«Եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը ԼՂ-ում, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում խաղաղապահ զորախմբին ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և ռուս խաղաղապահների պարտավորություններին։
Վարչապետը հիշեցրել է, որ միջանցքի արգելափակումն Ադրբեջանի կողմից խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժման առաջին դեպքը չէ։ Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է իրադրությանը գնահատական տա և հայտնի՝ ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու իր պլանն ու ճանապարհային քարտեզը։
Վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ համառոտ
«Ռուսաստանն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել»
Փաշինյանը հիշեցրել է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներն ու ընդգծել՝ Լաչինի միջանցքի համար «պարտավորություն են կրում Ադրբեջանն ու Ռուսաստանը»։ Ռուսաստանն ու ԼՂ-ում տեղակայված խաղաղապահ զորախումբն, ըստ նրա, պետք է հանդես գան հստակ պարզաբանմամբ։
«Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի և ԼՂ-ի հանրությունը սպասում է ՌԴ-ից, որը նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»,- նշել է նա։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ հարցերը հրատապ են, քանի որ «բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ ԼՂ-ում»։
«Հայաստանը խաղաղապահների ներկայության կողմնակիցն է»
Փաշինյանը վստահեցրել է՝ Հայաստանը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության «համոզված կողմնակիցն ու ջատագովն է»։
«Բայց մեզ համար անընդունելի է ԼՂ-ի հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»,- հայտարարել է նա։
Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանը պետք է այս հարցերի պարզաբանման շուրջ սերտորեն աշխատի ՌԴ և մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու և համապարփակ կարգավորումների հասնելու համար։
Փաշինյանի ելույթից կարճ ժամանակ անց դրան արձագանքել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ «խաղաղապահների քննադատությունն անընդունելի է»։
«Իրականության հետ կապ չունեն»․ Բաքվի պնդումների մասին
Կառավարության ղեկավարը նշել է, որ միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող պնդումները, թե՝ Լաչինի միջանցքը բաց է, «սին են և ոչ մի կապ չունեն իրականության հետ»։
Փաշինյանն ընդգծել է՝ միջանցքի փակումը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է․
«Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե միջանցքը փակել են էկոակտիվիստները, հայտարարության 6-րդ կետով միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկություն ապահովելն Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է»։
Անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգային հարցերին։ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանների դելիմիտացիան ավարտին հասցնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու «Հայաստանի պատրաստակամությունն ու հաստատակամությունը»։
«ԼՂ-ին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի»
Խումբը գլխավորելու է նորանշանակ փոխվարչապետ, Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Աշխատանքներում ներգրավված են լինելու առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, պետական այլ կառույցների ներկայացուցիչներ։
Վարչապետն ասում է՝ նման որոշում է կայացրել հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ-ի ժողովրդին աջակցելու համար․
«Խմբի խնդիրը ԼՂ-ի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»։
Հաշվի առնելով ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունը Արցախին կհատկացնի 4 մլրդ դրամի չափով լրացուցիչ աջակցություն։