Լաչինի միջանցքի շրջափակման, ինչպես նաև դրա ապաշրջափակման մասին միջազգային հանրության կոչերի, միջանցքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի վերականգնման մասին անգամ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համապատկերում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անփոփոխ է մնում։ Սակայն Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հրամանատարության նախաձեռնությամբ վերջերս անցկացված երկփուլ հանդիպումներին հետևեց մարտի 5-ի արյունոտ միջադեպը, երբ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ ավելի քան մեկ կիլոմետր ներթափանցեցին ռուսաստանյան զորակազմի պատասխանատվության գոտի ու հարձակվեցին արցախցի ոստիկանների վրա՝ սպանելով երեք հոգու։
Այսուհանդերձ, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանն այլընտրանք չկա։ Այլ հարց է, թե ինչ տեսլականով և ինչ դիրքերից, ու որ ամենակարևորն է՝ միջազգային ինչ երաշխիքներով, քանի որ Բաքուն երկխոսությունը պատկերացնում է որպես Ադրբեջանի կազմում արցախահայերի «ինտեգրման հարցերով բանակցային գործընթաց», ընդ որում՝ խոսքը մի երկրի մասին է, որի անգամ սեփական քաղաքացիները ոչ մի իրավունք չունեն, ինչում համոզվելու համար պարզապես պետք է աչքի անցկացնել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները։
Դրա հետ մեկտեղ՝ փոխվում է միջազգային համապատկերը։ Մասնավորապես, Եվրախորհրդարանը բանաձևեր է ընդունում Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների մասին, որոնցում կտրուկ քննադատության է արժանացնում Բաքվի դիրքորոշումը, իսկ Միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունն ընդունելու մտադրություն ունի Հայաստանը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինին ձերբակալելու օրդեր է հրապարակել` նրան մեղադրելով զավթած տարածքներից 16 հազար ուկրաինացի երեխաների բռնատեղահանման մեջ։ Այս ամենը չի կարող չանդրադառնալ տարածաշրջանային սուբյեկտների ու հարավկովկասյան գործընթացներում այս կամ այն կերպ ներգրավված արտատարածաշրջանային տարբեր դերակատարների «քաշային կարգերի» վրա։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ պահի մանրամասների ու Ստեփանակերտ-Բաքու բանակցային ձևաչափի գործարկման հնարավորությունների մասին կարդացեք մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն