Հայաստանը սեպտեմբերի 5-10-ն ընդունեց Starmus-ի 6-րդ համաշխարհային փառատոնը, որը միահյուսել է գիտությունն ու երաժշտությունը, միտքն ու ոգեշնչումը, տիեզերքի ըմբռնումն ու ստեղծագործական անսահման հանդգնությունը, համաշխարհային գիտության մեծ անուններ և հազարավոր երիտասարդ ու հավակնոտ ուղեղներ։
Մինչ մենք պատրաստում էինք այս ոչ շարքային երևույթին նվիրված մեր թողարկումը՝ հայ ազգը ևս մի պատերազմ ապրեց երկու օրվա ընթացքում, կորցնելով տասնյակ մատաղ կյանքեր (ավելի շատ, քան 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ), հարցը քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Մենք առաջիկա թողարկումներում անպայման կքննարկենք այդ թեման, սակայն կատարվածը վերաիմաստավորում է ոչ միայն այն, ինչը վերաբերում է կրթությանն ու գիտությանը Հայաստանում, այլև մեր երկրում կատարվող և հիրավի համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունները։
Մենք շատ ենք խոսում ու գրում մեր պետականության անվտանգության մասին, մեր ինքնիշխանության ու ժողովրդավարության, մեր ազատությունների ու կենսակերպի պաշտպանության մասին։ Սակայն գիտությունն ու կրթությունը, իմա՝ քաղաքակրթության հիմնարար չափանիշները, հենց այն է, ինչը պետք է վտանգազերծել ու պաշտպանել, որովհետև դրանք այն ոլորտներն են, որտեղ իրականացվում է ամենավեհը՝ ազատ մարդու և քաղաքացու ստեղծագործական ակունքը, հանուն որի էլ պետությունը գոյություն է ունենում և պետք է գոյություն ունենա։
Հայկական Starmus-ի մասին կարող եք կարդալ մեր հեղինակային հոդվածներում ու համապատասխան արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն