ կյանքումս ինձ հանդիպած ամենասրտաբաց ընտանիքներից մեկում։ Մենք Լիրա ջանի հետ նստել ենք խոհանցում և անշտապ զրուցում ենք։ Առաջին օրը չէ, որ էսպես նստում ենք և արդեն շատ բան գիտենք միմյանց ընտանիքների մասին։ Ես լուսանկարներ եմ ցույց տալիս։ Մայրս և Լիրա ջանը համարյա հասակակիցներ են. երկուսն էլ յոթանասունն անց են։ «Մայրդ նիհարիկ է, հա՞»,- հարցնում է Լիրա ջանը։ «Այո՛, -պատասխանում եմ։- Այդպիսին է նրա կազմվածքը։ Համ էլ շարժուն է, ամբողջ կյանքը սպորտով է զբաղվել»։ «Իսկ ես,-ասում է Լիրա ջանը,- Չկարողացա։ Մենք անընդհատ տուն էինք կառուցում։ Ինքնուրույն։ Ցեմենտ էինք կրում, ավազ, քար։ Ամբողջ ժամանակ դույլերով, ամբողջ ժամանակ շինհրապարակում։ Սկզբում Ղարաբաղում էինք կառուցում, հետո Բաքվում։ 1989 թվականին ամեն ինչ թողեցինք ու հեռացանք, Ռուսաստանում սկսեցինք կառուցել։ Հետո էլ ահա այստեղ՝ Երևանում»։
Սպորտի (եվրոպական քաղաքային համակարգում կյանքի սովորական, նորմատիվ տարրի) և տուն սարքելու ձեռքի ծանր աշխատանքի (ի դեպ, այս տարածաշրջանում նույնպես նորմատիվ տարրի) համեմատությունը ապշեցնում է ինձ, և ես նստել ու մտածում եմ, թե ինչ տարբեր կյանքեր են մեզ բաժին հասնում։ Ինչ-որ մեկն իր ողջ կյանքի ընթացքում տուն է կառուցում։ Եվ վաղուց արդեն կառուցած-պրծած կլիներ ու կապրեր այնտեղ, սակայն գործին միջամտում է «նորին գերազանցություն տարածքը». քո տեղը վիճելի է՝ Լեռնային Ղարաբաղն է։ Եվ պետք է տեղափոխվել։ Նորից կառուցել։ Նորից տեղափոխվել։ Մշտական տեղափոխություն և մշտական շինարարություն. ահա այդ ընտանիքի կյանքի «կրկներգը»։ Մենք նստել ենք հարմարավետ խոհանոցում, և ինձ ուրախացնում է, որ այս դեպքում նզովքը հանված է. նպատակն իրականություն է, տունը ձեռք է բերված, հարկադրված տեղափոխությունների շղթան, ցանկանում ես հավատալ, ավարտվել է։ Եվ միաժամանակ անասելի դառն է գիտենալ, որ այդ նույն ժամանակ հազարավոր մարդիկ մեկ ակնթարթում, ինչպես սեղանի խաղում, սակայն, ավաղ, իրապես, տառացիորեն մի քայլով նորից նետվել են սեփական տունն ու իրենց գտնելու զրոյական կետ։
Ես առաջին անգամ եմ Երևանում և եկել եմ, որպեսզի առնչվեմ մարդկային լայնածավալ տեղափոխությունների երկու պատմություններին, որ այս տարի խաչվել, հատվել են այս քաղաքում։ Երևանը և ողջ Հայաստանը շվարած են ռուսաստանցիների հոսքով, ինչն անսպասելիորեն փոթորկել է երկիրը և ակնհայտորեն փոխել նրա կյանքի ընթացքն ու կառուցվածքը։ Սակայն երկրի ներսում, բացի ռուսաստանցի վերաբնակների թեմայի, կա նաև սեփական դժբախտությունը. Լեռնային Ղարաբաղից փախստականները, որոնք վերջին պատերազմի ընթացքում կորցրել են իրենց հողը, իրենց տունուտեղը, և դրա հետ՝ իրենց անցյալն ու ապագան։ Եվ ես զրուցում եմ և՛ առաջինների, և՛ երկրորդների հետ. մոսկվացիների և պետերբուրգցիների, որ 22 թվականի գարնանը Ռուսաստանում թողել են իրենց տներն ու մղվել անհայտ նավարկության, և կորսված Հադրութից ղարաբաղցիների, որ 20 թվականի աշնանն իրենց տներից դուրս են եկել հողաթափերով և չեն վերադառնա։ Երկու հասարակական խավ, տան կորստյան երկու պատմություն՝ հատվող և տարբերվող։
Ես ղարաբաղցիների հետ զրուցում եմ Հադրութի մասին, պատմում եմ մենթալ քարտեզների մեթոդի մասին և խնդրում եմ նկարել իրենց կյանքը, նկարել բառերով և մատիտով՝ թղթի վրա։ «Գիտեմ, Ձեզ համար ծանր է դա վերհիշելը»,- ասում եմ նրանց՝ բացարձակապես վստահ չլինելով, որ այն, ինչ անում եմ, ճիշտ է։ «Սակայն գուցե դուք կարող ե՞ք պատմել Ձեր քաղաքի մասին։ Ձեր սիրելի վայրերի մասին։ Ի՞նչն եք առավել շատ վերհիշում։ Խնդրում եմ ցույց տվեք ինձ Ձեր վայրերը և օգնեք ինձ Ձեր աչքերով տեսնելու Հադրութը»։ Եվ մենք, զինվելով մատիտներով և միմյանց նկատմամբ կարեկցանք-համակրանքով, սկսում ենք համատեղ զբոսանքը քաղաքում։ Այս մեթոդի դեպքում, համոզվում եմ առաջին իսկ հարցազրույցի ժամանակ, կարևորը ոչ այնքան արդյունքն է, ստացված նկարը, որքան դրա արարման գործընթացը։ Քարտեզ նկարելը գործում է իբրև հիշողության ակտուալացման և կանոնավորման գործիք։ Իմ զրուցակցուհին նկարում է քարտեզը՝ հընթացս ինձ պատմելով տարածության, իր համար կարևոր, նշանակալի տեղերի և դրանց նկատմամբ զգացումների մասին։ Նկարելու բուն գործընթացը ակտուալացնում է վայրը, վերականգնում այդ վայրը հիշողության մեջ, իսկ այն, թե ինչ քարտեզ կստացվի-չի ստացվի, նման կլինի քարտեզի, թե ոչ՝ հնարավորություն է տալիս կանոնավորելու հիշողությունները և դրանք տեղադրելու տարածության մեջ ու կապակցելու դրա հետ։ Զրույցի ընթացքում մենք վերստեղծում ենք կյանքի զգայական աշխարհագրությունը՝ իր տևողությամբ, բացահայտում ենք սիրած և չսիրած, նշանակալի վայրերը, որ այդպիսին են դարձել ժամանակի ընթացքում, սովորական կրկնվող երթուղիները և կայուն ու կայունացած զգացմունքները, որոնք հաճախ ծնունդ են այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունների և արմատավորված են այդտեղ։
Մենք ավարտում ենք զրույցը, երկուսս էլ շատ հուզված ենք։ Զրուցակցուհիս հառաչում է. «Ասես Հադրութում էի», և ես չեմ հասկանում, դա լա՞վ է, թե՞ վատ։ Սակայն արդեն առաջին իսկ զրույցից հետո տեսնում եմ այս հետազոտության արժեքը, ինչը, հույս ունեմ, կարող են ընդունել նաև դրա մասնակիցները։ Ես տեսնում եմ, թե ինչպես են մեր զրույցներում հայտնվում քաղաքի և նրա վայրերի զգացմունքային, շատ անձնական և նույնիսկ բավականին պոետիկ նկարագրությունները, որոնք հետագայում կարող են դառնալ կորսված տան, հայրենիքի կոլեկտիվ զգացմունքային հիշողության, կարոտաբաղձության ու հիշողությունները հաջորդ սերունդներին փոխանցելու ընդհանուր տարածության հիմք։
Ես զրուցում եմ նաև մոսկվացիների ու պետերբուրգցիների հետ, և, ի տարբերություն հադրութցիների հետ զրույցների, այստեղ որպես մեկնակետ այլ հեռապատկեր է՝ ժամանակը։ Ի տարբերություն հադրութցիների, որոնք իրադարձություններից ժամանակային հեռավորության մեջ են, իմ հայրենակից (և համախոհ ու համազգացմունքակից, եթե թույլ տրվի այսպես ասել) վերաբնակիչների պատմությունները ծավալվում են իրական ժամանակում։ Բացի այդ, ինձ ծանոթ է այդ հեռանկարը, չէ՞ որ ինքս էլ Ռուսաստանում հայտնվեցի փետրվարի 20-ի կողմերը և առաջին իսկ օրերին հեռացա այդտեղից։ Ե՞րբ եք հեռացել, հարցնում եմ։ Ինչքա՞ն ժամանակ է, որ այստեղ եք։ Ինչպե՞ս է փոխվել իրավիճակի ձեր ընկալումը ժամանակի ընթացքում։ Առաջին, ամենազգացմունքային դժվար օրերին ժամանակի սեղմությունը, շոկը, ինքն իրեն կորցնելը, արագ գործողությունների անհրաժեշտությունը. ժամանակի ընկալման այս փոփոխությունները հնչում են բոլոր հարցազրույցներում։ Եվ ինքնին իրավիճակն էլ առայժմ ապրվում է իբրև ժամանակավոր. մարդիկ կահավորում են վարձակալած բնակարանը, երեխաներին դպրոց ու մանկապարտեզ են տեղավորում, սակայն պլանավորման հորիզոնը բոլորի մոտ էլ ծայրահեղ կարճ է՝ մինչև Նոր տարի, ոչ ավելի։ Երևանում կացարանի և նոր, թեկուզ և ժամանակավոր բնակարանի ձեռք բերման կետում հադրութցիների և ռուսաստանցիների պատմությունները հատվում են դրամատիկ կերպով. Երևանցիներին լավ հայտնի է, որ ռուսաստանցիների ներգաղթը բարձրացրել է անշարժ գույքի գները, ինչը էականորեն սահմանափակում է տեղացի գաղթյալների, և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղից փախստականների հնարավորությունները։
Լսելով հադրութցիներին, նրանց կարեկցելով հայրենի հողի և տան կորստի համար՝ ես մտածում եմ պետերբուրգցիների և մոսկվացիների մասին և տան կորստյան բոլորովին յուրահատուկ զգացման մասին, որ հիմա զգում են մեկնածներից շատերը։ Հադրութցիների մոտ պարզ է. իրենց տունը գրավված է, այնտեղ չես վերադառնա և սա միանշանակ է։ «Եթե ստացվեր, ես կմեկնեի Հադրութ, առաջին իսկ հնարավորության դեպքում»,- այսպես էին ասում մեր շատ զրուցակիցներ։ «Ես երբեք չեմ սիրել Հադրութը, – ինձ ասաց Ա.-ն, որ իր կյանքը Հադրութում վերստեղծել էր Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո,- բայց հիմա այն չկա, և դա ինձ դառնացնում է»։
Այս գարնանը հեռացած պետերբուրգցիներն ու մոսկվացիներն իրենց քաղաքներ վերադառնալու հնարավորություն ունեն, սակայն սկսված ռազմական գործողությունները փոխել են բոլորին և ամեն ինչ։ «Մոսկվան ինձ համար հոտել է», – այսպես գրել է մի հայտնի հրապարակախոս մարտի սկզբներին։ Ինքս արդեն մի քանի օր է Պետերբուրգում եմ՝ իմ քաղաքում, որը միշտ ինձ հուզել ու հիացմունք է պատճառել, հատկապես երկար բաժանումից հետո։ Ես քայլում եմ քաղաքով և ոչինչ չեմ զգում, իմ հոգու խռովքը լուռ է, ինչպես ես էի փետրվարի վերջերին։ Քաղաքում կյանքը եռում է, այն լի է մարդկանցով, սակայն ինձ համար այն դատարկվում է աչքիս առաջ. ընկերների հետ բոլոր զրույցները սկսվում են հարցումով, թե ով որտեղ է կամ ուր է մեկնում։ Տեղափոխությունը, իր «եղբայրների»՝ փախստականության, արտագաղթի և վերաբնակեցման հետ միասին, դարձել է տարվա նշանաբանը, շփոթությունն ու կորսվածությունը՝ տարվա զգացումները։
Եվ, մտորելով տունուտեղի ներկա զգացման մասին, ես չեմ կարողանում բառեր ընտրել, սակայն հանկարծ մտքիս է գալիս Հայաո Միյաձակիի «Քայլող ամրոցը» անիմացիոն ֆանտասմագորիան։ Այն քայլող ամրոցը, որ թափառում է պատերազմի բռնկումների ֆոնին՝ փլվելով ու կորցնելով դետալները, երևի հենց կախարդված ու իր տեղը կորցրած տան այն զգացումի փոխաբերությունն է, որ ես ապրում եմ այսօր։ Եվ թող Միյաձակիի հորինած երջանիկ ավարտը մեզ համար սփոփանք լինի։
Ելենա ՆԻԿԻՖՈՐՈՎԱ
Սոցիալական հետազոտող,
Անկախ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն
Սանկտ Պետերբուրգ