Պաշտոնական Երևանը տարածաշրջանային ու գլոբալ ակտորների հետ ներկայումս արցախյան հարցով քաղաքական կոնտակտների կտրուկ ինտենսիվացման գործընթացում է հայտնվել։ Պրահա, Աստանա, եվրոպական առաքելություն, ռուսաստանյան դառնություններ, ԱՄՆ կոնգրեսականների այց Երևան, դիվանագիտական թվիթերամարտեր. այս ամենը վկայում է կողմերի ու միջնորդների, ինչպես նաև այնպիսի շահագրգիռ առանցքների ակտիվացման մասին, որպիսին են Վաշինգտոնը, Բրյուսելն ու Փարիզը։
Անշուշտ, տարածաշրջանային բալանսի փոփոխման հիմնարար գործոնը Ռուսաստանի համար անբարենպաստ ընթացքն է Ուկրաինայի դեմ պատերազմում, ինչն էլ փոխում է տարածաշրջանում ռուսաստանյան գործոնի «քաշային կարգը»։ Դրան հավելվում են Մոսկվայից հնչող և իրավիճակին ոչ համարժեք հայտարարությունները, որոնք երբեմն նույնչափ նյարդայնացնում են և՛ Երևանին, և՛ Բաքվին, ճիշտ է՝ միանգամայն տարբեր պատճառներով։
Այս համապատկերում արցախյան հանրությունում հասունանում է Ստեփանակերտի վարած «իներցիոն» քաղաքական ուղեգծի անհամարժեքության ընկալումը։ Մյուս կողմից էլ՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որը տեկտոնական տեղաշարժերի է ենթարկվել տարբեր պատճառներով, այդ թվում, ինչպես ասում են, «ոչ լավ կյանքից», նաև ըմբռնումով մոտեցում է ակնկալում Ստեփանակերտի կողմից, ինչպես նաև զգալիորեն ավելի մեծ պատասխանատվության ստանձնում և ավելի շատ նախաձեռնողականության դրսևորում, ավելին, քան երբևէ։ Չէ՞ որ խոսքն իսկապես գնում է Արցախի ու արցախահայության ճակատագրի մասին միանգամայն նոր՝ հետռուսաստանյան տարածաշրջանի, հետռուսաստանյան աշխարհակարգի ձևավորման պայմաններում, երբ հին, արդեն սովորական դարձած քաղաքական դրույթները ոչ միայն չեն աշխատում, այլև ավելին՝ իրենց անգործունակությամբ վերաճել են գոյաբանական բնույթի սպառնալիքների աղբյուրի։
Ըստ այդմ էլ, եկել է արցախյան գործոնի ակտիվ վերաիմաստավորման ժամանակը հենց բուն Արցախում, հենց արցախցիների ու Արցախի քաղաքական էլիտայի կողմից։ Ամեն ինչից զատ՝ սա նաև քաղաքական հասունության յուրատեսակ քննություն է, նոր իրողություների ընկալման, այդ նոր իրողություններում սեփական շահերին հետամուտ լինելու ունակությունների փնտրտուքի փորձություն։ Միով բանիվ, արցախյան գործոնը պետք է առավելագույնս ինքնադրսևորվի ու երիցս կարևորվի։
Հենց այս մասին են ընթերցողների հետ իրենց պատկերացումներով կիսվել մեր նոր թողարկման հեղինակները։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն