Իրանը և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանությունները։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը բանակցություններից հետո պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և առավելագույնը երկու ամսվա ընթացքում կրկին բացել դեսպանություններն ու առաքելությունները»,- ասված է երկու երկրների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին և նրա արաբ գործընկեր Մուսայիդ բեն Մուհամեդ ալ-Այբանը մի քանի օր տևած բանակցություններից հետո պայմանավորվածությունը ձեռք են բերել Պեկինում։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման այս հնարավորությունն իրականություն է դարձել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, ինչպես նաև Օմանի ու Իրաքի իշխանությունների շնորհիվ։
Սուննի Սաուդյան Արաբիան և շիա Իրանը, որոնք տարիներ շարունակ պայքար են մղում տարածաշրջանում ազդեցության գերակայության համար, խզել էին դիվանագիտական հարաբերությունները 7 տարի առաջ՝ 2016 թվականին տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Վերջինս առաջացել էր Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ Նիմրա ալ-Նիմրայի մահապատժից հետո, որը մեղադրվում էր ահաբեկչության կազմակերպման մեջ։ Դրանից հետո Իրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա, իսկ Էր-Ռիյադն ի պատասխան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։
Պարսից ծոցի մյուս երկրները, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Բահրեյնը, դրա հետևանքով նվազեցրել էին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը՝ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի։ Ավելի ուշ ԱՄԷ-ն ու Քուվեյթը վերականգնել են իրենց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։
Իրանի ու Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն «այդ որոշման իրագործման և դեսպանների փոխանակման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար»։
Բացի այդ, սաուդական SPA գործակալությունը նաև հայտնել է, որ երկու երկրները նաև որոշել են վերադառնալ դեռևս 2001 թվականին ստորագրված «Անվտանգության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կետերի իրականացմանը։
Rfi-ը գրում է, որ 2021 թվականի ապրիլից Իրաքում և Օմանում տեղի են ունեցել Իրանի ու Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հանդիպումներ, որոնք միտված են եղել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը։ Ընդ որում, համատեղ հայտարարության մեջ կողմերը շնորհակալություն են հայտնել Իրաքին, Օմանին ու Չինաստանին՝ շփումների վերականգնման օգնության և բանակցությունների հարթակի տրամադրման համար։
Փետրվարի կեսերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եռօրյա պետական այցով ժամանել էր Պեկին, ինչը դարձել էր ավելի քան 20 տարվա մեջ առաջին անգամ Չինաստան Իրանի առաջնորդի այցը։ 2021 թվականին Իրանն ու Չինաստանը 25 տարով ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության մասին» լայնածավալ պայմանագիրը, որի համաձայն երկու երկրները համագործակցելու էին էներգետիկայի, անվտանգության, ենթակառուցվածքների ու հաղորդակցության ոլորտներում։