Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակվող կոռուպցիայի ընկալման ինդեքսում՝ համաթվում։ Այս ինդեքսը տարբեր երկրներում կոռուպցիայի մակարդակի գնահատման առաջատար ցուցիչներից է։ Հայաստանը, որ այս ինդեքսում թռիչքաձև բարելավում էր ունեցել 2018-2019 թվականների ընթացքում, 2022-ին հետընթաց է ունեցել 3 միավորով։ Հայաստանը, վերջին գնահատման համաձայն, ունի 46 միավոր՝ 2021-ի 49-ի փոխարեն։ Նկատենք, որ 2020-21 թթ Հայաստանի ցուցանիշը կոռուպցիայի ընկալման համաթվում փոփոխության չէր ենթարկվել։
Ըստ համաթվի մեթոդաբանության՝ եթե երկրի միավորը 50-ից ցածր է, ապա կոռուպցիան այդ երկրում համարվում է չափազանց լուրջ հիմնախնդիր։ Համաթվի չափման համար հիմք են ընդունվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրություններ ու զեկույցներ, որոնք վերլուծության են ենթարկվում մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով ու գնահատում երկրում կոռուպցիայի ընկալման մակարդակը։ Այս զեկույցը չի անդրադառնում առանձին վերցրած ոլորտներում առկա կոռուպցիայի վիճակին։ Տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի իր ցուցանիշով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը։ Միևնույն ժամանակ, Վրաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորներն ավելի բարձր են, քան Հայաստանինը։
2019-ին, երբ Հայաստանն ընդունում էր հակակոռուպցիոն ռազմավարություն, խնդիր էր դրվել Հայաստանի միավորները հասցնել 55-ի։ 3 տարի անց սակայն Հայաստանի ունեցած դրական դինամիկան կանգ է առել և դեռ ավելին՝ արձանագրվել է վատթար արդյունք։ Իսկ ինչու՞ է գրանցվել այսպիսի արդյունք։ Ինչպես տեղեկացնում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, Հայաստանի միավորների անկումն արտահայտվում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրներով։
Հայաստանում կոռուպցիայի հանրային ընկալումները 2018-ից հետո էական փոփոխությունների ենթարկվեցին, փոխվեց կոռուպցիայի բնույթի ու մասշտաբի ընկալման հարցը։ Այժմ, քաղաքացիների կողմից, կաշառք տալուց ու վերցնելուց բացի, նույնքան սուր է ընկալվում քաղաքական ու տնտեսական հովանավորչությունը, շահերի բախումը և այլն։ Կոռուպցիայի ընկալման բնույթի փոփոխության մեկ այլ դրվագ է պարգևավճարների հանգամանքը ու, օրինակ, պատգամավորական ծախսերի համար հատկացվող միջոցների հնգապատկումը։ Թեպետ վերջինն ուղղակի կոռուպցիա համարելը բարդ է, բայց պետական միջոցների ուղղումը որոշում կայացնողների բարեկեցությանը կարող է որակվել հենց քաղաքական կոռուպցիա՝ հիմնվելով նաև նրա վրա, որ պատգամավորական ծախսերի բարձրացումից հետո չկա թափանցիկություն՝ ի՞նչ ուղղություններով են պատգամավորները ծախսել այդ միջոցները, հատկացված միջոցները իսկապես ուղղվել են պատգամավորական ծախսերի՞ն, թե անձնական բնույթ են ունեցել և այլն։
Հայաստանում ծայրահեղ խնդրահարույց է շարունակում մնալ պետական գնումների համակարգը։ 2020-ից ինտենսիվորեն լրագրողական հետաքննություններ ու հրապարակումներ են եղել քաղաքական իշխանության այս կամ այն ներկայացուցչի ընտանիքի անդամների կողմից նորահայտ ընկերություններով պետական գնումների խոշոր պայմանագրեր կնքելու մասին։ Ամենահիշարժան օրինակը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կողմից ղեկավարվող «Եվրոասֆալտ» ընկերությունն է, որը միլիարդավոր դրամների պետական գնումների պայմանագրեր է ստացել 2021-ից ի վեր։ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդարացումներն ու հակադարձումներն այս թեմայով չափազանց մանիպուլյատիվ և անազնիվ են։ Վերջիններս փորձ են անում Սիմոնյանի եղբորը ներկայացնել որպես շարքային վարձու աշխատակից, միտումնավոր կերպով նսեմացնելով այն փաստը, որ Սիմոնյանը հանդիսանում է ընկերության ղեկավար անդամ և կարող է կոնկրետ ֆինանսական շահ ստանալ պետական գնման պայմանագրի ստորագրմամբ։ Երկրի քաղաքական ղեկավարության՝ այս գործընթացները պրիմիտիվացնելու փորձերը, բնականաբար, կոնկրետ ազդեցություն ունեն ու ազդակ են նաև այն իրավապահներին, որոնք այս կամ այն գործի բերումով կարող են առնչվել կոնկրետ ընկերությանն ու անձին։
Կասկածելի գործարքի մեկ այլ աղաղակող դրվագ էր անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման առեղծվածը։ Միջոցառումը կազմակերպել էր «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը, սակայն պարզվել էր, որ կառավարությունը ընկերությանը միջոցներ չի հատկացրել տոնակատարության կազմակերպման համար։ «Դոմինո փրոդաքշն»-ը հայտարարել էր, որ միջոցառումը կազմակերպվել է մասնավոր հովանավորների միջոցով։ Թե ովքեր էին այդ մասնավոր հովանավորները, ինչու էին որոշել պետական միջոցառումը ֆինանսավորել և ի՞նչ են ստացել կառավարությունից դրա փոխարեն՝ մինչ այժմ էլ մնում է անհայտ։
Այս օրինակներից բացի զանգվածային լրատվամիջոցներով չեն դադարում բացահայտումները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների գույքային բարելավումների վերաբերյալ։ Վերը նշված բոլոր փաստերն ու հանգամանքները պետք է քննության առարկա դառնային Հայաստանում 2018-ից հետո ստեղծված հակակոռուպցիոն մարմինների համար։ Այդ մարմիններն են՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը։ Այս մարմինների հետ գործառութային իմաստով կարելի է նույնականացնել նաև Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը։ Ավելորդ է նշել, որ բոլոր այս մարմինները, ունենալով էական գործիքակազմ՝ օպերատիվ-հետախուզական բլոկ, բանկային տվյալների հասանելիություն և այլն, առանցքային նշանակության բազմաթիվ գործերով կասկածելի դիրքորոշում են ունեցել՝ իրենց գործողություններով և/կամ դրանց բացակայությամբ թույլ տալով կասկածելի ծագմամբ տարբեր գույքերի գործարքներ։
Այդ օրինակներից են Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատան վաճառքի գործարքը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի պարագայում կամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Երևանի կենտրոնում գտնվող ընդարձակ բնակարանի վաճառքը, երբ քրեական գործի առկայությամբ գույքի կալանադրում չէր եղել, և անշարժ գույքի վրա կալանք դրվեց միայն դրա վաճառքից հետո։ Մեկ այլ դրվագով՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կարողացել էր լքել Հայաստանի տարածքը. գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, տեղեկություն ստանալով դատավորի՝ երկիրը լքելու մտադրության մասին, չէր ձեռնարկել համապատասխան քայլեր։
Սրանք միայն հպանցիկ ծաղկաքաղ են իրավապահների բազմաթիվ կասկածելի գործողություններից։ Թեպետ կառավարությունը փորձեր է կատարում աշխատավարձերի բարձրացումով հասնել քննիչների, դատախազների նկատմամբ քրեական գործերով արտաքին միջամտության բացառմանը կամ նվազմանը, սակայն ակնհայտ է, որ միայն այդ անձանց եկամուտների բարձրացումն անբավարար է արդյունք ակնկալելու համար։ Աշխատավարձը բազմաթիվ դեպքերում թեպետ էական, բայց ոչ վճռորոշ գործոն է կոռուպցիոն բնույթի գործերի քննությամբ զբաղվող քննիչների, դատախազների համար։ Դա կարող է ինքնանպատակ լինել, եթե դրան զուգահեռ չեն կառուցվում կարողությունների զարգացման հնարավորություններ, քրեական գործերով փոխկապակցվածություններից զերծ մնալու մեխանիզմներ և այլն։ Ի վերջո, տրամաբանական է, որ միլիարդավոր կամ տասնյակ միլիարդավոր դրամների կոռուպցիոն սխեմաների գործ քննող քննիչի ֆինանսական պահանջմունքները ավելի էֆեկտիվ կարող է բավարարել նույն այդ գործով անցնող անձը, քան պետական դանդաղ ու անտրամաբանական բյուրոկրատիան։
Հակակոռուպցիոն պայքարի մյուս նորաստեղծ մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է։ Այս մարմնի հիմնական գործառույթը բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, ունեցվածքի, եկամուտների, շահերի հայտարարագրերի ստացումն է, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում՝ վարույթների հարուցումը և այլն։ 2023 թվականի դրությամբ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար դատական որևէ մեղադրական ակտ կայացված չէ՝ թեև դատարանում այս հատկանիշներով 5 գործ է քննվում։ Բացի այդ, ԿԿՀ-ին օրենքով հնարավորություն է տրվել ստանալու բանկային տվյալներ։ Ակնհայտ է, որ այս հնարավորությունը համահունչ չէ հայտարարագրերի վերլուծության այն մակարդակին ու տեմպերին, որ այժմ առկա է։ Բացի այդ, գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են, որ ԿԿՀ անդամի հայտարարագրի հետ կապված հարցերը կարող է քննել նույն ԿԿՀ-ն, ինչն անտրամաբանական է ու խաթարում է այս մարմնի անդամների նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը։
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի համար, ցավոք, թերագնահատված են մնում Կենտրոնական բանկի դերն ու ռեսուրսները։ ԿԲ-ի ներսում գործում է ֆինանսական դիտարկումների կենտրոնը, որը ֆինանսական հետախուզության մարմին է, իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար, կարող է վերլուծել տարբեր փոխանցումների աղբյուրներն ու ուսումնասիրել գործարքներ։ Թե որքանով է այս կառույցը համագործակցում հակակոռուպցիոն մարմինների հետ՝ հայտնի չէ։
«Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից կոռուպցիայի ընկալման համաթվի ցուցանիշը միակը չէ, որ բացասական միտումներ է արձանագրում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում։ 2022-ի նոյեմբերին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը հրապարակել էր հանրային կարծիքի ուսումնասիրություն, ըստ որի, օրինակ, եթե 2019-ին հարցվածների 4.7 տոկոսն էր միայն ասել, որ կոռուպցիան ընդհանրապես չի կարող նվազեցվել, 2021-ին այդ կարծիքն էր հայտնել 22.5 տոկոսը։ 2019-ին հարցման մասնակիցներին հարց էր ուղղվել պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելու կամ ակնկալելու հաճախականության պատկերացումների վերաբերյալ։ Եթե 2019-ին հարցվածների 0.3 տոկոսն էր միայն կարծում, որ կաշառք պահանջելու հաճախականությունն աճել է, 2021-ի դրությամբ այդ թիվը հասել էր 5.9 տոկոսի։
Հանրային կարծիքի այս ուսումնասիրությունը ևս փաստում է հանրության շրջանում կոռուպցիայի առկայության մակարդակի բացասական միտումների մասին։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
Երևան