Վերջին ժամանակներս կրկին ակտիվացել են Հայաստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների տեղակայման հարցով խոսակցությունները: Ընդ որում, այս հարցում արդեն ավելի շատ շահագրգռվածություն է նկատվում Ռուսաստանի, քան Հայաստանի կողմից: Այս ամենի խորապատկերին փորձենք հասկանալ, թե որն է Մոսկվայի շահագրգռվածությունը, և ի՞նչ հավանական սցենարներ կարող են լինել այս հարցում:
Հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցը Հայաստանն օրակարգ բերեց 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայից հետո: Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից անմիջապես հետո մեր երկրի պահանջով հրավիրվեց ՀԱՊԿ արտահերթ նիստ, որտեղ որոշում կայացվեց ստեղծված իրավիճակը գնահատելու համար Հայաստան ուղարկել այդ կազմակերպության առաքելությունը՝ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Ավելի ուշ՝ սեպտեմբերի 30-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարեց, որ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին ներգրավելու հնարավորությունը։
Այս իրադարձություններից քիչ ավելի ուշ՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ հանդիպումը, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստան ուղարկել մի քանի տասնյակ անձանցից կազմված ԵՄ քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվեր Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանի երկայնքով և որի նպատակը պետք է լիներ սահմանի այդ հատվածում մշտադիտարկում իրականացնելը, հակամարտող կողմերի միջև վստահության կառուցումը, իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը և այլն: Որոշում կայացվեց, որ առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին 20-ից՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ադրբեջանը հրաժարվեց, որ այդ առաքելությունը տեղակայվի կամ տեղաշարժվի նաև իր տարածքում, սակայն համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ այն առնչություն կունենա իր հետ:
Պաշտոնական Մոսկվան և Բաքուն սկզբում լռելյայն դժգոհությամբ ընդունեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման փաստը, սակայն այն բանից հետո, երբ 2023 թ. սկզբին հայտնի դարձավ, որ Բրյուսելը ցանկանում է երկարաձգել իր առաքելության ժամկետը արդեն ավելի երկար՝ 2 տարի ժամկետով, վերոնշյալ երկրների պաշտոնյաները սկսեցին քննադատությունների տարափ հնչեցնել Բրյուսելի հասցեին:
Այսպես, 2023 թ. հունվարի 26-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Մոսկվան գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, որ վերջինս ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը:
Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ «Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, որ Մոսկվան որևէ «ավելացված արժեք» չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից, և եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ»: ՌԴ արտաքին- քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել, և որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին: ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման հետ կապված դժգոհություն արտահայտող նույնաբովանդակ հայտարարություններով հանդես եկան նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
Հատկանշական է, որ Մոսկվայի հետ միասին և նրա հետ համաժամանակ ԵՄ քաղաքացիական դիտորդների տեղակայման փաստի հարցով նույնանման մի քանի հայտարարություններով իր դժգոհությունն է հայտնել նաև Բաքուն: «Եվրոպայից դիտորդների առաքելություն հայ-ադրբեջանական սահման ուղարկելը կարող է խանգարել կարգավորման գործընթացին»,- Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հայտարարեց այդ երկրի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան:
Այս ամենի հետ մեկտեղ Մոսկվայից և Բաքվից եկող նմանատիպ հայտարարությունների խորապատկերին շատ կարևոր է հասկանալ, թե ինչու՞ են անհանգստանում այդ երկրները, և ինչո՞վ են այդ դիտորդները խանգարում նրանց շահերին: Ակնհայտ է, որ Ռուսաստանին և Ադրբեջանին պետք է թույլ և խոցելի Հայաստան, որի սահմաններին Կրեմլի հավանությամբ Ադրբեջանը կարող է ռազմական սադրանքներ հրահրել և որոշակի զիջումներ կորզել նրանից, այդ թվում նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում: Հետևաբար, ԵՄ դիտորդների տեղակայումը Հայաստանում խառնում է Ռուսաստանի և Ադրբեջանի խաղաքարտերը, նրանց զրկում շատ կարևոր լծակից, և հենց այդ պատճառով են այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այդպիսի ջղագրգիռ հայտարարություններով հանդես գալիս: Ցավոք, այդ երկրների հետ միասին ԵՄ դիտորդական առաքելությունը վարկաբեկելու փորձեր են անում նաև Հայաստանի որոշ հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց վարքագիծը ոչ այլ ինչ, քան 5-րդ շարասյանը բնորոշ գործողություններ չենք կարող չանվանել:
Բացի այդ, մեր երկրի դեմ Ադրբեջանի նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ռուսաստանը սեփական «դեմքը փրկելու» խնդիր ունի և փորձում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ն պատրաստ է պաշտպանել Հայաստանին: Սեպտեմբերյան իրադարձություններից և ՀԱՊԿ-ի թույլ արձագանքից հետո Հայաստանը հրաժարվեց իր տարածքում կազմակերպության զորավարժություններ անցկացնելուց, ինչպես նաև այդ կառույցի Գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իրեն հասանելիք քվոտայով պաշտոնյա նշանակելու իրավունքից և, ամենայն հավանականությամբ, Երևանի այս դեմարշից հետո Մոսկվան փորձում է գոնե մի քիչ բարձրացնել ՀԱՊԿ-ի հեղինակությունը:
Իրադարձությունների նման ընթացքից հետո, ակնհայտ է, որ Մոսկվան ձգտում է ամեն գնով ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին նաև այն պատճառով, որ մեծ մտավախություններ ունի մեր տարածաշրջանում Արևմուտքի դիրքերի ամրապնդման առումով:
Սակայն, այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվեցին ԵՄ դիտորդները, Հայաստանի իշխանությունը փոխեց խաղի ընթացքը: Թվում է՝ Հայաստանը, հասկանալով Կրեմլի խաղը, արդեն փորձում է խուսանավել և թույլ չտալ ՀԱՊԿ դիտորդների տեղակայումը իր սահմանին: Ըստ այդմ, պաշտոնական Երևանը շարունակում է պայման դնել ՀԱՊԿ անդամ երկրների առջև՝ կազմակերպության անդամ երկրները պետք է ճանաչեն մեր երկրի տարածքային ամբողջականության խախտումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով իր ինքնիշխան տարածքի մի մասի զավթումը: Սակայն, այս նախապայմանին համաձայն չեն ՀԱՊԿ անդամ երկրները, քանի որ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ և մտադիր չեն հանդես գալ վերջինիս դատապարտող հայտարարություններով: Ըստ այդմ, այդ հարցը մտել է փակուղի:
Նկատելի է նաև, որ եթե նախկինում պաշտոնական Երևանն ինքն էր ցանկություն հայտնում, որ ՀԱՊԿ-ը խաղաղապահներ կամ դիտորդներ ուղարկի Հայաստան, ապա այժմ արդեն նմանատիպ շահագրգրվածություն է նկատվում Մոսկվայի կողմից: Պատահական չէ, որ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հնարավորության մասին, հայտարարեց, որ «գնդակը Երևանի դաշտում է»: «Ռուսաստանը գոհ է, որ Երևանը պահպանում է շահագրգռվածությունը կազմակերպության խաղաղապահներին ընդունելու հնարավորության նկատմամբ: Դա կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից։ Երբ նրանք պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ առարկայական աշխատանքին՝ իրագործման եղանակների ամրապնդմանը։ Ռուսաստանն ու դաշնակիցները պատրաստ են դիտորդներ ուղարկել Հայաստան: Այդ որոշումը կընդունվի և կհամաձայնեցվի ՀԱՊԿ շրջանակներում՝ Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ նման քայլը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, Մոսկվան և նրա դաշնակիցները պատրաստ են դրան։
Այս ամենի խորապատկերին չի բացառվում, որ Մոսկվա-Բաքու տանդեմը իր նպատակներին հասնելու համար առաջիկայում նոր սադրանքներ հրահրի սահմանին, որպեսզի վարկաբեկի Եվրամիության քաղաքացիական առաքելությանը և հասնի Հայաստանից դրա դուրս բերմանը՝ դրանք փոխարինելով ՀԱՊԿ դիտորդներով:
Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը, ապա պետք է նշել, որ այն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանին զսպող ու լարվածություն թուլացնող գործոն է: Այսպես, չհաշված ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախումը, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր, նախորդ տարվա հոկտեմբերի 20-ից մինչև ընթացիկ տարվա ապրիլի սկիզբն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում, որտեղ գործում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը, հակառակորդի կրակոցները զգալիորեն նվազել են, և այդ մասին է վկայում նաև դրա հետևանքով արձանագրված դեպքերի վիճակագրությունը: Այսպես, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հաշվետու ժամանակահատվածում, ըստ ՀՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունների, գրանցվել է հակառակորդի կրակոցից հայ զինծառայողների վիրավորման 5 դեպք և որևէ զոհված զինծառայողի դեպք չէր արձանագրվել (խոսքը չի վերաբերում հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածին, որտեղ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մեկ դեպք, սակայն այդ հատվածում ԵՄ դիտորդներ տեղակայված չեն):
Եվ, ի վերջո, պետք է այդ դիտորդական առաքելության ներկայությունը դիտարկել ավելի լայն ենթատեքստում: Այո՛, եղել են սահմանային-տեղային բախումներ, հակառակորդի կրակոցից հայ զինծառայողների վիրավորվելու կամ զոհվելու մի քանի դեպքեր, սակայն ակնհայտ է, որ այդ դիտորդական առաքելությունը սանձում է Ադրբեջանի հնարավոր ավելի լայնամասշտաբ ագրեսիան Հայաստանի դեմ, ինչպես որ դա եղավ նախորդ տարվա սեպտեմբերին: Եվ, ի վերջո, ոչ ոք չի ասել, որ այդ առաքելության տեղակայումը իսպառ բացառելու է սահմանին զինված միջադեպերը, քանի որ անզեն և մոտ 100 հոգանոց անձնակազմը ֆիզիկապես ի վիճակի չի կանխել բոլոր սադրանքները:
Վերջերս Հայաստանում աղմուկ բարձրացավ նաև ամերիկյան Politico պարբերականում լույս տեսած մի հոդվածի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ Բրյուսելը դիտորդական առաքելության տվյալներով հաճախ կիսվում է Բաքվի հետ։ Հոդվածում Եվրոպական Միության դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանունության պայմանով, Politico-ին հայտնել է, որ առաքելությունը Ադրբեջանի հետ կիսվում է դիտորդության և ոչ միայն դրա վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով, քանի որ իրենք ոչ մի խնդիր չեն ցանկանում»։ Այս կապակցությամբ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ ներկայումս իրենք այս առաքելության հետ ապահովում են տեղեկատվություն առաքելության պարեկության գրաֆիկի վերաբերյալ, ինչը լիովին բնական է, և որ իրենք ոչինչ չունեն թաքցնելու: ԵՄ-ն տրամադրում է իրենց առաքելության պարեկության գրաֆիկը Ադրբեջանի գործընկերներին, և դա անում է ամենշաբաթյա ռեժիմով՝ դա համարելով լիովին բնականոն երևույթ:
Կարծում եմ, այստեղ որևէ պախարակելի բան չկա, որ դիտորդները իրենց երթուղու մասին նախապես տեղեկացնում են ադրբեջանական կողմին, որպեսզի ապահովագրեն իրենց պարեկային մեքենաները Ադրբեջանի կողմից թիրախավորվելուց:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Քաղաքագետ, վերլուծաբան
Երևան