Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական բանակցություններն ու արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն աստիճանաբար դառնում են տարածաշրջանային և միջազգային դերակատարների մրցակցության թատերաբեմ:
Առաջին հերթին սա վերաբերում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ընթացող փաստացի պատերազմին: 2014 թվականից ի վեր ռուս-ամերիկյան հարաբերություններն անընդհատ վատթարանում էին, իսկ 2022 թ. փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո դրանք ավելի լարված են, քան նույնիսկ սառը պատերազմի որոշ հատվածներում: Ներկայումս ԱՄՆ-ն ձեռնամուխ է եղել բոլոր ուղղություններով Ռուսաստանի թուլացման ռազմավարությանը՝ ներառյալ հետխորհրդային տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության նվազումը: Այս համատեքստում ԱՄՆ-ի ինտենսիվ ներգրավվումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնաժամկետի առաջ քաշումը լրջորեն մտահոգել է Ռուսաստանին:
2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը փաստացի Ռուսաստանի համար մենաշնորհային դիրք ապահովեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ էականորեն սահմանափակելով Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների դերակատարությունը: Ռուսական մենաշնորհն առաջին հերթին խախտվեց ԵՄ-ի կողմից, երբ 2021 թ. դեկտեմբերին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպվեց Փաշինյան-Ալիև առաջին գագաթնաժողովը: 2022 թվականը նշանավորվեց ԵՄ-ի ներգրավման առավել ինտենսիվացմամբ՝ 2022 թ. ապրիլին, մայիսին, և օգոստոսին Բրյուսելում կազմակերպված հայ-ադրբեջանական գագաթնաժողովների տեսքով: Եվրամիության ակտիվացումը որոշակի մտահոգություններ էր առաջացրել Ռուսաստանում, սակայն նույնիսկ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը բացահայտ դեմ չէր արտահայտվում եվրոպական ջանքերին՝ դա չդիտելով բացառապես Արմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու ջանքերի շրջանակում:
Իրավիճակն այլ է ԱՄՆ-ի միջնորդության պարագայում: Ռուսաստանում գրեթե համոզված են, որ ԱՄՆ-ի հիմնական նպատակն է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով հասնել Արցախից ռուս խաղաղապահների, իսկ որոշ ժամանակ անց նաև Հայաստանից ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների դուրսբերմանը: Այս համատեքստում պատահական չէր փորձագետների հետ Վալդայի ակումբում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կարգավորման «Վաշինգտոնյան տարբերակի» մասին, որը, նրա ասելով, ենթադրում է Արցախի ճանաչում որպես Ադրբեջանի մաս:
Իհարկե, դժվար է հստակ գնահատականներ տալ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրերի «ռուսական», «եվրոպական», և «ամերիկյան» տարբերակների վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանցից որևէ մեկը պաշտոնապես հրապարակված չէ, իսկ ամերիկյան իշխանություններն ընդհանրապես հերքում են «ամերիկյան տարբերակի» գոյությունը:
Այնուամենայնիվ, մեկ բան հստակ է. եթե ստորագրվում է հայ-ադրբեջանական պայմանագիր առանց Արցախի մասին որևէ հիշատակման, և եթե դրան զուգահեռ Արցախի վերաբերյալ չի ստորագրվում մեկ այլ փաստաթուղթ, որը փաստում է Արցախի խնդրի գոյությունը, ապա Ադրբեջանը լուրջ հիմքեր է ստանում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը չերկարաձգելու համար:
Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության պայմանագրում որևէ հիշատակում կատարել Արցախի վերաբերյալ և մերժում է պայմանագրին զուգահեռ Արցախի վերաբերյալ այլ փաստաթղթի ստորագրումը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջան-Արցախ ձևաչափով բանակցությունների հնարավորությունը՝ հայտարարելով, որ քննարկումներ կարող են տեղի ունենալ բացառապես Ադրբեջանի կառավարություն- Ադրբեջանի ծագումով հայ քաղաքացիներ հարթությունում: Ադրբեջանը, միևնույն ժամանակ, շարունակում է հստակ ռազմական շանտաժը՝ ուղղակի հայտարարելով, որ իր պայմաններով պայմանագրի չստորագրման դեպքում դիմելու է ռազմական նոր գործողությունների:
Ստեղծված իրավիճակում առկա է երկու լուծում՝ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրում Ադրբեջանի պայմաններով, կամ պայմանագրի չստորագրում:
Ընդսմին, Ռուսաստանին ձեռնտու է նոյեմբերի 10-ից հետո ձևավորված նոր ստատուս քվոյի պահպանումը: Այս պարագայում 2020 թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ չանցած Արցախի տարածքները դե յուրե ճանաչվում են Ադրբեջանի մաս, սակայն իրականում գտնվում են ռուսական վերահսկողության ներքո: Ստատուս քվոյի պահպանման համար կամ պետք է ստորագրվի հայ-ադրբեջանական պայմանագիր, որը կֆիքսի, որ Արցախի հարցը շարունակում է մնալ չկարգավորված, կամ պայմանագիր չպետք է ստորագրվի:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանն ի վիճակի չէ արգելել Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ իրականացնել ռազմական շանտաժի քաղաքականություն: Ռուսաստանը կարող է կոշտ արձագանքել Սյունիքի կամ Վայոց Ձորի տարածքով դեպի Նախիջևան ուժով միջանցքի բացման ադրբեջանական փորձերին, սակայն դժվար թե կանխի Հայաստանի քաղաքները և գյուղերը հրետակոծելու, Հայաստանի տարածքում նոր բարձունքներ գրավելու ադրբեջանական փորձերը:
ԱՄՆ-ն ևս հստակ դեմ է արտահայտվում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական շանտաժի քաղաքականության իրականացմանը՝ միևնույն ժամանակ կողմերին հորդորելով հնարավորինս արագ հասնել երկկողմ պայմանագրի ստորագրմանը առանց Արցախի խնդրի հիշատակման՝ խոստանալով աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի վերջիններս սկսեն խոսել Արցախի հայերի հետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում հայերի իրավունքների և անվտանգության ապահովման շուրջ:
Ստեղծված պայմաններում Հայաստանը կանգնած է բավականաչափ բարդ ընտրության առջև: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը վաղ թե ուշ անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի ամբողջական հայաթափմանը: Պայմանագրի ստորագրումից հրաժարվելու դեպքում Ադրբեջանը պարբերաբար դիմելու է ռազմական լայնածավալ սադրանքների՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական և տնտեսական ռազմավարական
հետազոտությունների կենտրոնի նախագահ
Երևան