ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զենքի շրջանառության կարգավորման նոր օրինագիծն առաջարկում է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում․ միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է բացելու այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ով նաև զենքերի սիրահար է և ունի իր հավաքածուն, «Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնում է, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի ընդունման դեպքում առաջին անգամ զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալ ցանկացողները պետք է նախ տեսական և գործնական պարապմունքներ անցնեն, քննություն հանձնեն, ապացուցեն, որ տիրապետում են անվտանգության կանոններին և օրենքներին, որից հետո միայն կկարողանան վկայական ստանալ և զենք ձեռք բերել։ Մինչդեռ, գործող օրենքով նման պահանջ գոյություն չունի։
«Իրականում սա բազային առաջին քայլի դեպքում խստացում է։ Այսինքն՝ դու, երբ առաջին անգամ մոտենում ես զենքին, քո համար սա խստացում է նշանակում․ դու պետք է տեսական, գործնական դասընթացներ անցնես, քննություն հանձնես և ապացուցես, որ դու անվտանգությանը, օրենքներին տիրապետում ես։ Ի դեպ, այս օրենքին զուգահեռ նաև շուտով գալու է օրենք, որով խստացվելու են որսորդության կանոնները․ այս դեպքում նույնպես քննություն է լինելու։ Հետևաբար, սկզբնական փուլի համար սա բացառապես խստացում է և կանոնակարգում է։ Բայց այն մարդու համար, ով սիրահար է, ով անցել է այս փուլերը, ով տիրապետում է անվտանգությանը, նրա համար նոր հնարավորությունների բացում է։ Այսինքն, պրոֆեսիոնալ փուլում սա հնարավորություն է տալիս, որ ես ավելի շատ և լավ զենքեր ունենամ, ավելի շատ հաղորդակցվեմ զենքի մշակույթին»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը։
Օրենքը հետադարձ ուժ չի ունենալու, այսինքն՝ դրա ընդունումից հետո արդեն քաղաքացիական զենք ունեցող անձինք քննություն հանձնելու կարիք չեն ունենա։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ փորձում են այնպես անել, որ այդ անձինք զենքի ձեռքբերման թույլտվության վերավավերացման ընթացքում գոնե մեկ անգամ քննություն հանձնեն, սակայն այստեղ սահմանադրական նորմի հետ են բախվում․ հնարավոր է՝ Սահմանադրությունը թույլ չտա, որովհետև դա վատթարացնող նորմ է համարվում։
Ի դեպ, զենք ձեռք բերելու թույլտվություն տրամադրելուց առաջ քննություն հանձնելու կարգավորումն այս պահին առաջարկում են մտցնել նաև ԱՄՆ-ում, որը զենքի ամենաազատ ու գերհագեցած շուկան ունի։ Հայաստանում մշակված նոր օրենքով նաև առաջարկվում է 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք տալ 21 տարին լրացած անձանց, նույն հարցն այս պահին քննարկում են նաև ԱՄՆ-ում։ Հովհաննիսյանն ընդգծում է՝ այս առումով Հայաստանը քայլում է համաշխարհային հիմնական միտումներին հավասար։
Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։ Այս դրույթը Հովհաննիսյանի համար այնքան էլ հասկանալի չէ։ Նա որպես օրինակ բերում է վարորդական վկայականը, երբ քաղաքացին գործնական, տեսական պարապմունքներից, բժշկական զննություններից, քննությունից հետո ստանում է վկայական 10 տարի ժամկետով և այդ վկայականով կարող է ձեռք բերել այնքան մեքենա, ինչքան ցանկանում է, իսկ զենքի դեպքում անընդհատ պետք է անցնի բժշկական հետազոտության փուլերը։ Նա հույս հայտնեց, որ հետագայում կհաջողվի կարգավորել նաև այս խնդիրը, որպեսզի քաղաքացիներն ամեն անգամ բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնեն։
Նոր օրենքով շարունակում են արգելված մնալ ատրճանակների և ավտոմատ կրակահերթեր արձակող զենքերի վաճառքը, ձեռքբերումը, օգտագործումը: Ավտոմատ կրակահերթ արձակող զենքերի վերաբերյալ փորձագետն ընդգծեց, որ դրանք որևէ երկրում քաղաքացիական զենք չեն համարվում, հետևաբար, որևէ երկրում դրանց ազատ վաճառք չի կարող լինել։ Սակայն Հովհաննիսյանը կողմ կլինի, եթե Հայաստանում թույլատրվի ատրճանակների վաճառքը։ «Ես իրականում ունեմ մի երկաթյա համոզմունք, որ, եթե դուք ուզում եք լինել զարգացած պետություն, քաղաքացուն պետք է հնարավորություն տաք պատասխանատու ձևով պատրաստվել, ունենալ զենք, մարզվել զինված ուժերից դուրս, որպեսզի քաղաքացին, որը պատերազմի ժամանակ պետք է լինի զինված ուժերի մասնիկ, ավելի պատրաստված գնա զինված ուժեր։ Դրան զուգահեռ տարբեր տեսակի ռազմամարզական սպորտաձևերի և զենքի մշակույթը պետք է խորը նստի»,-ասաց նա:
Հովհաննիսյանն այս համատեքստում բերեց Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Թայվանի Մերձբալթյան երկրների, Իսրայելի օրինակները, որոնք առաջատար են զենքի ազատականացման առումով, ունեն 20-36 միավոր զենք 100 բնակչի հաշվարկով՝ ընդգծելով, որ բոլորին միավորում են հետաքրքիր ընդհանրություններ։ Դրանք փոքր պետություններ են, շրջապատված են, մեղմ ասած, ոչ բարյացկամ հարևաններով և ունեն հետաքրքիր պահեստազորային և աշխարհազորային համակարգ, որտեղ աշխարհազորը տարբեր հրաձգային սպորտաձևերի, մրցաշարերի միջոցով իրենց քաղաքացիներին բավականին վաղ տարիքից պատրաստում են զենքի մշակույթին։ «Մենք ուզենք-չուզենք քաղաքակիրթ այս ճամբարի անդամ պետք է դառնանք։ Մենք, դժբախտաբար, սա չենք արել՝ սկսած 90-ական թվականներից։ Թե ինչու չենք արել, չեմ ուզում պատմության գիրկը գնամ, բայց հիմա պարտավոր ենք անել։ Հիմա կամ պետք է այսպիսին լինենք կամ դատապարտված ենք պրոբլեմներ ունենալու»,-մանրամասնեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով քննադատություններին, որ զենքերի ազատականացումը հանգեցնելու է հանցագործությունների աճին՝ Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհում ոչ մի պետություն օրինական զենքով կատարված հանցագործությունների աճ չի ունեցել: Նրա խոսքով՝ օրինական զենքով կատարված հանցագործությունները բարձր տոկոս չունեն, իսկ պետության խնդիրն է լուծել ապօրինի զենքերի խնդիրը: «Նույնիսկ ապօրինի զենքերի դեմ պայքարի հարցում օրինական զենքերի մեծ քանակը զսպող գործոն կհանդիսանա: Ապօրինի զենք ունեցողները գիտեն, որ մեր բնակչության մեջ օրինական զենք ունեցող քիչ մարդիկ կան: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր ապօրինի զենքով հանցագործություն են կատարում, գիտեն, որ մեծ մասը զենք չունի և իր ապօրինություններին ոչնչով չի կարող պատասխանել: Բայց, օրինակ, երբ Հայաստանում 100 բնակչին հասնի 30-40 զենք, նրանք կմտածեն, որ Հայաստանում յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ ընտանիքում կա օրինական զենք, իրենց թույլ չեն տա հանցագործության գնալայաստանոՀՀ: Սա զսպող գործոն է, իսկ եթե մենք մի օր հասնենք ատրճանակների ազատականացմանը, և դուք կարողանաք ձեզ վրա կրել ատրճանակը, նրանք ավելի շատ կմտածեն՝ կատարե՞լ հանցագործություն, թե՞ ոչ»,- ասում է նա:
Վերադառնալով օրենքով առաջարկվող կարգավորումներին՝ փորձագետը նշեց, որ 3 միավոր ակոսավոր և 5 միավոր ողորկափող հրացանների փոխարեն, որոնք այսօր թույլատրված են քաղաքացուն ունենալու և կրելու իրավունքով, առաջարկել են սահմանել 10 միավոր զենք ունենալու իրավունք, ընդ որում՝ քաղաքացին ինքը կորոշի 10 միավորից քանիսը կլինի ակոսափող, քանիսը՝ ողորկափող: «Սա շատ ավելի ճկուն, քաղաքացու իրավունքները հարգելու փիլիսոփայությունից բխող առաջարկ է»,- նշում է փորձագետը:
Քաղաքացին զենքերը կարող է պահել տանը՝ համապատասխան երկաթե պահարանում կամ հաստ պահարանում, որը կողպվում է: Զենքը կարելի է կրել բացառապես կիրառման վայրում, համապատասխան միջավայրում, օրինակ՝ որսատեղիում: Զենքը կարելի է տեղափոխել մեքենայով՝ պահեստատուփը հանած և չլիցքավորված վիճակում: Քաղաքացին ավտոմեքենայի մեջ զենքը պահելու իրավունք չունի, սակայն կարող է դրանով տեղափոխել այն:
Հովհաննիսյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ նոր օրենքով հստակեցված են մարտական, քաղաքացիական և ծառայողական զենքերի տարբերությունները: Նրա խոսքով՝ գործող օրենքում այդ տարբերակումը ևս դրված է, սակայն ձևակերպումները լղոզված են, իսկ առաջարկվող օրենքում ամեն ինչ հստակ ձևակերպված է:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի ընդունումից հետո զենքի շուկայում նոր մրցակցային իրավիճակ է առաջանալու․ որոշ զինատեսակների մասով հետաքրքրությունը մեծանալու է։ «Ասեմ, որ առանց այս օրինագծի էր հետաքրքրությունը մեծացել է։ 2016 թվականից և հատկապես 2020 թվականից հետո Հայաստանում քաղաքացիական զենքի ձեռքբերման հայտերը մոտավորապես կրկնապատկվել են։ Այսինքն, քաղաքացին ինքնաբերաբար մոտեցել է այս ամենին, ուզում է զենք ունենալ, սակայն շուկան հաճախ իր գնային քաղաքականությամբ, իր առաջարկած պրոդուկտի տեսակով, որոշ դեպքերում մենաշնորհային որոշ դիրքերով պատրաստ չէ այս աճի տեմպերին զուգահեռ քայլել»,- ասաց նա։