Տարածաշրջանի երկրների ռազմավարական բոլոր ծրագրերի, այսինքն՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ գործողությունների պարագայում հարկ կլինի այսուհետ հաշվի առնել այն հանգամանքը, թե ով կհաղթի Ուկրաինայում տեղի ունեցող դրամատիկ պատերազմի ընթացքում. Արևմու՞տքը, թե՞ Ռուսաստանը:
Ռամշտայնի[1] հակասական արդյունքները
Արևմտյան տերությունների մարտավարությունն ակնհայտ է. հռչակել երկու քայլ առաջ, սակայն անել ընդամենը մեկը, ապա հռչակել հինգ քայլ առաջ, սակայն անել միայն երեքը: Դա արվում է Ռուսաստանում ինքնախաբեության և ինքնասփոփման վրա հիմնված քաղաքական որոշումների մեխանիզմի վրա նրբորեն ազդելու նպատակով: «Նրանք ամեն դեպքում հաշվի են առնում մեր շահերը, և եթե անգամ խախտում են որոշ կարմիր գծեր, ապա ոչ բոլորը». ահա այսպես են իրենք իրենց հանգստացնում Կրեմլում (քարոզիչներից մինչև Պուտինը) Գերմանիայի կողմից Ուկրաինային «Լեոպարդ» տանկեր փոխանցումը հետաձգելուց հետո: Մի իրադարձություն, որին սպասում էին բոլորը, հատկապես Ուկրաինայում, և որը պետք է դառնար Ռամշտայնի գլխավոր արդյունքը[2]: Թեև պարզ է, որ այդ տանկերն ամեն դեպքում կուղարկվեն Ուկրաինա, օրինակ՝ հենց որ Ռուսաստանը նոր հուժկու հարձակում նախաձեռնի կամ որևէ այլ խոշոր արկածախնդրության գնա: Սակայն, մյուս կողմից, եթե Կրեմլը չգնա նման հրահրիչ քայլերի, ապա առանց նշված տանկերի էլ Ռամշտայնում որոշված ռազմական օգնության փաթեթը՝ այլ թեթև և միջին ծանրության զրահատեխնիկայի տեսքով այնպիսին է, որ մեծապես ավելացնելու է ուկրաինական բանակի հարվածային ներուժը:
Ի դեպ, այստեղ մի նրբություն էլ կա. եթե անգամ որոշում կայացվեր Ուկրաինային գերմանական «Լեոպարդ» տանկեր տրամադրելու մասին, դա դեռ չէր նշանակելու, որ դրանք տեխնիկապես հնարավոր կլիներ անմիջապես մատակարարել և կիրառել մարտում, քանի որ նախ պետք է պատրաստվի դրանց կիրառող ուկրաինական զինվորական անձնակազմը: Այնպես որ, չի բացառվում անգամ, որ որոշումը կայացված է, և շուտով կհրապարակվի անձնակազմի վերապատրաստված լինելուն պես:
Միաժամանակ, հանդիպման արդյունքում Գերմանիայի պաշտպանության նորանշանակ նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարեց Ուկրաինայի համար իր երկրի նախատեսած գարնանային ռազմական օգնության փաթեթը, որը կկազմի ավելի քան 1 միլիարդ եվրո և որը հիմնականում կներառի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, ևս յոթ Gepard ինքնագնաց հրանոթներ, նոր Iris-T SLM համակարգեր և կառավարվող հրթիռներ։ ԱՄՆ-ի համաձայնությամբ՝ Patriot երկու համակարգեր և դրանց համար հրթիռներ Ուկրաինային կմատակարարեն նաև Նիդերլանդները:
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական դասավորության տեսակետից հատկապես կարևոր է Ուկրաինային ռազմական մատակարարումների հարցում Ֆրանսիայի ակտիվացումը, մի երկիր, որը հավակնում է իր ազդեցությունը տարածել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում, իսկ մեծ հաշվով՝ նախագահ Մակրոնը կանցլեր Մերկելի հեռանալուց հետո իր հագով է փորձում Եվրոպայի առաջնորդի կոստյումը: Հասկանալի է, որ առանց Ուկրաինայում ավելի մեծ դերակատարության նա դա անել չի կարողանա: Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի արևմտյան տեսակի առաջին տանկերը. խոսքը 105 միլիմետրանոց փողերով հագեցած թեթև անվավոր AMX-10 RC տանկերի, ինչպես նաև Bastion զրահափոխադրիչների մասին է։ Այս մասին Ռամշտայնում վերջին հանդիպումից շատ ավելի վաղ՝ դեռ հունվարի 4-ին Վլադիմիր Զելենսկու հետ իր հեռախոսազրույցի ընթացքում խոստացել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը[3]։
Ընդհանուր առմամբ, Ռամշտայնի կոնտակտային խմբի հանդիպման արդյունքում Ուկրաինան կստանա. ՀՕՊ համակարգեր Ֆրանսիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, վերջինից՝ նաև Challenger 2 ծանր տանկերի փոքր խմբաքանակ և Brimstone տեսակի 600 հրթիռներ, NASAMS ՀՕՊ համակարգեր և դրանց համար հրթիռներ Կանադայից, BMP CV90 և ինքնագնաց Archer հրանոթներ Շվեդիայից, Ֆրանսիայի համաձայնությամբ՝ նրա արտադրության 19 հաուբից Դանիայից, M-17 ուղղաթիռներ, Stinger ՀՏԶՀՀ /հակատանկային զենիթահրթիռային համակարգ/, անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ Լատվիայից. վերջինը նաև կվերապատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 2000 զինվորականների։ Էստոնիան Ուկրաինային կտրամադրի 113 մլն դոլարի պաշտպանական օգնության փաթեթ, որը կներառի տասնյակ FH-70 և D-30 հաուբիցներ, ինչպես նաև հարյուրավոր M2 հակատանկային նռնականետեր՝ զինամթերքով, Լեհաստանը՝ հետեւակի մարտական մեքենաներ և T-72 տանկեր[4]։
Սակայն գլխավոր մատակարարն, իհարկե, ԱՄՆ-ն է: Արդեն հայտարարվել է 2,5 միլիարդ դոլարի ամերիկյան օգնության հերթական խոշոր փաթեթի մասին, որը, մասնավորապես, ներառում է. 8 Avenger ԶՀՀ, NASAMS հրթիռներ, 90 Stryker զրահամեքենա, 58 Բրեդլի ՀՄՄ, 53 MRAP ավտոմեքենա, 350 Humvees ամենագնաց, հազարավոր հրետանային արկեր։
Սակայն Ռամշտայնը միայն Ուկրաինային զրահատեխնիկա մատակարարելու մասին չէր:
Հատկանշական էր Միացյալ Նահանգների բանակի գեներալ և շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հայտարարությունը, որը նա արեց Ռամշտայնի հանդիպմանը հետևած՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օստինի և իր մամլո ասուլիսի ընթացքում առ այն, որ Ռուսաստանին հետ բանակցությունների մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ Ուկրաինան կազատագրի իր բոլոր տարածքները[5]:
Այսպիսով, Արևմուտքի համախմբված մոտեցումը ենթադրում է Ուկրաինայի հաղթանակ, որի համար Եվրամիությունում պատրաստվել և Ռամշտայնի հանդիպումից երկու օր առաջ՝ հունվարի 18-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվել է նաև ռազմավարական կարևորագույն մի փաստաթուղթ. 2022 թվականի ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը: Այս զեկույցին անհրաժեշտ է անդրադառնալ առանձին, քանի որ այն ռազմավարական հիմք հանդիսացավ ոչ միայն Ռամշտայնում ԵՄ երկրների մասնակցության համար, այլ լինելու է առնվազն 2023-ին Արևելյան գործընկերության և դրան հարող տարածաշրջանում Եվրամիության անվտանգային և պաշտպանական քաղաքականության հիմքը: Իսկ դրանում ներառած շատ դրույթներ ուրվագծում են Եվրամիության տեղն ու դերը նոր աշխարհակարգում, որը ձևավորվելու է անգամ անկախ այն բանից, թե երբ և ինչ տեսքով Ռուսաստանը կտապալվի:
Եվրամիությունը աշխարհի երկրորդ ռազմաքաղաքական կենտրոնը դառնալու ճանապարհին
ԵՄ 2022 թվականի ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը[6] ուղենշային է Եվրամիության 2023 թ. արտաքին և անվտանգային քաղաքականության համար: Դրա գլխավոր արժեքն այն է, որ արձանագրում է ամբողջ աշխարհում ավտոկրատիաների հզորացման և ժողովրդավարությունների թուլացման 16-ամյա ընթացքի կասեցման անհրաժեշտությունը: Դա նշանակում է, որ Եվրոպան միանում է 2021 թ.-ի փետրվարին, իր երդմնակալությունից անմիջապես հետո Մյունխենում տեղի ունեցած անվտանգության համաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթում հռչակված արշավին ավտոկրատիաների դեմ[7]: Այդ ելույթում Բայդենը հայտարարեց, որ «այսուհետ աշխարհում բոլորը պետք է ապրեն միևնույն կանոններով», և որ ժողովրդավարությունը գերակայելու է ավտոկրատիայի հանդեպ: Այս մարտահրավերը չէր կարող անտարբեր թողնել Վլադիմիր Պուտինին, քանի որ ակնհայտ էր, որ նա լինելու է այդ արշավանքի գլխավոր թիրախներից մեկը: Եվ նա հիմքեր ուներ այդպես մտածելու, քանի որ հենց ինքն էր 2016-ին խառնվել ԱՄՆ ներքին գործերին, խաթարել էր ԱՄՆ ժողովրդավարության սրբության սրբոցը՝ ընտրական համակարգը: Թե որքան էր ԱՄՆ իսթեբլիշմենթը վրդովված ու զայրացած այդ հանգամանքից՝ երևում է Ջո Բայդենի մեկ այլ ելույթից, որով նա հանդես եկավ 2021 թ. ապրիլի 29-ին Կոնգրեսում[8] և դրա արձագանքներից: Այդ ելույթից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում հասկացել են, որ եթե իրենք չկոտրեն աշխարհի ավտոկրատիաների ողնաշարը, ապա վերջինները կոչնչացնեն ժողովրդավարությունն ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Պուտինը լավ է լսել Բայդենի այս ելույթները և որոշել կանխարգելիչ հարված հասցնել Արևմուտքին՝ «չեզոքացնելով» վերջինի գլխավոր բաստիոնը իր սահմաններին՝ Ուկրաինան:
Այսպիսով, ԵՄ 2022 թվականի ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման տարեկան զեկույցը հաստատում է Եվրոպայի վճռականությունը՝ դաշնակցել ԱՄՆ-ի հետ աշխարհի ավտոկրատներին հայտարարված այս ծանր պատերազմում: Զեկույցում նաև կարմիր թելով անցնում է Եվրամիության երկրների և ամբողջ ԵՄ ռազմականացման անհրաժեշտությունը: Որպես առաջնահերթ հրամայական է դիտվում ռազմական ծախսերի ավելացումը մինչև երկրների ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսը: Ընդհանուր առմամբ, ըստ ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ԵՄ երկրների ռազմական ծախսերը նախատեսվում է առաջիկա 2-3 տարիներին ավելացնել 70 մլրդ եվրոյով՝ հասցնելով տարեկան 284 մլրդ եվրոյի (ԵՄ ՀՆԱ-ն 2022թ. կազմել է 14 տրլն եվրո): Ավելին, ԵՄ-ն ՆԱՏՕ-ին զուգահեռ ու որպես դրա կարողությունների լրացում կձևավորի սեփական անվտանգային և պաշտպանական կառույցներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարների խորհուրդ և 5000-հոգանոց արագ արձագանքման զորքեր (մինչև 2025 թ.): Եվրամիության նման ռազմականացումն էապես կթուլացնի Թուրքիայի ազդեցությունը ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանում: Իսկ Ռուսաստանի ազդեցության նվազման մասին արդեն խոսելն անգամ ավելորդ է. այն տեսանելի է դառնում ամեն հաջորդ պատժամիջոցային փաթեթի գործադրման և ուկրաինական ճակատում ռուսական զորքերի ամեն հաջորդ պարտության հետ մեկտեղ: Իսկ քանի որ Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված ագրեսիաների և այլ արկածախնդրությունների հիմնական հովանավորները հենց այս երկու դիկտատուրաներն են, ապա կարելի է վստահաբար պնդել, որ եթե Հայաստանը ճիշտ դիրքավորվի որպես արևմտյան ու նախևառաջ եվրոպական ավելի խորը ինտեգրացիայի ճանապարհ բռնած պետություն, ապա Եվրամիության աճող ռազմաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում կդառնա նաև զսպաշապիկ Իլհամ Ալիևի ռազմատենչ քաղաքականության հանդեպ:
Այս առումով հատկանշական են զեկույցում արձանագրված մի-քանի այլ հրամայականներ՝
– ոչ-ժողովրդավարական ռեժիմներից Եվրամիության կախվածության նվազեցումը.
– ԵՄ ներսում որոշումների կայացման որակյալ մեծամասնության (ի հակառակ կոնսենսուսի) մեխանիզմի տարածումը անվտանգային և պաշտպանության ոլորտների վրա.
– ԵՄ մարդու իրավունքների պատժամիջոցների գլոբալ ռեժիմի ներդրումը և ընդլայնումը՝ ներառելով դրանց կիրառումը կոռուպցիայի դեպքում (զեկույցում ավտոկրատիան ուղղակիորեն կապվում է կառուպցիայի հետ), իրավունք տալով Եվրոպական խորհրդարանին ընտրել դրա թիրախ երկրներին.
– ժողովրդավարական երկրների հետ դաշնակցումը՝ «ավելի լավ աշխարհ կառուցելու» համար.
– միջազգային կառույցներում Ռուսաստանի օգտին քվեարկողների և պատժամիջոցներից խուսափել օգնողների հետ Եվրամիության առևտրի և քաղաքական հարաբերությունների սահմանափակումը.
– Եվրոպական քաղաքական համայնքի կարևորումը (որը այս պահին ներառում է 44 երկիր և որի առաջին հավաքը տեղի ունեցավ 2022 թ. հոկտեմբերին՝ նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ), ընդ որում՝ Եվրոպայի խորհրդարանն առաջարկում է իր ներգրավման մեխանիզմը ներդնել, որի շնորհիվ այն կարող է ազդել այդ համայնքում երկրների ներգրավման վրա՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության հենքով, այսինքն՝ Եվրախորհրդարանն իրեն տեսնում է այդ համայնքին միանալու գործում արժեքային քաղաքական ցենզին համապատասխանությունը հսկող մարմնի դերում.
– Հնդկաստանի հետ ռազմավարական համագործակցության և առևտրի խորացումը, այդ երկրի հետ անվտանգության և պաշտպանության հարցերում ավելի սերտ խորհրդակցությունների և Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ ռազմածովային զորավարժությունների ողջունումը: Սա լիովին համահունչ է Հայաստանի շահերին, քանի որ ԵՄ-Հնդկաստան ռազմաքաղաքական համագործակցության և առևտրաշրջանառության ավելացումը մեծացնում է նաև Հյուսիս-Հարավ երթուղու տնտեսական և ռազմական նշանակությունը.
– վերջապես՝ ԵՄ քաղաքական դերի ավելացումը Արևելյան գործընկերության երկրներում, այդ թվում՝ հակամարտությունների լուծման հարցում, ինչի իրականացման գործիք, փաստացի, կկարողանան հանդիսանալ նորաստեղծ արագ արձագանքման ուժերը:
Որպես ամփոփում անհրաժեշտ է նշել նաև այն տեղը, որը զեկույցում հատկացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Արցախյան խնդրի կարգավորմանը: Այդ տեղն աննախադեպ է և Ուկրաինայից հետո երկրորդն է. մեկ ամբողջ էջ՝ 6 պարբերությամբ, այն դեպքում երբ Վրաստանին և Մոլդավային միասին հատկացվել է ընդամենը մեկ պարբերություն:
Եվրոպական խորհդարանը ոչ միայն ընդգծում է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազման կարևորությունը ԵՄ ներկայության ավելացման միջոցով ու այդ համատեքստում ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումը Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով, այլև կոչ է անում ԵՄ Խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների թիվը և մեծացնել առաքելության կարողությունները, և ընդհանրապես՝ ավելի ուժեղ ներկայություն ունենալ տարածաշրջանում:
Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով նաև խստորեն դատապարտել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին «Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ է թողնում խաղաղ գործընթացի վրա», ինչով, փաստացի, Ադրբեջանին ճանաչել է ագրեսոր պետություն: Այն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին: Միաժամանակ, Եվրախորհրդարանը պնդել է, որ «Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների հարցում»:
Պակաս կարևոր չէ Արցախի մասով Եվրախորհրդարանի դիրքորոշումը: Այն նախ խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ այն սպառնում է կանխամտածված հումանիտար ճգնաժամ առաջացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը: Ապա, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքման կարևորությանը, նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թվականի տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման հիմնարար սկզբունքները (խոսքն, իհարկե, Մադրիդյան սկզբունքների մասին է): Փաստացի, Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ հետևողականորեն պնդելու է Արցախյան խնդրի լուծման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձևավորված ճարտարապետության կիրառումը, դրանով մերժելով 2020 թ. պատերազմի արդյունքների ճանաչումը: Իսկ որպեսզի չմնա որևէ թյուրընկալման հիմք, մյուս պարբերության մեջ կրկնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը պետք է անդրադառնա հակամարտության բոլոր հիմնական պատճառներին, ներառյալ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանվածների և փախստականների վերադարձը իրենց տները՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, միջկրոնական երկխոսությունը, մշակութային, կրոնական և պատմական ժառանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը և պահպանությունը:
Այսպիսով, ավտոկրատիաներին հաղթելու և դրա համար բարձր գին վճարելու պատրաստակամություն հռչակող Արևմուտքը Հարավային Կովկասում լեգիտիմ ներգրավվածություն ունեցող իր հիմնական աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի՝ Եվրամիության օրենսդիր մարմնի միջոցով հստակորեն ցույց է տալիս այն կոնֆիգուրացիան, որը տեղ է գտնելու այստեղ ոչ թե միայն Ռուսաստանի հանդեպ իր վճռական հաղթանակից հետո, այլ արդեն այդ հաղթանակի ճանապարհին:
Իլհամ Ալիևը լավ է պատկերացնում այն հետևանքները, որոնք սպասում են իր ռեժիմին՝ Կրեմլի հետ հետևողական դաշնակցության, ինչպես նաև «3+3» ռուս-թուրքական արկածախնդրությանը միանալու գնով Արևմուտքի առաջարկած տեսլականին դեմ գնալու դեպքում, անգամ եթե կարճաժամկետ կտրվածքում նա ինչ-որ մարտավարական հաջողություններ գրանցի Հայաստանի և Արցախի դեմ: Այդ հետևանքները կործանարար կլինեն իր ռեժիմի՝ իր իշխանության, նաև իր ունեցվածքի, գուցե՝ անգամ կյանքի համար: Մինչդեռ եթե պահպանվեն Արևմուտքի հետ այն կամուրջները, որոնք նա այդքան խնամքով ու ահռելի ծախսերի հաշվին կառուցել է իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում, ապա թեև դժվար թե երաշխավորվի իր իշխանությունը, բայց կարող է երաշխավորվել իր անձնական անվտանգությունը և ունեցվածքի որոշ մասնաբաժնի անձեռնմխելիությունը՝ իր գերդաստանի կենսագործունեությունն ու իր ապահով ծերությունը հոգալու համար:
Իսկ ապշերոնյան դիկտատորը լավ գիտի, թե ով է հաղթելու Ուկրաինայում:
Հովսեփ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Փորձագետ
Երևան
______________
[1] Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմակայանում 2022թ. ապրիլի 26-ից ի վեր պարբերաբար տեղի ունեցող ավելի քան 40 երկրների հավաք /եթե այս թիվը պատահականության արդյունք չէ, ապա, սիմվոլիզմի ու թվագիտության վրա ուշադրություն են դարձնում ոչ միայն Պուտինը, այլ նաև Արեւմուտքում/: Մասնակցոմ են ՆԱՏՕ-ի և/կամ Եվրամիության մեջ մտնող բոլոր երկրները։ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներից են Ճապոնիան, Քենիան, Թունիսը, Ավստրալիան, Հորդանանը, Լիբերիան, Մարոկոն, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան: Հանդիպմանը ոչ պաշտոնապես մասնակցում են նաև Իսրայելի և Քաթարի ներկայացուցիչները, որոնց անունները, սակայն, մասնակիցների պաշտոնական ցուցակում չկան։
[2] https://www.dw.com/ru/vsled-za-bmp-marder-v-ukrainu-otpravatsa-nemeckie-tanki-leopard-2/a-64330186
[3] https://www.france24.com/en/live-news/20230104-macron-promises-first-western-tanks-for-ukraine
[6] https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2023-0009_EN.pdf