Սույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ ցույց են տալիս, որ ՀՀ-ն կանգնել է կամային որոշումներ կայացնելու անջրպետի առջև։ Այդ իրադարձությունների խորքային վերլուծությունը լույս է սփռում ինչպես ՀՀ անվտանգային քաղաքականության նոր մոտեցումների, այնպես էլ տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրության հավանական զարգացումների վրա։
Որպես նմանատիպ ուշագրավ իրադարձություն անհրաժեշտ է առանձնացնել սեպտեմբերի 5-ին մեկնարկած՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԱՄՆ։ Նախարար Պապիկյանի աշխատանքային այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները և դրանց վերջնարդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հստակ ընդգծում են, որ նախարարի աշխատանքային այցի հիմնական առաքելությունը բխում է ՀՀ ՊՆ իրականացվող կառուցվածքային և հայեցակարգային բարեփոխումներով, ինչպես նաև ազգային անվտանգության և պաշտպանունակության ապահովման արդյունավետության բարձրացմանը միտված միջոցառումներով պայմանավորված կարիքներից։
Հայաստանի Հանրապետության բանակը, իր ինստիտուցիոնալ կառուցվածքով, պաշտպանական-անվտանգային քաղաքականության կազմակերպման և կառավարման մոդելով, սպառազինությամբ, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատությունների և ուսումնամեթոդական ավանդույթների մասով տիպիկ խորհրդային ավանդույթների վրա հիմնված կառույց է։ Դա օրինաչափ է, քանի որ ՀՀ-ն, լինելով նախկին ԽՍՀՄ մաս, անկախացումից ի վեր հնարավորություն չի ունեցել, կամ չի կարողացել հնարավորություններ հայթայթել այլ՝ ավելի արդյունավետ մոդելներ յուրացնելու և ընդօրինակելու համար։ Ի տարբերություն ՀՀ-ի, դա հաջողվեց իրականացնել բալթյան հանրապետություններին, Ադրբեջանին, 2008-ից հետո Վրաստանին և 2015-ից ի վեր նաև Ուկրաինային։ ՀՀ-ն մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմի ողբերգական պարտությունը հավատացած էր, որ ԽՍՀՄ, այնուհետև՝ ՌԴ ԶՈՒ մոդելն այլընտրանք չունի։ Սակայն ինչպես արցախյան երկրորդ պատերազմը, այնպես էլ սույն թվականին մեկնարկած և հընթացս շարունակվող ՌԴ ներխուժումը Ուկրաինա, ցույց են տալիս ԽՍՀՄ կամ ՌԴ ԶՈՒ մոդելի անարդյունավետությունը 21-րդ դարում։ Ակնհայտ է, որ ԶՈՒ այդ ձևաչափը բարոյապես մաշվել է, այն հին է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Դա հիմք է տալիս պնդելու, որ հիշյալ ձևաչափը պայմանականորեն կարելի է անվանել 20-րդ դարի բանակի մոդել։ Արդեն իսկ հասկանալի է, որ ժամանակակից պատերազմներում, 5-րդ և 6-րդ սերնդի սպառազինության և տեխնոլոգիաների առկայության պարագայում, անհնարին է հաղթել անցյալ դարի մոտեցումներով։ Չխորանալով ռազմագիտական, ռազմատեխնիկական և հայեցակարգային նրբությունների մեջ՝ նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրներով է պայմանավորված բանակի բարեփոխումների իրականացումը, որոնց հիմքում անվիճարկելիորեն պետք է լինեն արևմտյան, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան մոտեցումներն ու մեթոդները։
Վերոնշյալ հիմնախնդիրներից բացի ՀՀ-ն ունի պահեստազորի կազմակերպման, ուսուցանման և ճիշտ կառավարման բազմաթիվ համակարգային, օրենսդրական և լոգիստիկ հիմնախնդիրներ, որոնց շուտափույթ կարգավորումը բխում է ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրներից։ Այս համատեքստում միանգամայն ուշագրավ էր նախարար Պապիկյանի այցը Քանզասի Սալինա քաղաքում տեղակայված ռազմական ուսումնական կենտրոն, որտեղ նա հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Ինքնին ԱՄՆ ազգային գվարդիան, գտնվելով երկակի՝ դաշնային և նահանգային, ենթակայության տակ, ԱՄՆ ԶՈՒ և ՌՕՈՒ կարիքներով պայմանավորված, կոչված է իրականացնելու պահեստազորի կազմավորման առաքելությունը։ Այն փաստը, որ Քանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատարի հետ Պապիկյանի ձեռք բերված պայմանավորվածություններին սատարեց նաև Քանզասի նահանգապետ տիկին Լորա Քելլին, արդեն իսկ վկայում են այդ գործընթացում ԱՄՆ-ՀՀ ռազմավարական համագործակցության մասին։
Ռազմավարական հեռանկարային համագործակցության մասին է վկայում նաև նախարար Պապիկյանի հանդիպումը Վաշինգտոնի Ազգային պաշտպանության համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական կրթությանն առնչվող հարցերի շուրջ։ Ռազմական կրթության կարևորությունը բանակի հայեցակարգային, թռիչքաձև զարգացումն ապահովելու գործընթացում անգնահատելի մեծ է, վաղուց հաստատված աքսիոմա է, որ պաշտպանական համակարգերի որակական առաջընթացի համար անկյունաքարային նշանակություն ունեն համապատասխան գիտելիքներով օժտված, ճիշտ շահադրդված, ազգային մտածելակերպ ունեցող կադրերը։
Սուրեն Պապիկյանի այցը Պենտագոն, այնտեղ կայացած հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ, ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունները կրկին տեղավորվում են ռազմավարական հեռանկարային համագործակցության մասին դատողությունների շրջանակներում։
Հայ-ամերիկյան պաշտպանական, անվտանգային ռազմավարական համագործակցության մեկնարկն այսպիսով կարելի է համարել կայացած. Պապիկյանի աշխատանքային այցը հագեցած էր ինչպես բազմաթիվ համագործակցային պայմանավորվածություններ ենթադրող հանդիպումներով, այնպես էլ խորհրդանշական այցերով։ Որպես նմանատիպ այցելության վայր կարևոր է նշել նախարարի այցելությունը Արլինգտոնի զինվորական պանթեոն, որտեղ Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք մատուցեց ԱՄՆ անվտանգության համար տարբեր ժամանակներում անմահացած հերոսների հիշատակին։
Անշուշտ, նմանատիպ համագործակցության հնարավորությունն անհնարին կլիներ, եթե դա հիմնված չլիներ ԱՄՆ-ՀՀ հեռանկարային ռազմավարական համագործակցություն կառուցելու երկուստեք պատրաստակամության վրա, որն ավելի ակնառու դարձավ Պապիկյանի՝ ԱՄՆ այցին հաջորդած իրադարձություններում։
Մինչ դրանց անդրադառնալը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ԱՄՆ-ՀՀ հեռանկարային ռազմավարական համագործակցության պայմանական մեկնարկը կարելի է համարել ԱՄՆ նախագահի կողմից 2021 թ. ապրիլի 24-ի ուղերձը, որով Բայդենը Հայոց Մեծ Եղեռնը ճանաչեց որպես ցեղասպանություն, ինչը ինքնին վաղեմության ժամկետ չունեցող, միջազգային իրավունքի կողմից ամրագրված և իր բովանդակության մեջ հանցակազմ ու պատիժ ենթադրող եզր է։ ԱՄՆ նախագահի այդ խորհրդանշական քայլից անմիջապես հետո շեշտակիորեն նվազեցին Հայաստանի հասցեին Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անդադար հնչեցվող կոշտ, բիրտ ուժ կիրառելու սպառնալիքները։ Այդ քաղաքականությունը 2021 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններով պայմանավորված ռազմավարական քաղաքականության կերպափոխումներից մեկն էր, որով մեկնարկեց ԱՄՆ վերադարձը տարածաշրջան, իբրև տարածաշրջանում իր ռազմաքաղաքական շահերը առաջ մղող աշխարհաքաղաքական ուժային կենտրոն։
Ամեն ինչ այդքան միանշանակ չէր ընկալվի, եթե նախարար Պապիկյանի այցին անմիջապես հաջորդած իրադարձությունները չվկայեին այն մասին, որ Հայաստանը ընտրվել է ԱՄՆ կողմից իբրև Մեծ Մերձավորարևելյան ռազմավարական կենտրոն, որի ուժային բաղադրիչները ապագայում հենվելու են հայկական պետականության և հայ ազգի՝ տարածաշրջանում գտնվող ֆիզիկական և ինտելեկտուալ գործոնի վրա։ Այլ խոսքերով ասած՝ ԱՄՆ-ն Հայաստանը, մասնավորապես՝ հայ ազգին, դիտարկում է որպես տարածաշրջանային բալանսավորող, տարածաշրջանային «ապստամբների» հետագա քաղաքականության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Սա հիմնական պատճառն է, թե ինչու է ԱՄՆ-ն ջանում ստեղծել հիմքեր ՀՀ անվտանգային, պաշտպանական դիմադրողականությունը բարձրացնելու համար, որը ենթադրում է նաև ի դեմս Հայաստանի պաշտպանունակ և ուժեղ տարածաշրջանային հավասարակշռողի կայացումը՝ ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակով։
Երկրորդ շահագրգռվածությունը ենթակառուցվածքային և լոգիստիկ նշանակություն ունի։ Նոր աշխարհակարգի կայացմամբ պայմանավորված՝ գլոբալ ընդդիմամարտությունը ընթանում է ԱՄՆ հռչակած ժողովրդավարական արժեհամակարգի վրա հիմնված պետությունների դաշինքի պայքարի տեսքով՝ ընդդեմ բռնատիրական-ամբողջատիրական կարգերի։ Սա ցույց է տալիս, որ ժողովրդավարական ճամբարի մասը ամբողջացնող «Հին աշխարհի» երկրների էներգետիկ անվտանգության և առևտրային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացման համատեքստում ռազմավարական ուղի է համարվում Պարսից Ծոցը Սև Ծովին կապող քաղաքակրթական միջանցքը, որը պետք է զերծ լինի տարածաշրջանային «ապստամբների»՝ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության լիակատար վերահսկողությունից։ Ակնառու է, որ Սյունիքի նկատմամբ, ՀՀ ձևական դաշնակցի և ռազմաքաղաքական դաշինքի լռելյայն համաձայնությամբ, թուրքադրբեջանական նկրտումները հակընդդեմ են ընթանում ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական շահերին (Իրանը ՀՀ-ի հետ ընդհանուր սահմանը հայտարարել է կարմիր գիծ, Իրանի կողմից այն համարվում է «կյանքի ուղի»), այլև ԱՄՆ ռազմաքաղաքական շահերին և հետաքրքրություններին։ ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում ԱՄՆ-ի և ԻՀՀ-ի շահերը զուգամիտվում են։
Ես առաջիններից էի, որ Իրանի միջուկային հիմնախնդրի հարցում ԱՄՆ-ԻԻՀ հակասությունների ֆոնին նկատեցի ԱՄՆ-ԻԻՀ հեռանկարային համագործակցության հնարավորությունները։ Անշուշտ, դա պայմանավորված է առաջին հերթին ենթակառուցվածքային և էներգետիկ անվտանգությամբ։ Այդ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը նկատվում է բազմաթիվ ուղղակի և անուղղակի նախադրյալներից։
Եթե մոտ ապագայում շարունակվեն Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները, ապա կարելի է լցվել զգուշավոր լավատեսությամբ, որ տարածաշրջանում ձևավորվում է Հարավը Հյուսիսին կապող նոր ռազմավարական առանցք Իրանի, Հայաստանի, Վրաստանի համագործակցությամբ և ԱՄՆ աջակցությամբ, ի հակակշիռ Արևելքը Արևմուտքին կապող չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծին։ «Մետաքսի ճանապարհ» նախագծի տարածաշրջանային հատվածում ակտիվ է ռուս-թուրքական «պայմանավորվածությունը», համաձայն որի ձգտում են լուսանցքում թողնել ՀՀ-ն, գեներացնելով շինծու «Զանգեզուրի միջանցք» ապօրինի նախագիծը։ Արդեն հայտնի է, որ այդ տխրահռչակ նախագծի տապալման համար իր գործուն միջամտությունն են ունեցան ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ ԻԻՀ-ն։
Ուշագրավ է, որ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության խորացման գործընթացը տապալելու, ինչպես նաև իր և շահագրգիռ կողմերի ռազմաքաղաքական նկրտումները հապճեպ կարգավորելու համար սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները, բացահայտ ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ, որի հետևանքով ծանր և մահացու հարված հասցվեց ՀՀ ԶՈՒ անձնակազմին և ՀՀ խաղաղ ազգաբնակչությանը, ավերվեցին և ոչնչացվեցին բազմաթիվ ռազմական և քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ենթակառուցվածքներ, տարհանվեցին հազարավոր քաղաքացիական անձինք։
Ադրբեջանի ագրեսիան հասցեական մեղադրվեց և դատապարտվեց մի շարք քաղաքակիրթ երկրների կողմից։ ԱՄՆ-ն որդեգրեց հստակ, հասցեական դիրքորոշում, մեղադրելով Ադրբեջանին ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիվ հարձակում գործելու մեջ։ Արդարացիորեն պետք է նշենք, որ այդ ագրեսիան կասեցվեց հայոց բանակի քաջարի զինծառայողների հերոսությամբ։
Տիկին Փելոսիի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստանի Հանրապետություն հաստատումն է նախորդիվ հնչեցված՝ ԱՄՆ-ՀՀ հեռանկարային ռազմավարական համագործակցության մասին հիպոթեզի։
Տիկին Փելոսիի այցելությունները, որոնք հաստատված էին պատվիրակության այցի օրակարգով, այդ թվում այցելությունը Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի համալիր, ինչպես նաև չնախատեսված այցերը, օրինակ՝ ՀՀ ՊՆ, և հնչեցրած առանցքային նշանակության քաղաքական հաղորդագրությունները, հստակ ազդարարում են ԱՄՆ-ի մուտքը տարածաշրջան և ՀՀ-ի դիրքավորումը տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական գործընկերի կարգավիճակում։ Մամուլի ասուլիսի ժամանակ տիկին Փելոսին ընդգծել է. «Մեր հիմնադիր հայրերը (ԱՄՆ-ի.- խմբ․) 1787-ին ավտոկրատիայի փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը: Սերնդեսերունդ մենք պահել ու պաշտպանել ենք այդ ընտրությունը: ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան, աշխարհն ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»։ Այստեղ հստակ ակնարկվում է աշխարհաքաղաքական 4 կետ՝ ԱՄՆ, Ուկրաինա, Թայվան և Հայաստան, որտեղ ԱՄՆ-ն ստեղծում է նոր աշխարհակարգի ձևավորման համար անհրաժեշտ ուժային, ինքնաբավ կետեր, տարածաշրջանային և գլոբալ ավտոկրատիաների նկրտումները զսպելու համար։
Կարելի է արձանագրել, որ Հայաստանի համար, ինչպես նաև Արցախի համար, ստեղծվում են նոր հնարավորություններ, որոնցից լիակատար օգտվելու հեռանկարը կախված է բացառապես հայկական կողմի կամքից, ճիշտ կողմնորոշվելու ընդունակությունից և ազգի կադրային-ինտելեկտուալ կապիտալը ներգրավելու ու լավ կառավարելու հնարավորություններից։
Գուրգեն ՍԻՄՈՆՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահերի փորձագետ
Երևան