Ավելի քան 100 օր շարունակվում է Լաչինի ճգնաժամը՝ Արցախի «կյանքի ճանապարհի» շրջափակումը ալիևյան վարչակարգի կողմից ուղղակիորեն սատարվող ադրբեջանական կեղծ-բնապահպանների միջոցով։ Ճգնաժամն իր հանգուցալուծումը չի ստանում միջազգային հանրության հետևողական կոչերից, Լաչինի միջանցքով անարգել երթևեկությունն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումից հետո։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Բաքուն սաստկացնում է արցախահայերի նկատմամբ իր պահանջները, խոսում է «ինտեգրման» մասին, անտեսում է Հաագայի դատարանի որոշումը, միջադեպեր է սադրում Լաչինի միջանցքում և ռուսաստանյան խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտու ողջ երկայնքով։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահի ստորագրությոնը դրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ, հայտարարություն, որը սահմանում է Արցախում շփման գիծը, ինչպես նաև Լաչինի միջանցքը՝ 5 կիլոմետր լայնությամբ։
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան ռազմաքաղաքական ներկայությունն, իր հերթին, բավականին անախորժ դեր է խաղում, հարկ եղած խոսքերը չգտնելով Ադրբեջանի վրա ազդելու համար, որը վտանգավոր ու սադրիչ քայլեր է ձեռնարկում 120 հազար հայերի նկատմամբ, մինչդեռ պաշտոնական Մոսկվան իսկույնևեթ արձագանքում է այն դեպքերում, երբ Երևանն անգամ չնչին քայլեր է անում իր տարածաշրջանային ու միջազգային քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, չլուծված հիմնախնդիրը միջազգայնացնելու և ալիևյան վարչակարգի բացարձակապես անընդունելի քաղաքականությանը դիմակայելու հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ։
Մյուս կողմից էլ, Հայաստանի՝ «ադրբեջանական գույներով ներկված» քարտեզի ֆոնին լուսանկարվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, Բաքվի կողմից իրականացվող հայատյացության համակարգային ու կենտրոնացված քաղաքականություն, ակնհայտություն այն բանի, որ Ադրբեջանի կոռումպացված-գողապետական վարչակարգն ի բնե չի կարող ավելի լավ վերաբերվել հայերի նկատմամբ, քան երկրի ներսում իր իսկ ընդդիմախոսների նկատմամբ։ Այս ամենը պաշտոնական Երևանին ստիպում է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության շարունակման մասին։
Ընթացիկ իրադարձությունների մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բացառիկ հոդվածներում ու արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն