Իրանը «գրավոր պատասխան» է ներկայացրել առաջարկվող միջուկային համաձայնագրի վերաբերյալ՝ չներկայացնելով մանրամասներ, հաղորդում է Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունը։ Սակայն վիճելի կետերը, որոնք հետաձգել են համաձայնագրի կնքումը, պահանջում են պարզաբանումներ, նշում են պաշտոնյաները:
Իրանը «գրավոր պատասխան» է ներկայացրել Եվրամիության կողմից առաջարկված նոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ, երեքշաբթի օրը դրա մասին հաղորդել է Իրանի «IRNA» պաշտոնական լրատվական գործակալությունը:
«IRNA»-ն պատասխանի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով միայն, որ երեք հարցի վերաբերյալ եղել են տարաձայնություններ: «Տարաձայնությունները երեք հարցի շուրջ են, որոնցից երկուսի առնչությամբ ԱՄՆ-ն բանավոր արտահայտել է իր ճկունությունը, սակայն սա պետք է ներառվի տեքստում»,- հաղորդում է «IRNA»-ն:
«Երրորդ հարցը վերաբերում է (գործարքի) շարունակականության երաշխավորմանը, որը կախված է Միացյալ Նահանգների իրատեսությունից»,- հավելել է «IRNA»-ն։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երկուշաբթի օրը (գործարքի կնքման վերաբերյալ առաջարկվող նախկին վերջնաժամկետը) նախազգուշացրել է, որ պայմանավորվածության մեջ կան մանրամասներ, որոնք պահանջում են լրացուցիչ պարզաբանումներ:
«Մենք նրանց ասել ենք, որ մեր կարմիր գծերը պետք է հարգվեն… Մենք բավարար ճկունություն ենք դրսևորել… Մենք չենք ուզում հասնել այնպիսի գործարքի, որը 40 օր, երկու ամիս կամ երեք ամիս հետո տեղում չի հաջողվի կյանքի կոչել»,- նշել է Ամիր Աբդոլլահիանը։
Գործարքը հետաձգող երեք խնդիրները
Թեև ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի են ունենում ընդհատումներով արդեն շուտ 16 ամիս շարունակ, երևում է, որ առկա են երեք հիմնական վիճելի կետեր:
Ուրանի հետքեր
Իրանը խնդրել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական մարմնին հրաժարվել Թեհրանի միջուկային ցանցի վերաբերյալ պնդումներից:
Հունիսին ՄԱԳԱՏԷ-ն քննադատել էր Իրանին երեք չհայտարարված տեղամասերում հայտնաբերված ուրանի հետքերը բացատրելու անկարողության համար: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և այլ երկրներ ընդունեցին բանաձև, որով դատապարտել են այդ ժամանակ Իրանի կողմից ուրանի ստորգետնյա հարստացումը:
Իրանը արձագանքեց՝ ավելացնելով հարստացված ուրանի պաշարները և, ըստ էության, հեռացնելով ՄԱԳԱՏԷ-ի մոնիթորինգի սարքերը, որոնք տեղադրված էին 2015 թվականի համաձայնագրի շրջանակներում:
Իրանը ԱՄՆ-ից ցանկանում է ստանալ վերջնական երաշխիքներ
Թեհրանը երաշխիքներ է ուզել, որ «ամերիկյան ոչ մի վարչակազմ» չի հրաժարվի վերականգնված պայմանագրից:
Սակայն, միջուկային գործարքը չպարտավորեցնող քաղաքական համաձայնագիր է, այլ ոչ թե իրավական առումով պարտավորեցնող պայմանագիր, ինչը նշանակում է, որ նախագահ Ջո Բայդենը չի կարող տալ նմանատիպ որևէ երաշխիք:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական ցուցակից դուրս թողնելը
Իրանը ցանկանում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանվի ԱՄՆ-ի «ահաբեկչական» ցուցակից, մի պահանջ, որը Վաշինգտոնը մինչ այժմ մերժել է:
Նոր գործարքի ընդհանուր ուրվագիծը, ըստ էության, համաձայնեցվել է մարտին՝ Վիեննայում 11 ամիս տևած բանակցություններից հետո, որոնք հիմնականում խափանվել են ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հեռացման վերաբերյալ Թեհրանի ներկայացրած պահանջի պատճառով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի ամենահզոր ռազմական գերատեսչությունն է, որն ուղղակիորեն ենթարկվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին:
Որոշում դեռ չկա
Աբդոլլահիանի՝ երկուշաբթի օրվա հայտարարությունը հնչեց Վիեննայում ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցությունների վերջին փուլից մեկ շաբաթ անց, որն ավարտվեց կառույցի արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ջոզեֆ Բորելի՝ «լավ փոխզիջման» մասին խոսքերով:
«Այն, ինչ կարելի է բանակցել, բանակցվել է, և այժմ վերջնական տեքստի մեջ է ներառված: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տեխնիկական հարցի և յուրաքանչյուր պարբերության հետևում թաքնված է քաղաքական որոշում, որը պետք է կայացվի մայրաքաղաքներում: Եթե այդ պատասխանները դրական են, ապա մենք կարող ենք ստորագրել այս գործարքը»,- օգոստոսի 8-ին թվիթերյան գրառում էր արել Բորելը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երկուշաբթի ասել էր, որ Միացյալ Նահանգները առանձին նամակով կներկայացնի ԵՄ-ի առաջարկած տեքստի վերաբերյալ իր պատասխանը, սակայն ժամանակացույց չի նշել:
ԱՄՆ-ի և Իրանի, ինչպես նաև Եվրոպայի ներկայացուցիչները փորձում էին հասնել համաձայնության, որը կհանգեցնի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի պատժամիջոցների վերացմանը՝ Թեհրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների վերականգնման դիմաց:
Սրանք էին 2015 թվականի գործարքի սկզբնական նպատակները, գործարք, որը հայտնի է որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր, որի խնդիրն էր կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը:
2018 թվականին ԱՄՆ-ն, այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, որոշեց միակողմանի դուրս գալ համաձայնագրից։
16.08.2022