Սույն թվականի մայիսի սկզբին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները հարուցեցին շատ դիտորդների տարակուսանքը։ Բոլորն ուշադրություն դարձրին այն փաստին, որ կողմերը բանակցություններից հետո չշտապեցին միմյանց մեղադրել ոչ կառուցողականության մեջ, այլ միայն հայտարարեցին, թե «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Եվ այս խորապատկերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գնահատականները լուրջ ինտրիգ առաջացրին։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ Բլինքենը հայտարարեց. «Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական մի շարք քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց գրանցեցին բարդ խնդիրների լուծման գործում»։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների հետ և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»։
Եթե հաշվի առնենք, որ խոսքը չորս օր տևած բանակցությունների մասին է, այն էլ ԱՄՆ պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի «հոծ» հովանու ներքո, ապա ԱՄՆ պետքարտուղարի գնահատականներին բանակցող կողմերի գործնականում լուռ արձագանքը վկայում է միայն, որ ԱՄՆ-ն ինչ-որ պայմաններ է դրել, որոնց դեմ կողմերից ոչ մեկը չի համարձակվել առարկել։
Դա արդեն երևում է Բլինքենի խոսքերից. «Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է։ Կողմերը կշարունակեն ստանալ Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը տևական և կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»։ Այսինքն՝ առաջարկվել է վերադառնալ և իրենց ղեկավարներին զեկուցել ԱՄՆ-ի պայմանների մասին։
Հետաքրքիր է, որ լրատվական գործակալությունները, մասնավորապես՝ «Ամերիկայի ձայնը», հաղորդեցին, թե քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անվանումը։ Նույնքան էլ հետաքրքիր է, որ ՀՀ ԱԳՆ-ն տվել է փոքր ինչ այլ տարբերակ՝ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» (այդ ձևակերպումը կա բանակցություններից հետո երկու նախարարների պաշտոնական հայտարարության տեքստում.- խմբ.)։
Նախարարների այդ հանդիպմանը հաջորդած` Ռուսաստանում, Բրյուսելում և գլխավորը՝ Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի վարչապետ Շոլցի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունների մասին հաղորդագրություններն էլ ավելի սրեցին ինտրիգը։ Արդյո՞ք որևէ լուրջ բան է տեղի ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում։ Հավանաբար, հիմք կա պնդելու, որ ԱՄՆ-ում բոլորովին ոչ սովորական բանակցություններ են ընթացել։
Եթե հաշվի առնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո երրորդ տարում Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանի հետ բանակցությունների էությունը խաղաղ պայմանագրի պայմաններն են՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքները, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և Ադրբեջանը մտադրություն չունի այն քննարկել որևէ մեկի հետ, ապա իրական նշանակություն է ստանում միայն մեկ փաստ. ի՞նչ է առաջարկել ԱՄՆ-ն որպես բանակցությունների առարկա, որ այն դիտարկում են իբրև համաձայնություն պահանջող խնդիր, և ի՞նչ պայմանների են «սկզբունքորեն համաձայնել» Հայաստանն ու Ադրբեջանը։ Եթե ԱՄՆ-ն կողմերին բանակցությունների այլ առարկա է առաջարկել, ապա կարելի է մտածել, թե Արլինգտոնում մայիսյան քառօրյա բանակցությունների ժամանակ լուրջ քաղաքական-դիվանագիտական շրջադարձ է եղել։
Բանակցությունների առարկայի վերաբերյալ ամերիկյան գործիչների մեկնաբանությունները վկայում են, որ առանցքում Լեռնային Ղարաբաղի հարցն է եղել։ Բացի այդ, հատուկ ընդգծվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
Եթե ԱՄՆ-ն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման խնդիրը տեղայնացնել հիշյալ առարկայի շրջանակներում, ապա, իրոք, բանակցության կողմերը մտածելու բան ունեն։ Եվ այդ ժամանակ պարզ է դառնում, թե ինչու է փոխվել համաձայնագրի վերնագիրը. պատերազմի և նրա արդյունքների գործոնը մի կողմ է դրվել։ Հայաստանի և Ադրբեջանի հակասությունների էությունը նորից հանգեցվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելուն։ Ադրբեջանն առաջին անգամ բախվեց նման պահանջի։ Հայաստանը, ավելի շուտ, չէր էլ սպասում նման շրջադարձ։
Պետք է նշել, որ ԱՄՆ-ի նման դիրքորոշումն անսպասելի չէ։ Դեռևս մարտ ամսին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչ Լուիս Բոնոն Բաքվում հանդիպումներից հետո այցելելով Երևան, հայտարարեց, թե «Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը»։ Հազիվ թե ԱՄՆ-ի նման դիրքորոշումը պաշտոնական Բաքվի սրտով էր։ Իսկ հիմա, պարզվում է, այդ դիրքորոշումն ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր իմաստ ունի։ Բայց ի՞նչ կնշանակի այն բանակցող կողմերի համար։
Չեմ կարծում, թե շահագրգիռ կողմերն արդեն ըմբռնել են նոր միտումները։ Առայժմ շատ բան պարզ կդառնա բանակցությունների արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքներից։ Եվ այստեղ առավել հետաքրքրություն է ներկայացնում բանակցությունների օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։ Ալիևը ընդարձակ գնահատական տվեց ձևավորված իրավիճակին և բարձրաձայնեց իր մտադրությունները։ Ըստ նրա՝ «Չպետք է լինի երկվեկտոր մոտեցում։ Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, երկրորդը՝ Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղի հայ համայնքի միջև կապերը։ Հետևաբար, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի, խաղաղության պայմանագրում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է… Ուստի մենք հույս ունենք, որ նրանք կառուցողականություն կդրսևորեն։ Եթե ոչ, ինչ արած, մենք դիվանագիտականից բացի այլ միջոցներ չենք պլանավորում ձեռնարկել։ Մեզ համար դա բավական է։ Հետևաբար, չի լինի ոչ մի խաղաղություն, հաղորդակցություններ, և նրանք նորից կլինեն մեկուսացված: Նրանք ստիպված կլինեն իրենց համար տեղ փնտրել աշխարհաքաղաքական այս նոր կառուցակարգում, քանի որ ողջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք արդեն ունենք մեր տեղը, որը շատ կայուն է և որը գնալով ավելի ու ավելի ամուր է դառնում։ Բայց նրանց համար դա կլինի մեծ մարտահրավեր: Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները կնշանավորվեն եթե ոչ կոնկրետ արդյունքներով, ապա գոնե առաջընթացի նշաններով»։
Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հիմնված է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղության համաձայնագրում չներառելու վրա։ Այսինքն, Բաքուն Լեռնային Ղարաբաղը համարում է ներքին հարց և ցանկանում է ինքը լուծել առկա չլուծված խնդիրները։
Այս դիրքորոշման վերաբերյալ ադրբեջանական իշխանամետ քաղաքագետների փաստարկումը հետևյալն է։ Ի՞նչ կլինի, եթե Լեռնային Ղարաբաղի մասին կետը ներառվի խաղաղության համաձայնագրի մեջ։
- Առաջին հերթին՝ Հայաստանը կսկսի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության պատճառաբանությամբ։ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու գործընթացը պաշտոնական Երևանը կհիմնավորի խաղաղության համաձայնագրում մատնանշելով «Ղարաբաղ» կետը և պաշտոնապես կիրացնի իր տարածքային հավակնությունները։
- Ադրբեջանը երաշխավորում է ղարաբաղցի հայերի իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Սակայն, եթե Ադրբեջանի ներքին գործ հանդիսացող Ղարաբաղին առնչվող կետը ներառվի խաղաղության համաձայնագրում, ապա ընթացքում կտրուկ կավելանա միջամտությունը այն պետությունների, որոնք Հայաստանի հետ միասին ցանկանում են ազդեցություն ունենալ տարածաշրջանի վրա։ Երևանը և նրա թիկունքում կանգնած ուժերը խաղաղության համաձայնագրի «Ղարաբաղ» կետը կօգտագործեն՝ տարածաշրջանում ապրող հայերի համար լրացուցիչ իրավունքներ պահանջելու նպատակով։ Դա կարող է հանգեցնել Ղարաբաղի շուրջ գործընթացների անորոշ ժամանակով ձգձգման և անվտանգության նոր խնդիրների առաջացման։
Բերված փաստարկները լիովին բավարար են համոզվելու համար, որ միջնորդներին և Հայաստանին իր մտադրությունները պարտադրելու Ադրբեջանի հետպատերազմյան նկրտումները՝
– խաղաղության պայմանագրի առարկան կառուցել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 30-ամյա օկուպացիայի թեզերի և իրենց առաջ քաշած հինգ սկզբունքների վրա,
– պարտադրել այն թեզը, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր գոյություն չունի, և այն Ադրբեջանը լուծել է,
– պարտադրել այն թեզը, թե Հայաստանը պարտավոր է Զանգեզուրի միջանցք տրամադրել ի պատասխան Լաչինի միջանցքի,
– սահմանների դելիմիտացիան կատարել՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացրած քարտեզները,
– ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան՝
Որևէ կերպ աջակցություն չեն ստացել համաշխարհային տերություններից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։
Ինչպես և նախկինում, միջազգային հանրությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատճառ է դիտարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելը և պահանջում է լուծել այն։ Արցախի ժողովրդի խնդիրը «ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան» նոր հայեցակարգի մեջ թաղելու Ադրբեջանի փորձերը միայն բարդացրել են իր իսկ գործերը։ Հայաստանը նույնպես բարձրացրեց Ադրբեջանից մի քանի հարյուր հազար հայ փախստականների խնդիրը։ ԱՄՆ-ում բանակցություններում ազգային փոքրամասնությունների խնդրի քննարկումը, ավելի շուտ, արտացոլում էր Ադրբեջանի այդ նոր պահանջները։ Սակայն, գործնականում, այստեղ Ադրբեջանն ինքն իրեն ներքաշում է առավել լուրջ խնդրի մեջ՝ կանգնելով իր երկրից հարյուր հազարավոր հայերի արտաքսելու պատասխանատվության առջև:
Այսպես, թե այնպես, ԱՄՆ-ն բոլորին կանգնեցրեց լուրջ ընտրության առջև։ Ավելին, կարևոր է այն, որ ԱՄՆ-ում բանակցություններում կոնկրետացված քննարկման առարկան չի կարող հակասել Ռուսաստանի դիրքորոշմանը. վերջինիս համար նույնպես ձեռնտու է բանակցությունների առանցքում դիտարկել Լեռնային Ղարաբաղի խնդրի չլուծված լինելու թեման։ Վերջին հանգամանքն առավել ևս կարևոր է, քանի որ Ադրբեջանն ավանդաբար Ռուսաստանի միջոցով փոխում էր միջնորդների՝ իր համար անընդունելի որոշումները, Հայաստանին ներքաշելով Ռուսաստանի հովանու ներքո բանակցություններ։
Այս հանգամանքը հաշվի առնելով էլ արժե գնահատել տարբեր մայրաքաղաքներում և տարբեր ձևաչափերով բանակցություններ կազմակերպելու նոր առաջարկները։
Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան