Ադրբեջանը, այդ երկրի նախագահի խորհրդականի բերանով, հերթական անգամ հայտարարեց, թե մտադիր չէ որևէ մեկի, առաջին հերթին՝ Հայաստանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի խնդիրները։ Այս խոսքերը հնչեցին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունից հետո, թե Հայաստանն ինքն է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, և դա հեշտացնում է բանակցային գործընթացը։ Այդ հայտարարությունից անմիջապես հետո սկսվեց Արցախը Հայաստանին կապող միակ ուղու՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի շրջափակման արշավը։ Այս անգամ Ադրբեջանի նման գործողությունների նոր պատճառ հայտարարվեց. բնապահպանական խնդիրը։ Սակայն դիտորդները չեն կասկածում, որ այդ գործողությունը Արցախը մեկուսացնելու և որպես հայկական օջախ այն վերացնելու անթաքույց քաղաքական մտադրությունների իրականացման շարունակումն է։
Այդ մտադրություններն ամենայն ակնհայտությամբ երևացին դեռևս Արցախում օգոստոսյան ռազմաքաղաքական ակտիվության ժամանակ, երբ Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը ներկայացրեց վերջնագիր՝ մեքենաների շարժն անհապաղ ուղղորդել դեպի իրենց կառուցած նոր ճանապարհը, որը շրջանցում է Լաչին քաղաքը, ինչպես նաև՝ ազատել միջանցքի գոտու բնակավայրերը։ Այդ վերջնագրին ուղեկցող մտացածին ռազմական «հատուցման գործողությունը» կոչված էր հայկական կողմին հասկացնելու Արցախի մեկուսացման ու վերացման և այդ տարածքի վերջնական անեքսիայի քաղաքականությունն ավարտելու մտադրությունների լրջությունը։ Այդ ժամանակ Ադրբեջանը հասավ իր նպատակներին՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի լուռ համաձայնությամբ։
Քանի որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն փոխում իրենց բնույթը և Արցախի բնակչության անվտանգության համար գոյութենական սպառնալիք են, ուստի Ադրբեջանի քաղաքական մտադրությունների և դրանց հասնելու՝ այդ երկրի ղեկավարության մշակած ռազմավարության վերլուծությունը մնում է հրատապ թեմա։ Իմաստ ունի խորությամբ հասկանալ հիշյալ քաղաքականության սկզբունքների ի հայտ գալու ակունքները, ռեսուրսները և իրականացման օբյեկտիվ դժվարությունները։
Այս իմաստով, հարկ է անմիջապես ընդգծել, որ Ադրբեջանի ողջ քաղաքականությունը հիմնված է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի իրավունքների ժխտման և վիճելի տարածքի իրական տեր հայերի իրավունքների ուզուրպացման վրա։ Հետևաբար, Ադրբեջանի գործողությունների ողջ իմաստը հանգում է Արցախը Հայաստանից մեկուսացնելուն՝ ինչպես համաշխարհային քաղաքականության ոլորտում, այնպես էլ «գետնի վրա»։
Ադրբեջանի ներկա խնդիրները սկիզբ են առել նրանից, որ չնայած ԽՍՀՄ փլուզման և Ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացման ժամանակներից ի վեր Ադրբեջանն անընդհատ փորձել է հակամարտության էությունը ներկայացնել իբրև «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթում», միջազգային դիվանագիտության ասպարեզում ճանաչվել է Հայաստանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի ճակատագրի որոշման հարցում։ Նախկին ԼՂԻՄ-ի ժողովրդի համար ճանաչվել է ինքնորոշման իրավունքը՝ հանրաքվեի միջոցով, բոլորի կողմից դրա արդյունքները պարտադիր ճանաչելու պայմանով։ Հայաստանն էլ ճանաչվել է հակամարտության և բանակցությունների հավասարազոր կողմ։ Հայաստանը որպես ԵԱՀԽ[1] անդամ և Մինսկի խմբի 11 անդամներից մեկը, պետք է բոլորի հետ հավասար նախապատրաստեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային համաժողովը։
Համաձայնելով Մինսկի խմբի առաջարկներին որպես բանակցությունների հիմք՝ Ադրբեջանն ակամա ընդունել է Հայաստանի բոլոր իրավունքները։ Իսկ Ադրբեջանի համար բանակցությունների գործընթացին մասնակցելը ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հնարավոր սպառնալիքը կանխելու մեթոդ էր։ Իրականում, Ադրբեջանը պատրաստվում էր Լեռնային Ղարաբաղը նվաճել ռազմական ճանապարհով։ Անցած բոլոր տասնամյակներին ադրբեջանական դիվանագիտությունը զբաղված էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց երկրի իրավունքները պահպանելով։ Նման դիվանագիտության հաջողությանը օժանդակում էր Հայաստանի քաղաքականությունը անկախության առաջին տարիներին, երբ 1991 թվականին ճանաչվեց Ադրբեջանի անկախությունը, ինքնիշխանությունն ու առկա սահմանները և չճանաչվեց ԼՂՀ անկախությունը։
Իր անկախության միջազգային ճանաչում ստանալով՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելու պայմանով, Ադրբեջանը 1992 թվականին խախտեց այդ պարտավորությունը և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժ կիրառեց։ Սակայն նրա ագրեսիվ գործողություններն ավարտվեցին պատերազմում պարտությամբ և Լեռնային Ղարաբաղի ու նրան հարակից յոթ շրջանների կորստով։ Այդ ժամանակ ձևավորված ստատուս քվոն, երբ տարածքները Հայաստանի վերահսկողության տակ էին, իսկ դրանց նկատմամբ բոլոր իրավունքները մնացին Ադրբեջանին, վերջինիս թույլ տվեցին ձևավորված իրավիճակը ներկայացնել իբրև Հայաստանի կողմից իր տարածքների բռնազավթման հետևանք։ Սակայն ՄԱԿ-ի 1993 թվականի չորս բանաձևերը պահանջում էին հայկական զորքերի դուրս բերումը բացառապես ԼՂԻՄ-ին հարակից տարածքներից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանով։ Այդ բանաձևերի դրույթների հիման վրա Մինսկի խումբը պարբերաբար առաջարկում էր կարգավորման նախագծեր, որոնցում զորքերի դուրս բերման պայմաններն էին.
Ա. Ադրբեջանի համաձայնությունը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող՝ Լաչինի շրջանով անցնող միջանցքի պահպանմանը։
Բ. Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժերի միջազգային զորակազմ մտցնելուն համաձայնությունը։
Գ. Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի ճանաչումը և ապագա կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի կազմակերպումը։
Սա էր առաջարկվող փոխզիջումային լուծման գաղափարը։ Սակայն նման պայմանների ընդունումը կնշանակեր, որ Ադրբեջանը համաձայնում է օրինական ճանապարհով Լեռնային Ղարաբաղը կորցնելուն։ Ադրբեջանը նման պայմաններին համաձայնելու մտադրություն երբեք ցույց չի տվել։ Հայաստանը՝ ձևավորված իրավիճակը փոխելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բացառիկ իրավունքներից Ադրբեջանին զրկելու որևէ ջանք չի գործադրել։ Մասնավորապես, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Իրավունքների ամբողջ համախումբը մնաց Ադրբեջանին։ Հետևաբար, տարածքային ամբողջականության վերականգնման համար ուժի կիրառման իրավունքը ոչ մեկի կողմից կասկածի չենթարկվեց։
2010 թվականից ի վեր Ադրբեջանն իրականացնում է Թուրքիայի հետ դաշնային հարաբերությունների ձևավորման և Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության քաղաքականություն։ Դրա նպատակը ադրբեջանական բանակի նորացումն ու հակամարտության ռազմական լուծման իր ապագա ծրագրերում հիշյալ երկրների ներգրավումն էր։ 2016 թվականին ռազմական սցենարի փորձարկումը եղավ։ Դրա արդյունքներից ելնելով՝ Ադրբեջանը կարծրացրեց իր դիրքորոշումը և հրաժարվեց Մինսկի խմբի պահանջներից, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի վերաբերյալ համաձայնությունից։ Դրանով իսկ ցուցադրեց իր հրաժարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից և հետագա «ծառայություններից»։
Ադրբեջանը դիմեց Ռուսաստանին ու Թուրքիային և այդ երկրներին ներգրավեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման իր ծրագրերում։ 2020 թվականին իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ոչնչացնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը Ադրբեջանի և Ռուսաստանի վերահսկողությամբ երկու մասի բաժանելու համատեղ ռազմական գործողություն։ Հայաստանի զորքերը հետագա երկու տարիներին ամբողջությամբ դուսր մղվեցին Լեռնային Ղարաբաղի տարածքից։ Սակայն Հայաստանը պահպանեց իր այն իրավունքները, որոնք բխում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից։ Մասնավորապես՝ պահպանվել են Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի զորքը դուրսբերում պահանջելու, ինչպես նաև՝ Ադրբեջանից համատեղ հայտարարությունը պահպանելը պահանջելու իրավունքները։
Իրականացնելով ԼՂՀ տարածքի մեծ մասի վերադարձը՝ Ադրբեջանում գիտակցեցին, որ իրենց համար խնդիր է դառնում նախորդ տասնամյակում իրենց ընդունած՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը մասնակցելու Հայաստանի իրավունքը։ Այդ հանգամանքը ձևավորեց ներկա պահի ադրբեջանական քաղաքականության ռազմավարությունը։ Այդ ռազմավարությանը համապատասխան Ադրբեջանը կատարեց հետևյալ քայլերը.
– առաջ քաշեց ղարաբաղյան հակամարտության ավարտի գաղափարը և այն թեզը, թե Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն են,
– փորձեց հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ որևէ բանակցությունից,
– փորձեց հրաժարվել Մինսկի խմբից, քանզի այդտեղ առկա են Հայաստանի իրավունքների ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը,
– հրաժարվեց ստորագրել խաղաղարարների մանդատը, որը պետք է ստորագրի նաև Հայաստանը,
– նույն հարթության վրա դրեց Լաչինի միջանցքի և «Զանգեզուրի միջանցքի» հիմնախնդիրները,
– Լեռնային Ղարաբաղի տարածքում սողացող ռազմական և քաղաքական էքսպանսիա իրականացրեց,
– վերջնագիր ներկայացրեց Ռուսաստանին՝ զինաթափելու Արցախի Պաշտպանության բանակը,
– առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների զանգվածային սպանությունների», ինչպես նաև՝ ադրբեջանական տարածքների «բռնազավթման» հետևանքով հասցված վնասի փոխհատուցման պահանջով Հայաստանի դեմ միջազգային դատարան դիմելու մտադրություն հանրահռչակեց,
– մշակեց Արցախի իշխանական վերնախավի ներկայացուցիչների շանտաժի և կաշառելու մեխանիզմներ։
Նպատակը՝ չեղարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեկուսացման և ոչնչացման քաղաքականությանը և այդ տարածքի վերջնական բռնազավթմանը հակազդող բոլոր միջազգային մեխանիզմները։ Միջանկյալ նպատակն է՝ վերահսկողություն սահմանել Ստեփանակերտի վրա և բնակչությանը ստիպել ընդունել ադրբեջանական քաղաքացիություն կամ հեռանալ երկրից։ Այդ նպատակով արդեն տեղեկատվական շրջանառության մեջ է նետվել «ռազմական հանցագործների» թեզը, որոնց ճակատագիրն իբր կարող է լուծել Ադրբեջանի դատական համակարգը։
Այդ քաղաքականության գլխավոր ռեսուրսները Ռուսաստանի հետ համաձայնությունն ու Թուրքիայի աջակցությունն են։ Որպես լրացուցիչ ռեսուրս դիտարկվում է, էներգետիկ պաշարների մատակարարման ծրագիր ներկայացնելով, Եվրոպայի երկրների դիրքորոշումների վրա ազդելու հնարավորությունը։
Ադրբեջանի քաղաքականության իրականացման ճանապարհի հիմնական խոչընդոտը Հայաստանի գործոնն է։ Ոչ թե ինքնին Հայաստանի քաղաքականությունը, այլ Հայաստանի բուն գոյությունը՝ ի շահ տարածաշրջանի երկրների և համաշխարհային տերությունների։ Բավականին շատ տարածաշրջանային խնդիրներ են հանգուցված Հայաստանում, և բավականին հակասական են շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները Հարավային Կովկասում։ Շատ խոչընդոտներ կան նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հակասություններում, ինչպես նաև իր անմիջական հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում։ Իրանի դեպքում ներկա պահին նկատվում են միտումներ, որոնք կարող են արմատապես փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և Ադրբեջանի համար բոլորովին նոր խնդիրներ առաջ բերել։ Իրանի և Ռուսաստանի նկատվող մերձեցման միտումները կարող են փոխել նաև վերջինի քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ։ Երևի հենց սա է Ադրբեջանին ստիպում շտապել Արցախի գործոնի վերջնական վերացման հարցում։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Անկախ քաղաքագետ
Երևան
________________
[1] Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդաժողով – ԵԱՀԽ, որ հետագայում վերանավանվեց ԵԱՀԿ – Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն: