Բելառուսը Հայաստանի «անվանական» դաշնակիցն է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն նույն այդ հարթակներում տարիներ ի վեր առաջ է մղում Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամաբար տրամադրված երկրների շահերը, փաստացի դառնալով դրանց «հաղորդակը»։ Բայց ավելի մեծ՝ գաղափարական ու փիլիսոփայական խնդիրն այն է, որ այդ երկրի հետ Հայաստանը չունի ընդհանուր արժեհամակարգ։ Ինչպես չունի նաև վերոնշյալ երկու հարթակների հետ, որոնց Արևմուտքում անվանում են «ավտորիտար երկրների ակումբ» կամ «ավտորիտար ղեկավարների ակումբ»։ Այստեղ միակ բացառությունը 2018-ից ի վեր Հայաստանն է, հանգամանք, որը ստիպում է մեկ անգամ ևս խորհել ոչ հարազատ միջավայրում մնալու հնարավորությունների ու մարտահրավերների մասին։
Այն, ինչ կատարվում է ներկայումս Բելառուսում, ավելորդ անգամ ընդգծում է մեր արժեհամակարգերի տարբերությունը։ Այստեղ խստագույն ոստիկանական վերահսկողություն է իրականացվում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այլախոհությունը պատժվում է վարչական և քրեական հետապնդմամբ, քաղբանտարկյալները հաշվվում են հազարներով։ Ավելորդ է ասել, որ չկա խոսքի ազատություն և անկախ մամուլի ինստիտուտ։ Ի հետևանս այդ ամենի՝ գործող իշխանությունն ու դրա ղեկավարը չեն փոխվում տարիներ ու տասնամյակներ շարունակ։
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ այս երկիրը Ռուսաստանի Դաշնության սատելիտն է, և այստեղ համատարած են ռուսաստանյան լրատվամիջոցների քարոզչական խոսույթները։ Բելառուսում ՌԴ-ից քաղաքական, տնտեսական և ռազմական կախվածությունը շատ մեծ է։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին առավելագույն աջակցություն է ցուցաբերում հենց Բելառուսը։
Սակայն, միևնույն ժամանակ, ամեն ինչ կարող է փոխվել, քանի որ, ինչպես ասում են, ամեն ինչ հոսում, ամեն ինչ զարգանում է։ Ըստ այդմ էլ, Բելառուսի և Հայաստանի միջև արժեհամակարգերի տարբերությունը հավիտենական չէ։ Ավելին՝ երկու երկրների քաղաքացիական հասարակություններն ընդհանուր շատ բան ունեն։ Հայաստանի և Բելառուսի քաղաքացիական հասարակությունների համագործակցությունն ապագայում կարող է հիմք դնել երկու երկրների միջև փոխվստահելի հարաբերութուններին։ Ինչպես հայտնի է, 2009-ին ԵՄ մի շարք երկրների՝ Շվեդիայի, Չեխիայի, Լիտվայի և այլ երկրների հիմնադրած Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում հիմնադրվեց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անդամ 6 երկրների թվում էին նաև Հայաստանի և Բելառուսի տասնյակ հասարակական կազմակերպություններ:
Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Բելառուսում, ի՞նչ կարող է փոխվել տեսանելի ապագայում, և ի՞նչ հեռանկարներ ունի հայ-բելառուսական համագործակցությունը՝ այս մասին կարող եք կարդալ մեր նոր թողարկման բելառուս և հայ հեղինակների բացառիկ հոդվածներում և միջազգային մամուլից արտատպություններում։
«Անալիտիկոն»-ի խմբագրություն