Համավարակի պատճառով ծագած տնտեսական ճգնաժամի և Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով միջազգային հարաբերություններում ծագած քաղաքական ճգնաժամի համապատկերում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն իրավացիության յուրահատուկ թեստ դարձան ԱՄՆ գործող վարչակազմի և Դեմոկրատական կուսակցության նախընտրած քաղաքական ուղեգծի համար։ Դա Ամերիկայի, Բրիտանիայի և Եվրոպայի միջև անդրատլանտյան պատմական ալյանսի նորացումն է, ասիական ժողովրդավարությունների հետ համագործակցության նորացումը, կոռուպցիան և ավտորիտարիզմը ԱՄՆ ազգային անվտանգության համար որպես սպառնալիքներ ընկալումը, իսկ ս.թ. փետրվարի 24-ից հետո էլ՝ Ուկրաինային անվերապահ աջակցելու ուղեգիծ, ներքին կյանքում էլ՝ տեխնոլոգիական հեղափոխության առաջմղման և ժողովրդավարության ամրապնդման ուղեգիծ։
Միևնույն ժամանակ, այդ ընտրությունները նշված ուղեգծի համակարգային այլընտրանքի պահանջվածության թեստ էին, այլընտրանք, որով հանդես էին եկել Հանրապետական կուսակցության մի հատվածի ներկայացուցիչները՝ նախկին նախագահ Թրամփի գլխավորությամբ։ Իսկ այլընտրանքի էությունն այն է, որ Ամերիկան ինքն է իր դաշնակիցը, և որ կարիք չկա հարկատուների փողերը ծախսել օվկիանոսից անդին՝ «հեռավոր Ուկրաինայի համար և երկիրը տանել դեպի հնարավոր միջուկային պատերազմ», և այլն։
Ընտրությունների արդյունքները հաստատեցին ընդհանուր առմամբ ամերիկյան հանրության քաղաքական հասունությունն ու ողջամտությունը. գործող իշխանությունը ճիշտ է վարում երկիրը, բայց նրան հարկ է ավելի լավ վերահսկել, իսկ Թրամփին ու ընկերներին հարկ է հեռու պահել քաղաքական գործընթացներից։
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում դժվար է գերագնահատել այդ ընտրությունների կարևորությունը, քանի որ Ամերիկայի ժողովրդի ընտրությունը նաև մի գործոն է, որը կանխորոշելու է հաջորդ երկու տարիներին գործող վարչակազմի ուղեգիծը, իսկ դա մի ժամանակահատված է, որը հաստատապես հարուստ է լինելու իրադարձություններով, որոնք էլ իրենց հերթին կանխորոշելու են Պատմության հետագա ընթացքը։
Մեր հերթական թողարկումը նվիրված է ամերիկյան ընտրություններին։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն
թողարկման գլխավոր նկարը՝ Shutterstock