Պրահայում, Սոչիում, Վաշինգտոնում կայացած հանդիպումները, ինչպես նաև Բրյուսելում առաջիկա հնարավոր հանդիպումը, որն Ադրբեջանի նախագահն արդեն իսկ «տապալված» է համարել՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցության գաղափարի պատճառով. սրանք իրադարձություններ են, որոնք ուրվագծել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի նոր հանգրվանը։ Այս նոր հանգրվանն, անտարակույս, ձևավորվում է այնպիսի գործոնների անմիջական ազդեցությամբ, որպիսին է, օրինակ, առաջին հերթին ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովը (հայաստանյան նախագահության վերջնահատվածում), որտեղ արձանագրվեց կազմակերպության անգործունակությունը։ Իսկ Ադրբեջանի նախագահն էլ սխալվում է՝ հայտարարելով, որ այդ կազմակերպությունում իր երկրի բարեկամներն ավելի շատ են, քան Հայաստանինը, սխալվում է, քանի որ Հայաստանն այնտեղ ընդհանրապես չունի և չի էլ կարող ունենալ բարեկամներ։ Նոր հանգրվանի որոշիչ գործոններից է նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների դինամիկան. դրանց հետևանքով Ռուսաստանը գնալով ավելի թույլ է դառնում, ինչպես նաև թուլանում են Կրեմլի դիրքորոշումները։
Շատ կարևոր է նաև բարոյահոգեբանական բաղկացուցիչը։ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի օրը՝ նոյեմբերի 23-ին, Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև ընդունեց Ռուսաստանը որպես ահաբեկչության հովանավոր երկիր ճանաչելու մասին։ Եվրախորհրդարանում առանց ուշադրության չթողեցին նաև Բելառուսի նախագահին ու բանաձև ընդունեցին, որում փաստեցին Լուկաշենկոյի պատասխանատվությունը նախահարձակ պատերազմում մեղսակցության համար և ընդգծեցին, որ դիկտատորը կանգնելու է տրիբունալի առաջ։ «Լուկաշենկոն և նրան առնչվող անձինք հավասար չափով պատասխանատու են Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար և պետք է պատասխանատվության ենթարկվեն միջազգային տրիբունալի առաջ և Միջազգային քրեական դատարանում»,- ասվում է բանաձևում։
Նման բանաձևերից հետո Արևմուտքի ու Ռուսաստանի (վերջինիս սատելիտ Բելառուսի հետ միասին) միջև անդունդը խորանում է մինչև անհաղթահարելիության մակարդակ, և դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա, առավել ևս, որ առկա է մրցակցություն այդ գործընթացը հովանավորելու հարցում։
Երևանից ու Ստեփանակերտից մեր երկու փորձագետների մտորումներն ու մամուլի արձագանքներն այս ամենի շուրջ կարդացեք հանդեսի հերթական թողարկման նյութերում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն