«Ոչինչ էլ հեշտ չէ, բայց առաջ շարժվելու ձգտումը և հանձնառությունը իրական են, ինչպես նշեցի` անցած մի քանի օրվա ընթացքում զգալի առաջընթաց ենք արձանագրել, կարծես թե վերջնական համաձայնագիրն արդեն երևում է, և մենք հանձնառու ենք այդ համաձայնագրին հասնելու հարցում»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այդ խոսքերը հաջորդեցին Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած քառօրյա բանակցությանը, որն ընթացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև:
Վաշինգտոնյան քառօրյա բանակցությունն իր ձևաչափով աննախադեպ էր հետպատերազմյան անցնող մոտ երեք տարիների ու միգուցե նաև ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման մոտ երեք տասնամյակի գործընթացի համար: Շարունակվող բազմօրյա բանակցային քննարկումներով, թերևս, մեկ էլ աչքի էր ընկել քիվեսթյան շրջանը՝ 2001 թվականի ապրիլին, որը դարձյալ իրականացվում էր Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ: Իհարկե, 2001-ի Քի Վեսթն ու 2023-ի Վաշինգտոնը նման են նրանով միայն, որ հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները Նահանգներում «փակված» բանակցում էին մի քանի օր: Բացարձակապես տարբեր են մնացյալ, գործնականում բոլոր մեծ ու փոքր իրողությունները՝ թե՛ կողմերի միջև, թե՛ տարածաշրջանային մասշտաբով, թե՛ առավել ևս համաշխարհային միջավայրի առումով: Սակայն, կարող ենք նշմարել թերևս «նմանության» մի թույլ ուրվագիծ էլ: Քի Վեսթից հետո, որտեղ դարձյալ խոսվում էր որոշակի առաջընթացի, համաձայնությունների մասին, Բաքու վերադառնալուց կարճ ժամանակ անց Հեյդար Ալիևը հրաժարվեց համաձայնություններից: Չծավալվենք դրա հնարավոր պատճառների շուրջ: Վաշինգտոնի քառօրյա բանակցության ավարտից և զգալի առաջընթացի մասին պետքարտուղար Բլինքենի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց Ադրբեջանը սրեց իրավիճակը Հայաստանի հետ սահմանին՝ Սոթքի հատվածում, արյունոտելով վաշինգտոնյան զգալի առաջընթացի «աստառը»:
Փաստացի, վաշինգտոնյան հանդիպման առաջին «արդյունքը» եղավ հերթական լարումը սահմանին, թեև թվում էր, որ առաջին արդյունքը Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման պայմանավորվածությունն է, որը լինելու է Վաշինգտոնի քննարկումների շարունակությունն արդեն ավելի բարձր՝ առաջին դեմքերի մակարդակով, վաշինգտոնյան համաձայնություններն ամրագրելու համար: Ընդ որում, այդ առնչությամբ ուշադրության է արժանի ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելի արձագանքը Սոթքում լարվածությանն ու բախումներին: Պատելը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հորդորում է երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում համաձայնության գալ զինուժը սահմանից երկուստեք հետ քաշելու հարցի շուրջ, որը «քննարկվել է Վաշինգտոնում»: Ա՞յդ հարցում էր «զգալի առաջընթացը», որի մասին խոսել էր պետքարտուղար Բլինքենը: Համենայն դեպս, հարցը, թե որն էր առաջընթացը, հատկապես ցցուն էր դարձնում հայկական կողմի վաշինգտոնյան հանդիպումներին հաջորդած հայտարարությունը այն մասին, որ համաձայնություն չկա երեք սկզբունքային կարևորության հարցերի շուրջ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մեխանիզմ, ինչպես նաև խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային երաշխիք:
Հետևաբար, եթե համաձայնություն չկա երեք հարցերում, հարց է առաջանում, թե ո՞րն էր զգալի առաջընթացը: Մի՞թե այն, ինչի մասին ակնարկ է նշմարվում Պատելի խոսքում: Թե՞ այդ խոսքերը, ինչպես և պետքարտուղար Բլինքենի բնորոշումը՝ «զգալի առաջընթացի վերաբերյալ», գործնականում միտված էին ընդամենը վաշինգտոնյան հանդիպումների ոչ բավարար արդյունավետությունը քողարկելուն, որովհետև դիվանագիտորեն անհարմար կլիներ արձանագրել, որ աննախադեպ ձևաչափի ինտենսիվ քննարկումը գործնականում ավարտվել է գրեթե ոչնչով: Կամ, Նահանգների պետքարտուղարի համար առաջընթացի չափման միավորներն են այլ, քան, օրինակ, հակամարտող կողմերի, կողմերից մեկի, և կամ պարզապես հանրության չափման միավորները կամ ելակետերը:
Ի վերջո, հարկ է արձանագրել, որ հակամարտող կողմերի և առավել ևս հանրային հորիզոնի տրամաչափերը որևէ կերպ համեմատելի չեն այն պրիզմայի մասշտաբի հետ, որով կառուցվում է Միացյալ Նահանգների քաղաքականությունը: Արդյո՞ք պետքարտուղար Բլինքենն ու նրա թիմը կարող էին ունենալ միամտություն մտածելու, թե հնարավոր էր լինելու հաջողություն արձանագրել կարևոր հարցերի շուրջ, մասնավորապես՝ Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմ, խաղաղության միջազգային երաշխիքներ, տարածքային ամբողջականության ճանաչման հստակ բանաձև ու մեխանիզմ: Իհարկե, Բլինքենն ու թիմը միամիտ չեն: Հետևաբար, հարցն այն է, թե ինչ հարց է լուծել Վաշինգտոնը քառօրյա բանակցությամբ: Հարկ է արձանագրել, որ գերտերության տրամաչափը այդօրինակ որևէ նախաձեռնության առնչությամբ ենթադրվում են ոչ թե մեկ, այլ մի քանի նպատակներ ու ենթանպատակներ, կամ թիրախներ ու ենթաթիրախներ, այդպիսով՝ ինքնին կարևորություն ստանալով ավելի շուտ որպես գործընթաց, քան հռչակված նպատակի իրագործում:
Այստեղ, օրինակ, ուշադրության արժանի դրվագ է այն, որ վաշինգտոնյան հանդիպումների ավարտից անմիջապես հետո՝ մայիսի 5-ին, Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ: Կան հիմքեր եզրակացնելու, որ այդ հանդիպումը լոկ հայ-ամերիկյան դիվանագիտական հանդիպում կամ շփում չէր, այլ հնարավոր է՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչի միջոցով ռուս-ամերիկյան դիվանագիտական շփում: Այլապես, եթե ԱՄՆ նպատակը Հայաստանի հետ շփումն էր, դա հնարավոր էր անել հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանի միջոցով: Հետևաբար, պետք է եզրակացնել, որ մեծ հավանականությամբ Վաշինգտոնի քառօրյա հանդիպմանը հաջորդած ռուս-ամերիկյան շփումը՝ փաստացի Հայաստանի միջոցով, ենթադրել է որոշակի, թեկուզ իրավիճակային գործակցության տարրեր և դրանց շուրջ հնարավոր աշխատանք:
Հատկանշական է, որ դրան գործնականում հաջորդեց Թուրքիայի արձագանքի կոշտացումը Հայաստանում Նեմեսիսի մասնակիցների հուշարձանի առիթով: Այստեղ կարելի է նշմարել նախագահի ընտրության շատ բարդ հանգույցում հայտնված Էրդողանի վարչակազմի «խանդը», որը կարող էր խորացնել Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 8-ի այցը Մոսկվա և մայիսի 9-ին նրա մասնակցությունը զորահանդեսին, ու հանդիպումը Պուտինի հետ: Կարո՞ղ էր դա հանգեցնել Ադրբեջանին Սոթքի ուղղությամբ ապակայունացման մղելուն՝ որպես օգնություն Էրդողանին, այսպես ասած «խաղից դուրս» չմնալու համար: Իհարկե, կա հակառակ համոզում առ այն, որ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության ուղղությամբ դիվանագիտական ջանքի աշխուժացման առանցքային նպատակներից է դիտարկում Ռուսաստանին խաղից դուրս մղելը և ընդհանրապես Կովկասից հեռացնելը: Այդ մտայնությունն, իհարկե, անհիմն չէ, սակայն, այդուհանդերձ, միարժեք չէ նաև այն, որ Վաշինգտոնի նպատակը Մոսկվային Կովկասից դուրս մղելն է:
Վաշինգտոնի համար, որի գլխավոր խնդիրն այսօր դառնում է Կովկասի հանդեպ Չինաստանի անուղղակի հեգեմոնիան թույլ չտալը, Ռուսաստանը պետքական սուբյեկտ է: Այլ հարց է, որ ԱՄՆ-ն ունի այդ սուբյեկտի վարքագծի և նրա հետ հարաբերության իր պատկերացումը, որը փորձում է թելադրել այդ թվում ուկրաինական պատերազմի միջոցով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, անշուշտ, փորձում է թույլ չտալ Ռուսաստան-Իրան դաշինք, ինչի հարցում ունի Ադրբեջանի անհրաժեշտությունը և ինչի վրա էլ փորձում է իր հերթին խաղալ Բաքուն: Այդ խաղով Բաքուն փորձում է, իհարկե, լոկալ բախումների միջոցով լուծել իր տրամաչափի հարցեր՝ Հայաստանի և Արցախի հետ կապված պահանջներ ներկայացնելու և իրագործելու համար: Դրանք, սակայն, տեղավորվում են ավելի լայն սխեմաների պայքարի «բովում» և հենց դրա շնորհիվ էլ դառնում հնարավոր: Իսկ այդ պայքարը ծավալվում է առերևույթ միարժեք գծերի, գործնականում ու խորքում, սակայն, բավականին բարդ ու խիստ միահյուսվող ու բաժանվող թելերի գլորվող կծիկներով: Այդ կծիկներն են, որ Վաշինգտոնի քառօրյա բանակցությունից հետո ծավալվում են դեպի Բրյուսել, Մոսկվա, Քիշնև: Գործնականում, ըստ ամենայնի, այստեղ «ճյուղային մենեջմենթի» մեջ է Բլինքենի արձանագրած «զգալի» առաջընթացը, որով Միացյալ Նահանգները, թերևս, փորձում է առերևույթ ձևակերպելով բարդ խնդիրները լուծելու նպատակ, գործնականում ձգտում է մյուս խոշոր խաղացողների առաջ ուղղակի, թե անուղղակի դնել առաջադրանքներ, հետագայում դրանց լուծման հարցում գերտերության հզոր ներուժը կապիտալիզացնելու ակնկալիքով:
Նահանգների համար Կովկասը մեծ ռազմավարության տակտիկական հանգրվան է, որի առանցքային հարցը ներկայումս լուծվում է Թուրքիայի իշխանության խնդրով: «Դիր կարմիրի վրա, դիր սևի վրա, միևնույն է՝ հաղթելու է զերոն», ասում էր դասական ֆիլմի հանրահայտ հերոսը: Գործընթացը կանցնի տարբեր քաղաքներով, մայրաքաղաքներով, սակայն Վաշինգտոնը կովկասյան «հաղթաթուղթը» փնտրել և փնտրելու է Անկարայում: Հարցն այն է, թե ինչ տեսքով ու բովանդակությամբ: Հայ-ադրբեջանական գործընթացի ուղղությամբ Նահանգների գերաշխուժության ներկայիս փուլը ծավալվեց Թուրքիայի նախագահի ընտրության վճռորոշ գործընթացին զուգահեռ:
Ի դեպ, վաշինգտոնյան քննարկումների ուշագրավ տարրերից մեկն այն էր, որ հայկական պատվիրակության կազմում էր նաև ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուբինյանը պատվիրակության կազմ է ընդգրկվել իր անձնական քաղաքական որոշմամբ: Թուրքիայի նախագահի ընտրությունը գործնականում դառնում է Կովկասի «անկեղծության պահը» և հեռանկարների ունիվերսալ «բանալին», հայ-ադրբեջանական հակամարտությունն էլ այս փուլում՝ թերևս, դեպի այն տանող ճանապարհը:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երևան