Հավանական է, որ Բրյուսելում և Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, ԱԳՆ ղեկավարների, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև բոլոր նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն առնվազն արգելակված են։ Առավել ևս չենք խոսում մինչև այս տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր ստորագրելու հայտարարված մտադրության մասին։ Համենայն դեպս, հենց դրա մասին է վկայում վերջին շաբաթներին Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հռետորաբանությունը։ Այն տպավորությունն է, որ իրերի նման դրությունը հոկտեմբերի 31-ին Փաշինյան-Ալիև-Պուտին՝ Սոչիում կայացած գագաթնաժողովի հետևանք է։
Մեր նախորդ հոդվածում (https://theanalyticon.com/ru/noyabr-2022) արձանագրել ենք Սոչիի եզրափակիչ փաստաթղթում կարգավորման գործընթացում որևէ նոր շեշտադրում պարունակող առանցքային դրույթների բացակայությունը։ Կողմերը փաստորեն սոսկ վերահաստատել են ՌԴ մասնակցությամբ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ կատարման նկատմամբ հավատարմությունը։ Եվ, իհարկե, նշել են տեղաբաշխման գոտում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման առանցքային ներդրումն անվտանգությունն ապահովելու հարցում։
Ընդ որում, դեռևս հերթական՝ «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ նախագահը դիվանագիտորեն, բայց և միանգամայն թափանցիկորեն բացահայտել է Սոչիում նրա ունեցած գլխավոր նպատակը՝ չթույլատրել Երևանի և Բաքվի միջև արևմտյան միջնորդությամբ խաղաղ պայմանագրի ստորագրումը։ Եվս երկու նպատակների մասին՝ համոզել Ալիևին համաձայնվելու Արցախի կարգավիճակի հարցի լուծման հետաձգմանը, իսկ Փաշինյանին՝ Ալիևին, Էրդողանին և իրեն նվիրել «Զանգեզուրի միջանցքը», Պուտինն, իհարկե, լռել է։ Սակայն Սոչիից հետո Հայաստանի հասցեին հնչած Ալիևի հերթական սպառնալիքները և ագրեսիան շարունակելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված՝ Փաշինյանի նոր մեղադրանքները վկայում են, որ անգամ եթե Պուտինին չի հաջողվել Սոչիում հասնել իր նպատակների լիակատար իրագործմանը, ապա դրանց նվազագույնի իրականացումն իր համար ակներև դրական ելքով է պսակվել։
Հայտարարության նախնական տեքստից Պուտինը ստիպված է եղել հանել իր համար երկու ամենակարևոր՝ Արցախի կարգավիճակի և «Զանգեզուրի միջանցքի» մասին կետերը։ Սակայն «շունը խոտի դեզի վրա» սկզբունքի համաձայն նրան հաջողվել է, ընդգծենք, Փաշինյանին ու Ալիևին համոզել և ստիպել Բրյուսելի ու Վաշինգտոնի միջնորդությամբ չստորագրել ոչ մի համաձայնագիր։ Հենց այդ պատճառով էլ երկու հակամարտող երկրների առաջնորդների Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ հայտարարված՝ նոյեմբերի վերջին կայանալիք նոր հանդիպման մասին չի խոսվում։ Իսկ տառացիորեն մի քանի օր առաջ էլ Ալիևը փաստորեն հրաժարվեց Բրյուսելում Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումից՝ դա պատճառաբանելով այնտեղ նախագահ Մակրոնին տեսնելու չկամությամբ։ Բրյուսելում, լավագույն դեպքում, կարող է սպասվել ԱԳՆ ղեկավարների մակարդակով Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Վլադիմիր Վլադիմիրովիչի՝ Սոչիում արձանագրած հաջողությունները գիտակցել է նաև դրանց գլխավոր հասցեատեր ԱՄՆ-ն։ Նոյեմբերի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Նիկոլ Փաշինյանին նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած բանակցությունների դինամիկան պահպանելու կոչ է արել․ «Միացյալ Նահանգներն առաջվա պես հավատարիմ է այդ ջանքերին»,- ընդգծել է Բլինքենը։
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է խաղաղ գործընթացի նկատմամբ իր երկրի աջակցությունը և երկու կողմերին, ուշադրություն, կոչ է արել «հետագա բանակցությունները ծրագրել այնպես, ինչպես դա համաձայնեցվել է Վաշինգտոնում»։ Բլինքենը նաև Ալիևին է հորդորել պահպանելու հրադադարի ռեժիմը և բացառելու սադրանքները, միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար։
ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ մամլո հաղորդագրությունների համաձայն՝ Ալիևն ակնհայտորեն մտադիր չէ ընդառաջ գնալ ԱՄՆ պետքարտուղարի հորդորներին։ Համարյա միշտ Հայաստանում օրն սկսվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիրքերի հրետակոծության լուրերից։ Վերջերս կրկին հաճախակիացել են Արցախում խաղաղ բնակչության ուղղությամբ կրակոցները։ Նշանառու կրակի տակ են հայտնվում տրակտորիստներն ու հովիվները։ Իսկ Փաշինյանը երկաթե բռունցքներով թափահարող Ալիևի ֆոնին թերևս խաղաղության աղավնու պես է նայվում։ Բայց իրականում նա իր գործողություններով խաղաղության պայմանագրի ստորագրմանը մի նշանախեցով իսկ չի նպաստում։
Այսպիսով՝ ստիպված ենք եզրակացնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ ռուսաստանյան քաղաքականության էությունն ու բովանակությունը վերջին երեք տասնամյակներում չեն փոխվել։ Մոսկվան նախկինի պես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սառեցված կամ մխացող վիճակում հակամարտության պահպանմամբ։ Իսկ սա հնարավոր է միայն մի դեպքում՝ Արցախը կախյալ վիճակում պահելով՝ առանց կարգավիճակի, բայց հայաբնակ։ Ահա թե ինչու ենք ասում, որ Սոչիում Պուտինի ջանքերը հաջողությամբ են պսակվել։ Թե ինչ է ասել Պուտինը Սոչիում Փաշինյանին և Ալիևին՝ հայտնի է միայն անձամբ իրենց։ Սակայն ընթացիկ վիճակի պահպանումն ապրիորի Հայաստանի շահերից չի բխում․ սա անառարկելի փաստ է։
Ավելի քան երեք տասնամյակ Հայաստանն ու Ադրբեջանը վարում են փաստացիորեն չդադարող պատերազմ․ նրանք այն փոփոխական հաջողությամբ են վարում։ Այս պատերազմում մեր ժողովուրդներին մի բան է միավորում՝ տասնյակ հազարով զոհեր և հաշմանդամ դարձածներ, հարյուր հազարավոր փախստականներ և կործանված ճակատագրեր։ Այս խելացնոր պատերազմի կնճիռն Արցախն է, որը 1988 թվականից կատարել է լիակատար՝ 360 աստիճանով շրջապտույտ, կրկին վերադառնալով այն շրջափուլ, որում նա չի պատկանում թե՛ Հայաստանին և՛ թե Ադրբեջանին։ Հայերի և ադրբեջանցիների արյունն ավելի քան 30 տարի հոսում է հանուն Ռուսաստանի շահերի, հանուն Երևանում և Բաքվում իշխանություն պահպանելու նպատակի, բայց ոչ հանուն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի։
Այս աշխարհում միակ բանը, որի մասին պետք է մտածեն Փաշինյանն ու Ալիևը, անիմաստ արյունահեղության դադարեցման անհրաժեշտությունն է՝ հանուն մատաղ կյանքերի փրկության։ Եվ հենց այս հարցում են մեր երկու ժողովուրդների շահերը հայեցակարգորեն համընկնում ԱՄՆ-ի ու Եվրամիության աշխարհաքաղաքական շահերի հետ՝ բնականորեն հակադրության մեջ մտնելով Ռուսաստանի և անձամբ Պուտինի շահերի հետ։ Ավելի քան երեք տասնամյակ տևած արյունալի հակամարտությունը պետք է մեկընդմիշտ հասկացնի մեզ, որ չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը չի կարող բխել մեր երկու ժողովուրդների շահերից։
Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան