Մերձավոր Արևելքում հիմնականում 2020-ի վերջից մեկնարկած խորքային քաղաքական գործընթացները, որոնք աստիճանական կերպով վերափոխում են ինչպես տարածաշրջանի առանցքային դերակատարների միջև երկկողմ հարաբերությունների բովանդակությունը, այնպես էլ, ընդհանուր առմամբ, նրա անվտանգային միջավայրը, աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, որոշ բացառություններով հանդերձ, որոշակի բյուրեղացում են արձանագրում։ Այս իրողությունները բավականաչափ կարևոր են գլոբալ առճակատման տարածաշրջանային ուղիղ դրսևորումները հնարավորինս կառավարելիության սահմաններում պահելու տեսանկյունից։ Բանն այն է, որ 2010-ականներից, «արաբական գարնան» հետևանքով, տարածաշրջանին և դրանում առկա մի շարք հիմնախնդիրներին բնորոշ տարաբնույթ փոխհարաբերությունների մակարդակը հակամարտայինից աստիճանական անցում է կատարվում դեպի համագործակցայինի։ Այսինքն, Մերձավոր Արևելքում տևական ժամանակ շարունակվող և համեմատաբար նոր ծագած հիմնախնդիրներում արձանագրված տարբեր մասշտաբի և մակարդակի սրացումներից հետո, կարծես, նկատվում է քաղաքական մոտեցումների բովանդակային փոփոխություն՝ տասնամյակներ շարունակ տարածաշրջանը և նրա գրեթե բոլոր երկրներին լրջագույնս հյուծած տարաբնույթ հակամարտությունների կառավարման կամ կարգավորման գործընթացների հետ կապված։ Եվ թեպետ տարածաշրջանային առանցքային դերակատարների միջև խորքային խնդիրները շարունակվում են չլուծված մնալ, այնուամենայնիվ՝ փոխվում է մոտեցումը դրանց սառեցման հարցում, հատկապես լրջագույնս սրված տնտեսական պատճառների և աշխարհաքաղաքական վերափոխումների ազդեցությամբ։
Ըստ այդմ, էական փոփոխություններ են արձանագրվել արաբ-իսրայելական, Կատարի, սիրիական հիմնախնդիրներում, Թուրքիա-Սաուդյան Արաբիա, Թուրքիա-ԱՄԷ, Թուրքիա-Եգիպտոս, Թուրքիա-Իսրայել և այլ հարաբերություններում։ Նաև աշխարհաքաղաքական զարգացումների ներկա միտումների պայմաններում նկատվում է համադրվող շահերի որոշակի կենտրոնացում Իրանի դեմ՝ առայժմ գոնե ներքաղաքական գործընթացների վրա ազդեցության եղանակով այդ երկրի հետ կապված խնդիրները լուծելու տեսանկյունից։ Դարձյալ, նաև աշխարհաքաղաքական գործընթացների համընդհանուր ազդեցությամբ, ժամանակ առ ժամանակ կրկին օրակարգային են դառնում տարածաշրջանում Թուրքիայի կողմից քրդական խաղաքարտի կիրառման փորձերը։ Առանձին վերլուծության թեմա է նաև ուկրաինական հակամարտության շրջանակներում Թուրքիայի քաղաքականության առանձնահատկությունը, ինչը ևս հնարավոր արդյունքներով կամ հետևանքներով իր ազդեցությունն է ունենալու Մերձավոր Արևելքում ևս։
Սիրիական հակամարտություն
Աշխարհաքաղաքական ներկա իրողություններն ու դրանց հարակից իրողությունները չեն շրջանցում նաև սիրիական հիմնախնդիրը։ Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի, ներքին անկայունության պատճառով Իրանի դիրքերի որոշակի թուլացումը Սիրիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի սևեռվածությունն այլ տարածաշրջանների վրա հնարավորություն են ընձեռել Թուրքիային՝ կրկին քրդական խաղաքարտի կիրառման միջոցով փորձել ակտիվացնելու կիսատ մնացած ծրագրերը Սիրիայի հյուսիսում՝ քրդական կազմավորումների դեմ։
Դեռևս ընթացիկ տարվա մայիս-հունիսին, պայմանավորված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով, Թուրքիան ակտիվ քաղաքական օրակարգ վերադարձրեց քրդական խնդիրը։ Մինչդեռ այդ ժամանակահատվածում շահագրգիռ այլ դերակատարների՝ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի կտրուկ դիրքորոշումները խոչընդոտեցին Սիրիայում Թուրքիայի կողմից նոր գործողության իրականացման ծրագրերին։ Մինչդեռ Ստամբուլում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած խիստ կասկածելի «ահաբեկչական հարձակումը», որի հետքերը, թուրքական հատուկ ծառայությունների համաձայն, տանում էին դեպի Սիրիայի քրդաբնակ շրջաններ, որպես պատրվակ օգտագործվեց Անկարայի կողմից նոր ռազմագործողության սանձազերծման համար։ Նոյեմբերի 20-ին Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Իրաքի և Սիրիայի հյուսիսում գտնվող և ահաբեկիչների կողմից Թուրքիայի դեմ հարձակումներում որպես ռազմաբազա օգտագործվող շրջաններում PKK/KCK/YPG-ի և այլ ահաբեկչական տարրերի չեզոքացմամբ «Ճիրան-սուր» օդային ռազմագործողության» իրականացման մասին, որի արդյունքում ցայժմ ոչնչացվել է «ահաբեկիչների» շուրջ 100 թիրախ և մոտ 500 զինյալ։
Թուրքիայի իշխանությունները հայտարարում են նաև ցամաքային գործողության հնարավորության մասին, որը դարձյալ փորձում են խոչընդոտել հիմնական շահագրգիռ դերակատարները։ Մինչդեռ այդ գործողության և քրդական հիմնախնդրի վերհանման հարցը Թուրքիայի իշխանությունների համար նաև ներքաղաքական օրակարգի հարց է՝ 2023 թ. հունիսին նախանշված համապետական ընտրություններին ընդառաջ։ Հետևաբար, Էրդողանի վարչակարգի համար նոր «արտաքին հաղթանակի» մասշտաբի և այն ի ցույց դնելու ժամանակահատվածի ընտրության հարցը պայմանավորված է լրջագույն արտաքին և ներքին քաղաքական հաշվարկներով՝ երկու ուղղությամբ էլ առավելագույն արդյունավետություն արձանագրելու նպատակով։
Բացի վերոնշյալից, սիրիական հակամարտության համատեքստում արձանագրվում են նաև տարածաշրջանային մրցակցության նոր միտումներ։ Մասնավորապես, Սիրիայում իրենց տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիային և Իրանին զգալիորեն զիջած արաբական երկրները, կարծես, փոխում են իրենց նախկին ձախողված մարտավարությունը՝ փորձելով վերականգնել Սիրիայում իշխող վարչակարգի հետ անցած 10 տարվա ընթացքում առնվազն սառեցված հարաբերությունները։ Տարբեր ոլորտներում (մարդասիրական, տնտեսական, շինարարական, քաղաքական և այլն) աջակցության առաջարկներով փորձեր են նախաձեռնվում՝ վերականգնելու հարաբերությունները հակամարտության շրջանակներում գոնե առայժմ անհամեմատ առավել բարենպաստ դիրքեր ունեցող Բաշար ալ-Ասադի վարչակարգի հետ։ Քննարկվում է ԱՊԼ-ում Սիրիայի անդամակցության վերականգնման հարցը։ Այս ուղղությամբ բավականաչափ ակտիվ են ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան։
Իրավիճակն Իրանում
Սեպտեմբերի 14-ին Թեհրանում գլխաշորը սխալ կրելու համար «բարքերի ոստիկանության» կողմից ձերբակալված, ծագումով քուրդ Մահսա Ամինիի մահվան պատճառով Իրանում սկիզբ առած ներքաղաքական բողոքի գործողությունները նաև այդ երկրի արտաքին հակառակորդների ակտիվ միջամտությամբ տևական անկայունության պատճառ են դարձել։ Բանն այն է, որ ուկրաինական հակամարտության համատեքստում Ռուսաստան-Իրան խորացող նաև ռազմական համագործակցության թիրախավորմամբ Արևմուտքի կողմից, կարծես, որդեգրվել է նոր մարտավարություն՝ միտված նվազագույնը Իրանին շատ ավելի ծանր պայմաններով միջուկային համաձայնագիր պարտադրելու, առավելագույնը՝ այդ երկրում գործող կրոնական վարչակարգը տապալելու ծրագրերին։
Նման սցենարի իրատեսականությունը հավանական դարձավ, երբ ձախողվեց դեռևս 2021 թ. ապրիլից մեկնարկած Իրան-ԱՄՆ համաձայնության հասնելու վերջին փորձը, որը նախաձեռնվել էր դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի անմիջական միջնորդությամբ։ Ավելին, քննարկվող փաստաթղթի վերաբերյալ առաջարկների փոխադարձ փոխանակումից հետո կողմերի մեկնաբանությունները հաստատում են, որ առկա խնդիրները մեծ մասամբ արհեստական են։ Նույն տրամաբանության մեջ էր նաև խնդրի շուրջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անդրադարձը, ըստ որի ԱՄՆ-ն չի շտապում գործարք կնքել Իրանի հետ և կգնա դրան միայն այն դեպքում, եթե նոր համաձայնությունը կբարձրացնի իր ազգային անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ բացի Իրան-ԱՄՆ ուղիղ տարաձայնություններից, գործընթացի տապալման վրա էական ազդեցություն են ունեցել նաև Իրանի տարածաշրջանային մրցակիցներից Իսրայելը, Սաուդյան Արաբիան և այլն: Իսկ ներկայումս ինչպես վերոնշյալ դերակատարները, այնպես էլ նրանց համախոհ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հնարավոր հարթություններում ջանքեր են գործադրում Իրանում անկայունության խորացման ուղղությամբ։
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վերանայումը
Դեռևս 2020-ի տարեվերջից Թուրքիայի կողմից տարածաշրջանային մրցակիցների և հակառակորդների հետ երկարատև լարվածությունը թուլացնելու ակտիվ փորձերը շարունակվում են։ Ինչպես միաժամանակ մի քանի հակամարտություններում ակտիվ ներգրավվածության պատճառով Անկարայի հյուծվածությունը, այնպես էլ տնտեսական լրջագույն խնդիրներն ու 2023-ի հունիսին նախանշված համապետական ընտրությունները դրդեցին Էրդողանի վարչակարգին ոչ միայն դիմելու կարգավորման, այլև փորձելու ֆինանսական միջոցներ ներգրավել հատկապես մի շարք կարևոր արաբական դերակատարներից՝ երկրում խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմելու նպատակով։ Այս տեսանկյունից հատկապես հիշատակման է արժանի Թուրքիա-ԱՄԷ, Թուրքիա-Սաուդյան Արաբիա, Թուրքիա-Եգիպտոս, Թուրքիա-Իսրայել կարգավորման ջանքերը, որոնք գործադրվում են հատկապես Անկարայի նախաձեռնողական քաղաքականության արդյունքում։ Այս ուղղությամբ Անկարայի սկզբունքային քաղաքականության կարևոր դրդապատճառներից է նաև այլ տարածաշրջաններում ակտիվանալուն միտված ծրագրերի առկայությունը։
Թվարկված արաբական երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին «արաբական գարնան» գործընթացների ընթացքում, մասնավորապես Եգիպտոսում, Սիրիայում, տեղ գտած զարգացումների համատեքստում, իսկ լարվածությունը գագաթնակետին է հասել 2019-2020 թթ. լիբիական հակամարտության շրջանակներում։
Թուրքիա-ԱՄԷ կարգավորման գործընթացի համատեքստում շուրջ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո՝ 2021 թ. վերջերից, տեղի են ունեցել մինչև հնարավոր ամենաբարձր՝ նախագահների մակարդակով փոխայցելություններ։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր տրանսպորտային նախագծերի ու Թուրքիայում 10 մլրդ դոլարի ներդրման վերաբերյալ։
Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները լարվածության գագաթնակետին էին հասել դեռևս 2018 թ. հոկտեմբերին Ստամբուլում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո, որի կազմակերպման մեջ մեղադրվում է սաուդյան թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանը։ Նրա հասցեին Էրդողանի հնչեցրած մեղադրանքները ծայրաստիճան սրել էին երկկողմ բարդ հարաբերությունները։ Լարվածության պատճառով Ռիադն անգամ ոչ պաշտոնական տնտեսական բոյկոտ էր հայտարարել Անկարային՝ լրջագույն խնդիրներ առաջացնելով թուրք գործարարների համար։ Մինչդեռ նախ ավարտվող տարվա ապրիլին Էրդողանի գլխավորած պատվիրակության այցը թագավորություն, ապա նաև թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի փոխադարձ այցն Անկարա սկիզբ դրեցին երկկողմ հարաբերությունների վերականգնման։ Օրերս Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի ավանդ ներդնելու մտադրության մասին:
Բավականաչափ բարդ և դանդաղ ընթացող Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման ամենաառանցքային շրջադարձը գրանցվեց Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման միջոցառման շրջանակներում։ Տևական լարվածությունից հետո առաջին անգամ հանդիպեցին երկու երկրների ղեկավարները՝ հայտարարելով հարաբերությունների կարգավորման փոխադարձ հետաքրքրության մասին։ Հարկ է հիշեցնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին 2013 թ. հուլիսին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքում իշխանությունից հեռացվել և արգելափակվել էր Թուրքիայում իշխող ԱԶԿ-ի գաղափարակից «Մուսուլման եղբայրներ» խմբավորումը՝ նրա առաջնորդ, պաշտոնանկ նախագահ Մուհամմադ Մուրսիի գլխավորությամբ։
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդական շրջանների դեմ նոր ռազմագործողության մեկնարկից ի վեր բավականաչափ ակտիվացել են Թուրքիա-Սիրիա հարաբերությունների կարգավորման մասին տեղեկությունները։ Շրջանառվում է նաև Էրդողան-Ասադ հանդիպման կազմակերպման մասին տեղեկատվություն՝ Ռուսաստանի միջնորդությամբ։ Մինչ այժմ երկու երկրների միջև ուղիղ կապը պահպանվել էր բացառապես անվտանգային-հետախուզական ծառայությունների ղեկավարների շփումների միջոցով։
Դեռևս 2021 թ. նոյեմբերին Էրդողանի նստավայրը լուսանկարելու պատճառով ձերբակալված իսրայելցի ամուսիններին Թուրքիայի իշխանությունների կողմից ազատ արձակելու առիթով մեկնարկած Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման գործընթացը 2022 թ. առավել լայն թափ ստացավ։ Նշված միջադեպի հանգուցալուծման արդյունքում շուրջ ութնամյա դադարից հետո Թել Ավիվի նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ են տեղի ունեցել մի կողմից Իսրայելի նախագահի և վարչապետի, մյուս կողմից՝ Թուրքիայի նախագահի միջև։ 2022 թ. մարտին նախ Թուրքիա այցելեց Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ Մայիսին Իսրայել ժամանեց Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուն՝ դառնալով վերջին 15 տարվա ընթացքում այդ երկիր այցելած առաջին թուրք պաշտոնյան։ Բավականաչափ ակտիվացած երկկողմ բանակցությունների արդյունքում արդեն օգոստոսին Թուրքիայի նախագահ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Լապիդի միջև կայացած հեռախոսազրույցից հետո կողմերը հայտարարեցին դիվանագիտական հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու մասին։ Դրան հաջորդեց դեսպանների նշանակման գործընթացը։
Թուրքիա-Իսրայել հարաբերություններում լարվածությունը շարունակվում է 2010-ից, երբ իսրայելական հատուկ ջոկատայինները գրավել էին շրջափակված Գազայի հատվածի պաղեստինցիներին հումանիտար աջակցություն տեղափոխող թուրքական «Մավի Մարմարա» նավը. միջադեպի հետևանքով սպանվել էին Թուրքիայի քաղաքացիներ։ Երկկողմ հարաբերություններում ճգնաժամի գագաթնակետը 2018-ին Երուսաղեմի խնդրով պայմանավորված Իսրայելի և պաղեստինցիների միջև տևական ժամանակ ձգված բախումներն էին, որոնց ընթացքում Անկարան համարվում էր պաղեստինցիների գլխավոր արտաքին աջակիցներից մեկը։
Հարկ է նշել, որ Թուրքիայի կողմից տարբեր ուղղություններում լարվածության թուլացմանը միտված նպատակային քաղաքական ուղեգծում կարելի է տեղավորել նաև դեռևս 2021-ի դեկտեմբերից մեկնարկած «առանց նախապայմանների» հռչակված Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մինչդեռ վերջինը, ի տարբերություն վերոնշյալ ուղղությունների, դեռևս շոշափելի արդյունքներ չի արձանագրել՝ պայմանավորված Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության նպատակներով և դրա համատեքստում գործընթացն Ադրբեջանի հետ ներդաշնակ իրականացնելու քաղաքականությամբ։
Արաբ-իսրայելական հակամարտություն
Անգամ գլոբալ մարտահրավերների պայմաններում մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա բովանդակային ազդեցություն է ունենում դեռևս ԱՄՆ նախորդ նախագահ Դ. Թրամփի վարչակազմի կառավարման վերջին շրջանում՝ ֆորմալ առումով 2020-ի սեպտեմբերից Իսրայելի և մի շարք կարևոր արաբական երկրների միջև մեկնարկած, այսպես կոչված, «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրման պատմական գործընթացը (մինչ այդ արաբական երկրներից Իսրայելի հետ խաղաղության պայմանագրեր ստորագրել էին միայն Եգիպտոսը 1979 թ. և Հորդանանը՝ 1994 թ.)։ Դրա արդյունքում հենց Վաշինգտոնում ստորագրվեցին նախ Իսրայել-ԱՄԷ, Իսրայել-Բահրեյն խաղաղության պայմանագրերը, ապա նաև՝ Իսրայել-Սուդան, Իսրայել-Մարոկկո հարաբերությունների կարգավորման փաստաթղթերը։ Այս գործընթացը նպաստեց ոչ միայն դրանց մասնակից դերակատարների միջև երկկողմ հարաբերությունների բարելավմանը, այլև սկզբունքային փոփոխություն մտցրեց տարածաշրջանի ամենաարյունալի և պայթյունավտանգ՝ արաբ-իսրայելական հակամարտության կարգավորման տրամաբանության մեջ։ Մասնավորապես, մինչ այդ արաբական երկրների դիրքորոշման առանցքում բոլոր արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման գաղափարն էր՝ զուգորդված պաղեստինյան հիմնախնդրի վերջնական կարգավորման համընթաց գործընթացով՝ մինչև 1967 թ. հունիսի 4-ը եղած սահմաններում՝ Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում Պաղեստին պետության ստեղծման պայմանով։ Մինչդեռ «Աբրահամյան համաձայնագրերի» միջոցով վերագործարկվեց Իսրայելի հետ սեպարատ խաղաղության ստորագրման գործընթացը։ Դրան մասնակից դարձած արաբական երկրներն իրենց մոտեցումը հիմնավորում էին այն պնդմամբ, թե տասնամյակներ շարունակ Իսրայելի հետ հարաբերությունների հակամարտային բնույթը ոչ միայն չի հանգեցրել հիմնախնդրի հանգուցալուծմանը, այլ հակառակը՝ անգամ ավելի է խորացրել հակամարտ կողմերի միջև թշնամանքը և հեռացրել կարգավորման հնարավորությունը։ Հետևաբար, անհրաժեշտ է փոխել դիրքորոշման սկզբունքը, մասնավորապես՝ փորձել համագործակցային միջավայրում Իսրայելի կախվածության աճի հաշվին հարկադրել նրան գնալ զիջումների։
Հարկ է նշել, որ «Աբրահամյան համաձայնագրերի» գործընթացը շարունակում է միանշանակորեն չընդունվել բազմաթիվ արաբական և մուսուլմանական երկրների կողմից։ Դրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և այլն։ Նաև նշված գործընթացի խորացման դրական միտումներն առայժմ գոնե սրացման նվազագույն հնարավորություն են ապահովում տարածաշրջանի ամենատևական՝ արաբ-իսրայելական հակամարտության համար։
Կատարի հիմնախնդրի կարգավորումը
Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման միջոցառման լուսաբանումը ևս փաստեց, որ, կարծես, արդեն անցյալում է տարածաշրջանային մեկ այլ կարևոր հիմնախնդիր՝ Կատարի հիմնախնդիրը։ Առաջնության կազմակերպիչ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի կողքին էին Պարսից ծոցի տարածաշրջանի և մի շարք այլ արաբական երկրների առաջնորդները, որոնք 2017 թ. հունիսից փորձում էին ծնկի բերել մերձավորարևելյան այս գաճաճ, բայց հավակնոտ պետությանը։ Սաուդյան Արաբիայի գլխավորած ոչ ֆորմալ դաշինքը (ԱՄԷ, Բահրեյն, Եգիպտոս, Եմեն, Լիբիա, և այլն) ահաբեկչությանն ու անջատողականությանն աջակցելու, արաբական երկրների ներքին գործերին միջամտելու, Իրանի հետ համագործակցելու մեղադրանքներով խզել էին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ, ջանում էին քաղաքական և տնտեսական առումներով շրջափակել Կատարը և հասնել իշխանափոխության։ Մինչդեռ Կատարի շրջափակման ծրագիրը ձախողվեց Ռուսաստանի, Իրանի, բայց հատկապես Թուրքիայի կողմից այդ երկրին ցուցաբերած ռազմաքաղաքական, տնտեսական, լոգիստիկ համակողմանի աջակցության արդյունքում։ Այս հիմնախնդրի հանգուցալուծման վրա ևս զգալիորեն ազդել էր ԱՄՆ նախորդ վարչակազմի, ինչպես նաև Քուվեյթի ակտիվ միջնորդությունը։
Միևնույն ժամանակ, նաև աշխարհաքաղաքական իրողությունների ազդեցությամբ որոշակի լարվածություն է արձանագրվում ԱՄՆ-ի և նրա մերձավորարևելյան առանցքային դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի միջև։ Առաջին ուղղությամբ խնդրահարույց իրավիճակը պայմանավորված է OPEC և OPEC+ ձևաչափերում նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ ամերիկյան շահերին հակասող որոշումներով, որում զգալի դերակատարում ունի նաև Էր Ռիադը։ Իսկ Վաշինգտոն-Երուսաղեմ հարաբերություններում կանխատեսվող խնդիրները պայմանավորված են Իսրայելում կայացած ընտրությունների արդյունքում նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած աջամետ-կրոնական ուղղվածության կառավարության ձևավորման գործընթացով։ Դրանում մի շարք ծայրահեղ գործիչների ներգրավման իրողությունը լուրջ դժգոհություններ է առաջացրել ԱՄՆ-ում։
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ գլոբալ լարվածությունն ու աշխարհակարգի փոփոխման գործընթացն առայժմ առանձին դրսևորումներով իրենց ազդեցությունն են ունենում նաև աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում։ Եվ թեպետ ընդհանուր գծերով հիմնական զարգացումներն առայժմ գոնե կառավարելիության սահմաններում են, այնուամենայնիվ, առնվազն մի քանի հիմնախնդիրների շրջանակներում նկատվող մտահոգիչ տեղաշարժերի միտումները թույլ են տալիս կանխատեսելու, որ ուկրաինական հակամարտության չդադարող կրակն աստիճանաբար հասնում է նաև այս տարածաշրջան՝ իր հետ բերելով նոր պայթյունի մեծ հնարավորություն։
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արևելագետ
Երևան