Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, որ սկսվեց 2022 թվականի փետրվարի 24-ին, նպատակ ուներ օպերատիվորեն փոխել իշխանությունը Եվրոպայի խոշորագույն պետությունում։ Դա տեղի չունեցավ, և, անկասկած, չի կատարվի։ Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն ի զորու է հանգեցնելու Ռուսաստանի ապամոնտաժման և համաշխարհային քաղաքականության կոնֆիգուրացիայի ծավալ փոփոխության։ Իհարկե, մենք բոլորս պիտի աշխատենք այդ ուղղությամբ։
2022 թվականի փետրվարի 24-ին ընդդեմ Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը, Վլադիմիր Պուտինի կամոք, հիբրիդային փուլից անցավ լայնածավալի՝ շատ արագ վերածվելով ХХІ դարում աշխարհի խոշորագույն ռազմական բախման։ ՌԴ-ն պլանավորում էր Բելառուսի տարածքից ռազմական խմբավորման ներխուժմամբ արագ գրավել Կիևը, փոխել ուկրաինական քաղաքական ղեկավարությունը, ապա գործել իր դրածոների հետ՝ «Их там нет»[2] ստուգված սկզբունքով։ Դա տեղի չունեցավ, ավելին՝ շրջակա աշխարհի պատկերացումներում Ռուսաստանն ու Ուկրաինան փաստացի փոխվեցին տեղերով։ Եթե կրեմլյան քարոզչությունը պնդում էր, թե Ուկրաինան failed state (չկայացած պետություն) է, ապա ռուս-ուկրաինական պատերազմի ակտիվ փուլի 11 ամիսները թույլ են տալիս այդպես արտահայտվել հենց Ռուսաստանի մասին։ Ի դեմս «Վագներ» մասնավոր ռազմական կառույցի (ЧВК «Вагнер») և նրա տեր Եվգենի Պրիգոժինի ռազմաքաղաքական և դատական զուգահեռ իրականության հայտնվելն, ինքնին, վկայում է աշխարհում առաջնորդության հավակնող ՌԴ-ի՝ իբրև պետություն սնանկության մասին։ Գնալով Ռուսաստանի խնդիրները միայն խորանալու են, ինչին կնպաստեն Արևմուտքի պատժամիջոցները և հենց ՌԴ-ի ներսում ինքնաքայքայման գործընթացները։
Ուկրաինա ներխուժելով՝ Ռուսաստանը ցուցադրեց Եվրոպայի խոշորագույն պետության դեմ «երեք օրվա ընթացքում» ցուցադրական ագրեսիա իրականացնելու իր ձգտումը։ Ներխուժումը պիտի Ուկրաինային ծնկի բերեր և կոտրեր բազմաթիվ եվրոպական երկրների դիմադրելու կամքը։ Ուկրաինայի պաշտպանական ուժերի դիմադրությունը՝ քաղաքացիների աջակցությամբ, հնարավորություն տվեց ոչ միայն հակահարված հասցնելու, այլև էականորեն փոխելու ինչպես գլոբալ, այլնպես էլ տարածաշրջանային իրավիճակի հարացույցը։ Աշխարհը 2022 թվականի ընթացքում, ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի կարծիքով, բազմաբևեռությունից անցում կատարեց փաստացի երկբևեռության, և Ռուսաստանն այդ մոդելում բացակայում է։
Ռուսաստանի ագրեսիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի մերձեցման կատալիզատոր դարձավ։ Փետրվարի վերջին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով՝ մեր երկիրը Մոլդովայի հետ 2022 թվականի հունիսին ստացավ թեկնածուի կարգավիճակ։ Եվրամիությունը ոչ միայն Ուկրաինային ընդունեց միասնական քաղաքական տարածք, այլեւ շարունակում է ԱՄՆ-ի հետ միասին լայնածավալ ֆինանսական օգնություն տրամադրել։ Տրամաբանությունն ակնհայտ է. Բրյուսելը Ուկրաինայի վերականգնման ապագա գործընթացը դիտարկում է իբրեւ ԵՄ տնտեսության աճի խթան. չէ՞ որ ռուսական ներխուժման հետեւանքով Ուկրաինայի կրած վնասները հասնում են հարյուր միլիարդավոր դոլար/եվրոյի։
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի զավթված տարածքներում իրականացրեց կեղծ հանրաքվեներ՝ դրանք ՌԴ կազմի մեջ մտնելու հարցով, Վլադիմիր Զելենսկին հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու «արագացված հայտ» ներկայացնելու մասին։ Այս նախաձեռնությունը չհանգեցրեց դաշինքի անդամների ոգևորվածության, իսկ նրա գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդգծեց, որ Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Նման մոտեցումը չպետք է զարմացնի, քանզի աշխարհի ամենահզոր ռազմաքաղաքական դաշինքի անդամները պատրաստ չեն միջուկային Ռուսաստանի հետ հարաբերություների ծայրահեղ սրման։ Սակայն Շվեդիան և Ֆինլանդիան, որ «սառը պատերազմի» տարիներին չեզոքություն էին պահպանում, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրեցին։
Պակաս նշանակալից չէր նաև «Մեծ յոթնյակի» դեկտեմբերյան հռչակագիրը, որում ընդգծվում է Պուտինին պատասխանատվության ենթարկելու ցանկությունը։ Ռուսական ագրեսիան ծնունդ տվեց նոր՝ «Ռամշթայն» ձևաչափի, որն այդպես անվանվեց ի պատիվ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական բազայի։ Այն Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու հարցում միավորեց 50 երկիր՝ ներառյալ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բոլոր մասնակիցներին։ Արժե հիշել ԱՄՆ-ում ընդունված լենդ-լիզի մասին օրենքը, որն այժմ համերաշխության խորհրդանշական դրսևորում է։ Սակայն 2022 թվականի ապրիլին Ուկրաինայի զինված ուժերը ստացան 155 միլիմետրանոց հաուբիցներ, ամռանը՝ համազարկային կրակի ռեակտիվ HIMARS համակարգեր, իսկ դեկտեմբերի վերջին ԱՄՆ-ն որոշեց տրամադրել հակահրթիռային Patriot կայանքի մարտկոց։ ԱՄՆ-ին աջակցեցին Գերմանիան եւ Նիդերլանդները։ 2022 թվականի ընթացքում Ուկրաինային ռազմատեխնիկական օգնությունն աճեց քանակապես եւ որակապես, իսկ արեւմտյան առաջնորդների՝ «Ռուսաստանը չի կարող հաղթել այս պատերազմում» դիրքորոշումն ավելի ու ավելի վստահ էր հնչում։
Եթե արևմտյան երկրների դիրքորոշումը հույժ տիպական է (մասնավորապես, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը եղել և մնում է Ռուսաստանի վրա անընդհատ ճնշումների ջատագով) և առարկայանում է Ուկրաինային ֆինանսական և ռազմատեխնիկական օգնության մեծացմամբ, ապա «ոսկե միլիարդից» անդին իրավիճակը մի քիչ այլ է։ Չինաստանը և Հնդկաստանը Ռուսաստանից էներգառեսուրսներ են գնում՝ նշանակալի զեղչով, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրները չեն շտապում պատժամիջոցներ կիրառել և փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները։
Պարզորոշ ասած՝ ՌԴ-ին չեն նետում համաշխարհային քաղաքականության ճամփեզր, սակայն նրա գլոբալ ազդեցությունը նշանակալիորեն նվազել է։ Արևմուտքին շանտաժ անելու համար նավթն ու գազը օգտագործելու՝ Ռուսաստանի ցանկությունը Մոսկվայի համար վերածվեց էներգակիրներ մատակարարող հուսալի գործընկերոջ հեղինակության կորստի։ «Հյուսիսային հոսքի» ճյուղավորումներում պայթյունները չկարողացան էներգետիկայի իրավիճակը փոխել հօգուտ Ռուսաստանի։ Նրա «էներգետիկ զենքը» վերջնականապես «լիցքաթափվեց»։ «Մեծ յոթնյակի» երկրները սահմանեցին ռուսական նավթի գնման սահմանային գին, Գերմանիան 2022 թվականի ընթացքում ազատվեց Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից, ԵՄ-ն հույս ունի, Ժոզեպ Բորելի խոսքերով, 2023 թվականին ձերբազատվել ռուսական էներգետիկ «ասեղից»։ «Պուտինը բոլորին ֆռացրեց» արտահայտությունը հնչում է իբրև Կրեմլի հասցեին բացահայտ ծաղր։ Եվ ամենակարևորը. դադարեցին Ռուսաստանից վախենալ և նրան լուրջ ընդունել՝ չնայած նրա մոտ առկա միջուկային կարողություններին։
Ռուս-ուկրաինական պատերազմն էականորեն ազդել է նաև երկու պետությունների հարևանների, հատկապես՝ հետխորհրդային երկրների վրա։ Բելառուսը՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ, դարձել է ՌԴ-ի գրեթե միակ պաշտոնական ռազմաքաղաքական դաշնակիցը։ Համենայն դեպս, հենց այդ պետության տարածքում են ռուսական զինվորականներն իրենց առավել ազատ զգում, և Բելառուսի տարածքն օգտագործվել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան քայքայում է անդորրը Մոլդովայում, որտեղ Ռուսաստանն ուզում է ցնցել ներքաղաքական իրավիճակը՝ օգտագործելով չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության առկայությունն ու Մոլդովայի կազմի Գագաուզիա ինքնավարության ներքին տրամադրությունները։ Սևծովյան տարածաշրջանը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո փաստացի դարձել է ռազմական գործողությունների թատերաբեմ, և Կրեմլը դա օգտագործում է իրավիճակը սրելու նպատակով։
Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանի մեծ ուշադրության օբյեկտ են դարձել։ 2022 թվականի սեպտեմբերին, «սահմանափակ» զորակոչ հայտարարվելուց հետո, զինակոչային տարիքի հազարավոր երիտասարդներ տեղափոխվեցին Հայաստան ու Վրաստան։ Հետաքրքիր է, որ ՌԴ սահմանապահները ԱԴԾ համակարգում են, և նման զանգվածային հեռացումը պատահական չի թվում։
Նմանապես, ոչ պատահական է թվում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Նա ոչ միայն ցուցադրեց Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի «խաղաղապահներին» այլ երկրներում ձեւավորված խաղաղապահ ուժերով փոխարինելու ձգտում, այլև չթաքցրեց ՀԱՊԿ-ից իր հիասթափվածությունը։ Ահա այս հարցում Փաշինյանի դիրքորոշումը հետաքրքիր է՝ մի կարևոր պատճառով. 2022 թվականի հունվարին ՀԱՊԿ անդամ երկրների զորախումբը տեղակայվեց Ղազախստանում՝ «իրավիճակի կայունացման» համար, սակայն այնտեղ երկար չմնաց։ Փաշինյանի հրապարակային հայտարարությունները մերկացրին այն փաստը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան վերջինիս հնարավորություն չի տալիս ուշադրության կենտրոնում պահել նույնիսկ այն ռազմաքաղաքական նախագծերը, որոնք ներկայացվում էին իբրև «ՆԱՏՕ-ի այլընտրանք»։ Այսօր դա հատկապես ցայտուն է երևում։
Կա, ընդսմին, ևս մի բան. Հարավային Կովկասի երկրներում Ռուսաստանի քաղաքացիների կուտակումը կարող է իր հետևից Հայաստանի և Վրաստանի դեմ հիբրիդային գործողությունների սպառնալիք բերել, քանի որ Կրեմլը լրջորեն շահագրգռված է հակամարտության միջազգայնացմամբ և «մկանների ցուցադրմամբ»։ Հետխորհրդային երկրները նման դեպքում կարող են նրան հեշտ որս թվալ։ Սակայն կա մի նրբություն. եթե հաջողվի ռուսաստանցիներին դուրս մղել թեկուզ մի կովկասյան երկրից, նրանք նաև արագ կկորցնեն ողջ տարածաշրջանում իրենց ռազմական ներկայությունը։ Կրեմլում, հավանաբար, դա հասկանում են։ Այդ պատճառով էլ Կրեմլի կովկասյան քաղաքականության բանաձևը առաջիկայում էլ կլինի «Բաժանի՛ր, որ տիրե՛ս» կարգախոսը։
Եվգեն ՄԱԳԴԱ
Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ,
iSANS-ի[1] փորձագետ
Կիև
_______________
[1] International Strategic Action Network for Security – Անվտանգության միջազգային ռազմավարական գործողությունների ցանց։
[2] «Их там нет» («Նրանք այնտեղ չկան») — Ռուսալեզու ինտերնետ մեմ, որ արտացոլում է հիբրիդային պատերազմներում ռուսական ռազմական ներկայության մշտական ժխտումը ՌԴ ղեկավարության կողմից։ Առաջացել է 2014 թվականին՝ Ղրիմ ներխուժման մասին հարցի վերաբերյալ Պուտինի պատասխանից։