Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հստակեցումը, անհրաժեշտություն է՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ ու պատերազմներ կանխելու համար։ Հատկանշական է, որ մինչև 2020 թվականի պատերազմը միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող բանակցություններում, հետևողականորեն ընդգծվում էր միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, վեճերի խաղաղ լուծման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման արգելքի հիման վրա փոխզիջումային որոշումներ գտնելու կարևորությունը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սանձազերծելով Արցախի ժողովրդի դեմ՝ Ադրբեջանն ուժի կիրառման միջոցով զավթեց Արցախի Հանրապետության տարածքի մոտ երկու երրորդը՝ այն միջազգային հանրությանը ներկայացնելով որպես սեփական «տարածքային ամբողջականության վերականգնում»՝ միաժամանակ լուծված համարելով հակամարտությունը:
Իրականությունը խեղաթյուրելով և ինքնորոշման իրավունքի համար Արցախի ժողովրդի պայքարն Ադրբեջանի ու Հայաստանի միջև տարածքային վեճ ներկայացնելով, ապա Արցախի գոյությունը ժխտելու քաղաքականությամբ Ադրբեջանը հետևողականորեն մոռացության է տալիս հակամարտության պատմական արմատները՝ նպատակ ունենալով քողարկելու Ադրբեջանի ու Թուրքիայի՝ վերջին տասնամյակների զավթողական քաղաքականությունը։
Հայաստանի երրորդ հանրապետությունն ի սկզբանե սխալ քաղաքականություն է վարել՝ հակամարտության սկզբնակետ դիտարկելով 1988 թվականից սկիզբ առած հակամարտային գործընթացները, միաժամանակ անտեսելով այն փաստը, որ դեռևս 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետությունը Ղարաբաղը համարել է իր տարածքը, սակայն պատերազմներից խուսափելու համար տարածքի կարգավիճակի որոշման հարցը թողել է տեղի հայության ինքնորոշմանը։
Հակամարտության առաջացման սկզբնակետը պետք է համարել Ռուսական կայսրության փլուզումը և Այսրկովկասում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախ հանրապետությունների կազմավորումը, երբ, ի դեպ, ճանաչվում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չնայած այդ իրավունքն իրացնելու որևէ ընթացակարգ նախատեսված չէր։[i] 1918-20 թվականներին Արցախն իրավականորեն չէր մտնում ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի սահմանների մեջ. տեղում իշխանությունն իրականացվում էր Ղարաբաղի հայերի համագումարների որոշումներով։ Իններորդ համագումարը 1920 թվականին Լեռնային Ղարաբաղը հռչակում է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության անքակտելի մաս՝ կասեցնելու համար հայկական այս տարածքը զավթելու Ադրբեջանի բոլոր փորձերը։[ii]
Այսպես, իրավական տեսանկյունից Ղարաբաղը 1918-20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմում չի եղել, իսկ վերջինիս խորհրդայնացման պահին դիտվում էր որպես «վիճելի տարածք»։ Ավելին, տարածքի վիճելի լինելու հարցը արդիական չէր Հայաստանի խորհրդայնացման պահին, երբ թե՛ բոլշևիկյան իշխանությունները, թե՛ Խորհրդային Ադրբեջանը ճանաչեցին Ղարաբաղը որպես Հայաստանի մաս։[iii]
Միակ փաստաթուղթը, որով Արցախը դիտարկվել է Խորհրդային Ադրբեջանի մաս, Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի՝ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին որոշումն է, որն իրավական առումով առոչինչ է, իսկ դրան հաջորդող ադրբեջանական յոթանասունամյա ռեժիմը՝ ոչ իրավաչափ։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի հայատյաց ու էթնիկ զտման քաղաքականությունը միայն փաստում է այն մասին, որ այդ նորաստեղծ միավորի նպատակն ի սկզբանե Արցախի հայաթափումն էր և հայկական տարածքների զավթումը։
Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է խորհրդային օրենսդրության, մասնավորապես՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի օրենքի ընթացակարգերի խախտումներով, որը նախատեսում էր ինքնավարությունների և առանձին բնակեցված շրջանների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու սեփական կարգավիճակի հարցը։
Ադրբեջանը, անկախություն հռչակելով, հրաժարվել է խորհրդային իրավական ժառանգությունից և վերականգնել 1918-20 թվականներին գոյություն ունեցած և պատմության թատերաբեմն առանց ճանաչված սահմանների լքած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի կազմում Արցախը չի եղել։ Բաքուն մի կողմից իրեն հռչակում է ԱԴՀ իրավահաջորդը, մյուս կողմից փաստացի պահանջում է խորհրդային ժամանակաշրջանի վարչական սահմաններում իր տարածքի ճանաչում՝ հավակնություն ունենալով մի տարածքի նկատմամբ, որը երբեք իրենը չի եղել։
Խորհրդային Միության փլուզման հետևանքով առաջացած տարածքային խնդիրներն առնվազն մեկ ընդհանրություն ունեն. խորհրդային հանրապետությունների անկախացման հիմքում դրվել են սովետական ժամանակաշրջանի վարչական սահմանները՝ փորձելով անտեսել թե՛ յոթանասունամյա ոչ միանշանակ սահմանային հարցերը, թե՛ դրան նախորդող իրողությունները։ Ավելին, ԽՍՀՄ փլուզման պահին Արևմուտքը հայտարարեց, որ նորանկախ պետություններին ճանաչելու են խորհրդային սահմաններով։
Հարկ է նշել, որ ապագաղութացման ժամանակաշրջանում, պատերազմներից և տարածքային վեճերից խուսափելու համար, կայսրությունները առաջ են բերել uti possidetis սկզբունքը, որի համաձայն գաղութային տարածքները անկախություն էին ձեռք բերում մետրոպոլիայի կազմում եղած վարչական սահմաններում։ Եթե այս սկզբունքը մեծամասամբ օգնեց լատինական ու աֆրիկյան գաղութացված երկրներին համեմատաբար խաղաղ անկախանալ և ստեղծել իրենց պետականությունը, ապա այն նույն կերպ չի կարող կիրառվել և հաջողություն ունենալ հետխորհրդային երկրների և ապագաղութացման համատեքստից դուրս անկախացման գործընթացում։
Կոսովոյի դեպքը սրա վառ օրինակն է։ Թեև Հարավսլավիայի երկրների անկախացման պարագայում նույնպես հղում էր արվում uti possidetis սկզբունքին, այնուամենայնիվ՝ Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքն արևմտյան երկրները ճանաչեցին, անգամ՝ պաշտպանեցին զենքով։ Կոսովոյի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դիտվեց որպես պաշտպանության միջոց՝ Սերբիայի կողմից Կոսովոյում մարդու իրավունքների պարբերաբար խախտումների, բռնության և էթնիկ զտման քաղաքականությունից։ Համեմատություններ տանելով վերջին երեք տասնամյակում և դրան նախորդող ժամանակաշրջանում Ադրբեջանի վարած քաղաքականության հետ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ևս պետականորեն ծրագրվել և իրականացվել է Արցախի բնիկ ժողովրդի էթնիկ զտման քաղաքականություն, որը Բաքուն հետևողականորեն շարունակում է մինչ օրս։ Դրա մասին են վկայում ԼՂՀ ժողովրդի դեմ ուժի և ուժի սպառնալիքի պարբերական կիրառումները, բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացումը, հոգեբանական ճնշումների փորձերը՝ արցախցիներին ստիպելու լքել իրենց պատմական հայրենիքը՝ դրանով իսկ հասնելու Արցախի ամբողջական հայաթափման։
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այսքան պարզ է և ավելին՝ պահպանվել են վերոնշյալ պատմական փաստերն ամրագրող իրավական փաստաթղթերը, ինչպե՞ս է ստացվել, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը իրական ու ճիշտ տեսանկյունից չի ընկալվում։
Արցախի Հանրապետությունն ավելի քան երեսուն տարի փաստացի կայացած պետություն է, և հատկանշական է, որ անգամ 2020 թվականի պատերազմից հետո տարածքի զգալի մասը կորցնելն ու իր տարածքում այլ բանակների առկայությունը չխանգարեցին Արցախին պահպանելու իր պետականությունը։
Հայաստանի Հանրապետությունը չնայած չի հայտարարել Արցախի Հանրապետությունը ճանաչելու կամ նման մտադրության մասին, սակայն փաստացի աշխատում է Արցախի Հանրապետության կառավարության հետ առանձին պետական մարմինների, առանձին գերատեսչությունների մակարդակով, պաշտոնական հարաբերություններ կան Արցախի համապատասխան կառույցների հետ։
Այսօր հայկական դիսկուրսում ամենաքննարկվողն այն հարցն է, թե ի՞նչ է սպասվում Արցախի ժողովրդին, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր՝ առանց անդրադառնալու Արցախին։ Կարծիքները տարբեր են. լայնորեն տարածված է հավանական պայմանագրի այն մեկնաբանությունը, ըստ որի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը կներառի Արցախն այդ տարածքում, մեկընդմիշտ փակելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և կարգավիճակի թեման։
Անկախ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից, անկախ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից՝ Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս, որովհետև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այդ հարթակում որոշվող հարց չէ:
Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Հայաստանի պաշտոնյաների կողմից վերջին ժամանակներում Արցախի վերաբերյալ արվող հայտարարությունները խիստ մտահոգիչ են։[iv] Հայաստանի պաշտոնյաները հրապարակային խոսքում պետք է զգուշությամբ ընտրեն իրենց ձևակերպումները, քանի որ մեր ասածը կարող է օգտագործվել մեր իսկ դեմ, և այսօրվա քաղաքական ու իրավական սխալները հետագայում մեզ կարող են զրկել միջազգային իրավունքի տրամադրության տակ եղած գործիքներից օգտվելու հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման վարքագիծը, հավանաբար, նաև պաշտոնական Ստեփանակերտի՝ վերջին երկու տարիների ակնհայտ պասիվ քաղաքական վարքագծի հետևանքն է։ Այս առումով կարևոր է Արցախի իշխանությունների կողմից ակտիվ աշխատանքը ՀՀ գործընկերների հետ։ Արցախը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի իր կարգավիճակին որևէ առումով վերաբերող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ՝ վերահաստատելով և հիմնավորելով մեկդարյա պայքարի արդյունքում ձեռք բերած անկախությունը պաշտպանելու ու Արցախը հայկական պահելու հանձնառությունը։ Դրա այլընտրանքը լինելու է վերադարձը հարյուր տարի առաջվա իրականություն՝ դրան հաջորդող բոլոր ողբերգությունների կրկնմամբ։
Յանա ԱՎԱՆԵՍՅԱՆ
Իրավաբան, ԱրՊՀ դասախոս
Ստեփանակերտ
——————————
[i] Տե՛ս, Վ.Ի. Լենին, Աշխատությունների ամբողջական ժողովածու, հ. 31, էջ 436 (Մոսկվա, 1963)
[ii] Տե՛ս, 1920 թ. ապրիլի 23-ին Ղարաբաղի հայերի 9-րդ համագումարի արձանագրությունը՝ «Ադրբեջանի կառավարության հետ 7-րդ համագումարի ժամանակավոր համաձայնագիրը չեղարկելու և Հայաստանին միանալու մասին» Լեռնային Ղարաբաղի աշխատավորների որոշման մասին (ՀՀ Ազգային արխիվ, նիշք 200, գրություն 1, գործ 581, թերթ 98. հրապարակվել է 1989 թվականին «Հայաստանի արխիվների տեղեկագրում», հատոր 1-ին, էջ 120)
[iii] Տե՛ս, 1920 թ. նոյեմբերրի 30-ին Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայկական ԽՍՀ անբաժանելի մաս ճանաչելու մասին («Կոմունիստ» թերթ, 7 դեկտեմբերի 1920 թ.)
[iv] Տե՛ս, օրինակ, ՀՀ վարչապետի հոկտեմբերի 14-ի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում, մասնավորապես ընդգծվում է խորհրդային վարչական սահմանները որպես միջպետական սահմաններ ճանաչելու մասին թեզը