Հայաստանում և ոչ միայն Հայաստանում շատերը Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև գագաթնաժողովի արդյունքներին որոշակի տագնապով էին սպասում։ Փաշինյանի կողմնակիցները մտահոգված էին, որ Պուտինը նրա վրա ճնշում կգործադրի՝ Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցք» կտրել-բացելու, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «վաշինգտոնյան» սցենարը ձախողելու և մինչև իսկ Հայաստանին Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության անդամություն պարտադրելու նպատակով։ Իշխող ուժի հակառակորդները համոզում էին, որ Փաշինյանը վերջնականապես վատթարացնելու է ՌԴ հետ հարաբերությունները՝ Վաշինգտոնի և Բրյուսելի առջև կատարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները։
Իսկ ի՞նչ է իրականում հոկտեմբերի 31-ին կատարվել Սոչիում։ Նախ և առաջ փորձենք գտնել պատասխանը Սոչիի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության տեքստում։ Միանգամից նշենք Սոչիի տեքստում կարգավորման գործընթացում նոր շեշտադրումներ պարունակող առանցքային դրույթների բացակայությունը։ Կողմերը փաստորեն վերահաստատել են սոսկ ՌԴ մասնակցությամբ մինչ այդ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին անշեղորեն հետևելու պատրաստակամությունը։ Եվ, իհարկե, նշել են ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման առանցքային դերը նրա տեղակայման գոտիում անվտանգությունն ապահովելու հարցում։
Այսինքն՝ Բրյուսելում չորս և Պրահայում ու Վաշինգտոնում կայացած մեկական հանդիպումներից հետո Մոսկվային հաջողվել է լոկ Երևանին և Բաքվին, բայց ամենևին ոչ արևմտյան մայրաքաղաքներին հիշեցնել հակամարտության մեջ իր մոդերատոր լինելու հանգամանքի մասին․․․ Տվյալ հաստատման ամենացայտուն ցուցիչը, թերևս, հենց Պուտինի պնդումն էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների միջև կապի մասին․ «Եվրոպային չի հաջողվի դուրս մղել Ռուսաստանին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- հայտարարել է նա։
Սոչիի հանդիպման արդյունքերով ևս մի առանցքային կետի՝ ռուսաստանյան խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցի վերաբերյալ ՌԴ նախագահը դարձյալ բավականին անկեղծորեն է պատասխանել․ «Դա կախված է այլ հարցերից, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի հնարավոր կնքումից, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանանշման վերաբերյալ պայմանավորվածությունից։ Եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների մասին հարցն այլ կերպ կդրվի։ Իսկ եթե դրանք չլուծվեն կամ լուծվեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի նաև մեր խաղաղապահ ստորաբաժանման ճակատագիրը»,- ասել է Պուտինը։
Սոչիի գագաթնաժողովին Պուտինի տված ևս մի առանցքային բնորոշումն այն էր, որ նա Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումն անվանել է օգտակար։ Հաշվի առնելով, որ եզրափակիչ հայտարարության տեքստում չկար ոչ մի առանցքային կետ հակամարտող կողմերի դիրքորոշումների մերձեցման օգտին, հանդիպումը հաջողված որակել հնարավոր չէ՝ ո՛չ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և ՀՀ ինքնիշխան տարածքի 130 քառ. կմ. գրավմանը գնահատական տալու, ո՛չ Ալիևի հետապնդած հաղորդակցային ուղիների ապաշրջափակման միջանցքային տրամաբանության և, առավել ևս, ո՛չ Արցախի հարցում։
Սոչիի հանդիպումից Պուտինն ակնկալում էր հասնել Արցախի կարգավիճակի հարցի լուծումը երկարաձգելու հարցում Ալիևի համաձայնությանը, բայց դա նրան չի հաջողվել։ Պուտինին նաև չի հաջողվել համոզել Փաշինյանին՝ Ալիևին, Էրդողանին և իրեն նվիրել «Զանգեզուրյան միջանցքը»։ Արդյունքում՝ հայտարարության նախնական տեքստից հարկ է եղել հանել Արցախի կարգավիճակին և միջանցքին վերաբերող երկու կարևորագույն կետ։
Ուժ չգործադրելուց, միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը հարգելուց և, իհարկե, Ռուսաստանին հավերժ երախտագիտություն հայտնելուց բացի Սոչիի հայտարարության տեքստում որևէ այլ բան պարզապես չկա։
Այս հանգամանքը մեծ հավանականությամբ թույլ է տալիս ենթադրել, որ Պուտինին հերթական անգամ երախտագիտություն հայտնելով՝ Փաշինյանն ու Ալիևը սովորության համաձայն կրկին կմեկնեն Բրյուսել և Վաշինգտոն՝ դիրքորոշումների իրական մերձեցում արձանագրելու և սեփական շահերին հետամուտ լինելու նպատակով։ Ընդ որում, կմեկնեն շատ շուտով և այնտեղից կվերադառնան ոչ թե դատարկ հայտարարությամբ, այլ գործընթացն առաջ տանող՝ եթե ոչ Արցախի կարգավիճակը որոշող, ապա առնվազն Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնող և խաղաղ պայմանագրի կնքմանը միտված այնպիսի փաստաթղթով, որը հիմք կդառնա ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար։
Դրա մասին է վկայում առնվազն պրահյան փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հստակ գործողությունների, սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեության փոխհամաձայնեցված օրացույցի առկայությունը։ Այդ փաստաթուղթը ոչ ոք չի վիճարկել կամ չեղարկել։ Այն միանգամայն տարբեր է անորոշ ձևակերպումներով լի Սոչիի հայտարարությունից։
Սակայն Սոչիի տեքստում, այնուամենայնիվ, Հայաստանի համար կա մեկ դրական՝ ուժը չկիրառելու վերաբերյալ կետ։ Հարավային Կովկասում Արևմուտքի աննախադեպ ակտիվությունը, Հայաստանում ԵԱՀԿ և ԵՄ դիտորդների տեղակայումը Մոսկվային, ըստ էության, հարկադրել են հրաժարվել Հայաստանի նկատմամբ Ալիևի ձեռամբ նոր սրացումներ և ագրեսիաներ սադրելու սովորական դարձած գործելաոճից՝ Երևանից իր, Ալիևի և Էրդողանի օգտին նորանոր զիջումներ կորզելու նպատակով։ Պուտինի հռչակագրած քաղաքականության բարձունքներից գետնի վրա իջնելով՝ պարզ է դառնում, որ այսօր արդեն նա է պատրաստ վճարելու ․․․ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար;
Հայաստանը, բացառապես սեփական շահերից ելնելով, այս ամենի մեջ պետք է պարզապես ցուցադրի Բրյուսելի, Վաշինգտոնի և անգամ Մոսկվայի հետ աշխատելու իր պատրաստակամությունը՝ նկատելիորեն «սեղմված» Ալիևի վրա հնարավորինս մեծ ծավալով բարդելով բացակայող բանակցային առաջընթացի համար ողջ պատասխանատվությունը՝ այդ թվում և Սոչիում։ Հենց սրա մասին է նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ում բավականին դիվանագիտորեն հայտարարել վարչապետ Փաշինյանը։ Հենց այս հայտարարության մեջ է մեծ հաշվով երևակվում հզորացող Արևմուտքի և թուլացող, բայց Հայաստանի համար դեռևս վտանգ ներկայացնող Ռուսաստանի միջև մանևրելու՝ Հայաստանի ներկայիս ընթացիկ քաղաքականության էությունը։ Խորհուրդ կտամ ուշադիր ընթերցել ելույթի այս հատվածը.
«Հայաստանի քաղաքականությունը Սոչիից առաջ և հետո որևէ՝ անգամ նվազագույն փոփոխություն չի կրել, քանի որ այն ի սկզբանե այդպիսին էր։ Կարող է այլ տպավորություն ստեղծվել, բայց ուզում եմ դա ընդգծել։ Եվ ես ուրախ եմ արձանագրելու այն փաստը, որ Սոչիում, ըստ էության, արձանագրվել են պրահյան համաձայնությունները, այսինքն՝ ես դրանք արձանագրել եմ, սակայն ընդդիմախոսների կողմից դրա ոչ մի հերքում չի հետևել»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան