Արևմուտքի աճող դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում միանշանակ չի ընկալվում Արցախում. Բրյուսելն ապագայի համար վախ է ներշնչում, Վաշինգտոնն ու Փարիզը՝ հույսեր արթնացնում
«Խաղաղության պայմանագրում առանձին դրույթ պետք է լինի Լեռնային Ղարաբաղի մասին, որ այս հարցը քննարկվելու է առանձին գործընթացով։ Հակառակ դեպքում կնշանակի, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի մոտեցումները», – «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխող «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս ձևաչափով չորրորդ հանդիպումը, որի ժամանակ կողմերը համաձայնել են ակտիվացնել բովանդակային աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ։ Մեկ ամսվա ընթացքում արտգործնախարարները պետք է հանդիպեն՝ աշխատելու տեքստերի նախագծերի վրա։
«Բազմիցս ասել ենք, վերահաստատում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի համապարփակ։ Հայաստան-Ադրբեջան սահմանազատում-սահմանագծումը պետք է կատարվի առանց ԼՂ-ի», – ընդգծեց Արթուր Հարությունյանը՝ արձագանքելով ԵՄ խորհրդի նախագահի՝ սահմանային հանձնաժողովի՝ նոյեմբերին Բրյուսելում նախատեսվող հանդիպման մասին հայտարարությանը։
Տարածքային ու սահմանային առումով Արցախի ներկա փաստացի վիճակի իրավական արձանագրումը ընդունելի չէ քաղաքական ուժերի համար, որոնք խաղաղության համաձայնության շրջանակներում տեսնում են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքների ճակատագրի լուծումը։
«Առանց Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքների վերականգնման՝ խոսել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ անհնար է», – հակիրճ ձևակերպեց խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը։
Խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներն ընդդիմադիր կուսակցությունները համարում են որպես շտապողական ու պարտվողական։ «Ուրիշ երկրների դեպքում դելիմիտացիան և դեմարկացիան տասնյակ տարիներ են տևում, բայց մեր պարագայում տեսնում ենք ինչպես են շտապում։ Ի՞նչ խաղաղաության մասին կարող ենք խոսել, երբ Ադրբեջանը շարունակում է կրակել Արցախում, Հայաստանի սահմաններին»,- «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ խաղաղության օրակարգն անվանելով շինծու, որը ոչ մի լավ տեղ չի հասցնելու և նպատակ ունի զրկելու ժողովրդին իրենց հայրենիքում ապրելու իրավունքից։
Ընդդիմադիր՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նույնպես համոզված է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր ՀՀ գործող իշխանությունների՝ Արցախի հարցում որդեգրած դիրքորոշումը Հայաստանին տանում է այն ուղով, որով Արցախի թեման չի լինելու Եվրամիության միջնորդությամբ կնքվելիք պայմանագրում։ «ՀՀ իշխանությունների պարտվողական կեցվածքը ցույց է տալիս, որ Հայաստանը գնալու է Ադրբեջանի առաջարկներով խաղաղության պայմանագրի կնքմանը՝ անդառնալիորեն փակելով Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի հարցը՝ հետագայում ինքն իրեն զրկելով միջազգային հարթակներում Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելուց»,- ընդգծեց Դավիթ Գալստյանը՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ Արցախը ներառյալ, ճանաչումը համարելով կործանարար։
Ինչևէ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում Բրյուսելի դերակատարությունն Արցախում առավել հակված են համարելու որպես տարածաշրջանի հանդեպ Եվրամիության աճող հետարքրություն և ոչ որոշիչ գործոն։
«Ռուսաստանը թույլ չի տա առանց իր մասնակցության տարածաշրջանային լուրջ փոփոխություններ կատարել», – «Անալիտիկոնի» հետ զրույցում համոզմունք հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։ Պատգամավորի խոսքերով՝ իրենք տեղեկություններ չունեն, թե ինչ է քննարկվում բանակցությունների ժամանակ, իրական օրակարգի մասին, իսկ բաց պաշտոնական աղբյուրներն ամբողջովին չեն արտացոլում իրական փաստերը։
Բրյուսելյան հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարությունում չի հիշատակվում ԼՂ-ն։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը սահմանափակվել է միայն հանդիպման փաստի մասին տեղեկություն հրապարակելով, մինչդեռ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրությունում նշվում է, որ եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդիրը։
Հետևելով պաշտոնական շրջանակների կողմից հրապարակային խոսույթին՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն առանց Լեռնային Ղարաբաղի տարբեր ձևով են ընկալվում երկու մայրաքաղաքներում. Բաքուն համարում է, որ ԼՂ-ն այլևս չկա, իսկ Երևանում գտնում են, որ այն առանձին պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Համանման ընկալում կա նաև Ստեփանակերտում։
«Ադրբեջանը չի հրաժարվելու իր առավելապաշտական հավակնություններից։ Պայմանների հարցում փոխհամաձայնությունների չհասնելը գործընթացը կտանի դեպի փակուղի։ Փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներն Ադրբեջանի համար ծառայել են որպես ուժի կիրառման միջոցով սեփական նպատակներն իրականացնելու հնարավորություն»,– նշեց Արցախի Հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը՝ չբացառելով Լաչինի միջանցքի շուրջ օգոստոսյան սրացումների սցենարի կրկնությունը շարունակվող ուկրաինական պատերազմի աշխարհաքաղաքական ֆոնին։
Թեև զինադադարի հայտարարությամբ նախատեսված էր միջանցքով նոր երթուղու պլանը հաստատել երեք տարվա ընթացքում, այնուամենայնիվ, Ադրբեջանն իր բաժին հատվածի շինարարությունն ավարտեց մեկուկես տարում՝ պահանջելով փոխել երթուղին ու ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի հինգկիլոմետրանոց լայնության մեջ մտնող Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնել իրեն։
Օգոստոսի սկզբին ադրբեջանական զինված ուժերի կողմից շփման գծի արևմտյան հատվածներում սրացման պայմաններում, որի հետևանքով Պաշտպանության բանակի երկու զինծառայող զոհվեց, 19-ը վիրավորվեց, Ստեփանակերտը մոտ մեկ ամիս ժամանակ ստացավ Բերձորի ու Աղավնոյի բնակիչներին տարհանելու և նոր երթուղին գործարկելու համար։
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով անցնող նոր երթուղին, որը Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապում է Բերձորն ու Աղավնոն շրջանցող մոտ 4,7 կմ ճանապարհով, սկսեց գործել օգոստոսի 30-ից։ Բացի ՀՀ Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածից, որը Երևանը նախատեսում է ավարտել հաջորդ տարվա գարնանը, Արցախի տարածքում երթուղու հետ կապված այլ փոփոխությունների մասին դեռևս չեն խոսում։ Խոսքը, մասնավորապես, Շուշին շրջանցող ճանապարհի մասին է։ Ադրբեջանական պաշտոնական շրջանակների կողմից նույնպես դա չի մեկնաբանվում։
Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը վստահեցրել էր, որ նոր երթուղին միջանցքի տրամաբանության շրջանակներում է՝ ունի 5 կմ-ոց անվտանգային գոտի և անվտանգությունն ապահովվելու է խաղաղապահների կողմից։
Լաչինի միջանցքով անցնող և Արցախը Հայաստանին կապող միակ ուղին հայկական վերահսկողության ներքո չէ, մինչդեռ Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների սնուցումը, հաղորդակցությունն ու արտաքին աշխարհ միակ ելքը հենց այս ճանապարհի միջոցով է կատարվում։ Առանց Հայաստանի հետ կայուն կապի՝ 2020 թ. դեկտեմբերից անկլավի վերածված Արցախի Հանրապետության կենսականությունը կասկածի տակ է դրվում։ Այս մասին գիտեն Ադրբեջանում, ուստիև գիտեն ուժի և ուժի սպառնալիքի ներքո Ստեփանակերտին զիջումներ պարտադրելու ձևը, անգամ՝ Երևանի հետ քաղաքական անհամաձայնության պայմաններում։
Արցախի հետ հարաբերություններում, սակայն, Բաքուն միայն մտրակ չի օգտագործում։ Վերջին շրջանում հետևողականորեն առաջ տանելով ինտեգրման քաղաքականությունը՝ հարևան երկրի մայրաքաղաքում հակված են նաև նրբաբլիթ առաջարկելուն։ Խոսքը, մասնավորապես, նոր երթուղու գործարկման աշխատանքներում «ծանր բեռն» իր վրա վերցնելու, ինչպես նաև ջրային ոլորտի խնդիրները համատեղ կարգավորելու մասին է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի հեռուն գնացող ձգտումները նույնպես չի թաքցնում, ընդ որում՝ ԼՂ-ի համար Ադրբեջանի կազմում բացառելով կարգավիճակ, անկախություն և որևէ հատուկ արտոնություն։ «Ղարաբաղում ապրող հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով»,- Իսմայիլի շրջան այցելության ընթացքում Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նա:
Եթե ինտեգրմամբ Ադրբեջանը փաստացի կլուծի հակամարտությունը՝ առանց կարգավիճակի հստակեցման և քաղաքական լուրջ հիմքեր կստեղծի ռուսական խաղաղապահ անձնակազմի ներկայությունից առաջիկայում հրաժարվելու համար, ապա գործնականում սա կնշանակի վերադարձ անցյալ, մինչև 1988 թվականի իրողություններ։
«Անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններից՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի Արցախի տարածքում ինքնորոշվելու, այն արդեն իսկ իրացրել է այդ իրավունքը և այժմ ի դեմս իր իշխանությունների կարող է պահանջատեր լինել ԱՀ ճանաչման գործում»,- «Անալիտիկոն»-ի հետ զրույցում նշեց Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի միջազգային իրավունքի դասախոս Յանա Ավանեսյանը, հավելելով, որ խաղաղության պայմանագրով Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելով՝ Հայաստանն իրավական, քաղաքական ու բարոյական տեսանկյունից այլևս չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքները միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո։
Չնայած Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բրյուսելյան ձևաչափի ակտիվացմանը՝ Վաշինգտոնն ու Փարիզը չեն պատրաստվում հրաժարվելու եռանախագահության մանդատից։ Բրյուսելյան հանդիպումից առաջ՝ օգոստոսի 25-ին, Միացյալ Նահանգները փոխեց ՄԽ իր համանախագահին՝ պաշտոնում նշանակելով փորձառու և բարձրաստիճան դիվանագետ Ֆիլիպ Ռիկերին։ Ավելին՝ նշանակումից երկու օր անց Բաքվում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժեցին Շուշի այցելելու՝ Ադրբեջանի իշխանությունների հրավերը, ինչը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը որակեց որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։
Ի տարբերություն բրյուսելյան ձևաչափի, որից մեծ ակնկալիքներ չունեն Արցախում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերականգնմանն ուղղված ցանկացած քայլ Ստեփանակերտում միանշանակորեն ողջունվում է։
Անուշ ՂԱՎԱԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ