Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող ճանապարհը:
Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որոշ շրջանակներ նման բան են տարածել, բայց նման բան չկա. «Լաչինի միջանցքը փակելուց առաջ, երբ Ադրբեջանում հակաճառումներ ունեցան Իրանի հասցեին, հանրահավաքներ էին անում Իրանի դեմ, երբ հակաիրանական հռետորանաբանությունը թափ էր հավաքել Բաքվում, Իրանում որոշ ձայներ բարձրացան տարբեր շրջանակների կողմից, ճանապարհը փակելու հնարավորության մասին ուղղակիորեն խոսվեց, բայց դա մնաց խոսքերի սահմաններում։ Ճանապարհը չի փակվել և որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա։ Ինչպես ասացի, խոսքի սահմաններում արծարծված խնդիր է, գործնական առումով նման քայլ երբևէ չի եղել, և չկա առայսօր»,-ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ փակվի այդ ճանապարհը, Քեշիշյանն արձագանքեց. «Իրան -Ադրբեջան հարաբերությունները տարբեր հարթություններում են, միաժամանակ կան տարածաշրջանային հարցեր: Իրանը միշտ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, անցյալ օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ևս հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է, ասաց, որ Իրանը պատրաստ է վստահություն ձևավորել և համագործակցել բոլոր հարթություններում և մակարդակներում իր հարևանների հետ Պարսից ծոցի տարածաշրջանում, որպեսզի տարածաշրջանից դուրս անվտանգություն ապահովելու գաղափարը ընդմիշտ հեռացվի և կայուն անվտանգություն հաստատվի տարածաշրջանի երկրների համագործակցությամբ:
Մյուս պարագայում Բերձորի ճանապարհը փակելու հարցն է: Ցավոք, մենք Իրանի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չենք տեսել, մենք չպետք է պատկերացնենք, որ որևէ երկիր, ելնելով Հայաստանի շահերից, քայլերի կգնա, երկրները իրենց շահերից են դիտարկում հարցերը: Այ եթե Ադրբեջանը հակաիրանական քայլերի գնա, Իրանի շահերին վնաս քայլեր իրականացնի, Իրանը դիրքորոշում կունենա և համապատասխան քայլեր կիրականացնի»:
Մովսես Քեշիշյանը նկատեց, որ երեք օր առաջ Ադրբեջանում «Միասնական Ադրբեջան» ֆորումն է տեղի ունեցել, ինչը Իրանին պարտադրում է շատ կոշտ միջոցների դիմել.«Իրանը չի ների, որ իր նկատմամբ ունենան տարածքային նկրտումներ: Բայց այս հարցը պետք է անջատ դիտարկել Բերձորի միջանցքի վիճակից»,-ասաց նա: