Աշխարհի ժողովրդավարական երկրներից շատերը համախմբվում են՝ ընդդիմանալու Մոսկվայի ներխուժմանը Ուկրաինա, սակայն նրանք չպետք է մոռանան, որ այլ, նմանատիպ անարդարություններ են ծավալվում նաև այլ վայրերում, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին գրում է Freedom house իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով նրանց գործել՝ ազդելու միջազգային կառույցների վրա, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի օգնեն կիրառել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակման համար:
Գործնականում նման գործողությունները կարող են նաև հետ պահել Բաքվին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ռազմական սրացումներն օգտագործելուց՝ Երևանի հետ իր բանակցություններում տարածքային զիջումներ ձեռք բերելու համար, նշված է հոդվածում:
«Միևնույն ժամանակ, ժողովրդավարական երկրները պետք է ուղղակի մարդասիրական օգնություն ցուցաբերեն հակամարտությունից տուժած բնակչությանը՝ նրանց տառապանքը մեղմելու համար», – գրում է կառույցը՝ հիշեցնելով, որ նույնիսկ հենց այն պահին, երբ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բանակցություններ են վարում Բրյուսելում հարաբերությունների կարգավորման շուրջ, ադրբեջանական ուժերը շարունակում են շրջափակման մեջ պահել Լեռնային Ղարաբաղը։
Արդյունքում, արցախցիների համար հիմա անհասանելի են կենսական նշանակություն ունեցող ապրանքները և ծառայությունները: Միևնույն ժամանակ ամբողջությամբ դադարեցվել է բնական գազի հոսքը գազատարից, որն անցնում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով, էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումները ևս անպակասա են: Այս էներգետիկ խնդիրները խաթարել են հիվանդանոցների աշխատանքը, ինչպես նաև հանգեցրել դեղորայքի, բժշկական պարագաների և հիգիենայի միջոցների պակասի, հիշեցնում է Freedom house-ը:
Ըստ հոդվածագրի՝ քաղաքացիական հասարակությունը վճռորոշ դեր ունի այս ամենի դեմ պայքարելու գործում՝ իրազեկվածության բարձրացման հարցում մասնավորապես։
«Բոլոր ազգերի շահերից է բխում պաշտպանել միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները, մերժել ռազմական ագրեսիան և կանխել խաղաղ բնակչության դեմ վայրագությունները», – նշվում է հոդվածում։
Իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է նաև, որ ժողովրդավարական երկրներն արդեն իսկ արտահայտել են իրենց մտահոգությունը Բաքվի գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին հանձնարարել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ապահովելու մարդկանց, մեքենաների և բեռնատարների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, սակայն Ադրբեջանի կառավարությունը, որ հայտնի է միջազգային տարբեր մեխանիզմների անտեսմամբ, հերթական անգամ դա է անում։
Freedom house-ը հավելում է, որ Ադրբեջանի կառավարությունը սովորաբար հանդուրժող չէ քաղաքացիական հասարակության անկախ խմբերի նկատմամբ և բռնությամբ ցրում է չարտոնված բողոքի ցույցերը։ Միաժամանակ նշում է՝ անցյալ տարվա դեկտեմբերին ռեժիմի հետ կապված մի խումբ «էկոակտիվիստներ» են, որ արգելափակեցին երթևեկությունը Լաչինի միջանցքով, իսկ արդեն այս տարվա ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, Ադրբեջանի իշխանությունները սկսեցին միջանցքում պաշտոնական անցակետեր տեղադրել։
Այս քայլը քննադատության է արժանացել ԱՄՆ պետդեպարտամենտի, Եվրամիության և այլ երկրների ու կառույցների կողմից:
Միաժամանակ, կառույցը նաև գրում է, որ Ռուսաստանը, որի խաղաղապահ առաքելությունը, որ պատասխանատու էր Լաչինի միջանցքով անխափան երթևեկության համար, հազիվ արձագանքել է Բաքվի կողմից հրադադարի մասին հայտարարության կրկնակի խախտումներին։