Հայաստանի Ազգային ժողովն աշնանային նստաշրջանում քննարկելու է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը, փոփոխություններ, որոնք ենթադրում են քաղաքացիների կողմից հրազեն կրելու կարգի զգալի ազատականացում։
Մի կողմից՝ քաղաքացիների ազատությունների ընդլայնումն ամեն դեպքում ապրիորի լավ է, սակայն դա մի օրենք է, որը հարկ է դիտարկել ավելի լայն համապատկերում՝ որպես պետականության պաշտպանության փիլիսոփայության փոփոխության սկիզբ, ինչպես նաև որպես ժողովրդավարության հենք, քանի որ ժողովրդավարությունը պետք է ի զորու լինի պաշտպանել ինքզինքը։
Սույն փոփոխությունն առանձնակի կարևորություն է ձեռք բերում ոչ միայն այն մարտահրավերների համապատկերում, որոնք Հայաստանը չի կարողացել հաղթահարել անկախության ողջ ժամանակաշրջանում, այլ նաև նկատի ունենալով այն մարտահրավերները, որոնք ծագել են արդի ժամանակահատվածում, որը կարելի է բնորոշել որպես գործող աշխարհակարգի փլուզման և նոր աշխարհակարգի ձևավորման ժամանակաշրջան։ Չկա խաղաղություն մեր խնդրահարույց հարևանների հետ, ինչի հետևանքով չեն նվազում նրանց նախահարձակ հավակնությունները։ Մեր «դարավոր բարեկամի» կողմից նույնպես պարբերաբար ու բաց տեքստով նկրտումներ են դրսևորվում մեր ինքնիշխանության ու մեր ազատությունների նկատմամբ։
Մեր նոր թողարկման հեղինակները, որոնք անմիջականորեն զբաղվում են օգտակար գաղափարների մշակմամբ ու կենսագործմամբ, գաղափարներ, որոնք միտված են երկրի պաշտպանության կազմակերպման «ավանդական» ու իրենց սնանկությունն ի ցույց դրած հայեցակարգերի վերանայմանը, մանրամասնում են նոր փոփոխությունների ընդունման նշանակությունը ազգային անվտանգության համապատկերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն