Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին

hayk
April 2023
Ընտրություններ Թուրքիայում. արդյո՞ք Էրդողանի իշխանությունը մոտենում է ավարտին
Նելլի Մինասյան

2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի թեկնածուները չորսն են՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Քեմալ Քըլըչդարօղլուն, Մուհարրեմ Ինջեն և Սինան Օղանը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիսանում է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահը և հիմնադիրը: ԱԶԿ-ն իշխանության է եկել 2002 թ. արտահերթ ընտրությունների արդյունքում: Էրդողանը, ով 1994-1998 թթ. եղել է Ստամբուլի քաղաքապետը, զբաղեցնում է վարչապետի (Թուրքիան հիմնադրման պահից մինչև 2014 թ. պառլամենտական հանրապետություն էր), ապա՝ նախագահի պաշտոնները: Նա 2014 թ. փոխեց երկրի կառավարման ձևը՝ պառլամենտական հանրապետությունից անցնելով նախագահականի, իսկ 2017 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում ավելի ուժեղացրեց նախագահի ինստիտուտը: ԱԶԿ-ն հանդիսանում է իսլամամետ պահպանողական ուժ և կոալիցիաներ է կազմել ազգայնական, պանթյուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Էրդողանի կառավարման երկու տասնամյակի ընթացքում Թուրքիան ապրել է ներքին ու արտաքին կերպափոխությունների ժամանակաշրջան: Նա բարձրացրեց իսլամի դերը Թուրքիայի հասարակական-քաղաքական համակարգում, որը նշանակում էր Աթաթյուրքի աշխարհիկության սկզբունքներից հեռացում: Բացի այդ, նա կարողացավ սահմանափակել զինվորականության դերը, որն ավանդաբար հանդիսանում էր քեմալիզմի հենարանը: Այս ընտրություններում Էրդողանը ներկայացված է «Ժողովրդական» դաշինքի կողմից, որը կազմված է «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Մեծ միասնություն» և «Նոր բարօրություն» կուսակցություններից:

Քեմալ Քըլըչդարօղլուն 2010-ից գլխավորում է «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը, որը Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժն է: Նա հայտնի է որպես հակակոռուպցիոն դեմոկրատ: Քըլըչդարօղլուն նախագահի թեկնածու է ներկայացվել «Ազգային» դաշինքի կողմից, որը հայտնի է նաև «Վեցի սեղան» անունով: Դաշինքը բաղկացած է վեց կուսակցություններից՝ «Հանրապետական-ժողովրդական», «Լավ», «Երջանկություն», «Ապագայի», «Դեմոկրատական» և «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություններից: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ընդդիմությունն առաջին անգամ ունի հնարավորոթյուն հաղթել ընտրություններում, իսկ նախագահի թեկնածու «Թուրքական Գանդին» ունի բավականին ամուր դիրքեր:

Մուհարրեմ Ինջեն աջակողմյան, ազգայնական «Հայրենիք» կուսակցության առաջնորդն է: Նա եղել է «Հանրապետական-ժողովրդական» կուսակության անդամ և նախագահի թեկնածու է ներկայացվել 2018 թ. ընտրություններում՝ հանդիսանալով Էրդողանի գլխավոր հակառակորդը: Կուսակցության ներսում տարաձայնությունների պատճառով նա 2021 թ. հեռանում է և ստեղծում իր կուսակցությունը: Ինջեի թեկնածության հետ կապված կա երկու մոտեցում: Մի մասը նրան քննադատում է, որ Էրդողանի հետ է համագործակցում, և նրա թեկնածությունը նպատակ ունի բաժանել ընդդիմության ձայները: Մյուս մասը կարծում է, որ նա միջին բալանսավորված վիճակ է ստեղծում և, ըստ էության, նա կարող է փոխել ընտրությունների ուղղությունը, մասնավորապես՝ երկրորդ փուլի հետ կապված, ու նպաստել թեկնածուներից մեկի հաղթանակին:

Սինան Օղանն առաջադրվել է «Նախնյաց» դաշինքի կողմից, որի կազմի մեջ են մտնում «Հաղթանակի» և «Արդարություն» կուսակցությունները: Նա նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ և պատգամավոր է եղել 2011-2015 թթ.: Սակայն 2017 թ. նա հեռացվել է կուսակցությունից: Օղանն աչքի է ընկնում ազգայնական գաղափարներով և կողմնակից է թյուրքական պետությունների հետ սերտ համագործակցության: Օղանն ընտրվելու հնարավորություն չունի:

Չնայած թեկնածուները չորսն են, սակայն ակնհայտորեն հիմնական մրցակցությունն ընթանում է երկուսի միջև՝ Էրդողանի և Քըլըչդարօղլուի, ըստ այդմ՝ ուշադրություն դարձնենք երկու հավանական զարգացումների:

Վերընտրվելու ի՞նչ հնարավորություններ ունի Էրդողանը

Էրդողանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է «Թուրքիայի դարը» տեսլականով: Այստեղ նշվում է 20 տարիների ընթացքում կարևոր ծրագրերի իրականացումը, այնուհետև շեշտը դրվում է աղետի գոտու վերականգնման ծրագրերի վրա: Հարկ է նշել, որ Էրդողանը նախորդ ընտրությունների ժամանակ կարևորել է սոցիալ-տնտեսական խնդիրները և, ըստ էության, քաղաքացիների քվեն ստացել է սոցիալական ու տնտեսական բարեկեցություն ապահովելու խոստման դիմաց: Սակայն Թուրքիայում սոցիալ-տնտեսական ճգնաժամը և դրան ուղեկցող բարձր ինֆլյացիան, սոցիալական խնդիրները սկսեցին ազդել նրա վարկանիշի անկման վրա: Այս բոլոր գործընթացներն ավելի խորացան 2023 թ. փետրվարի 6-ի երկրաշարժից հետո, երբ առաջին պլան եկավ աղետի գոտու վերականգնման հարցը:

Երկրում առկա սոցիալական խնդիրները մեղմելու համար Էրդողանի կառավարությունը որոշ ծրագրեր է իրականացնում, օրինակ՝ բարձրացրել է նվազագույն աշխատավարձը, թոշակները, երիտասարդների համար տուն ձեռք բերելու ավելի հեշտ պայմաններ է ստեղծել և այլն: Էրդողանը որպես ապագայի տեսլական ներկայացնում է արդյունաբերության զարգացումը՝ ցույց տալով իր իշխանության շրջանում կատարված ձեռքբերումները, մասնավորապես՝  անօդաչուների, թուրքական առաջին ավտոմեքենայի արտադրությունները և  այլն: Սակայն այս գործողությունները մեծ արձագանքներ չեն գտնում, հակառակը՝ կրկին խոսվում է թերացումների, հովանավորչության ու կոռուպցիայի մասին:

Էրդողանն օգտագործում է արտաքին քաղաքականությունը ներքին ժողովրդականությունը խթանելու համար:  Ասվածի օրինակ են հանդիսանում արաբական երկրների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն է հմտորեն օգտագործում: Թերևս, այս համատեքստում պետք է դիտարկել նաև Սիրիայի հետ հաշտեցման փորձերը: Ընդ որում, այս հարցի հետ կապված կարևոր է նաև փախստականների խնդիրը, մասնավորապես՝ նրանց վերադարձն իրենց բնակավայրեր: Էրդողանը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ կատարում է որոշակի քայլեր, սակայն դրանք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ճիշտ հակառակը՝ թուրքական զինված ուժերը և նրանց պրոքսի ահաբեկչական խմբերը փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել նոր բնակավայրեր Սիրիայի հյուսիսում: Մյուս կողմից, նախատեսված բանակցությունները, նաև Մոսկվայի ու Թեհրանի մասնակցությամբ, տեղի չեն ունենում, քանզի Բաշար ալ-Ասադը Թուրքիայի հետ բանակցությունների սկսման նախապայման է առաջ քաշել, այն է՝ զորքը դուրս բերել Սիրիայից: Մյուս կողմից, արտաքին-քաղաքական օրակարգերի օգտագործումը հազիվ թե սպասված արդյունքներն ապահովի, քանզի դրանցում ներկայացված չէ Արևմուտքը: Վերջինս ԱՄՆ-ի գլխավորությամբ ոչ միայն քննադատում է Էրդողանին, այլև բացահայտ աջակցություն է ցույց տալիս ընդդիմությանը:

Փաստորեն այս ընտրություններում Էրդողանի վերընտրվելու հնարավորությունները սահմանափակ են, թերևս նրա հիմնական ընտրազանգվածը շարունակում են մնալ պահպանողականները: Մյուս կողմից՝ Էրդողանի հաղթանակն այս ընտրություններում կփաստի, որ ավարտվել են մրցունակ ընտրությունների հնարավորությունները Թուրքիայում, որի պայմաններում ակնհայտ կդառնա, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հեռացնել Էրդողանին, և ամենայն հավանականությամբ ականատես կլինենք այլ զարգացումների:

Ի՞նչ հնարավորություններ ունի Քըլըչդարօղլուն

Ք. Քըլըչդարօղլուն խոստանում է ընտրվելու դեպքում մեծ փոփոխություններ իրականացնել: Ընդդիմության ծրագրում ընդգրկված են թուրքական հասարակությանը հուզող ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները: Առաջին հերթին ընդդիմությունն իր քարոզարշավը կառուցում է կառավարության գործունեությունը քննադատելու վրա: Այս տեսանկյունից մեծ կարևորութուն է տրվում սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ընդդիմության հաղթանակի համար իրական հնարավորություններ են ստեղծվել՝ թույլ տնտեսությունը, բարձր ինֆլյացիան, պետական կառույցների վատ աշխատանքը, որոնք էլ ավելի խորացան փետրվարյան երկրաշարժի արդյունքում, ինչպես նաև Էրդողանի կողմից քաղաքական, վարչական և դատական համակարգերի լիարժեք վերահսկողությունը թիրախ է դարձել ընդդիմության համար:

Էրդողանի ավտորիտար ռեժիմի դեմ ընդդիմությունը հանդես է գալիս միասնական կոալիցիայով: 2017 թ. հանրաքվեից հետո, երբ ամրապնդվեց նախագահական համակարգը, ընդդիմությունը սկսեց միավորել բոլոր ուժերին և փորձեց ստեղծել միասնական ճակատ: Էրդողանի գլխավորած քաղաքական ուժին ընտրություններով հեռացնելու քայլեր ընդդիմությունը ձեռնարկեց 2019 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից սկսած, երբ նրանք կարողացան հաղթել խոշոր քաղաքներում, ինչպիսին են Ստամբուլը և Անկարան: Ըստ էության, սա նախաքայլը հանդիսացավ հետագա գործողությունների համար, երբ ընդդիմությունը հասկացավ, որ պետք է ընդլայնի կոալիցիան:

Ընդդիմությունն իր հրապարակած ծրագրում անդրադառնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կարևոր հարցերին: Ներքին քաղաքականության մեջ շոշափվում են թուրքական հասարակության համար շատ կարևոր խնդիրներ, որոնք առնչվում են արդարադատության, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտների: Մյուս կողմից, նրանք ներկայացնում են, որ վերադառնալու են խորհրդարանական կառավարման համակարգին: Սա ենթադրում է, որ նրանք Էրդողանի ավտորիտարիզմին հակադրում են ինստիտուցիոնալ համակարգերը: Արտաքին քաղաքական հարցերում խոստանում են ինստիտուցիոնալացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, վերադառնալ F-35 ծրագրին (2019 թ. հուլիսին Թրամփի վարչակարգը Թուրքիային հեռացրեց F-35 ծրագրից՝ կապված ռուսական S-400 համակարգերի ձեռք բերման հետ), վերակտիվացնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները: Ուկրաինական պատերազմի համատեքստում նշվում է հարաբերությունների ամրապնդման մասին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, նաև նշվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանման մասին՝ հավասարակշռված և կառուցողական մակարդակում: Սակայն, դատելով ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններից, նրանք ավելի արևմտամետ քաղաքականության կողմնակիցներն են՝ շեշտելով ՆԱՏՕ-ին անդամակցության հանգամանքը: Թուրքական հասարակությանը հուզող մեկ այլ կարևոր խնդիր է սիրիական փախստականների և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Քըլըչդարօղլուն իր ելույթներում հանդես է գալիս փախստականներին իրենց բնակավայրերը վերադարձնելու ծրագրերով: Նա միաժամանակ հանդես է գալիս Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման դիրքերից: Հարկ է նշել, որ, որոշ վերլուծաբանների կարծիքով, նրա նախագահ ընտրվելուց հետո հնարավոր է առաջին այցելություններից մեկը լինի Դամասկոս:

Ընդդիմության և, մասնավորապես, Քըլըչդարօղլուի համար կարևոր էր համաձայնության գալը «Աշխատանքի և ազատության» դաշինքի հետ, որը ձևավորվել է քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության» կողմից և ներառում է ձախակողմյան ուժերին: Այս դաշինքն ունի 10-13 % ձայն և ընդդիմության հաղթանակի կարևոր հիմքերից է: Կարող ենք եզրակացնել, որ ընդդիմությունը վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրական հնարավորություն ունի հաղթելու ընտրություններում:

Ընտրությունները Թուրքիայում և հայ-թուրքական գործընթացը

Թուրքիայում ընտրությունները որոշակի հետաքրքրություն են նաև ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: 2021 թ. սկզբից Հայաստանի և Թուրքիայի կողմից որոշակի քայլեր ձեռնարկվեցին երկխոսության սկսման ուղղությամբ: Երկու երկրների կողմից նշանակվեցին ներկայացուցիչներ, որոնց հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար: Դատելով վերջին շրջանում Հայաստանից և Թուրքիայից հնչող հայտարարություններից՝ աշխատանքներ են տարվում ցամաքային սահմանի բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Տրամաբանական հարց է առաջանում, թե  ընտրությունների վերը քննարկված երկու տարբերակների պարագայում ի՞նչ սպասել հայ-թուրքական գործընթացում:

Ըստ էության, թե՛ իշխող ուժի և թե՛ ընդդիմության հաղթանակի դեպքում հայ-թուրքական ներկա գործընթացը կշարունակվի, սակայն արմատական փոփոխություն, այն է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այս փուլում քիչ հավանական է: Թուրքիայի ներկա իշխանությունը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վերընտրվելու դեպքում Էրդողանն այս քաղաքականությունը կշարունակի: Մյուս կողմից, հայկական և թուրքական կողմերը գուցե առանձին խնդիրների հետ կապված հասնեն համաձայնության, սակայն նախապայմանների ներկա քաղաքականությունը թուրքական կողմը կշարունակի: Հարկ է նշել, որ այս պարագայում Ադրբեջանին աջակցելով՝ Թուրքիան փորձում է կյանքի կոչել սեփական ծրագրերը, մասնավորապես՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», և այս թեման նրանք անընդհատ կշահարկեն՝ փորձելով օգտվել աշխարհաքաղաքական զարգացումներից:

Ընդդիմության հաղթանակի դեպքում, որքան էլ Քըլըչդարօղուն մեծ փոփոխություններ է խոստանում, հազիվ թե դրանց մեջ ընդգրկվեն հայ-թուրքական հարաբերությունները: Բայց այստեղ պետք է նկատի ունենալ, որ Թուրքիան ավելի արևմտամետ քաղաքականություն կորդեգրի, հետևաբար պետք է սպասել Արևմուտքի ակտիվացմանը հայ-թուրքական գործընթացում: Ինչ վերաբերում է նախապայմանների քաղաքականությանը, ապա առայժմ չկան հիմքեր ենթադրելու, որ ընդդիմությունը կհրաժարվի դրանցից, ավելին՝ շատ հավանական է, որ կշարունակի այդ քաղաքականությունը:

Մյուս կարևոր հարցը հայ-թուրքական գործընթացում վերաբերում է ադրբեջանական խնդրին: Էրդողանի վերընտրվելու դեպքում ներկայումս առկա սերտ համագործակցությունը կշարունակվի: Ընդդիմության իշխանության գալու դեպքում Ադրբեջանը կշարունակի ստանալ թուրքական աջակցությունը, թեև ոչ այն ծավալով, ինչն առկա է ներկայումս, որն առաջին հերթին կապված է Էրդողան-Ալիև անձնական ջերմ հարաբերությունների հետ: Հարկ է նշել, որ Թուրքիան Ադրբեջանում ունի ինստիտուցիոնալ ազդեցություն, և ընդդիմությունն, անշուշտ, չի հրաժարվի այդ լծակներից:

 

Նելլի ՄԻՆԱՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

 

Թեգեր Ապրիլ չորրորդ թողարկում 2023Հոդվածներ

Նմանատիպ  նյութեր

Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Նախընտրական Թուրքիա. ակնկալիքներ և իրողություններ

April 2023

Մայիսի 14-ին ընդառաջ, երբ Թուրքիայի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ պետք է որոշեն իրենց երկրի ապագան, քաղաքական գլխավոր բևեռներն արդեն ձևավորվել են։...

Կարդալ ավելին
Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

Մայիսի 14․ դեպի բռնապետակա՞ն, թե՞ ժողովրդավարական Թուրքիա

April 2023

Հայկ Գաբրիելյան 2023 թ. մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ու նախագահական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում պայքարելու են գործող նախագահ, իշխող...

Կարդալ ավելին
Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

Թուրքիայում սոցիոլոգները կանխատեսում են նախագահական ընտրություններ երկու փուլով

April 2023

Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

April 2023

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն այսօր սառեցված է Թուրքիայում գալիք ընտրությունների պատճառով: Ինչ սպասել ընտրությունների արդյունքում: Առկա են տարբեր տեսակետներ Հայաստանում ԱՄՆ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.