Միջազգային մամուլը վերջին շաբաթներին բավականին ժլատ, բայց որոշակիորեն հուսադրող տեղեկություններ է հաղորդում առ այն, որ Իրանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից ու Գերմանիայից կազմված «վեցյակի» միջև երկարատև բանակցային գործընթացն ավարտին է մոտենում, կողմերն էլ մոտ են 2015 թվականի համաձայնագրի գործողությունների վերականգնմանը, համաձայնագիր, ըստ որի Իրանը երաշխավորված կերպով հրաժարվում է միջուկային զենքի ստեղծման գաղափարից, դրա փոխարեն ստանալով պատժամիջոցների չեղարկում։
Ակնհայտ է, որ կողմերը՝ Իրանը և առաջին հերթին ԱՄՆ-ն, ըստ ամենայնի գնահատել են հնարավորությունների պատմական պատուհանը և լուրջ դրդապատճառներ ունեն վաղեմի հակասությունների, նախապաշարմունքների և տասնամյակների ընթացքում կուտակված անվստահության հաղթահարման համար։ Մյուս կողմից, գործարքի վերականգնման հեռանկարն ի զորու է մեր տարածաշրջանում Հայաստանի համար աշխարհաքաղաքական բարենպաստ պայմաններ ստեղծել։
Ակնհայտ է նաև, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժի զորեղ խթան են հանդիսացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Մոսկվայի դեմ աննախադեպ պատժամիջոցները, առաջին հերթին՝ նավթային ու գազային հատվածի դեմ, ինչը Թեհրանի համար համաշխարհային շուկայում հնարավորությունների լայն դաշտ է բացում, իսկ Արևմուտքի համար նույնպիսի հնարավորություն է ապահովում ածխաջրածինների գները կայունացնելու համար։
Դիվանագիտության տարբեր դպրոցների այս «փառատոնում» ինչպիսի՞ն են սույն գործընթացի տարբեր մասնակիցների-ակտորների շահերն ընթացիկ պահին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր վերլուծական հանդեսի հերթական թողարկումը, որում Հայաստանից և Իրանից երկու փորձագետներ իրենց մտքերն են կիսում պատմականորեն կարևոր բանակցային գործընթացի հեռանկարների մասին։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն