Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (այսուհետ՝ ՀԳՀԾ) շուրջ Իրանի և 4+1 խմբի անդամ երկրների ներկայացուցչական պատվիրակության միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկել էր 2022 օգոստոսի 6-ին, և դրա նպատակն էր ուսումնասիրել Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ժոզեֆ Բորելի առաջարկները՝ դուրս գալու ՀԳՀԾ-ի վերակենդանացման փակուղուց: Դեռևս հայտնի չէ, թե Բորելն ինչ բովանդակությամբ առաջարկներ է ներկայացրել Թեհրանին, ինչպես նաև հայտնի չէ, թե դրանք կարո՞ղ են իրանական կողմին բավարարել միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնել, սակայն իրանական կողմը, ինչպես միշտ, պնդում է, որ իր պահանջների ընդունումից և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումից բացի պատրաստ չէ որևէ այլ համաձայնության հանգել ՀԳՀԾ-ի բանակցող կողմերի հետ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դուրսբերումը ԱՄՆ-ի «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակից, Վաշինգտոնի կողմից ՀԳՀԾ-ի շարունակականության երաշխիքը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ Իրանի չհայտարարված միջուկային գործունեության վերաբերյալ ենթադրյալ գործի փակումն այն լրացուցիչ պահանջներն են, որ Թեհրանի կողմից բանակցությունների այս փուլում ներկայացվել է արևմտյան կողմին, իսկ նախքան այդ Իրանը պնդում էր, որ ԱՄՆ-ն, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության ժամանակ, միակողմանիորեն լքել էր միջուկային համաձայնագիրը ու հիմա պետք է վերադառնա ՀԳՀԾ և հրաժարվի Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերի կասեցման վերաբերյալ անհիմն պահանջներից։
Հատկանշական է, որ Սպիտակ տանը դեմոկրատական նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո Միացյալ Նահանգների նոր վարչակազմի քաղաքական մոտեցումներն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ զգալիորեն մեղմացել են։ Նախագահ Ջո Բայդենը պաշտոնական ելույթներում կամ կողմնակիորեն և Եվրոպական կողմի կամ Իրանի բարեկամ որոշ երկների միջնորդությամբ հղած ուղերձներում քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է միջուկային հարցի շուրջ տրամաբանական համաձայնության հասնել ԻԻՀ-ի հետ։ Իհարկե, Բայդենը, ըստ ԱՄՆ-ի նախկին վարչակազմերի ավանդության, միաժամանակ նաև մեղադրանքներ ու սպառնալիքներ է հնչեցնում Իրանի միջուկային ծրագրի ոչ խաղաղ նպատակների և Իրանի տարածաշրջանային ազդեցության վտանգների մասին։
Ինչևե, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին և պանդեմիային հաջորդող՝ համաշխարհային էներգիայի ու պարենային նոր ճգնաժամի պայմաններում, երբ արևմտյան երկրները, պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանից մատակարարվող գազի և էներգիայի նկատմամբ, բախվել են էներգետիկ և էներգակիրների տարանցման նոր մարտահրավերի, այժմ կրկին կարևորում են Մերձավոր Արևելքի արաբական երկրների, մասնավորաբար՝ Սաուդյան Արաբիայի և Արևմուտքի հետ ոչ այնքան հաշտ դիրքերում գտնվող Իրանի էներգետիկ ռեսուրսների հասանելիության անհրաժեշտությունը։ Եվրոպական երկրների և ԵՄ գլխավոր դերակատար տերություների համար, կարելի է ենթադրել, Իրան-ԱՄՆ առճակատումն այնքան կարևոր առաջնություն չունի, որքան իրենց էներգետիկ անվտանգությունը և առևտրատնտեսական շահերը։ Այդ առումով կարելի է գնահատել ԵՄ Արտաքին քաղաքականության հերթական ուղերձները Իրանին առ այն, որ ԵՄ-ի և ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական եռյակ (Ֆրանսիա,Գերմանիա և Մեծ Բրիտանիա) երկրները պատրաստ են ՀԳՀԾ-ի շուրջ ցանկացած համաձայնության հասնել ԻԻՀ-ի հետ, որին, ըստ ԵՄ պաշտոնատարների, դեմ չէ նաև ԱՄՆ-ն։ Սակայն այստեղ կարևոր հանգամանքը Իրանի երկակի կողմնորոշումն է նախ՝ ԱՄՆ-ի նկատմամբ և մյուս կարևոր գործոնը՝ Իրանի հակումն է դեպի Չինաստան և Ռուսաստան, որոնք նաև մաս են կազմում ՀԳՀԾ-ի բանակցություններին ու հաճախ խոչընդոտում են Իրանի և Եվրոպայի միջև ցանկացած համաձայնության կայացումը։
Այդուամենայնիվ, Իրանի իշխանությունների վերնախավում կան նաև պաշտոնատարներ, որոնք ցանկանում են ԱՄՆ-ին շրջանցելով որոշակի համաձայնության գալ ԵՄ-ի հետ և սկսել առևտուրը եվրոպական երկրների հետ։ Ինչպես ԱՄՆ-ում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունների քաղաքական որոշիչ շրջանակներում կան Իրանի միջուկային և տարածաշրջանային ազդեցության նկատմամբ տարբեր՝ չափավոր ու ծայրահեղական մոտեցումներ, նույնպես Իրանում և իսլամական համակարգի բազմաշերտ իշխանության տարբեր օղակներում կան տարբեր մոտեցումներ և քաղաքական դիրքորոշումներ Արևմուտքի, Արևելքի, ԵՄ-ի, Ռուսատանի, Չինաստանի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանի մուսուլման երկրների և ընդհանրապես՝ գլոբալ քաղաքականության մերձեցումների կամ բաժանումների վերաբերյալ։ Իրանական իշխանության վերնախավում որոշումներ ընդունող զանազան կենտրոնների այս բազմազանությունը և տարբեր խճճված մոտեցումներն ավելի են բարդացնում Թեհրանում ՀԳՀԾ-ի շուրջ միասնական և համապարփակ որոշում ընդունելու գործընթացը։
Այնուամենայիվ, բոլորը կարծում են, որ միջուկային գործարքի հանգուցալուծման կամ գործարքը ընդմիշտ մերժելու վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Իրանի իսլամական համակարգի գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին։ Դրա վառ օրինակներից է Վիեննայում կայացող միջուկային բանակցությունների կեսճանապարհին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության նախագահ Մոհամեդ Սալամիի և Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի ավագ խորհրդական Քամալ Խարազիի հայտարարություններն այն մասին, որ Իրանը ներկայումս հնարավորություն ունի միջուկային ռումբ արտադրել, սակայն, ելնելով իր կրոնական սկզբունքներից և դեմ լինելով միջուկային զենքի տարածմանը, չի ցանկանում այդ քայլին դիմել։ Մյուս կողմից՝ հենց նույն Վիեննայի բանակցությունների ֆոնին և ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Իրան կատարած այցից ոչ շատ ուշ Իրանը հայտարարեց, որ հետևելով Իսլամական Խորհրդարանի անցած տարի կայացրած որոշմանը՝ դադարեցնում է ՄԱԳԱՏԵ-ի տեսուչների կողմից Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված ստուգիչ տեսախցիկների աշխատանքը։ Սրանք ՀԳՀԾ-ի արևմտյան բանակցող կողմերի և ՄԱԳԱՏԵ-ի համար, թերևս, անընդունելի ու անհասկանալի քայլեր են, որը Իրանն անում է՝ հակադրվելով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ արվող քայլերի, ինչի բացատրությունը միայն իրանցի քաղաքագետները կարող են տալ՝ իրենց հատուկ լեզվով ու վարքագծով, որոնք, իրոք, անհասկանալի են արևմտյան քաղաքագետների համար։
ՄԱԿ-ին առընթեր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ասում է, որ Իրանը դեռևս պետք է համոզիչ պատասխաններ տրամադրի իր երեք չհայտարարված միջուկային օբյեկտների վերաբերյալ հարցերին և անորոշություններին:
Համենայն դեպս, այդ բարդ ու անհասկանալի դիվանագիտական ուղեգծի համատեքստում օգոստոսի 4-ին Վիեննայում մեկնարկել էր Իրանի և ՀԳՀԾ-ի անդամ երկրների ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլը, որի ընթացքում Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է որոշակի պայմանավորվածության մասին բանակցող կողմերի միջև և հնարավոր է համարել վերջնական և համապարփակ համաձայնությունը։ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը նշել է, որ ԵՄ-ի կողմից Իրանին առաջարկված համաձայնության փաթեթն ամենալավ ու ընդգրկուն առաջարկներն են, որոնք կարող են բավարարել Իրանի բոլոր պահանջները։ Սակայն բանակցությունների ավարտի հաջորդ օրը իրանական « Նուր Նյուզ » կայքը, որը մոտ է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, գրել է, որ Եվրամիությունը ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցությունների համակարգողն է և չի կարող իր առաջարկները ներկայացնել որպես ՀԳՀԾ-ի համաձայնագրի վերջնական տեքստ:
Մյուս կողմից, օգոստոսի 9-ին, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանն ասել է. «Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համաձայնությունը պետք է ապահովի Իրանի տնտեսական և միջուկային իրավունքներն ու շահերը և երաշխավորի պատժամիջոցների կայուն և արդյունավետ չեղարկումը»։ Աբդոլլահյանը հավելել է, որ այժմ բոլոր կողմերը պետք է հստակ կամք դրսևորեն՝ համաձայնության հասնելու համար:
Եվրամիությունը և ԱՄՆ-ն բազմիցս ընդգծել են, որ պատրաստված տեքստը բանակցություններում ներգրավված երկրների վերջին առաջարկն է, և քաղաքական որոշում կայացնելով՝ Իրանը պետք է իր վերջնական կարծիքը հայտարարի համաձայնության վերաբերյալ։
Թեև եվրոպական կողմի առաջարկը, որը մշակվել է Ջոզեֆ Բորելի կողմից՝ ամերիկացի պաշտոնյաների հետ սերտ համագործակցությամբ, պաշտոնապես չի վերացնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատժամիջոցները, այն լրջորեն սահմանափակում է դրանց ազդեցությունը: Եվրամիության առաջարկվող տեքստի շրջանակներում եվրոպացիները և այլ ոչ-ամերիկացիներ կարող են առևտուր անել իրանական հաստատությունների և ընկերությունների հետ, որոնք առևտուր են անում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ չանհանգստանալով ԱՄՆ պատժամիջոցների կիրառմամբ, պայմանով, որ հիմնական (ուղիղ) առևտրային գործընկերը ներառված չլինի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում։
Այս կապակցությամբ Politico-ի թղթակից Ստեֆանի Լիխտենշտեյնը՝ մեջբերելով Եվրամիության բարձրաստիճան դիվանագետին, գրել է. «Հիմա վերջնական որոշում կայացնելու ժամանակն է, վերջնական տեքստը հնարավոր չէ բանակցել կամ փոխել»:
Այս զեկույցի նախնական տարբերակի հրապարակումից հետո Ռոբ Մալին Politico-ին տված հայտարարության մեջ հերքել է այն պնդումը, որ ԱՄՆ-ն փոխել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման կանոնները։ Նա ասել է. «Թույլ տվեք հստակ ասել. մենք չենք մասնակցել պատժամիջոցների մտադրությունը փոխելու կամ պատվիրատուների ու պատժամիջոցների կիրառման այլ չափանիշների նույնականացման վերաբերյալ որևէ բանակցությունների: Հակառակի մասին ցանկացած հաղորդում միանշանակ կեղծ է»:
Չնայած եվրոպական կողմի շտապողականությանը, առայժմ Իրանը չի շտապում իր համաձայնությունը հայտնել արևմտյան կողմին, քանի որ փորձում է երկարատև բանակցություններ վարելով ժամանակ շահել և շարունակել իր ուրանի հարստացման գործընթացը՝ մինչև հասնի ցանկացած քանակի ու որակի հարստացված ուրանի պաշարների անվերադառնալի շեմին։ Միևնույն ժամանակ, Իրանը բանակցություններին զուգահեռ զարգացնում է իր IR-6 նոր սերնդի ցենտրիֆուգների տեղադրումը միջուկային օբյեկտներում, իսկ ԱՄՆ-ի կողմից սահմանված շրջափակումները չեզոքացնելու նպատակով արդեն կարողացել է, մերձենալով Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ, մասամբ շրջանցել տնտեսական և էներգետիկ պատժամիջոցները։
Սակայն, չնայած սպառնալիքներին ու կոշտ մոտեցումներին, թվում է, թե ԱՄՆ-ն և Իրանը թեև դանդաղ, բայց մոտենում են ՀԳՀԾ-ի համաձայնագրի սահմանափակ վերականգնման շեմին, այնուամենայնիվ՝ դեռևս մնում են անհամաձայնության որոշ կարևոր կետեր։
Իրանում շատ վերլուծաբաններ կասկածում են, որ ՀԳՀԾ-ի վերջնական համաձայնությունը հասանելի է։ Իրանի կառավարությունը բախվում է ներքին անհամաձայնությունների, և նրա պահպանողական խմբավորումները չեն վստահում Արևմուտքին, հատկապես՝ ԱՄՆ-ին: Հիմնական զիջումների գնալը նույնպես քաղաքական հակադարձ արդյունքի հավանականության առաջ է կանգնած: Խորհրդարանի որոշ պահպանողական ներկայացուցիչներ հայտարարել են, որ անընդունելի է, որ ԻՀՊԿ-ն մնա ԱՄՆ-ի ահաբեկչական ցուցակում։
Ամեն դեպքում՝ երբ միջուկային բանակցություններում կողմերը մոտեցել են ինչ-որ համաձայնության հասանելիության, և Իրանը կամ ԱՄՆ-ը հայտարարել են, որ պատրաստ են համապարփակ և գոհացուցիչ համաձայնություն ստորագրել, վերջին վայրկյանին կողմերից մեկը հայտարարել է, որ դեռ չլուծված հարցեր կան, որի շուրջ պետք է բանակցել, և այս գործընթացը երկարաձգել է վերջնական համաձայնության հասնելու հնարավորությունը։ Չնայած այս մարտավարությունը երկու կողմերի համար ձեռնտու է ներքին կրքերը թուլացնելու և ժամանակ շահելու իմաստով, սակայն չպետք է անտեսել, որ ժամանակ շահելու քաղաքականությունը Իրանին օգնում է ներսում զարգացնել իր միջուկային տեխնոլոգիաները և հրթիռային ծրագիրը, որը ներառում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։
Երկրորդ կարևոր հանգամանքը Ռուսաստանի աջակցությամբ տիեզերական ծրագրի մշակումն ու վերջերս իրանական «Խայամ» արբանյակն ուղեծիր հանելն է, որն էլ ամրապնդում է Իրանի հրթիռային և տիեզերական հզորությունը։
Չնայած Եվրոպական կողմը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի «Վերջնական և չվերանայվող տեքստը» նեկայացվել է Թեհրանին և սպասում է պատասխանի, Իրանը փորձում է երկարաձգել այս առաջարկի պատասխանը՝ ցույց տալու համար, որ չի հանձնվել ԱՄՆ-ի և Իսրայելի միջազգային ճնշմանը, և որ վերջին խոսքն ինքն է ասում, ուստի Եվրոպայի առաջարկները կընդունի միայն այն ժամանակ, երբ իրեն վստահեցնեն, որ Իրանի շահերը լիովին ապահովված են ըստ ՀԳՀԾ-ի համաձայնության, և վերանում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից բոլոր տնտեսական ու ռազմական հավանական սպառնալիքներն ու հետագա հնարավոր ռիսկերը։
Ավելին՝ Իրանին այնքան էլ չեն անհանգստացնում Իսրայելի ռազմական սպառնալիքներն ու հիբրիդային պատերազմը, քանի որ առանց ԱՄՆ-ի ռազմական և անվտանգային տեղեկատվական աջակցության Իսրայելը չի կարող ռազմական լուրջ հարվածներ հասցնել Իրանի կենտրոնական շրջաններում գտնվող միջուկային օբյեկտներին։ Իսկ ԱՄՆ-ի ներկայիս դեմոկրատական իշխանություններն ընդհանրապես հետաքրքրված չեն Մերձավոր Արևելքում պատերազմական նոր գործողություններ իրականացնելու պլաններով և հիմնականում կենտրոնացած են Եվրոպայում, մասնավորաբար՝ Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումը հետ մղելու, իսկ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Չինաստանի սողացող ազդեցությունը չեզոքացնելու գործերով։ Սա բացառիկ առիթ է ստեղծել Իրանի համար՝ միաժամանակ բազմավեկտոր քաղաքականություն վարելու աշխարհի ուժային կենտրոնների հետ, թե՛ իր դիրքերը մերձեցնել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, թե ՀԳՀԾ-ի շուրջ շարունակելով բանակցությունները արևմտյան կողմի հետ՝ անորոշ վիճակում պահել վերջնական համաձայնությունը։ Ավելին՝ արևելյան գործընկերների օգնությամբ կարողանալով շրջանցել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները՝ ոտքի վրա պահել իր թուլացող տնտեսությունը և շարունակել իր միջուկային ու հրթիռային ծրագրերը։
Հետևաբար, անկախ բանակցությունների հաջողության շանսերի աստիճանի փոփոխությունից, Իրանի բանակցային ռազմավարությունը պետք է գնահատել այս բոլոր գործոնների մեկ ամբողջական համատեքստում, ինչն ավելի է բարդացնում ՀԳՀԾ-ի վերաբերյալ կանխատեսումներն ու համաձայնության հասնելու հեռանկարը։
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Քաղաքագետ, լրագրող
Թեհրան