1990 թվականի հունվարի 13-ին այն ժամանակվա դեռևս խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում, իշխանությունների լիակատար անգործության պայմաններում, սկսվեց հայերի ջարդը, որը տևեց գրեթե մեկ շաբաթ։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ խորհրդային կայսրությունը դեպի անէություն էր գնում, և նրա հետագա գոյության յուրաքանչյուր օրը աղետներ էր ծնում ողջ տարածքում։ «Հալչում» էին տարբեր, թվում էր՝ «սառեցված» հակամարտություններ, երկրում «հրապարակայնություն» էր հռչակված, որը ներգրվում էր ապրիորի անառողջ միջավայրին, ինչն ընդամենը կրքեր էր բորբոքում մի հանրությունում, որը մինչ այդ կյանքի կազմակերպման այլ ձև չգիտեր՝ տոտալիտարիզմից բացի։
19-20-րդ դարերի եվրոպական պատմությունը և հատկապես բալկանյան ազգերի պատմությունը ցույց են տալիս, թե ինչպիսի տառապանքների միջով են սերունդներն անցել ազատության և բարեկեցության հասնելու, սեփական կյանքից կայսրությունն օտարելու, սեփական ճակատագրի համար պատասխանատվության իրավունք ձեռք բերելու համար։ Այդ ճանապարհին երբեմն ուղղակի հրեշավոր հանցագործություններ էին կատարվում մարդկանց նկատմամբ, որոնց միակ մեղքը «ոչ ճիշտ» ազգի կամ հավատքի պատկանելությունն էր։
Հայ ազգը, որ աշխարհի քաղաքական քարտեզի «արևի» տակ իր տեղը և միջազգային հանրության կողմից ճանաչված պետականությունը ստացել է աներևակայելի կորուստների գնով, առայժմ չի լուծել գլխավոր հարցը՝ անվտանգության հարցը։ Ի հեճուկս հազարավոր կորուստներով երկու լայնածավալ պատերազմների՝ Ադրբեջանի հետ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, և չկա խաղաղության պայմանագիր։ Իսկ դա նշանակում է, որ չկա այն բանի երաշխիքը, որ այսօրվա խաղաղությունը երկար է տևելու, ինչպես և չկա երաշխիք, որ 33-ամյա վաղեմության դեպքերը չեն կարող երբևէ կրկնվել։
Մեր խնդիրը տագնապ ներշնչելը չէ մեր՝ առանց այն էլ անհանգիստ ժամանակներում։ Կարևոր է հիշել, թե ինչ է կատարվել անցյալում և վերլուծել, թե ինչու է դա հնարավոր եղել։ Բայց շատ ավելի կարևոր է անցյալի վեաիմաստավորմանը զուգընթաց առաջ նայել ու առաջ շարժվել՝ այն բանի գիտակցմամբ, որ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը ներկայիս սերնդի ուսերին է, ինչը նշանակում է, որ այդ ապագան կանխորոշվում է հենց այսօր ընդունվող որոշումներով։
Մեր նոր թողարկման մեջ բացառիկ հոդվածներ ու արտատպություններ են Բաքվում և Ադրբեջանում կատարված դեպքերի մասին՝ ԽՍՀՄ մայրամուտին և ավելի վաղ։ Սա մի փորձ է՝ լույս սփռելու ցայսօր շարունակվող հակամարտության ակունքների վրա, նաև միտված է հակամարտության կարգավորման ուղու խոչընդոտների լավագույնս ընկալմանը։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն