Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ռազմական գործողությունների ներկայիս ընթացքն անխուսափելիորեն ազդում են նաև Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի և տարածաշրջանային հարաբերակցության վրա։ Իրավիճակի փոփոխության վրա ազդող կարևոր գործոններից մեկն էլ հանդիսանում է Իրանը։ Ինչպես հայտնի է, իրանական դրոնները ռուսաստանյան բանակի կարևոր զենքերից մեկն են դարձել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի ոչնչացման գործում, իսկ իրանա-ռուսաստանյան համագործակցությունը քննարկումների առարկա է դարձել կարևորագույն մայրաքաղաքներում, որոնցում ընդունվող քաղաքական որոշումները կանխորոշում են դեպքերի հետագա ընթացքը։
Այս ամենը, բնականաբար, խթանել է որոշ գործընթացներ նաև մեր տարածաշրջանում։ Համենայն դեպս, միանշանակ է, որ Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների սրացումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում Հայաստանի համար այն առումով, որ կրճատում է հնարավոր մանևրի տարածությունը Երևանի համար։ Իսկ Բաքվի ու Թեհրանի փոխհարաբերությունների սրացումը ևս մի հավելյալ գործոն է հնարավոր ապակայունացման համար տարածաշրջանային մակարդակով, անգամ ավելի լայն առումով, եթե նկատի ունենանք Իսրայելի ու Թուրքիայի գործոնները։
Հայաստանը կարիք ունի Իրանի հետ կայուն ու բարյացակամ հարաբերությունների, ու ցանկացած ապակայունացում ձեռնտու չէ Երևանին։ Բայց խնդիրն այն է, որ դեպքերի հետագա ընթացքի վրա ազդելու առումով Հայաստանի հնարավորությունները նվազագույնն են։ Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք պետք է ճակատագրապաշտության գիրկն ընկնենք ու ոչինչ չանենք։ Ավելին, դա Հայաստանին ստիպում է դիվերսիֆիկացնել ողջ քաղաքականությունը, նպատակ ունենալով մեծացնելու ամրունակության պաշարը՝ դեպքերի զարգացման բոլոր տարբերակների համար, ինչն առաջին հերթին նշանակում է նպատակների, սկզբունքների, շահերի ու արժեքների ընդհանրություն ունեցող գործընկերների փնտրտուք։ Նաև շատ կարևոր է հասկանալ և գնահատել այն ամենը, ինչ կատարվում է Իրանում և նրա շուրջ։
Հենց այս թեմային է նվիրված մեր նոր թողարկումը. ինչ գործընթացներ կան Ադրբեջանի ու Իրանի միջև, հատկապես Իրանում բողոքի զորեղ ալիքի լույսի ներքո, ինչպիսին է Թեհրանի արձագանքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին և այլն։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն