Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարզկենտրոն Խերսոնի և Դնեպրի աջափնյակի ազատագրումից հետո, տևական «աշնանային ճամփախափանքի» ավարտից ու կայուն ցրտերի սկսվելուց հետո, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախահարձակ պատերազմը նոր փուլ մտավ։ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս գերճշգրիտ ու արդյունավետ հարվածներ են հասցնում ռուսաստանյան բանակի ռազմավարական օբյեկտներին երկրի խորքում, ընդհուպ մինչև Պովոլժիե։ Մյուս կողմից, ուկրաինական հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունը գնալով ավելի մեծ արդյունավետությամբ է դիմակայում իր կարևորագույն ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերի հրթիռային-ավիացիոն հարվածներին, խոցելու արդյունավետությունը հասցնելով մինչև 80-90 տոկոս։ Ընդսմին, ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռամշթայնի կոալիցիան մեծացնում է մարտնչող Ուկրաինային ռազմական, տնտեսական ու հումանիտար աջակցությունը։
Այս ամենն, անշուշտ, ուրվագծում է միջազգային հարաբերություններում նոր իրողությունները, որոնք դեռ պետք է ըստ ամենայնի իմաստավորել։ Սա սոսկ ակադեմիական հետաքրքրություն չէ, այլ անհրաժեշտություն է Հայաստանի փորձագիտական հանրույթի, քաղաքական դասի ու ողջ հանրության համար, ինչպես նաև տարածաշրջանի համար, որտեղ առկա իրադարձություններն ու զարգացումները մեծապես ածանցյալ են այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայի մարտադաշտերում։
Ընթացիկ պահի ավելի լավ ընկալման նպատակով մեր հանդեսի նոր թողարկումը նվիրում ենք պատերազմի ընթացքին, ուրվագծվող նոր իրողություններին ու նոր թրենդներին, ու թե որքանով են դրանք տեսանելի Հայաստանից։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն