2023 թ. մարտի 10-ին Պեկինում անակնկալ կերպով հայտարարվեց Սաուդյան Արաբիայի (ՍԱ) և Իրանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին։ Չինաստանի միջնորդությամբ տեղի ունեցած քառօրյա գաղտնի բարդ բանակցությունների արդյունքում Պեկինը, Ալ-Ռիադը և Թեհրանը հանդես եկան եռակողմ համատեղ հայտարարությամբ՝ ՍԱ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և առաջիկա 2 ամիսների ընթացքում դեսպանատների վերաբացման մասին։ Փատաթղթում նաև ընդգծվել է, որ կողմերը հաստատել են երկու երկրների ինքնիշխանության և միմյանց ներքին գործերին չմիջամտելու պատրաստակամությունը։ Վերջինը չափազանց կարևոր դրույթ է՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ամբողջ բովանդակության որոշ առանձնահատկություններ։
Տարածաշրջանային հավակնոտ մրցակիցների հարաբերությունների կարգավորման գործընթացին, հնարավոր է, լրջագույնս խթանել է 2022 թ. դեկտեմբերին Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի այցը ՍԱ, ինչպես նաև՝ 2023 թ. փետրվարին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Չինաստան։ Հիրավի, տարաբնույթ փորձագիտական-վերլուծական շրջանակների կողմից այս գործընթացը գնահատվեց որպես «մերձավորարևելյան սառը պատերազմի» ավարտ՝ հաշվի առնելով Ալ-Ռիադի ու Թեհրանի ուղիղ և վճռորոշ ներգրավվածությունը միաժամանակ մերձավորարևելյան մի քանի հիմնախնդիրներում։
Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների խզումը
Շուրջ 1 դար շարունակվող, բնույթով մրցակցային և բավականաչափ խրթին Ալ-Ռիադ-Թեհրան հարաբերությունները հիմնականում ոչ այնքան հարթ են եղել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքի քաղաքական, աշխարհաքաղաքական, կրոնագաղափարական, էթնիկ շահերի բախման խիստ խայտաբղետ պատկերը։ Մերօրյա աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանում եղած ամենախորքային խնդիրներից մեկն էլ իսլամի երկու հիմնական ճյուղերի՝ սուննի և շիա ուղղությունների միջև հակասությունների տարաբնույթ դրսևորումներն են, որոնք որակապես նոր հարթություն էին տեղափոխվել դեռևս 1979 թ. Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո։ Իրանի հարևանությամբ, նաև Պարսից ծոցի միապետական վարչակարգերը լուրջ մտավախություն ունեին իսլամական վարչակարգի «արտահանման» վտանգից՝ պայմանավորված տարածաշրջանում մշտապես ազդեցիկ կրոնական գործոնի քաղաքական դրսևորումների լայն հնարավորություններով։ Բայց և այնպես, տարածաշրջանում սուննի-շիա հակամարտությունը, որը նոր խթան էր ստացել 2010 թ. վերջից սկիզբ առած «արաբական գարնան» գործընթացների հետևանքով, գագաթնակետին հասավ 2016 թ. հունվարին իսլամի հակոտնյա «ճամբարների» պայմանական առաջնորդողների՝ ՍԱ-ի և Իրանի միջև անմիջական լարվածության պատճառով։ Սաուդյան իշխանությունների կողմից շիա ազդեցիկ քարոզիչ Նիմր ալ-Նիմրի և նրա 46 կողմնակիցների մահապատժից հետո Թեհրանում հարձակում տեղի ունեցավ ՍԱ դեսպանատան դեմ, ինչի հետևանքով երկրում ծագած բողոքի գործողություններում սաուդական կողմը մեղադրեց Իրանին՝ խզելով վերջինի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Ուշագրավ է, որ այս իրադարձությունները համընկան Իրանի և միջազգային «վեցյակի» միջև ստորագրված միջուկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու գործընթացի հետ, որի արդյունքում կանխատեսվում էր Թեհրանի տնտեսական վիճակի զգալի կայունացում և դրանով պայմանավորված՝ վերջինի տարածաշրջանային քաղաքականության առավել ակտիվացում։ Հարկ է հիշեցնել, որ մինչ այդ՝ մի կողմից Իրանի, մյուս կողմից Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սուննիական արաբական երկրների հարաբերությունները զգալիորեն սրվել էին «արաբական գարնան» շղթայում հայտնված Սիրիայում, Եմենում, Բահրեյնում, Լիբանանում, ապա նաև Իրաքում՝ այդ երկրներում ծավալվող ներքաղաքական զարգացումներում, որոշների պարագայում հակամարտություններում Թեհրանի և նրա հակառակորդների իրարամերժ շահերի ու հակադիր ճամբարներին ցուցաբերած աջակցության համատեքստում:
Արդեն 2016-ից հետո դիմակայությունը կողմերի միջև էլ ավելի խորացավ. առավել վտանգավոր զարգացումներ արձանագրվեցին լիբանանյան ներքաղաքական ճգնաժամում, սիրիական և հատկապես եմենական հակամարտությունների շրջանակներում։ Այդուհանդերձ, գրեթե բոլոր «մրցակցային թատերաբեմերում» հարաբերական առավելությունն Իրանի կողմն էր։
ՍԱ-Իրան հարաբերությունների կարգավորման փորձերը
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի մերձավորարևելյան խիստ իսրայելակենտրոն, հետևաբար՝ նաև աննախադեպ հակաիրանական քաղաքականությունը, որի արդյունքում, ըստ էության, կենսունակությունը կորցրեց Իրանի միջուկային համաձայնագիրը, և նոր թափ հաղորդվեց Թեհրանի մեկուսացման քաղաքականությանը, էլ ավելի խախտվեցին Մերձավոր Արևելքի անվտանգային բանաձևումները։ Հակամարտային հավելյալ օջախներ առաջացան պաղեստինյան հիմնախնդրի շրջանակում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Զուգահեռաբար արձանագրվեց տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակցային միջավայրի խաթարում։ Տարաբնույթ դրսևորումներով լարվածություններ առաջացան Թուրքիա-ՍԱ, Թուրքիա-ԱՄԷ հարաբերություններում, ավելի սրվեցին Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Եգիպտոս հակասությունները, ճգնաժամ առաջացավ Պարսից ծոցի տարածաշրջանում՝ Կատարի հիմնախնդրով պայմանավորված։
Եվ չնայած արդեն Ջոզեֆ Բայդենի վարչակազմի կառավարման մեկնարկից նկատվեցին վերոնշյալ գրեթե բոլոր խնդիրներում դրական տեղաշարժեր, այդուհանդերձ՝ տևական ժամանակ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և անվտանգային հավասարակշռությունն ապահոված նախկին բանաձևումների շեղումները, որոնք նոր հանգրվանի հասան արդեն ուկրաինական ճգնաժամի համատեքստում արձանագրվող աշխարհակարգային վերափոխումների գործընթացով, նպաստեցին նաև Մերձավոր Արևելքում նոր արմատական քաղաքական վերափոխումների. դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև քննվող ՍԱ-Իրան հարաբերությունների վրա։
Մասնավորապես, դեռևս 2021 թ․ ապրիլին Իրաքի նախկին վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի անմիջական նախաձեռնությամբ մեկնարկեց Ալ-Ռիադ-Թեհրան կարգավորման գործընթացը, որի արդյունքում հաջորդ 1,5 տարվա ընթացքում Բաղդադում տեղի ունեցավ բանակցությունների 5 փուլ։ Հանդիպումներին սաուդական բանակցային պատվիրակությունը գլխավորում էր ՍԱ ազգային անվտանգության խորհրդական, պետնախարար Մուսաադ բին Մուհամմադ Ալ Աիբանը, իրանականը՝ ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ Բանակցությունների 6-րդ փուլն Իրաքում այդպես էլ տեղի չունեցավ նախ և առաջ 2022 թ. կեսերից Իրանում հակակառավարական ցույցերի բռնկման պատճառով. ընդ որում, իրանական կողմը տարաբնույթ բողոքի գործողությունների կազմակերպման, անկարգությունների հրահրման գործում մեղադրում էր արտաքին ուժերին, այդ թվում՝ ՍԱ-ին։ Բացի նշվածից, բանակցային գործընթացի դադարեցումը պայմանավորված էր նաև Իրաքի նոր վարչապետ Շիա ալ-Սուդանիի քաղաքականությամբ. վերջինս փորձում էր բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ (նաև Իրաքում իրանական ազդեցության թուլացման հաշվին), որի պատճառով ևս առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեց երկու հարևանների միջև հարաբերությունների կարգավորման հանդեպ։ Օմանում կայացած բանակցությունները ևս էական արդյունք չարձանագրեցին՝ մինչև Չինաստանի կողմից միջնորդական դերակատարման ստանձնումը։
Ինչու՞ է հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված ՍԱ-ն
Ընդհանուր առմամբ, տվյալ ժամանակահատվածն ամենապատեհն էր հենց եռակողմ՝ Պեկին-Ռիադ-Թեհրան ձևաչափով համագործակցության համար, որի արդյունքում էլ հնարավոր եղավ վերոնշյալ կարևոր հայտարարությունը։ Բանն այն է, որ երեք դերակատարների համար էլ այս համաձայնությունը բավականաչափ կարևոր է միաժամանակ մի քանի գործոնների համատեքստում։ Սաուդյան Արաբիայի տեսանկյունից՝ աշխարհակարգի վերափոխման գործընթացը լայն հնարավորություն է նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում սեփական դիրքերի ամրապնդման և սեփական հավակնությունների առաջմղման առումով։ Չի բացառվում նաև, որ միապետության հավակնոտ իշխանություններն անգամ ունեն ձևավորվելիք աշխարհակարգում Մերձավոր Արևելքը, իսլամական, արաբական աշխարհները ներկայացնող քաղաքակրթական, կրոնագաղափարական հիմքով (իբրև իսլամի հայրենիք, որի երկու սրբավայրերը համամուսուլմանական ամենամյա ուխտագնացության ուղղություն են հանդիսանում) նոր բևեռի վերածվելու ծրագրեր։ Իսկ դրա համար Ալ-Ռիադին անհրաժեշտ էր հավասարաչափ կարևոր երեք հանգամանք՝ հավասարակշռել ավանդական դաշնակից ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում, մասնավորապես՝ ՍԱ-ում, դադարեցնել ավելի քան մեկ տասնամյակ անօգուտ ներգրավվածությունը տարածաշրջանային հյուծիչ հակամարտություններում, կարգավորել տևական խնդրահարույց հարաբերությունները տարածաշրջանի առանցքային մրցակից-խաղացողների հետ (Կատար, Թուրքիա, Իրան)։ Այս համատեքստում Ալ-Ռիադի համար առաջնային նշանակություն ուներ Թեհրանի հետ կարգավորումը, որը նպաստելու էր ինչպես երկկողմ լարվածության հաղթահարմանը, այնպես էլ միաժամանակ տարածաշրջանային մի քանի հիմնախնդիրներում նոր ստատուս քվոյի ամրագրմանը։
Որպես վերոնշյալի հավաստում՝ Թեհրանի հետ մերձեցումից անմիջապես հետո տեղեկատվություն եղավ ՍԱ-Սիրիա հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին։ Շուրջ 1 տասնամյակ շարունակվող այս խնդիրը չէր կարող լուծվել, և նման պայմանավորվածությունը չէր կարող կայանալ առանց ՍԱ-Իրան կարգավորման։ Առաջիկայում հնարավոր են նաև դրական տեղաշարժեր կրկին խորացած ներլիբանանյան ճգնաժամում, որի լուծման պարտադիր արտաքին նախադրյալները հնարավոր են բացառապես սաուդաիրանական փոխհամաձայնությունների և փոխզիջումների արդյունքում։
Բայց ՍԱ-ի համար ամենախնդրահարույցը եմենական հիմնախնդիրն է, որը տարիներ շարունակ անվտանգային խնդիրներ է առաջացրել նաև հենց թագավորության տարածքում (թիրախավորվել են ՍԱ ռազմավարական օբյեկտներ, նավթահորեր և այլն)։ Իրանի կողմից հովանավորվող «Անսար Ալլահ» հութիական խմբավորման և ՍԱ-ի աջակցությունը վայելող Եմենի կառավարության միջև մի քանի ամիս շարունակվող հրադադարի բյուրեղացումը կարող է վերջ դնել Պարսից ծոցի տարածաշրջանն ապակայունացնող այս անօգուտ հակամարտությանը` ազատելով նաև ահռելի ծավալի տնտեսական և քաղաքական ռեսուրսներ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ավանդական համակողմանի ազդեցության հավասարակշռմանը, ապա Չինաստանի միջնորդությանն ապավինելը հերթական կարևոր քայլն էր այս ուղղությամբ։ Հարկ է հիշեցնել, որ նախորդիվ Ալ-Ռիադը սկզբունքորեն մերժել էր Վաշինգտոնի նախաձեռնած «Աբրահամյան համաձայնագրերի» գործընթացին միանալու հնարավորությունը՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Նաև Ջո Բայդեն-Մուհամմադ բին Սալման խնդրահարույց հարաբերությունների պատճառով չէր ընդառաջել էներգակիրների շուկան վերահսկելի դարձնելու ամերիկյան առաջարկներին և այլն։
Հետևաբար, թվարկված ծրագրերի իրականացումից հետո ՍԱ-ի հավակնոտ իշխանությունները կկարողանան առավել կենտրոնանալ տարածաշրջանում փափուկ և խելացի ուժերի կիրառմամբ սեփական դիրքերի ամրապնդման ուղեգծի վրա՝ հիմնական հակառակորդների հետ մրցակցությունը տեղափոխելով իրենց համար շատ ավելի բարենպաստ դրական հարթություններ։
Ինչու՞ է հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված Իրանը
Իրանի համար ՍԱ-ի հետ հարաբերությունների բարելավումը ևս չափազանց կարևոր է հատկապես այս երկրի համար խորացող համակողմանի խնդիրների համատեքստում։ Կարելի է առանձնացնել առնվազն 3 ուղղություն, որոնց շրջանակում Թեհրանի համար օրակարգային է Ալ-Ռիադի հետ կարգավորումը։ Առաջինը, բնականաբար, ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց մի շարք այլ գործընկերների նախաձեռնած «հակաիրանական շղթայի» ճեղքումն է՝ դրա առանցքային օղակներից մեկը հանդիսացող ՍԱ-ի հետ հարաբերությունները հարաբերականորեն կառավարելի դարձնելով։ Բացի այդ, կանխատեսելի է, որ Ալ-Ռիադի հետ մեկնարկած գործընթացը կարող է շղթայական էֆեկտով տարածվել նաև հակաիրանական ճամբարում տեղավորված այլ արաբական երկրների ուղղությամբ՝ ԱՄԷ, Բահրեյն, Քուվեյթ, Եգիպտոս և այլն։ Վերոնշյալի նախերգանքն արդեն իսկ երևում է հատկապես Աբու Դաբիի և Մանամայի ուղղությամբ։ Սա է պատճառը, որ եռակողմ հայտարարության վերաբերյալ ԱՄՆ-ից և Իսրայելից հնչող գնահատականների առանցքում «ռազմավարական կորուստ» բնորոշումն է։ Ալ-Ռիադ-Թեհրան մեկնարկած գործընթացի հետ կապված իրանական վերլուծական կանխատեսումները դրական արդյունքներ են ակնկալում նաև տնտեսական ոլորտում՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններ, էներգակիրների վաճառք և այլն։ Այս ուղղությունը Թեհրանի համար առանձնահատուկ կարևոր է՝ հաշվի առնելով երկրում ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նաև այդ պատճառով պարբերաբար իրականացվող հակակառավարական բողոքի գործողությունները և այլն։
ՍԱ-ի հետ կարգավորման գործընթացի՝ Իրանի տեսանկյունից կարևոր մեկ այլ ռազմավարական ուղղություն է Պարսից ծոցից զատ այլ տարածաշրջաններում ռազմավարական և անվտանգային խնդիրներ լուծելու հարցում առավել լայն ռեսուրսների կենտրոնացումը։ Որպես օրինակ՝ Սիրիայում Իսրայելի առավել սանձարձակ դարձած վարքագծի զսպումն է։ Նույն հիմքով մեկ այլ կարևոր ուղղություն է Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչպես նաև Հարավային Կովկասում թյուրքական գործոնի ազդեցության աճի կանխումը, որը ներկայում դրսևորվում է «Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի ներքո Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ Բաքվի հավակնությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից «հակաիրանական շղթայում» սկզբունքորեն ագուցվելու միջոցով, սեփական տարածքում Իսրայելին նորանոր ռազմավարական ենթակառուցվածքների տրամադրմամբ, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքախոս բնակչությամբ շրջանների նկատմամբ ադրբեջանական խորացող հավակնությունների տեսքով։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության թուլացմանը, նրա «դաշնակցային միջավայրի» խարխլմանը, ապա ներկա իրողությունների պայմաններում սա լրջագույն ռազմավարական հաջողություն է Վաշինգտոնի մրցակից-հակառակորդների, այդ թվում՝ Թեհրանի համար։ Նախ և առաջ զգալիորեն թուլանում է ուկրաինական ճգնաժամի համատեքստում Արևմուտքի կողմից Ռուսաստանը և Իրանը մեկ ընդհանուր «չարիքի առանցքում» տեղավորելու մարտավարական հնարավորությունը, արձանագրելով հակառակ արդյունքներ՝ Ռուսաստան-Իրան, Չինաստան-Իրան, Հնդկաստան-Իրան ձևաչափերում տեսանելի ակտիվությամբ, արաբական երկրներ-Իրան կանխատեսելի բարելավման լայն հնարավորություններով։
Մյուս կարևոր ուղղությունը Վաշինգտոնի կողմից Թեհրանին նոր՝ շատ ավելի էական սահմանափակումներով միջուկային համաձայնագրի պարտադրման անպտուղ փորձերի կանխումն է՝ նաև Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության արդյունքում։
Ինչու՞ է ՍԱ-Իրան հարաբերությունների կարգավորման միջնորդությամբ շահագրգռված Չինաստանը
Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ դերակատարներից երկուսի՝ շուրջ մեկ տասնամյակ տարածաշրջանային տարբեր հակամարտություններում միմյանց դեմ պրոքսի-պատերազմներ վարող Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կարգավորման միջնորդությունը Չինաստանի կողմից, ըստ էության, տևական ժամանակ կուտակած տնտեսական և քաղաքական կապիտալի առարկայացման լրջագույն դրսևորումն է։ Տարածաշրջանի լոգիստիկ և տնտեսական հնարավորություններից առավելագույնս օգտվելու Պեկինի մշտական ձգտումների համար էական կարևորություն ունի ոչ միայն նրա անվտանգային կառավարելի միջավայրը, այլև Մերձավոր Արևելքում գլոբալ մրցակիցների՝ ԱՄՆ-ի, մասնակիորեն նաև Ռուսաստանի հետ մրցակցային դիրքերի բարելավումը։ Իսկ ներկա ժամանակահատվածը լավագույն հնարավորություններն է ընձեռում Չինաստանին՝ հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը Արևելյան Եվրոպայում, ավելի ակտիվացած ռազմավարական մրցակցությունը հետխորհրդային տարածաշրջանում և այլն։ Եվ, ինչպես երևում է, Պեկինն առայժմ գոնե շոշափելի հաջողությամբ է օգտվում գլոբալ դիմակայության հետևանքով ինչպես այլ տարածաշրջաններում, այնպես էլ Մերձավոր Արևելքում առաջացած հնարավորություններից։
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ նախ և առաջ, ինչպես արդեն նշվել է, ՍԱ-Իրան գործընթացը բազմաշերտ կարևոր իրողություն է։ Այն կարող է էականորեն բարելավել Մերձավոր Արևելքի անվտանգային միջավայրը՝ եմենական հիմնախնդրից ու Բահրեյնից մինչև Սիրիա, Լիբանան և այլուր, որտեղ Ալ-Ռիադն ու Թեհրանն իրարամերժ դիրքորոշումներ են ունեցել՝ վարելով միջնորդավորված հիբրիդային պատերազմներ։ Միևնույն ժամանակ, հարաբերությունների կարգավորումը դեռևս չի վկայում տարածաշրջանային լրջագույն մրցակիցների միջև ջերմացման, առավել ևս բարեկամության վերականգնման մասին։ Պարզապես, այս գործընթացը կարող է փոխել տարածաշրջանում նրանց մրցակցության ձևաչափը՝ առնվազն մեկ տասնամյակ շարունակվող հակամարտայինից դեպի համագործակցային։ Իսկ որպես միջնորդ Չինաստանի դերակատարումն արդեն շատ ավելի լայն, գլոբալ առումով փոխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական ազդեցության պատկերը՝ խախտելով ավանդական խաղացողների՝ ԱՄՆ-ի, մասնակիորեն նաև Ռուսաստանի ներգրավվածության ձևաչափերը։
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Արևելագետ
Երևան