Իրանում իսլամական համակարգ հաստատվելուց ի վեր արտաքին քաղաքականության հիմնասյուներից է Իսլամական հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնիի հայտարարությունը՝ «ո՛չ արևելյան, և ո՛չ էլ արևմտյան», ինչը գրված է նաև այդ երկրի ԱԳ նախարարության շենքի ճակատին։
Թեև դեռևս անցյալ դարի 90-ականներից Իրանի քաղաքական հոսանքների՝ մասնավորապես՝ պահպանողականների, տեսակետներում նկատելի էր հայացք դեպի արևելք միտումը, սակայն 2021 թ․ օգոստոսին, երբ նախագահի պաշտոնն ստանձնեց պահպանողական Էբրահիմ Ռայիսին, այդ միտումն ակնհայտ դարձավ։ Ուստի, հաշվի առնելով նրա քաղաքական կողմնորոշումն ու քարոզարշավի ընթացքում ելույթները, ենթադրվում էր, որ նա կհակվի դեպի արևելք՝ Ռուսաստան ու Չինաստան, ինչը նշանակում է շեղում արտաքին քաղաքականության հիշյալ սկզբունքից և ինչին հակված է նաև Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի նման հզոր կառույցը։
Իսկ մերձեցման հակառակորդներն, անդրադառնալով այդ հարցին, շեշտել են, թե Մոսկվայի հետ մերձեցումը պետք է վերապահումներով լինի, միաժամանակ նաև խիստ քննադատել հիմնարար հիշյալ սկբունքի անտեսումը։ Մերձեցման կողմնակիցներն իրենց դիրքորոշումը պատճառաբանում են երկբևեռ աշխարհակարգի փլուզմամբ, ընդգծելով, թե այսօրվա նոր Ռուսաստանը ո՛չ ցարականն է և ո՛չ էլ Խորհրդայինը։ Հատկանշական են մերձեցման դեմ ճամբարի տեսակետներն արտահայտող՝ ԱԳՆ հմուտ փորձագետ, Հարավային Աֆրիկայում Իրանի նախկին դեսպան և ԱԳՆ Աֆրիկայի վարչության պետ Ջավիդ Ղորբանօղլիի տեսակետները։ Դրանք ծավալուն հոդվածով հրապարակվել են http://irdiplomacy.ir կայքում, ընթացիկ տարվա հունվարին Ռայիսիի աղմկահարույց մոսկովյան այցի առիթով, ինչը լուրջ քննարկումների առիթ էր դարձել իրանյան ԶԼՄ-ներում։ Նա, անդրադառնալով Ռայիսիին ոչ պատշաճ դիմավորելուն ու արարողակարգային լուրջ թերություններին, որոնք, ըստ նրա, պատիվ չէին բերում Իրանին, նախ քննադատում է այն կազմակերպիչներին, շեշտելով, թե անգամ մինչև վերջ պարզ չդարձավ՝ այն պաշտոնակա՞ն, թե՞ աշխատանքային այց էր։ Նաև շեշտել է, որ եթե նման արարողակարգ էր առաջարկվել, պետք է չեղարկվեր այցը։
Ղորբանօղլին նշել է, թե մի կողմ թողնելով «Հայացք դեպի Արևելք» ռազմավարության քննադատողների տեսակետները և այն, թե դա որքանով է ապահովում ազգային շահերը, հարկ է ուշադրություն դարձնել հետևյալին՝ այցի նախօրեին խոսվում էր 20-ամյա համագործակցության համաձայնության ստորագրման մասին, մինչդեռ փաստորեն արտգործնախարարություններին հաձնարարվել է մշակել դրա վերջնական տեքստը։ Ապա, անդրադառնալով այցի նպատակներին ու ձեռքբերումներին, նա նշել է, թե ընդհանուր առմամբ կարելի է հանգել այն եզրակացությանը, որ Պուտինը ցանկանում է իրանական քարտն օգտագործել հանուն իր կարիերիստական նպատակների։ Ապա շարունակել է, թե Կրեմլի կարծիքով՝ Իրանն Արևմուտքի հետ լուրջ խնդիրներ ունի և, միջուկային հարցով պայմանավորված, տնտեսական ծանր վիճակում է հայտնվել, ուստի բացի դեպի Արևելք՝ հանձինս Ռուսաստանի, կողմնորոշվելու այլ ելք չունի։ Ղորբանօղլին, որպես ապացույց, վկայակոչել է Ռայիսիի, ինչպեսև մինչ այդ Իրանի խորհրդարանի խոսնակի հանդեպ նրանց մոսկովյան այցի ընթացքում ոչ պատշաճ վերաբերմունքը։ Հետևաբար, գրել է նա, անհրաժեշտ է առանցքային դարձնել ազգային շահը, մի կողմ թողնել Արևմուտքի՝ հանձինս ԱՄՆ-ի, հանդեպ խիստ խտացված բացասական գույները և հավասարակշիռ փոխհարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր ազդեցիկ երկրների հետ, զսպել Կրեմլի ագահությունը։ Նա հավելել է, թե Պուտինը պետք է գիտակցի, որ այսօրվա Ռուսաստանը ո՛չ ցարականն է, ո՛չ էլ Խորհրդային Միությունը, որը Սառը պատերազմի ընթացքում ազդեցություն ուներ աշխարհի 50 տոկոսի վրա, իսկ Իրանն էլ ո՛չ ղաջարների և ո՛չ էլ փեհլեվիների շրջանի Իրանն է։ Բոլոր հավկիթները Մոսկվայի զամբյուղում դնելը «Ո՛չ արևելյան, ո՛չ էլ արևմտյան» քաղաքականությանը համընթաց չէ, ոչ էլ հեղափոխության առաջնորդի ասած նպատակահարմարությունն է՝ եզրահանգել է վերլուծաբանը[i]։
Նշենք, որ Ղաջարների իշխանության օրոք Իրանին պարտադրվեցին Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը, որոնք Իրանում համարում են այդ երկրի պատմության ամենախայտառակ ու ամոթալի էջերից։ Իսկ Փեհլևիների իշխանության օրոք, Երկրորդ Աշխահամարտից հետո, ԽՍՀՄ-ը ոչ միայն պայմանավորվածության համաձայն զորքերը դուրս չբերեց Իրանից, այլև Իրանի մասնատման ուղղությամբ քայլեր էր իրականացնում՝ Ադրբեջանի երկրամասում Բաղիրովի մասնակցությամբ անջատողական կրքեր բորբոքելով, նաև ձևավորել էր «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն», որը շուրջ մեկ տարի կյանք ունեցավ։ Մոսկվան նման քայլի էր դիմել նաև Քրդստանի նահանգում։
Ռուս-իրանական փոխհարաբերությունները Խորհրդային Միության փլուզումից հետո, պատմականորեն ձևավորված փոխադարձ անվստահության նման մթնոլորտի առկայությամբ, ընթանում են լուրջ ելևէջներով, ինչը պայմանավորված է նաև բազմաթիվ այլ հանգամանքներով։ Երկու երկրների փոխհարաբերություններում առաջին լուրջ քայլը 1993 թ․ ԻԻՀ-Ռուսաստանի Դաշնություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության մասին ստորագրված համաձայնագիրն է, որում ընդգրկված էր նաև Բուշեհրի ԱԷԿ-ի կառուցման հարցը՝ IAEA-ի վերահսկողության ներքո։ Սա կարևորվում էր նաև նրանով, որ արևմտյան երկրները հրաժարվել էին ավարտին հասցնել նշյալ ԱԷԿ-ի կառուցումը։ 1995թ․ հունվարին ԻԻՀ-ի և Ռուսաստանի միջուկային էներգետիկայի նախարարությունների միջև ստորագրված մեկ միլիարդ դոլարի արժողությամբ համաձայնագրով նշյալ ԱԷԿ-ի կառուցումը ստանձնեց ռուսական «Ատոմստրոյ էկսպորտը», որը պետք է շահագործման հանձներ ատոմակայանը 1999 թ․ հուլիսին, սակայն տարբեր պատճառաբանություններով փաստացի շահագործման է հանձնվել 2012 թ․, մինչ այսօր էլ այն լիարժեք չի աշխատում ու կողմերի միջև առկա են տարաձայնություններ։
Իրականում Մոսկվա-Թեհրան շահերն ավելի հաճախ հակասում են միմյանց, քան՝ համընկնում, հաշվի առնելով, որ Իրանը ևս, ինչպես Ռուսաստանը, էներգակիրներով հարուստ երկիր է, ուստի նրանք ավելի շուտ մրցակիցներ են, քան կարող են լինել դաշնակիցներ։ Ինչպես նշում են իրանցի փորձագետները՝ Ռուսաստանը, առաջնորդվելով իր ազգային շահերով, կարող է անտեսել այլ երկրների հետ ունեցած պայմանավորվածությունները։ Այս առնչությամբ հատկանշական է, որ իրանցի փորձագիտական շրջանակները, երկու երկրների փոխհարաբերությունների մերձեցմանն ի սկզբանե ավելի հաճախ հոռետեսությամբ են վերաբերվել։ Ահավասիկ, դեռևս 2005 թ․ Աֆշին Զարգյարը, ներկայացնելով ռուս-իրանական փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում, շեշտել է, որ թեև վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստան-Իրան փոխառնչությունները տարբեր ոլորտներում զգալիորեն ընդլայնվել են, սակայն դրանք չեն կարող վերածվել երկարաժամկետ ռազմավարական ընկերակցության, ինչի համար բացակայում են անհրաժեշտ հիմքերը, այդ թվում՝ երկու երկրների միջև փոխադարձ վստահությունը, իրանցիների մոտ իշխող հակառուսական զգացմունքները, որոնց արմատները պատմական են: Հետևաբար, անգամ եթե միջազգային զարգացումների և առկա ճնշումների պատճառով կողմերը միավորվեն, այդ դաշինքը միշտ էլ փխրուն է լինելու[ii]։
Այլ կերպ ասած՝ երկու երկրներին միայն ժամանակավոր, մարտավարական շահերը կարող են միավորել, ինչն ապացուցել է ավելի քան 30-ամյա փոխհարաբերությունների ընթացքը։ Օրինակ, եթե Մոսկվան գրեթե մինչև 2000 թ. Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցում լիովին կիսում էր Թեհրանի տեսակետները, ապա 1998-ից ի վեր աստիճանաբար հակվել էր դեպի Ադրբեջանի և Ղազախստանի տեսակետները՝ ծովի հատակը բաժանել ըստ ազգային սահմանների, Իրանին գործնականում թողնելով միայնակ: Իսկ 2018 թ․ օգոստոսի 12-ին, ինչպես նշում են իրանցի փորձագետները, առափնյա երկրների գագաթնաժողովում Իրանին պարտադրվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան, ինչը խիստ քննադատության արժանացավ Թեհրանում և որն առայսօր խորհրդարանը չի վավերացրել։ Բացի այդ, Ռուսաստանը կողմ է քվեարկել 2006 թ. փետրվարին IAEA-ի տնօրենների խորհրդի որոշմանը՝ Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին զեկուցելուն: Այնուհետև Մոսկվան կողմ է քվեարկել 2006-12 թթ․ Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 6-7 բանաձևերին։ Մինչդեռ 2006 թ․ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձևավորված Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ`Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիան) ձևաչափի բանակցություններում Մոսկվան առնվազն արտաքուստ հանդես է եկել ի պաշտպանություն Իրանի։ Այսուհանդերձ, 2015 թ․ հունիսին, երբ Իրան-5+1-ի բանակցությունները (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնության շուրջ հաջողությամբ էին պսակվել, ինչպես այդ ժամանակվա Իրանի գլխավոր բանակցող, ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն է նշել իր հայտնի հարցազրույցում, Մոսկվան, Փարիզի հետ համատեղ, Իրանի դեմ նոր նախապայման էր ներկայացրել, ինչը կարող էր վիժեցնել ձեռք բերված համաձայնությունը։[iii]
Ռուս-ուկրաինական պատերազմի նախաշեմին թվում էր, թե JCPOA-ն վերականգելու շուրջ բանակցությունները մոտեցել էին վերջնագծին, սակայն մարտի սկզբին Մոսկվայի ներկայացրած նախապայմանի պատճառով բանակցություններն ընդհատվեցին։ Այդ հարցը լուծվեց, բայց դրան հետևեցին գլխավոր դերակատաների նոր պահանջները, որոնք բանակցությունները գրեթե փակուղի մտցրին։ Ավելի ուշ, Եվրամիության ջանքերով, բանակցությունները վերսկսվեցին, որոնք, թերևս, ճակատագրական են լինելու Իրանի համար, որպեսզի հավատարիմ մնա իր արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքին, հակառակ դեպքում՝ բանակցությունների վերջնական ձախողումը Թեհրանին մղելու է դեպի Արևելք՝ դեպի Ռուսաստան։ Բայց և այնպես, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, հաշվի առնելով գլխավոր դերակատարների շահագրգռվածությունը, կարելի է ենթադրել, որ այն հաջողությամբ է պսակվելու։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան
____________________
[i]․ Ջավիդ Ղորբանօղլուի, Պուտինը պետք է գիտակցի, որ Ռուսաստանը ոչ ցարականն է, ոչ է ԽՍՀՄ-ը, իսկ Իրանը ոչ ղաջարների ոչ էլ փեհլեվիների շրջանի Իրանն է, http://irdiplomacy.ir/fa/news/2009339/%D9%BE%D9%88%D8%AA%DB%8C%D9%86-%D8%A8%D8%AF%D8%A7%D9%86%D8%AF-%D9%86%D9%87-%D8%B1%D9%88%D8%B3%DB%8C%D9%87-%DA%A9%D9%86%D9%88%D9%86%DB%8C-%D8%AA%D8%B2%D8%A7%D8%B1%DB%8C-%D9%88-%D8%B4%D9%88%D8%B1%D9%88%DB%8C-%D8%A7%D8%B3%D8%AA-%D9%86%D9%87-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%81%D8%B9%D9%84%DB%8C-%D8%B9%D9%87%D8%AF-%D9%82%D8%A7%D8%AC%D8%A7%D8%B1-%D9%88-%D9%BE%D9%87%D9%84%D9%88%DB%8C
[ii] ․ Աֆշին Զարգյար, Ինչու Իրանը եւ Ռուսաստան չեն կարող ռազմավարական դաշնակից լինել, Central Asia and The Caucasus Review, No. 48, Winter 2005թ․
[iii] ․ https://aftabnews.ir/fa/news/706409/%D8%AC%D8%B2%D8%A6%DB%8C%D8%A7%D8%AA%DB%8C-%D8%A7%D8%B2-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81-%D8%B9%D8%A7%D9%85%D9%84-%D8%A8%D8%B1%D9%87%D9%85-%D8%B2%D8%AF%D9%86-%D8%A8%D8%B1%D8%AC%D8%A7%D9%85-%D8%B1%D9%88%D8%B3%DB%8C%D9%87-%D8%A8%D9%88%D8%AF%7C-%D8%A7%D8%B2-%D9%87%D9%85%D8%A7%D9%86-%D8%B1%D9%88%D8%B2-%D8%A7%D9%88%D9%84-%D9%85%DB%8C%E2%80%8C%D8%AF%D8%A7%D9%86%D8%B3%D8%AA%D9%86%D8%AF-%D9%87%D9%88%D8%A7%D9%BE%DB%8C%D9%85%D8%A7-%D8%A8%D8%A7-%D9%85%D9%88%D8%B4%DA%A9-%D8%B3%D8%A7%D9%82%D8%B7-%D8%B4%D8%AF%D9%87, Զարֆի ձայնային ֆայլից մանրամասություններ, Զարիֆ՝ Ռուսաստանը JCPOA-ը վիժեցնելու գործոն էր։