Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սկզբից ի վեր Բալկաններից նույնպես սկսեցինք տագնապալից լուրեր պարբերաբար ստանալ։ Իհարկե, տվյալ դեպքում խոսքը չի գնում ռազմական գործողություների մասին, սակայն եվրոպացիներն անհանգստանալու հիմնավոր պատճառներ ունեն, եթե հաշվի առնենք, թե ներկայումս ընթացող իրադարձություններին ազգերի փոխհարաբերությունների ինչպիսի պատմություն է նախորդել այս տարածաշրջանում, որը դեռևս 19-րդ դարում են «Եվրոպայի վառոդի մառան» անվանել։
Պատմությունը ցույց է տալիս, թե որքան շատ ժամանակային համահարաբերակցություններ կան Բալկանների և Ռուսաստանի, ինչպես նաև այն տարածաշրջանների զարգացումներում, որոնցում ռուսաստանյան ազդեցությունը կայսրապետական տրամաբանությամբ ընդունված է «ավանդական» համարել։ Օսմանյան կայսրության դեմ բալկանյան ազգերի պայքարի ողջ պատմության ընթացքում, հատկապես 19-րդ դարում, երբ Օսմանյան կայսրությունը սկսեցին անվանել «Եվրոպայի հիվանդ մարդ», իսկ Ռուսաստանյան կայսրությունը՝ «Եվրոպայի ժանդարմ», և երբ վերջինս գտնվում էր իր կայսրապետական հզորության գագաթնակետին, ռուսաստանյան ցարերն իրենց ներկայացնում էին որպես «քրիստոնյա եղբայրների փրկիչներ»։ Իրականում, ինչպես այս մասին անգամ ռուս հեղինակներն են գրել, այսօրինակ «պաշտպանության» ներքո քողարկված էին զուտ կայսրապետական նկրտումներ, և ոչ ավելին, որոնք էլ երբեմն հանգեցրել են այդ նույն «եղբայրների» կոտորածների և սնուցվել «եղբայրական» արյամբ, երբ օսմանյան զավթիչների վռնդումից հետո բոլորը թշնամանում էին միմյանց, քանի որ «բաժանիր ու տիրիր» սկզբունքը կիրառում էր թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան և թե՛ Հաբսբուրգների կայսրությունը, որն իր հերթին էր «հովանավորում» բալկանյան ազգերին…Քանի դեռ 1914 թվականին Սարաևոյում չհնչեց ճակատագրական կրակոցը, որը պայթեցրեց ողջ աշխարհամասը և արդյունքում դարձավ այդ երեք կայսրությունների գերեզմանափորը…
Հարավսլավիայի՝ որպես հարավսլավոնական ազգերի դաշնության, ստեղծումը կոչված էր վերջ դնելու բազմադարյան թշնամանքին, սակայն չլուծեց, այլ ընդամենը «պահածոյացրեց» առկա խնդիրները, ինչպես դա արեց բոլշևիկների խորհրդային կայսրությունը։ ԽՍՀՄ-ի ու Հարավսլավիայի փլուզումը նույնպես համընկավ ժամանակային առումով, ապասառեցնելով կարծես թե արդեն մոռացված հակամարտությունները։ Սակայն եթե ԽՍՀՄ-ի պարագայում հաջոցվեց ապահովել հարաբերականորեն «խաղաղ ամուսնալուծություն» (Բելովեժյան համաձայնագրեր, ԱՊՀ-ի ստեղծում, Ալմա-Աթայի հռչակագիր), ապա նախկին Հարավսլավիայի տարածքում սկսվեց «բոլորի պատերազմը բոլորի դեմ», որն ավարտվեց ԱՄՆ-ի ու նրա եվրոպական դաշնակիցների կողմից ռազմական ճանապարհով խաղաղություն պարտադրելով։
Մինչդեռ Կոսովոյի՝ հարավսլավական դաշնությունում Սերբիայի կազմում գտնվող և մինչև երկու միլիոն ալբանացի բնակիչ ունեցող ինքնավար մարզի հիմնախնդիրը լուծվեց առավելս արմատական ձևով՝ մարզն օտարվեց Սերբիայից այն բանից հետո, երբ բազմազգ ուժերն իրականացրին տարածաշրջանում խաղաղություն պարտադրելու օպերացիա և բազմազգ խաղաղապահ ուժեր մտցվեցին հումանիտար աղետի կանխման նպատակով։ Դա եղել է 1999 թվականին, երբ ռազմական գործողություններին միջամտեց ՆԱՏՕ-ն. համատարած ռմբակոծման ենթարկվեցին Սերբիայի քաղաքներն ու ռազմական օբյեկտները։ Մոտ կես միլիոն մարդ, հիմնականում՝ ալբանացիներ, մնացին առանց տանիքի։ Արդյունքում սերբական կառավարությունը ստիպված եղավ համաձայնվել ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի տեղաբաշխմանը Կոսովոյում և երկրամասը ՄԱԿ-ի կառավարմանը հանձնելուն, ինչն էլ իրականացվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1999թ. հունիսի 10-ի թիվ 1244 բանաձևի հիման վրա։ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն անկախություն հռչակեց, որը ճանաչեցին եվրոպական երկրների մեծամասնությունը, ԱՄՆ-ն, Թուրքիան, բայց դրան հակադրվեց Ռուսաստանը, որը սահմանակից երկրների նկատմամբ հետագա ագրեսիաները (2008 թվականին՝ Վրաստան, 2014 և 2022 թվականներ՝ Ուկրաինա) հաճախ «արդարացնում» էր հենց Կոսովոյի անկախ պետության գոյությամբ։ Մյուս կողմից էլ, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի՝ ազատության ու ժողովրդավարության վրա խարսխված հզոր «ձգողական դաշտը» չէր կարող չազդել ողջ տարածաշրջանի հասարակական-քաղաքական մթնոլորտի վրա։
Ինչու՞ ենք կարևոր համարում Սերբիա-Կոսովո ընթացիկ հարաբերությունների թեմայի արծարծումը և հայ ընթերցողին առկա զարգացումների էությունը ներկայացնելը։ Թեև այդ տարածաշրջանն աշխարհագրորեն հեռու է, սակայն անցյալում պատմական կապերը (ինչի վկայությունն է թուրքական լծի դեմ զինված պայքարի ժամանակաշրջանում ֆիդայական և հայդուկային մեղեդիների նմանությունը), Սերբիայի և Ալբանիայի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, KFOR-ի կազմում հայկական զորակազմի առկայությունը Կոսովոյում, որպես անցյալի մնացուկ ռուսաստանյան գործոնի «փրկչական» դերը. այս ամենը մտորումների բավարար հենք է մեզ համար, հայերի ներկայիս սերնդի համար, որը դեռ չի լուծել մեր պետականության անվտանգության հարցը, ղարաբաղյան հակամարտությունը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, խնդրահարույց հարևաններ Թուրքիայի ու Ադրբեջանի հարցը։ Բալկաններում՝ այդքան հեռու, բայց ճակատագրով այդքան մոտիկ տարածաշրջանում, դժվար է ասել, թե Կոսովոյի հարցն արդեն իսկ անցյալում է, դա մեծ մոլորություն կլիներ։ Ինչու՞։ Մեր նոր թողարկման մեջ հենց այդ մասին են գրում սերբ փորձագետները Բելգրադի Ռազմավարական վերլուծության կենտրոնից։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն