Իրանում ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաները ոչ պաշտոնական տվյալներով 200-ից ավելի մարդու կյանք են խլել։ Ցույցերն Իրանում սկսվել են գլխաշորը սխալ կրելու համար բերման ենթարկված 22-ամյա Մահսա (Ժինա) Ամինիի մահվանից հետո։ Իրանում բողոքի ակցիաներին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն։ Իսկ Իրանի իշխանությունները վերջիններիս մեղադրել են անկարգություններ հրահրելու մեջ: Իսլամական Հանրապետությունում այսպիսի անկայունությունը, սակայն, բազմաթիվ վտանգներով է հղի ոչ միայն Իրանի, այլև Հայաստանի համար:
Մահսա Ամինիի մահը
Սեպտեմբերի 14-ին Թեհրանում գլխաշորը սխալ կրելու համար «բարքերի ոստիկանության»[1] կողմից բերման էր ենթարկվել ծագումով քուրդ Մահսա Ամինին։ Բերման ենթարկվելուց հետո նա կոմայի մեջ էր հայտնվել և գիտակցության չգալով երկու օր անց մահացել հիվանդանոցում։
Իրավապահ մարմիններն ի սկզբանե հայտարարեցին, թե Ամինին հիվանդություններ է ունեցել, և նրա մոտ սրտի կանգ է գրանցվել, սակայն աղջկա հարազատների պնդմամբ՝ նա միանգամայն առողջ է եղել[2]։ Հոկտեմբերի 7-ին ոստիկանությունը նաև ներկայացրեց դատաբժշկական փորձաքննության եզրակացություն՝ պնդելով, որ Ամինին 8 տարեկանում գլխուղեղի վիրահատություն է տարել, որից հետո էլ շարունակ դեղորայք է ընդունել[3]։ Ըստ այդ փորձաքննության՝ Ամինին ուշագնաց է եղել իր հիվանդության պատճառով և թթվածնաքաղցի հետևանքով նրա մոտ մի շարք կենսական օրգանների անբավարարություն է առաջացել, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
Իրանի ոստիկանությունը նաև տեսանյութ հրապարակեց՝ ներկայացնելով Ամինիին բերման ենթարկվելուց հետո և ուշագնաց լինելու պահին[4]։ Չնայած իշխանությունների հերքումներին՝ տարածվեց և ամրապնդվեց այն վարկածը, որ բերման ենթարկվելիս Ամինիի նկատմամբ բռնություն է կիրառվել, և մահվան պատճառը գլխի շրջանում հասցված հարվածներն են։
Ցույցերի մեկնարկը
Մահսա Ամինիի մահվանից հետո բռնկված ցույցերն աստիճանաբար ընդգրկեցին Իրանի գրեթե բոլոր նահանգները։ Ցույցերին հնչող պահանջներն ու կարգախոսները երկու հիմնական ուղղություն ունեին՝ հումանիտար իրավունքների, սոցիալական ազատության ապահովմանը առնչվող և ընդդեմ երկրի քաղաքական համակարգի։ Ձևավորվեց նաև գլխավոր կարգախոսը՝ «Կին, կյանք, ազատություն», որին զուգահեռ հնչում էր նաև «մահ բռնապետին» կարգախոսը: Ակցիաներն ուղեկցվում էին խորհրդանշական գործողություններով․ կանայք ցուցադրաբար հանում էին իրենց գլխաշորերը և կտրում մազերը, որոշ վայրերում պոկում էին հոգևոր առաջնորդի պատկերով պաստառները:
Հոկտեմբերի սկզբին, երբ ցույցերն արդեն համեմատաբար թուլացել էին, բախում եղավ ոստիկանների և տեխնոլոգիական «Շարիֆ» համալսարանի ուսանողների միջև, ինչը մեկ այլ խթան հանդիսացավ ցույցերի շարունակման համար[5]։ Այդ միջադեպից հետո տարաբնույթ ակցիաներով սկսեցին հանդես գալ աշակերտներն ու ուսանողները։ Հոկտեմբերի կեսի դրությամբ ցույցերի տեմպը թուլացել է, բայց դրանք կարևոր էին և կարևոր են իրենց հետևյալ առանձնահատկություններով․
- Տևողություն․ ակցիաները տևել են ավելի երկար, քան Իրանում վերջին տարիների բոլոր խոշորամասշտաբ ցույցերը,
- Աջակցություն․ ակցիաները լայն հնչեղություն ստացան ամբողջ աշխարհում, և տարբեր երկրներում բնակվող իրանցիներն ու ոչ իրանցիները աջակցող ցույցեր անցկացրին,
- Քաղաքական բաղադրիչի գերակշռում:
Ինչպես Իրանում անցկացված ցանկացած խոշորամասշտաբ ցույց, այս ցույցերը ևս ուղեկցվել են անկարգություններով՝ շինություններ, մեքենաներ այրելով, ոստիկանների հետ բախումներով։ Ըստ ԻԻՀ իշխանություններին ընդդիմադիր «Իրանի մարդու իրավունքեր» (HRA) կազմակերպության՝ հոկտեմբերի 17-ի դրությամբ ցույցերի ժամանակ զոհվել է 215 մարդ[6]:
Ցույցերի հետագա ընդլայնումը թույլ չտալու և կառավարելի դարձնելու համար իշխանությունները նաև սահմանափակեցին ինտերնետը, Whatsapp-ին, Instagram-ին հասանելիությունը[7]։ Այս մեթոդն իշխանությունները կիրառել են նաև նախկին ցույցերի ժամանակ։
Ցույցերի սոցիալական ֆոնը
Ըստ իրանական Hamshahri թերթի՝ վերջին երկու տարում Իրանում առնվազն 2500 խաղաղ ցույց է անցկացվել, իսկ վերջին չորս տարում՝ 43 հազար[8]: Ժամանակին աշխարհում մեծ հնչեղություն էին ստացել Իրանի 2009 թ. նախագահական ընտրություններին հաջորդած լայնածավալ ցույցերը։ Բայց այդ շրջանը եզակի էր, և ակցիաները քաղաքական հենք ունեին։
Վերջին տարիներին ցույցերը շատ ավելի հաճախակի են դարձել, և հիմնականում պայմանավորված են սոցիալ-տնտեսական դրդապատճառներով, որոնք էլ առաջին հերթին պայմանավորված են միջազգային պատժամիջոցների պայմաններում Իրանի տնտեսական դրությամբ։
Իրանի տնտեսության այս խնդիրների ցուցիչներից մեկը քրոնիկ բարձր գնաճն է։ Վերջին մի քանի տարիներին գների աճն ավելի է արագացել, և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ այս տարի ցուցանիշը կլինի մոտ 40 տոկոս։
Սրա հետ կապակցված է նաև իրանական արժույթի՝ ռիալի փոխարժեքի անկումը ամերիկյան դոլարի նկատմամբ։ Երկրում մինչև իսկ գործում է երկու փոխարժեք՝ պաշտոնականը, որը կայուն է պահվում, և իրականը, որը գործում է շուկայում և ցույց է տալիս տնտեսության ցնցումները։ Վերջին 10 տարվա ամենամեծ ցնցումը եղել է 2018-ին, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Միջուկային համաձայնագրից և պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ։ Այդ ժամանակ ռիալի փոխարժեքը 44 հազարից հասավ մինչև 79 հազարի՝ 1 դոլարի դիմաց և շարունակեց էժանանալ նաև հետագայում։
Վերջին տարիներին ցույցերի ամենամասշտաբային շարքերից մեկը Իրանում անցկացվեց 2017 թ․ դեկտեմբերի վերջին – 2018 թ․ հունվարի սկզբին: Շարժառիթը ձվի թանկացումն էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան մեկշաբաթյա ցույցերի ընթացքում զոհվել էր 25 մարդ[9]։
Հաջորդ խոշորամասշտաբ ցույցը 2019-ի նոյեմբերին էր՝ բենզինի թանկացման դրդապատճառով։ Մեկ շաբաթ տևած ակցիաների ընթացքում զոհվել էր 230 մարդ[10]։
Նշված խոշորամասշտաբ ցույցերից զատ, այս տարիների ընթացքում եղել են նաև ավելի փոքր և լոկալ բնույթի ցույցեր՝ ջրի, էլեկտրաէնեգրիայի, թոշակների, ինչպես նաև հիջաբի պարտադիր կրման դեմ և այլ խնդիրների պատճառով։
Սոցիալ-տնտեսական խնդիրներին այժմ գումարվել է նաև իրանական հասարակության հուսախաբությունն ու դրանով պայմանավորված իշխանության ու հասարակության միջև խորը ճեղքվածքի առաջացումը։
Ցույցերի քաղաքական ֆոնը
Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին 2013 թ․ իշխանության եկավ միջուկային խնդրին լուծում տալու և երկիրը պատժամիջոցների բեռից թոթափելու խոստումով։ Ռոհանիի կառավարությանը իսկապես հաջողվեց ԱՄՆ ու հավաքական Արևմուտքի հետ գործարք կնքել և վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, սակայն դա երկար չտևեց: Այն սպասելիքները, որն ուներ իրանական հասարակությունը, չարդարացան։
Պատժամիջոցների մի մասի սառեցման պայմաններում (2016-ի հունվարից մինչև 2018-ի օգոստոս) Իրանը կարողացավ իր նավթի արտահանումը հասցնել օրական 2 մլն բարելի[11]։ Մեծապես նավթից կախված իրանական բյուջեի համար սա ցանկալի ցուցանիշ էր։ Տարբեր արտասահմանյան ընկերություններ սկսեցին ներդրումներ կատարել Իրանում։
Սակայն իրանական հասարակությունը իր սոցիալ-տնտեսական դրության էական փոփոխություն չզգաց։ Հենց սա էր նաև 2017 թ․ տարեվերջի ցույցերի դրդապատճառներից մեկը․ հասարակությունը ցանկանում էր արագ արդյունքեր տեսնել պատժամիջոցների չեղարկումից հետո։
Այդ արդյունքներն այդպես էլ չեղան, քանի որ 2018 թ․ ապրիլին՝ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում, Միացյալ Նահանգները դուրս եկավ Իրանի հետ բազմակողմ Միջուկային համաձայնագրից, վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները և նույնիսկ ավելացրեց նորերը[12]։ Թեև գործարքի մյուս անդամները չէին լքել համաձայնագիրը, սակայն Վաշինգտոնի պատժամիջոցները գործնականում նվազագույնի հասցրին Միջուկային համաձայնագրի նշանակությունը։
Թրամփը որդեգրեց Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու քաղաքականություն և պատժամիջոցներ խոստացավ բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք նավթ կգնեին Իրանից։ Իրանը կորցրեց իր հիմնական գնորդներին, և նավթի արտահանումը հասավ 1 մլն բարելից էլ պակաս ցուցանիշների։ Իսլամական Հանրապետության տնտեսությունը շարունակեց խրվել խնդիրների մեջ։
Իրանական հասարակությունը, որը զգալի հույսեր էր կապում Միջուկային համաձայնագրի հետ, ի վերջո որևէ արդյունք չտեսնելով՝ միանգամայն հուսախաբ եղավ։ Ռոհանիի բարեփոխական կառավարությունը այլևս հեղինակություն չէր վայելում։ Սրանից օգտվեց նրանց հակառակորդ պահպանողական ճամբարը, որն ավելի կոշտ դիրքորոշում ունի Արևմուտքի հետ հարաբերությունների հարցերում։
Պահպանողականները նախ հաղթանակ տարան 2020 թ․ խորհրդարանական ընտրություններում, այնուհետև նաև 2021 թ․ նախագահական ընտրություններում։ Այս գործընթացները, սակայն, ցույց տվեցին Իրանում առկա ավելի խոր խնդիր․ հասարակությունը հիասթափված էր ոչ միայն բարեփոխականներից, այլ բոլորից։ Նախագահական ընտրություններին գրանցվել էր Իսլամական Հանրապետության պատմության մեջ մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 48,8 տոկոս[13]։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ դեռ նախքան ընտրությունների անցկացումը կանխորոշված և ակնհայտ էր, թե ով է լինելու հաղթողը (գործող նախագահ էբրահիմ Ռայիսին): Իսկ ընդհանուր առմամբ՝ հասարակության լայն շերտերի մոտ ձևավորվել է այն կարծիքը, որը երկրում դրական փոփոխությունների համար անհրաժեշտ է պետական համակարգի փոփոխություն:
Ըստ էության, իշխանություն-հասարակություն ճեղքվածի և սոցիալ-տնտեսական խնդիրների պայմաններում բողոքի կուտակում կար, և Մահսա Ամինիի մահը հերթական առիթն էր այդ դժգոհության ձայնը բարձրացնելու համար։
Արտաքին աջակցությունն ու իշխանությունների արձագանքը
Իրանցի ցուցարարներին իրենց աջակցությունը հայտնեցին ԱՄՆ-ն, Եվրոպան: Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, մինչև իսկ փոխնախագահն ու պետքարտուղարը, հանդիպումներ անցկացրին արտասահմանում բնակվող իրանցի ակտիվիստների հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող են աջակցել ցուցարար իրանցիներին[14]: Ցույցերին անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահը՝ հայտարարելով, որ կանգնած են Իրանի քաջ կանանց կողքին։
Վաշինգտոնը նաև հայտարարեց իրանցիների համար ինտերնետ հասանելիությունը դյուրացնելու ջանքերի մասին[15]։ Միացյալ Նահանգները[16], Մեծ Բրիտանիան[17], Կանադան[18], այնուհետև նաև ԵՄ-ն[19] պատժամիջոցներ սահմանեցին Իրանի անվտանգային, հետախուզական, դատական համակարգերի, զինված ուժերի ներկայացուցիչների, ներքին գործերի և կապի նախարարների նկատմամբ՝ «ցույցերը բռնի ուժով ցրելու, ինտերնետ հասանելիությունը սահմանափակելու համար»:
ԵՄ-ից խոստացան, որ Իրանի իշխանությունների կողմից «նույն գործելաոճի» շարունակման դեպքում նոր և շարունակական պատժամիջոցներ կկիրառեն Իսլամական Հանրապետության դեմ: Իր հերթին Իրանն էլ փոխադարձ պատժամիջոցներ սահմանեց[20]:
Իրանի իշխանությունները, ի արձագանք իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, հայտարարեցին, որ Իրանում ապահովված է խաղաղ ցույցերի իրավունքը, սակայն «թշնամիները» փորձում են անկարգություններ հրահրել երկրում:
«Իրանում անկարգությունները հրահրում են ԱՄՆ-ն, Իսրայելը: Խնդիրը ոչ թե իսլամական համակարգն է, ոչ թե հիջաբն է, այլ Իրանի հզորությունն ու անկախությունը: ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել Փահլավիների ժամանակաշրջանը, երբ Իրանը հնազանդ կաթնատու կով էր նրանց համար»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին[21]:
Միաժամանակ՝ Իրանում անցկացվեցին նաև իշխանություններին աջակցող և ենթադրաբար հենց իշխանությունների կողմից կազմակերպված ցույցեր:
Պանթյուրքական հոսանքները
Իրանում ցանկացած ցույցի ժամանակ իրավիճակից փորձում են օգտվել նաև անջատողական հոսանքներն ու նրանց հովանավորները: Քանի որ մահացած Մահսա Ամինին ծագումով քուրդ էր, փորձ արվեց ցույցերին նաև ազգային երանգ հաղորդել: Իրավիճակից օգտվեցին նաև պանթյուրքիստական տարրերը։ Որպես թեզ կիրառվում էր պնդումը, թե ցույցերը «հարավային ադրբեջանցիների պայքարի դրսևորումներն են ընդդեմ պարսկական ռեժիմի»։ Ակցիաների ընթացքում պանթյուրքական որոշ տարրեր փողոցներում բարձրացնում էին «Հարավային Ադրբեջանի[22]» դրոշը[23]։
Իրանում այս իրավիճակն էլ ավելի փորձեցին հրահրել Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս երկրների մամուլում սկսեց շրջանառվել թեզ, թե իբր Իրանը քուրդ մարտիկների է տեղակայում Թուրքիայի, Նախիջևանի և Ադրբեջանի հետ սահմաններին, և թե իբրև քրդերը փորձում են վերահսկողություն հաստատել «ադրբեջանաբնակ» շրջանների նկատմամբ[24]: Սրանով այս երկրներն Իրանում միջէթնիկական լարվածություն հրահրելու փորձ էին կատարում, և չի բացառվում նաև, որ հետագա հեռահար նախագծերի համար հող նախապատրաստում: Իսկ պատեհ առիթի դեպքում Բաքվի և Անկարայի հեռահար ծրագրերից կարող է լինել «ադրբեջանցիների պաշտպանության» անվան տակ Իրանի դեմ գործողությունների ձեռնարկումը:
Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց նաև Անկարայում «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր խորհդարանի կազմկոմիտեի» ստեղծման մասին[25]: Ավելի վաղ Ադրբեջանում ստեղծվել էր նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կառույցը՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» անալոգով: Սրանք քարոզչական կառույցներ են, որոնք և՛ Իրանի, և՛ Հայաստանի դեպքում կոչված են ապահովելու թուրքական ու ադրբեջանական թեզերի շրջանառումը տեղային և միջազգային մակարդակներում։
Ակնհայտ է, որ Իրանում իրադրության լարումն ու անկայունության առաջացումը Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու է նաև հայ-իրանական սահմանի ու «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։ Որքան Իրանը խրված եղավ ներքին խնդիրների մեջ, այնքան նվազելու է նրա ուշադրությունը հայ-իրանական սահմանի նկատմամբ։ Բաքուն ու Անկարան ակնկալում են, որ այդպիսի պայմաններում Իրանն ի վիճակի չի լինի արձագանքել Հայաստանի դեմ նոր ոտնձգություններին։ Իրանում սա նույնպես հասկանում են, և պատահական չէ, որ հոկտեմբերին Աստանայում Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած հանդիպմանը Իրանի նախագահը շեշտել էր, որ ներքին խնդիրներն Իրանին չեն շեղում իր ռազմավարական շահերից[26]։ Դրա ապացույցն էր նաև հոկտեմբերի կեսերին երկրի հյուսիս-արևմուտքում ԻՀՊԿ խոշորամասշտաբ զորավարժության անցկացումը:
Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա Երևանը որևէ կերպ չի մեկնաբանում Իրանի ցույցերը և մասնակից չի դառնում Իրանում անկայունության, միջէթնիկական խմորումների հրահրման ցանկացած տեսակի գործողության:
Եզրակացություն
Իրանի սոցիալ-տնտեսական դրությունից ելնելով այս երկրում ցույցերը շարունակվելու են և խնդիրների խորացմանը զուգահեռ՝ յուրաքանչյուր անգամ նոր թափ են առնելու: Ցույցերին ամեն անգամ ներգրավվելու են նոր խմբեր՝ հասարակության տարբեր շերտերից: Այս համատեքստում ցույցերը կարելի է բնութագրել որպես ուսումնական զորավարժություն՝ թե՛ մասնակիցների, թե՛ այդ ցույցերին աջակցողների համար։
Հետևաբար, յուրաքանչյուր հաջորդ խոշորամասշտաբ ցույց կարող է լինել ավելի կազմակերպված, ավելի երկարատև: Իրանի համար սա նշանակում է մշտական լարվածություն ու անկայունություն, որից կարող են օգտվել նրա հակառակորդները՝ սկսած անջատողական հրահրումներից և վերջացրած համակարգի փոփոխման փորձերով:
Տնտեսական իրադրությունը բարելավելու համար Իսլամական Հանրապետության համար կարևոր է Միջուկային համաձայնագրի վերականգնումը, որի շուրջ բանակցությունները, սակայն, երկու տարվա աշխատանքից հետո այս պահին սառեցված են: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում Ներկայացուցիչների պալատի ընտրություններից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները կամ հակառակը՝ հարցը վերջնականապես տանել փակուղի։
Մինչ այդ Արևմուտքը փորձում է Իրանի ցույցերն օգտագործել որպես ճնշման լծակ՝ հետագա բանակցություններում զիջումներ կորզելու համար:
Այս համատեսքում Հայաստանի համար ևս որևէ կերպ ձեռնտու չէ անկայուն Իրանը։ Իրանի կայունությունն ու տարածաշրջանում ազդեցությունն այն գործոններից են, որոնք կարող են զսպել Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ախորժակը։
Ժաննա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Իրանագետ
Երևան
_______________________
[1] Իրանի ոստիկանական ուժերի մաս, որը հետևում է երկրում իսլամական դրես-կոդի պահպանմանը։
[2] مادر مهسا امینی: دخترم پیش از بازداشت در سلامت کامل بود, https://www.radiofarda.com/a/interview-with-mahsa-amini-mother/32036844.html, Radiofarda, 16.09.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[3] علت فوت مهسا امینی مشخص شد, https://www.imna.ir/news/610331/, Imna, 07.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[4] صفر تا صد بازداشت مهسا امینی توسط گشت ارشاد تا انتقالش به بیمارستان
,հասանելի է՝ 19.10.2022:
[5] «دریدند و دریدند، شریف رو به خون کشیدند», https://www.bbc.com/persian/live/63113897, BBC, 04.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[6] Iran Protests: At Least 215 People Including 27 Children Killed, https://iranhr.net/en/articles/5520/, Iranhr.net, 17.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[7] با تصمیم شورای امنیت کشور دسترسی به اینستاگرام از شب گذشته از داخل ایران ممکن نیست. همچنین دسترسی به واتسآپ هم دارای اختلال است., https://www.entekhab.ir/fa/news/696022/, Entekhab, 22.09.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[8] ۲۵۰۰تجمع مسالمتآمیز در ۲سال |, https://www.hamshahrionline.ir/news/712807/, Hamshahri, 17.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[9] Iranian Officials Confirm 25 Dead in Protests, https://www.voanews.com/a/iranian-officials-confirm-25-dead-in-protests/4207145.html, Voanews, 14.01.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[10] تعداد کشته های حوادث آبان در ایران ۲۳۰ نفرو https://www.isna.ir/news/99031207389/, Isna, 01.06.2020, հասանելի է՝ 19.10.2022:
[11] عبور صادرات نفت ایران از مرز 2 میلیون بشکهو, https://www.khordad.news/fa/news/160049/, Khordad.news, 04.05.2016, հասանելի է՝ 19.10.2022:
[12] ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից, https://razm.info/125715, razm.info, 08.05.2018, հասանելի է՝ 19.10.2022:
[13] سید ابراهیم رئیسی، رئیس جمهور منتخب ایران شد, https://setaresobhonline.ir/content/154504/, setaresobhonline, 20.06.2021, հասանելի է՝ 19.10.2022:
[14] Biden, Top US Officials Voice Support For Iran Protests, https://www.iranintl.com/en/202210155217, Iranintl.com, 15.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[15] U.S. Treasury Issues Iran General License D-2 to Increase Support for Internet Freedom,Treasury.gov, https://home.treasury.gov/news/press-releases/jy0974,23.09.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[16] US issues more Iran sanctions over crackdown on protests, https://www.aljazeera.com/news/2022/10/6/us-issues-more-iran-sanctions-over-crackdown-on-protests, aljazeera, 06.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[17] UK announces sanctions against Iran’s morality police, https://www.theguardian.com/world/2022/oct/10/iran-morality-police-uk-sanctions-mahsa-amini-protests, Theguardien, 10.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[18] Canada imposes additional sanctions on the Iranian regime, https://www.canada.ca/en/global-affairs/news/2022/10/canada-imposes-additional-sanctions-on-the-iranian-regime.html․canada.ca, 13.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[19] EU imposes sanctions on Iran’s morality police and officials, https://www.aljazeera.com/news/2022/10/17/eu-imposes-sanctions-on-irans-morality-police-officials, aljazeera, 17.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[20]فهرست جدید تحریمهای ایران علیه مؤسسات و مقامات غربی, https://www.isna.ir/news/1401072715413/, Isna, 19.10.2022, հասանելի է՝ 20.10.2022:
[21] حضرت آیت الله خامنهای: آمریکاییها ایران دوران پهلوی را دوست دارند؛ گاو شیرده و مطیع اوامر آنهاو https://www.khabaronline.ir/news/1679910/, khabaronline, 03.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[22] Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս նահանգները պանթյուրքիստները ներկայացնում են իբրև «Հարավային Ադրբեջան»:
[23] Իրանում պանթուրքիստ ակտիվիստները հերթական սադրանքն են իրականացրել թյուրքալեզու Արդաբիլ նահանգի Մեշգինշահր քաղաքում, https://t.me/haykakanojakh/95342, 23.09.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[24] Иран начал «спецоперацию» против курдов. Вашингтон отвечает. Под угрозой азербайджанские города и Нахчыван, https://haqqin.az/news/261935, Haqqin.az, 04.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[25] Güney Azərbaycan Geçici Milli Məclisi’nin Təşkilat Komitəsi’nin
Yaradılması Haqqında BƏYANAT, Twitter, https://mobile.twitter.com/ElyarMakuyi/status/1578088153046548480, 06.10.2022, հասանելի է՝ 19.10.2022:
[26] رئیسجمهور تغییر مرزهای تاریخی و مسیر ترانزیت ایران و ارمنستان را رد کرد, https://www.irna.ir/news/84911399/, IRNA, 13.10.2022, հասանելի է՝ 19.10.2022: