Զենքի մասին օրենքի փոփոխության և ընդհանրապես՝ զենք կրելու իրավունքի իրացման մասին քննարկումներն իմաստ ունեն միայն, եթե դրանք տեղի են ունենում երկրի պաշտպանության համակարգի ընդհանուր, արագ և արմատական բարեփոխման ավելի լայն շրջարկում:
Ընդ որում, այստեղ կարևոր է ոչ միայն բարեփոխումը, այլև դրա արագ և արմատական բնորոշիչները: Արագը կարևոր է, որովհետև միջազգային և դրա արտացոլումը հանդիսացող տարածաշրջանային հարաբերությունների մթնոլորտը երկար ժամանակ չի տալիս ու չի ենթադրում, ավելին՝ վճռական պատմական ժամանակներում հաղթում է միայն վճռական քայլեր կատարողը և արագ կողմնորոշվողը, իսկ արմատականությունը բխում է այն փաստից, որ 2020 թվականի՝ անվանապես Արցախյան, բայց իր էությամբ Հայաստանյան՝ անկախության պատերազմը բացահայտեց առկա պաշտպանական համակարգի արմատական անհամարժեքությունն առկա պահանջներին:
Մեր համոզմամբ՝ պաշտպանության համակարգի արմատական բարեփոխումը ենթադրում է զենք կրելու իրավունքի աստիճանական ազատականացում: Ավելի պարզ ասած՝ Հայաստանի քաղաքացին, անկախ սեռից, իդեալում պետք է լինի զինավարժ և ունենա զենք կրելու իրավունք, եթե չասենք պարտականություն: Հասկանում ենք, որ նման պնդումը միանգամից բազմաթիվ հարցեր և մտահոգություններ է առաջ բերում, որոնց մի մասը լիովին հիմնավոր և ընդունելի են: Սակայն պետք է միանգամից զգուշացնենք, որ մենք այստեղ չենք խոսելու թեմայի զուտ իրավական և տեխնիկական առումների մասին, որոնք ինքնին այնքան կարևոր են, որ արժանի են առանձին և հաճախ՝ նեղ մասնագիտական դիտարկման (իրավաբանների, զինվորականների և այլոց կողմից): Նշենք միայն, որ, բնականաբար, հասկանալի են այս նուրբ թեմայի հետ կապված մտահոգություններն ու վտանգները, բայց դրանք լուծելի պետք է համարել՝ մտածված, մանրակրկիտ կազմակերպված և համափարփակ մոտեցման դեպքում: Նաև ինքնին պարզ է, որ զենքի ազատականացման գործընթացը պետք է իրացվի ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ և ամեն քայլից հետո՝ վերլուծելով դրա փորձը:
Մենք, սակայն, այստեղ խոսելու ենք թեմայի սկզբունքային, այլ ոչ թե տեխնիկական կողմի մասին, քանի որ առանց սկզբունքների մասին խոսակցության բացարձակ անիմաստ է դառնում տեխնիկական մանրամասների քննարկումը, իսկ անխուսափելի դժվարությունների հաղթահարումը այս մտահղացման ճանապարհին արդարացված կարող է լինել միայն սկզբունքների բարձր արժեքով:
Միայն թե նշենք, որ մեզանում որևէ քաղաքական և ռազմական խնդրին տարածված ծույլ և թույլ մոտեցումը՝ «դժվար է, հետևաբար անհնարին», պետք է ոչ թե պարզապես արմատապես հաղթահարվի, այլ շիկացած երկաթով մոխրացվի, եթե ուզում ենք որևէ ապագա, էլ չասած առաջընթաց ունենալ մեր ազգային կյանքում: Նոր մոտեցումը պետք է լինի՝ «անհրաժեշտ է և հիմնավոր է, ուրեմն՝ լուծումը պետք է գտնվի, որքան էլ բարդ լինի»: Այսուհետ՝ «սկզբունքորեն ճիշտ ես ասում, բայց դժվար է իրագործել» մտածողության կրողները պետք է, պատկերավոր ասած, երկու տարվա պարտադիր վերադաստիարակման ենթարկվեն:
Թեմայի սկզբունքային կողմն ունի երկու հիմնական առում՝ բուն ռազմականը և քաղաքականը: Քաղաքականի-ռազմականի հարաբերության ցանկացած ձևաչափում առաջնայինն, իհարկե, քաղաքականն է: Սակայն դիտարկումն ավելի հարմար է սկսել ռազմականից՝ մտքում պահելով, որ ռազմականը որքան էլ կարևոր, բայց քաղաքականի հետևանքն ու գործիքն է, և չի կարող իրացվել, իսկ իրացվելու դեպքում ճիշտ կիրառվել՝ քաղաքականից դուրս և անկախ:
Ռազմական առումը
2020 թվականին կրած ծանր պարտությունից բխում է Հայաստանի պաշտպանության համակարգի արմատական վերանայման խնդիրը: Սա, մի կողմից, թվում է ինքնին պարզ, բայց, մյուս կողմից, կարծես թե ցայսօր այդպես էլ պարզ և աներկբա չձևակերպված խնդիր է:
Ճշտենք՝ մենք նկատի չունենք, որ պարտության բուն և միակ պատճառը ռազմական համակարգն էր: Հակառակը, ինչպես վերը նշել ենք՝ քաղաքականն առաջնային է ռազմականի նկատմամբ, և պարտության պատասխանատվութունը նույնպես նախ քաղաքական է: Սակայն, պարզ է ինքնին, որ ռազմական համակարգը չի կարող խուսափել պատասխանատվության իր չափից:
Ընդ որում՝ պաշտպանության համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը երեք կարևոր իմաստով է բխում ռազմական պարտությունից:
Առաջին. եղած պաշտպանական համակարգի անհամարժեքությունը, իր բուն՝ պաշտպանական գործառույթը կատարելու անկարողությունը
Երկրորդ. այս անհամարժեքությունից և պարտությունից բխող նոր որակի վտանգները
Երրորդ. այն փաստը, որ ինտենսիվ ռազմական գործողությունների ավարտն ակնհայտորեն չի բերել և չի բերում իրավիճակի խաղաղեցման ու կայունացման, այլև հակառակը, թեկուզ և ոչ ինտենսիվ բնույթի, սակայն, փաստացի ռազմական և թշնամական գործողությունները Հայաստանի դեմ շարունակվում են:
Այժմ համառոտ կերպով դիտարկենք այս երեք կետերը:
ա. Եղած պաշտպանական համակարգի անհամարժեքության հիմքը, մեր համոզմամբ, հայկական յուրահատուկ պայմաններից և փորձից (աշխարհագրություն, ժողովրդագրություն, քաղաքական ավանդույթ, պայքարի ազգային-ազատագրական բնույթ) կտրված օտար՝ սովետական-ռուսական մոդելի կույր պատճենումն էր:
Եթե Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հավասարակշռված էին ներկայացված Ղարաբաղյան շարժման էությունից բխող ռազմուժի և ռազմական գործողությունների ժողովրդական հիմքը՝ մի կողմից, և մյուս կողմից՝ սովետական բանակի հայկական սպաների ռազմական պրոֆեսիոնալիզմը, ապա հետագա զարգացումը հանգեցրեց ժողովրդական շարժումից դուրս եկած տարրի և հոգու նվազմանն ու այլասերմանը: 2020-ին մոտեցանք իր երբեմնի հիմքից՝ ժողովրդական շարժման շնչից լրիվ կտրված զինուժով, որի մտածողությունը, աշխարհայացքը, մարտավարությունը, կազմակերպումն ամբողջությամբ պատճենում էր սովետա-ռուսական բանակը: Փաստացի ունեինք անվանապես հայկական, իսկ փաստով՝ սովետա-ռուսական բանակ:
Սրան հակառակ չփոխվեց մեր պայքարի նպատակն ու բնույթը՝ այն շարունակեց մնալ իր էությամբ ազգային-ազատագրական: Իսկ նման պատերազմում անհնար է հաջողության հասնել պայքարի և քաղաքականության լրիվ այլ մոդել ենթադրող ռազմական համակարգով՝ նույնիսկ, եթե այդ համակարգն իր տեղում արդյունավետ է գործում (մեր դեպքում նույնիսկ դա չկար, քանի որ ակնհայտ է այսօր Ուկրաինայում ռուսական բանակի և 2020-ին Արցախում մեր բանակի ձախողումների ընդհանուր տրամաբանությունը):
Բանը հասավ նրան, որ հատկապես Շուշիի ուղղությամբ թշնամին հաղթանակ տարավ ա՛յն ռազմական մեթոդներով, որոնցով պետք է մարտնչեինք մենք, եթե զարգացնեինք մեր աշխարհագրական, ժողովրդագրական և ազգային-գաղափարական պայմաններից բխող ռազմական համակարգ: Մոբիլ, փոքր խմբերով, լեռնային տեղանքում ռազմական հաջողության հասնելը դարձավ 2020-ին թուրքերի, այլ ոչ թե հայերի մարտավարական հնարը:
Անշուշտ, ռազմական համակարգի նկարագրած զարգացումն օդի մեջ տեղի չունեցավ, այլ սերտորեն կապված էր երկրի ընդհանուր քաղաքական զարգացման հետ: Անկախ Հայաստանն, ըստ էության, վերադարձավ այն բանաձևին, որի շուրջ կառուցվում էր նաև Սովետական Հայաստանը՝ անվտանգության երաշխիքների դիմաց անկախության զիջում: Այդ բանաձևն իր փլուզումն ապրեց 1988-1991 թթ.-ին՝ Սումգայիթից մինչև Գետաշեն, երբ ապացուցվեց, որ անկախության զիջումը չի ապահովում անվտանգություն, և անհրաժեշտ է պաշտպանության սեփական համակարգ ստեղծել: Այդ գիտակցումից ծնվեց հայկական նոր զինուժը:
Սակայն 1990-ականների կեսերից սկսած սողացող և շարունակական վերադարձ կատարվեց դեպի նախկին բանաձևը, և 2020-ին մենք ականատես եղանք դրա հերթական փլուզման:
Հենց դրա համար է կարևոր գիտակցել, որ պաշտպանության համակարգի փոփոխությունն այսօրվա Հայաստանում չի կարող կրել կոսմետիկ կամ զուտ «մասնագիտական» զինվորական բնույթ, այլ պետք է սկսվի արմատներից և փիլիսոփայությունից:
Նույն ուղղությամբ փոխվեց նաև Ղարաբաղյան հարցի ընկալումը և պաշտոնական մեկնաբանությունը: Համաժողովրդական խնդրից այն վերածվեց նեղ դիվանագիտական հարցի և ստացավ էզոտերիկ բնույթ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հպարտանում էին, որ Ղարաբաղյան հարցին երկրում տիրապետում է մի քանի հոգի միայն: Կարելի է ասել, որ այսպիսի զարգացման մեջ կա օբյեկտիվ հիմք: Մենք չենք ուզում այժմ քննարկել այս պնդման ճիշտ և սխալ կողմերը, այլ տվյալ դեպքում ընդամենը փաստում ենք:
Կային նաև հավելյալ հանգամանքներ՝ տարբեր ժամանակներում Հայաստանի իշխող խմբերը պատերազմի ժողովրդական տարերքի մեջ տեսնում էին մրցակցություն իշխանության համար պայքարում, և առավել ևս՝ այդ տարերքի մեջ վտանգ կար արտաքին գերակայող ուժի համար: Բնական է, որ դա ունեցավ շատ նյութական հետևանքներ:
Մեր պատմության մեջ մենք եթե ոչ լրիվ նույն, ապա շատ նման իրավիճակի հետ արդեն առնչվել ենք: 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում պրոֆեսիոնալ ռուսահայ սպաների կողմից առաջնորդվող բանակը նույնպես պարտվեց պատերազմում, որն իր բնույթով ազգային էր, ընդ որում՝ շշմեցուցիչ է Կարսի անկման և Շուշիի անկման պատմությունների նմանությունը՝ գրեթե ուղիղ 100 տարի տարբերությամբ: Սրան զուգահեռ Նժդեհի ժողովրդական զորքը հաղթում էր քանակապես իրեն գերազանցող ռուս-թուրքական ուժերին Զանգեզուրի ճակատներում՝ ճիշտ նույն այն ժամանակ, երբ հանձնվում էր Կարսը:
Ընդհանրապես, մեր պատմական փորձը՝ 1920-ից մինչև մեր օրերը, վկայում է, որ զինուժի կառուցման լավագույն մոդելը մեզ համար ժողովրդական և պրոֆեսիոնալ սկզբունքների համադրումն է,և դրանց ճիշտ կշռույթը: Ընդ որում՝ ճիշտ կշռույթն այստեղ ենթադրում է ժողովրդականի առաջնորդող դեր և դիրք:
Անշուշտ, այս բանաձևը պետք է հետագայում մանրամասն բացվի: Այստեղ նշենք միայն, որ ժողովրդականություն ասելով, տվյալ դեպքում, նկատի ունենք բավականին լայն սպեկտր, որի մեջ են՝ ռազմական համակարգի համապատասխանությունը երկրի և ժողովրդի քաղաքական փորձին, ազգային իդեալներին, տեղանքի պայմաններին, ժողովրդագրական տվյալներին, պետական համակարգին (ժողովրդավարություն) և այլն:
բ. Ծանր պարտությունից հետո շատերն ակնկալում էին, որ գոնե պարտության գնով կհասնենք խաղաղության և ժամանակ կունենանք հասկանալու նոր իրավիճակը և ելքի ծրագրեր կազմելու: Սակայն, դրանք սին հույսեր էին: Իրականությունն այն է, որ պարտությունը ոչ միայն չբերեց և չի բերելու խաղաղության, այլև նոր որակի անվտանգության մարտահրավեր և վտանգների պատճառ է: Սրանցից ամենաակնհայտն, իհարկե, Սյունիքին ուղղված վտանգն է, էլ չասած դեռևս հայկական մնացած Արցախի հատվածի մասին: Բայց խնդիրը միայն առանձին տարածքային հատվածները չեն: Ընդհանրապես, անհասկանալի և անորոշ է մնում նոր պայմաններում Հայաստան պետության անվտանգության և գոյության իսկ հեռանկարը: Սա նույնպես պահանջում է անվտանգության և պաշտպանության համակարգի արմատական վերանայում՝ սկսած դրա փիլիսոփայական հիմքերից:
Վերոնշյալ սին հույսերը բխում էին 2020 թվականի պատերազմի բնույթի սխալ ընկալումից, այդ թվում ամենաբարձր՝ պաշտոնական մակարդակում: Պատերազմը սխալմամբ ընկալվում էր որպես սոսկ Արցախյան, և փաստացի՝ տարածքային: Սրանից բխում էր, որ Արցախի կամ դրա կարևոր հատվածների կորստյամբ վճռվում է մի կողմից պատերազմի ելքը, մյուս կողմից էլ՝ դրանից հետո պատերազմը դադարում է, և սկսվում է, թեկուզ ծանր պարտության գնով «ձեռքբերված», բայց խաղաղության շրջանը: Իրականությունն այն է, որ Արցախը պատերազմի առիթն էր, բայց ոչ բուն, կամ գոնե միակ նպատակը և էությունը: Պատերամի խնդիրն իրականում շատ ավելի լայն է, և այն մասն է առնվազն հետսովետական տարածքում անկայունացման մեծ փուլի, որի մյուս ակնառու «սերիան» է նույն Ուկրաինան: Եթե այս գիտակցությունը լիներ պատերազմի ժամանակ, այն կարող էր և պետք է վարվեր լրիվ այլ կերպ: Այսօր էլ այս գիտակցությունն անհրաժեշտություն է՝ ճիշտ ձևակերպելու համար պաշտպանության ոլորտի արմատական բարեփոխումների էությունը: Իսկ այն, որ պատերազմի ավարտից հետո էլ պատերազմը Հայաստանի դեմ փաստացի չի դադարում, և այդ շարունակության նպատակների մեջ մտնում է ոչ միայն Արցախը, այլև առնվազն Սյունիքը (իրականում՝ ամբողջ Հայաստանը և նրա անկախ կարգավիճակը), լավագույն վկայությունն է նրա, որ 2020-ի խնդիրն Արցախը չէր:
գ. Վերջապես, կա ավելի մեծ պատկերը: Պատերազմը մաս էր և է ոչ միայն զուտ հետսովետական տարածքի, այլև ընդհանրապես միջազգային կարգի անկայունացման մեծ փուլի, որի սկիզբը կարող ենք համարել 2010-ականների Մերձավորարևելյան մեծ ճգնաժամը: Ցանկացած աշխարհակարգ ունենում է նման անկայունացման և անցման փուլեր: Եվ այդ ժամանակ է, որ այս կամ այն կողմ և հիմնականում ուժով լուծվում են նաև տեղական խնդիրները: Այդպիսի մի փուլ ապրեցինք 1990-ականների սկզբին: Ապրում ենք նաև այսօր: Դրա տևողությունը և արդյունքները ոչ ոք չի կարող կանխորոշել, և համենայն դեպս չեն երևում թուլացման նշանները: Հակառակը՝ պատերազմն Ուկրաինայում է՛լ ավելի արմատական փոփոխություն մտցրեց համաշխարհային կլիմայում: «Ձմեռը» ոչ միայն մոտ է, այլև արդեն եկել է: Միջազգային կարգում ուժի վակուումն է բերել նոր կայսերապաշտական նախագծերի ակտիվացմանն, ինչպիսին են, օրինակ, Ռուսաստանի նեոսովետական նախագիծը կամ էլ Թուրքիայի նեոօսմանիզմը: Բնական է, որ դրանք նաև համագործակցության եզրեր են գտնում հանուն ընդհանուր նպատակի՝ տիրող աշխարհակարգի էլ ավելի թուլացման և անկայունացման:
Փաստացի, աշխարհը մտել է պատերազմի դարաշրջան, և այս շրջարկում հույս ունենալ, որ առանձին վերցված փոքր Հայաստանը պետք է թևակոխի հակառակ՝ խաղաղության դարաշրջան, մեղմ ասած, զարմանալի և անիրատեսական է: Իհարկե, մարդիկ նեղվում և նեղանում են այս պնդումից: Շատերին թվում է, որ սա բխում է հեղինակի չար և ռազմատենչ բնույթից: Ցավոք սրտի, բացի այս զուտ զգացմունքային հակադարձից, դժվար է գտնել այլ՝ ավելի բանական հակափաստարկ այն պարզ պնդմանը, որ աշխարհի մաս կազմող Հայաստանը չի կարող իրեն դուրս պատկերացնել այդ նույն աշխարհից և նրա զարգացման հիմնական ուղղությունից: Կարելի էր տեղափոխվել Մարս, բայց դա ժամանակ է պահանջում և նախապատրաստական աշխատանք:
Ի՞նչ ենք անելու, եթե, օրինակ, Ռուսաստանը լուրջ պարտություն կրի Ուկրաինայում, ինչն ամենևին էլ անհավանական չէ, և մտնի խորը ներքին փոփոխությունների և անկայունության փուլ որպես այդ պարտության հետևանք. կա՞ մեկը, որ այսօր պնդի, թե դա բացարձակապես անհնարին է: Իսկ ի՞նչ ենք անելու, եթե հակառակը՝ Ռուսաստանը վճռական հաղթանակ տանի Ուկրաինայում և, վերադառնալով Այսրկովկաս, պարտադրի իր նորսովետական նախագիծը, որի դիմաց պետք է զիջենք անկախության մնացորդները և այն, ինչ դեռ ունենք զիջելու Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի վերջինս նույնպես համաձայնի ռուսական ծրագրին: Մենք ոչ մեկին ենք պատրաստ, ոչ մյուսին:
Եվ սա միայն Ռուսաստանին վերաբերող սցենարներն ենք հիշատակում:
Մեր պետական ռազմավարությունը ոչ թե այսօր, այլ դեռ 30 տարի առաջ պետք է կառուցված լիներ նման հարցադրումների շուրջ: Որովհետև մեզ պես պետությունների հեռանկարը մեծապես կախված է համաշխարհային քամիների ուղղությունից: Կարգավորումները, որոնք թույլ են տալիս փոքր Հայաստանի գոյությունն այս աշխարհում, շատ նուրբ են՝ ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանություն, Ռուսաստանի ոչ շատ ուժեղ, ոչ շատ թույլ վիճակ, և սրան գումարած՝ Թուրքիայի, Իրանի, Մերձավոր Արևելքի, հետսովետական տարածքի հատվածների զարգացումները՝ Ուկրաինա, Միջին Ասիա և այլն: Մի փոքր խախտում այդ կշռույթում արդեն հանգեցրեց 2016-ի և 2020-ի պատերազմների, և չար լեզուները կասեին՝ նույնիսկ 2018-ի հեղափոխությանը: Չորս տարում երկու պատերազմ, մեկ հեղափոխություն, և կինոն դեռ շարունակվում է….:
Ի՞նչ է բխում վերը շարադրված երեք կետերից
Եղած ռազմական համակարգի անհամարժեքությունից, պատերազմում դրա ծանր պարտությունից և պարտության պատճառների վերլուծությունից հետևում է նոր ռազմական համակարգի կառուցումը ժողովրդականության սկզբունքի շուրջ: Արդեն նշել ենք, որ ժողովրդականությունը նշանակում է երևույթների լայն սպեկտր, որի թվարկումը տես վերը: Ընդհանուր տրամաբանությունն է՝ ռազմական համակարգը պետք է բխի տեղական պայմաններից և փորձից: Բացի թվարկածից՝ ժողովրդականության սկզբունքը նշանակում է նաև, որ երկրի պաշտպանությունը պետք է հենվի զինված և զինավարժ ժողովրդի վրա:
Գրեթե նույն հետևությունները բխում են նաև մյուս երկու կետերից՝ պարտությունից բխած նոր որակի վտանգների ու մարտահրավերների հայտնվելուց և աշխարհակարգի աճող անկայունությունից: «Համաշխարհային ձմռան» պայմաններում Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգությունը, պաշտպանությունը և գոյությունն իսկ միայն նախ հենվելով սեփական ուժերի վրա, ինչը ենթադրում է համաժողովրդական ներգրավվածություն պաշտպանության գործին: Համաժողովրդական ներգրավվածության գործոնը չի կարելի թերագնահատել: Ե՛վ համաշխարհային, և՛ մեր պատմությունը բազմաթիվ անհերքելի օրինակներով վկայում է, որ համեմատաբար փոքրածավալ պետությունների և ժողովուրդների համար համաժողովրդական կազմակերպված դիմադրությունն անփոխարինելի արդյունավետության միջոց է հանուն ինքնիշխանության պայքարում: Այն կարելի է համարել «փոքր ժողովուրդների» միջուկային զենքը՝ միակ միջոցը, որով այլ տարբերակներում պարտության դատապարտված հանրությունը կարող է հույս ունենալ դիմակայելու էքզիստենցիալ վտանգներին:
Անշուշտ, ժողովրդականության սկզբունքը պետք է ոչ թե հակադրվի կամ բացառի մյուս, այդ թվում պրոֆեսիոնալիզմի և կանոնավորության սկզբուքներին, այլ, ինչպես արդեն նշել ենք, դրանք պետք է համալրեն և հավասարակշռեն միմյանց: Սակայն, այսքանով հանդերձ պետք է նշել, որ առանձին վերցված պրոֆեսիոնալ մոդելը չի կարող երբեք լիարժեքորեն լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը:
Աշխարհում չկա մեկ իդեալական ռազմական մոդել բոլոր ժամանակների և տեղանքների համար: Մեր պատմական փորձն ու մեր ժողովրդի քաղաքական ավանդույթն, ինչպես նշել ենք, հուշում է, որ մեր իդեալական մոդելը ժողովրդականի և պրոֆեսիոնալի բալանսն է:
Ընդ որում՝ ժողովրդականի հենքով և երկուսի կշռույթով պաշտպանության մոդելը կարելի է համարել նույնիսկ որոշ չափով պատերազմի կանխման, պրեվենտիվ պաշտպանության մոդել: Համենայն դեպս, շատ ավելին, քան զուտ պրոֆեսիոնալը կամ կանոնավորը, այն կարող է հետ պահել որևէ ագրեսորի ախորժակները մեր երկրի նկատմամբ, քանի որ մի բան է պատերազմ պլանավորելով հաշվի առնել միայն կանոնավոր բանակի, իսկ այլ բան է՝ նաև ժողովորդական համատարած դիմադրությունը:
Առարկությունները, որ ժողովրդականության սկզբունքը պաշտպանության ոլորտում կարող է հնացած լինել տեխնիկական առաջընթացի պատճառով, մեծ հաշվով դեմագոգիկ են: Դա կարելի է ապացուցել և տեսականորեն, բայց, թերևս ամենակարճ և ազդու ապացույցը կարող է լինել հենց մեր աչքի առաջ ծավալվող ուկրաինական պատերազմը, որը Ուկրաինայի կողմից հաջողությամբ վարվում է հենց ժողովրդական և պրոֆեսիոնալ տարրերի համադրությամբ: Հատկապես Ուկրաինայի հյուսիսային՝ անտառային և անտառատափաստանային տեղանքում ժողովրդական սկզբունքով կազմավորված միավորները զգալի դեր խաղացին և խաղում են:
Քանի որ մեր կրթված հանրությունը չի սիրում տեսություն և գիտություն, դժվար է ընկալում պատմական փորձը (իր գավառական մտածողության պատճառով անընդատ վախենում է հնացած երևալ), և առավել ևս սրբազան վախ ունի սեփական փորձն իմաստավորելու և դրա հիմամբ ստեղծագործելու, և դրա փոխարեն սիրում է դրսի օրինակներ, ապա հենց ուկրաինական փորձը կարող է լավագույնս հասկանալի դարձնել այն մոդելը, որից խոսում ենք:
Այդ փորձի օրինակով մենք կառաջարկեինք նոր զինուժի եռաստիճան կառուցվածք՝ պրոֆեսիոնալ-կանոնավոր, գաղափարական և ժողովրդական «հարկերով» (իրականում այս առաջարկն, իհարկե, բխում է ոչ միայն ուկրաինական փորձից, այլ արդեն վերը շարադրած մեր նկատառումներից՝ տեսությունից և սեփական փորձից): Ուկրաինայում այս եռաստիճան կառուցվածքն արտահայտվում է կանոնավոր բանակով, նրա կազմի մեջ մտած ու այսպես կոչված «նացբատերով» («Ազով» գունդը և այլն) և «տեռօբորոնայով»՝ տարածքային պաշտպանության միավորներով: Խոսքն, իհարկե, բառացի պատճենման մասին չէ այս համակարգի, այլ ստեղծագործական օգտագործման: Օրինակ, որպես գաղափարական տարր կարող են հանդես գալ վերջին պատերազմի մասնակիցների միությունները:
Ընդ որում, նման համակարգում պրոֆեսիոնալիզմի դերը ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ ավելի է շեշտվում, քանի որ հնարավորություն է ստեղծվում եռաստիճան համակարգի պրոֆեսիոնալ հատվածը վերածել հատուկ պատրաստության, էլիտար միավորների:
Նոր ռազմական համակարգը ենթադրում է և համապատասխան մարտավարական մտածողություն: Օրինակ, արդեն հիշատակված մոբիլության, փոքր խմբերով հատուկ պայմաններում գործելու, համարձակ և արագ գործողությունների, տեղանքն առավելագույնս օգտագործելու հնարավորությունն ու մարտավարությունը բխում են մի կողմից ժողովրդական պատերազմի, իսկ մյուս կողմից էլ հատուկ պատրաստություն անցած պրոֆեսիոնալ միավորների բնույթից, և հակառակը՝ դժվար իրագործելի է «սովորական», մանավանդ ծանրաշարժ «սովետական» բանակով:
Ահա այն լայն շրջարկի ռազմական առումը, որի շրջանակներում իմաստ ունի քննարկել Զենքի մասին օրենքում փոփոխությունները:
Մենք խոստացանք, բայց փաստորեն չտեղավորեցինք մեր խոսակցության մեջ խնդրի քաղաքական առումը: Առիթներ կլինեն դեռ դրա մասին խոսելու: Այստեղ հիշատակենք միայն, որ պետք է կապեինք զինված ժողովրդի սկզբունքը մի կողմից՝ ներքին քաղաքական համակարգի, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության հետ: Որպես ներքին քաղականության մաս՝ զինված ժողովրդի սկզբունքը բխում է մեր հանրության քաղաքական ավանդույթից՝ ազգային ժողովրդավարությունից: Այն բացառում և կանխում է որևէ բռնապետական համակարգի ձևավորումը, ապահովում է ազատ և ժողովրդավարական համակարգ: Մյուս կողմից էլ՝ առավելություններ է տալիս արտաքին միջավայրի նկատմամբ, քանի որ այդ միջավայրի բռնապետական համակարգերը չեն կարող իրենց թույլ տալ ակնարկ իսկ զինված ժողովրդի սկզբունքի՝ որևէ, թեկուզ սահմանափակ, տարբերակով: Այդ դեպքում՝ սա նաև մարտահրավեր է դառնում այդ բռնապետությունների համար, իսկ հայ ժողովուրդը կարողանում է որոշ չափով հաղթահարել ծանր պարտության հետևանքով էլ ավելի ընկած իր փաստացի ինքնիշխանության չափը: Հասկանալի է, իհարկե, որ հենց արտաքին միջավայրից էլ գալու է Հայաստանում դեպի զինված ժողովուրդ մոդել և ընդհանրապես՝ ժողովրդականության հենքով նոր ռազմական համակարգի ստեղծմանը առավել հուժկու, կազմակերպված դիմադրությունը՝ սկսած քարոզչությունից, ընդհուպ մինչև սադրանքներ: Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է:
Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմաբան, «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ
Երևան