ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Զապորոժիեի ատոմակայանի վիճակը։ Նախօրեին կայացած նիստում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել և հայտարարել, որ Ռուսաստանն աշխարհին կանգնեցրել է միջուկային աղետի եզրին։
Ռուսաստանցի զինվորականները Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքը գործնականում դարձրել են մարտական գործողությունների գոտի, ասել է նա։
Զապորոժիեի ատոմակայանը ռուսական ուժերը գրավել էին մարտի սկզբին։ Ատոմակայանը գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության տակ, բայց աշխատակիցները, մասնագետներն ուկրաինացիներ են։
Ատոմակայանն ապահովում է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի կարիքի շուրջ 20 տոկոսը։ Անցած շաբաթ ուկրաինական Energoatom ընկերությունը մտավախություն էր հայտնել, որ ռուսները կարող են ատոմակայանն անջատել էլեկտրական ցանցից։
Իրավիճակը հատկապես սրվել է այս ամսվա ընթացքում։ Ատոմակայանի տարածքը ենթարկվում է հրետակոծությունների, կողմերը մեղադրում են միմյանց։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսներն ատոմակայանի տարածքում զենք-զինամթերք են պահում։ Ռոսգվարդիան երեկ հայտնեց ատոմակայանի երկու աշխատակցի ձերբակալության մասին, որոնք, ըստ Ռոսգվարդիայի հաղորդման, տեղեկատվություն են փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին, թե ատոմակայանի տարածքում որտեղ են տեղակայված ռուսական ուժերի տեխնիկան և անձնակազմը։
Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հեռարձակված իր ելույթում ՄԱԳԱՏԷ-ին (Ատոմային էներգիայի միջազգայաին գործակալություն) կոչ է արել՝ մշտական վերահսկողության տակ վերցնել Զապորոժիեի ատոմակայանի իրավիճակը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է անվերապահորեն դադարեցնի միջուկային շանտաժը և լքի ատոմակայանը։
Զապորոժիեի ատոմակայանը կառուցված է բավականին անվտանգ նախագծով։ Այն կարող է դիմանալ ուժեղ հարվածների, անգամ եթե օդանավ ընկնի ատոմակայանի վրա, բայց հովացման համակարգը խաթարվելու դեպքում, պաշտպանությունն անզոր կլինի միջուկային շղթայական ռեակցիայի դիմաց, նշում են մասնագետները։
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է տեսչական այց կատարելու անհրաժեշտության մասին։ Նշել է, որ իր մասնագետները պատրաստ են այցելելու ատոմակայան։ Կիևը և Մոսկվան դեմ չեն, բայց այցելության որևէ ժամկետ մինչև հիմա չի նշվում։