Ճակատագրի հեգնանքով, թե իրադարձությունների պատահական զուգադիպությամբ, թողնենք դա դիտարկող սուբյեկտի ընկալմանը, շուրջ 21 տարի առաջ 2002 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում Արդարության և զարգացման կուսակցության (AKP) ջախջախիչ հաղթանակը, որի շնորհիվ Թուրքիան մտավ Էրդողանի կառավարման դարաշրջան, պայմանավորված էր 1999 թվականի Իզմիրի և Դյուզչեի ավերիչ երկրաշարժներով և 2001 թվականին ծագած խորը ֆինանսական ճգնաժամով։
Քեմալականության առավել ձախ թևը ներկայացնող Բյուլենթ Էջևիթի, Գորշ գայլերի քաղաքական թևը հանդիսացող Ազգայնական շարժում կուսակցության (MHP) և վերջին ռազմական հեղաշրջումից հետո թուրքական գլխավոր շտաբի ուղղակի խրախուսմամբ ձևավորված աջ պահպանողական Հայրենիքի (ANAP) կուսակցության խայտաբղետ կառավարությունն այն ժամանակ բացարձակապես անկարող գտնվեց կառավարել ճգնաժամը։
Զինվորականության, քեմալական պետության դատարանների, հատուկ ծառայությունների կողմից մշտապես հետապնդվող իսլամիզմն ամեն անգամ, օգտվելով քեմալական պետության ժողովրդավարական կաղապարի ընձեռած թեկուզև սահմանափակ հնարավորություններից, կարողանում էր պահպանել իր շարունակականությունը՝ հերթական անգամ արգելված քաղաքական կառույցի փոխարեն կազմակերպելով նորը։ Երկար տարիներ այդ շարժումը փոխակերպվում էր արտաքնապես, սակայն հավատարիմ մնալով իր խարիզմատիկ առաջնորդ Էրբաքանին և իսլամիզմի ուրույն թուրքական տարբերակին («Millî Görüş»՝ ազգային տեսլական), ինչպես նաև հակարևմտականությանը և հակաքեմալականությանը։ 1994 թվականի դրությամբ այդ բազմանուն և ճկուն քաղաքական շարժումը, որն այդ պահին կոչվում էր Բարօրության կուսակցություն (RP), լուրջ հաջողություններ գրանցեց տեղական ընտրություններում, որից ամենացայտունն ու աղմկալիցն, անշուշտ, դեռ պատանի տարիքում իսլամական շարժմանը հարած, 40-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակն էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։
Հատկանշական է, որ հաղթանակին նախորդել էր քեմալական մի գործչի՝ Ստամբուլի ջրի և կոյուղաջրերի հարցերը կարգավորող մարմնի ղեկավարի անվան հետ կապված մի սկանդալ։ Վերջինիս տիկինը, վրդովված իր նախկին կեսի՝ իրեն հանուն շատ ավելի երիտասարդ կնոջ լքելու փաստով, հրապարակայնացրել էր նախկին ամուսնու շվայտ կյանքի և միջին օղակի պաշտոնյայի համար անհավատալի ունեցվածքի մասին տվյալները։ Ողջ Ստամբուլը, և ոչ միայն Ստամբուլը, խոսում էր քեմալական վերնախավի կոռուպցիայի և անձնական կյանքում անբարո պահվածքի մասին։
Էրդողանը դրսևորեց իրեն որպես արդյունավետ ղեկավար, քաղաքի ենթակառուցվածքների լուրջ բարելավում գրանցեց, և քեմալական «խորքային պետությանը» բնորոշ պարզունակ, բայց արդյունավետ գործելակերպին հատուկ ոճով իր քաղաքապետությունն ընդհատվեց 1997 թվականի բանտարկությամբ։ Բանտարկության պատճառը թուրք ազգայնականության գաղափարախոս երիտթուրք, ապա քեմալական Զիա Գյոքալփի մեջբերումն էր․ «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները՝ մեր սաղավարտները, մինարեթները՝ սվինները և հավատացյալները՝ մեր զինվորները…»։
Ամիսներ անց արգելվեց Բարօրության կուսակցությունը, որը շատ արագ վերածնվեց Առաքինության կուսակցության (FP) անվան տակ: Սակայն էրդողանականության էության, դրա հաջողությունների և ներկայիս Թուրքիայի հեռանկարների մասին լիարժեք պատկերացում ստանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել շարժման «հետառաքինական» փուլին, իսկ ավելի կոնկրետ՝ դրա պառակտմանը և երկու նոր ուժերի գոյացմանը՝ էրբաքանիստական, ընդգծված հակաարևմտյան իսլամիստական Երջանկության (SAADET) և չափավոր, իրեն իսլամական դեմոկրատիայի, ժողովրդավարական պահպանողականության և թուրք հայրենասիրության (ոչ ազգայնական) գաղափարակիր Արդարության և զարգացման կուսակցություններին։ Երկու թևերի հակասությունները շատ դիպուկ է նկարագրել Թուրքիայի նախկին նախագահ, Էրդողանի նախկին գործընկեր, իսկ այժմ ընդդիմախոս Աբդուլահ Գյուլը․ «Մեր տեսլականը հակասում էր մնացած կուսակցությանը ․․․ Մենք կարծում ենք, որ արդիականացումը և մահմեդական լինելը լրացնում են միմյանց։ Մենք ընդունում ենք ազատականության, մարդու իրավունքների և շուկայական տնտեսության ժամանակակից արժեքները»։ Շատերը կարող են հիշեցնել Գյուլին իր գործունեության հենց ազատականության, մարդու իրավունքների և շուկայական տնտեսության ժամանակակից արժեքներին հակասող էջերը և մինչ որոշակի պահ աշխարհիկ հանրապետության ապամոնտաժման գործում ակտիվ մասնակցությունը, սակայն այս մեջբերման նպատակն է ցուցադրել հստակ տարբերակումը ավանդական «միլլի գյորուշի» և նոր քաղաքական կուսակցության աշխարհայացքների միջև։
Եվ այսօրվա տեսանկյունից, տիրապետելով այս 20 տարիների ողջ դինամիկան և արդյունքները գնահատելու հնարավորությամբ, կարող ենք հիմնավորված ենթադրություն անել, որ Ստամբուլի ընդհատված քաղաքապետության, կուսակցությունների հետևողական արգելման, անհատական բռնաճշնշումների միջով անցած, պատանի տարիքից քեմալական պետության դեմ պայքարի դուրս եկած քաղաքական խմբակը՝ Էրդողանի գլխավորությամբ, կիրառեց քաղաքականության մեջ հայտնի մի հնարք՝ առավել ծայրահեղ կարգախոսներից, ծրագրային պահանջներից, իմիջային դրսևորումներից հրաժարում և դրա արդյունքում հակադրվող պետական ապարատի և իշխող վերնախավի դիմադրության թուլացում՝ մի կողմից, և մյուս կողմից՝ ընտրական բազայի ընդլայնում։ 2002 թվականի նոյեմբերին քեմալական վերնախավի կողմից իսլամիստների, արմատական ձախերի և փոքրամասնությունների մուտքը սահմանափակելուն ուղղված ներկայացուցչականությունը սահմանափակող ընտրահամակարգի հաշվին 34 տոկոս քվե ստացած AKP-ն վերցրեց մանդատների 2/3-ը և ձեռնամուխ եղավ քեմալական հանրապետության հիմնարար հենասյուների ապամոնտաժմանը։
Առաջին փուլում Աթաթյուրքի կողմից հռչակված սկզբունքներից երկուսը՝ պոպուլիզմը (ժողովրդականություն) և բարեփոխականությունը, դարձան մնացած չորսի վերացման հիմնական գործիքները։ Հետևողականորեն հանվեցին հակաիսլամական տաբուները, աշխարհահայացքային գրոհ սկսվեց ազգայնական հեղափոխության, դրա առաջնորդ Քեմալի դեմ՝ միաժամանակ առաջ քաշելով օսմանյան «ոսկե դարի» միթոսը։ Նույնիսկ գլամուրային սերիալների միջոցով ներշնչելով միլիոնավոր թուրքերի և ոչ միայն թուրքերի, որպես կանոն, սադիստական զեղումներով տառապող, զանգվածային մարդասպան օսմանյան կայսրերի մասին ոսկեզօծված, ստերիլիզացված պատկերացումները։ Հավուր պատշաճի պետք է նշել, որ կառավարման առաջին փուլում՝ թուրք ազգայնականության դեմ պայքարի շրջանակներում, առաջին անգամ հանրապետության պատմության մեջ օրինականացվեց «քուրդ» նույնականացումը։
Սակայն, ամենակարևոր շրջադարձային փոփոխությունը, որը գրեթե անհնար դարձրեց դասական քեմալականության վերադարձը, քեմալականների կողմից «էտատիզմ» կոչվող, ժամանակակից ձախ քեմալականների կողմից որպես ուրույն թուրքական սոցիալ-դեմոկրատիա ընկալվող պետական կապիտալիզմն էր։ Տնտեսության զանգվածային ապապետականացումը, մասնավոր սեփականության նշանակության բարձրացումը, ձեռներեցությունը սահմանափակող բյուրոկրատական և դոգմատիկ խոչընդոտների վերացումը ոչ միայն տնտեսության և բարեկեցության լրջագույն աճ ապահովեցին, այլև ասպարեզ բերեցին 3-4 խոշորագույն քաղաքներից դուրս բնակվող, քեմալականության կողմից երկրորդ-երրորդ պլան մղված, «խորքային պետության» բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի գործիքներով կաղապարված միլիոնավոր թուրքերի աննախադեպ առաջխաղացումը։ Ավելին՝ տնտեսական փոփոխություններին հաջորդած դեմոգրաֆիական տեղաշարժերի արդյունքում սկսեց փոխվել այդ առաջատար քաղաքների կերպարն ու տեղային մշակույթը։ Մաոիզմի ոգով՝ «գյուղի հարձակումը քաղաքի վրա» և գավառի աջակցությունը հնարավոր դարձրին և «խորքային պետության» դերի բռնի սահմանափակումը (“Էրգենեքոնի գործ», 2016 թվականի հեղաշրջման փորձի տապալում և հետագա բռնաճնշումներ) և ազգային փոքրամասնությունների, ազատականների ու ձախերի, դատական անկախ համակարգի, մամուլի, քաղաքացիական և մասնագիտական հանրության դեմ հարաճուն ռեպրեսիաները։ Եվ, իհարկե, 2017 թվականի սահմանադրական հանրաքվեով ոչ մեծ տարբերությամբ՝ 51,4 տոկոս, հաստատված նախագահական հանրապետությունը, իր բոլոր ընդգծված սուլթանական ակնարկներով, 1000 սենյականոց պալատում տեղակայվելուց մինչև սուլթան-նախագահի անձը վիրավորելու համար 27 հազարից ավելի հարուցված քրեական գործերը։
Թուրքիայի քաղաքական լանդշաֆտն ընկալելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, այն, որ AKP-ի համապետական ընտրազանգվածը տատանվում է 45-48 տոկոսի շրջանում, և իշխանությունը վերարտադրելու և պահելու հարցում Էրդողանը ստիպված եղավ որպես կրտսեր գործընկեր ընդունել ազգայնական շարժումը՝ իր ոչ օսմանիստական, պանթուրանական, ծայրահեղ շովինիստական օրակարգով։ Արդյունքում նեոօսմանականության ռևանշիստական քարոզը զուգորդվում է Մեծ Թուրանի ստեղծման մասին դրույթներով։ Վստահ կարելի պնդել, որ էրդողանական հավակնություններն այսօր աշխարհի առավել ծավալապաշտական և միաժամանակ անհեթեթ միթոսաբանության վրա են հիմնված։ Սակայն Էրդողանի բարեփոխումներով զարթնեցրած աշխարհայացքային գավառը դա էլ է մարսում, քանզի ինքն էլ առնվազն նույն չափ հակալուսավորչական է, ոչ աշխարհիկ, անհատականությունը մերժող, ծավալապաշտ, շովինիստ, տարերայնորեն միապետական և այլն։ Ո՛չ նոր էրդողանական շրջանի օլիգարխիայի առաջացումը, ո՛չ միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սկանդալնեը (Ստամբուլի ջրմուղ-կոյուղու խեղճուկրակ ղեկավարի ականջը կանչի), ո՛չ 2001 թվականի մասշտաբները բազմակիորեն գերազանցող ֆինանսական ճգնաժամը, ո՛չ մարդկության պատմության մեջ իր տարածական ընդգրկմամբ ամենասարսափելի երկրաշարժը, որն էլ ավելի բացահայտեց էրդողանական «տնտեսական հրաշքի» ամենամութ կոռուպցիոն էությունը (աղետի գոտում գտնվող վիլայեթների մեծ մասում Էրդողանն աննախադեպ բարձր քվե է ստացել) չեն կարող համոզել այդ սպեցիֆիկ ընտրազանգվածին, որ գերադասելի է վերադառնալ նախկինների, այն է՝ էլիտիստ, արևմտամետ «լծի տակ», կասկածի տակ դնել իրենց դասական իմաստով թուրք մնալու իրավունքը։
Մայիսի 14-ի նախագահական ընտրություններում Էրդողանը բավական լուրջ տարբերությամբ գերազանցեց իր մրցակցին, իսկ AKP-MHP կոալիցիան որոշակի կորուստներով, որոնք սակայն շատ հեռու են միջազգային քաղաքական և փորձագիտական շրջանակների չափազանցված սպասումներից, պահպանեց խորհրդարանական մեծամասնությունը։ Այդ առիթով ակնհայտորեն հեգնում է հեղինակավոր Foreign Policy-ն իր մայիսի 17-ի հոդվածում․ «(…) բազմաթիվ հեղինակային խմբագրություններում, հոդվածներում, փոդքասթներում և հեռուստատեսային հատվածներում փորձառու քաղաքական վերլուծաբանների շրջանում, որոնք սահմանում էին այն գիծը, որ Քըլըչդարօղլուի հաղթանակը ոչ միայն հնարավոր էր, այլև կիրակի օրվա քվեարկության հավանական արդյունքն էր»։
Նախագահական ընտրություններում երրորդ տեղն է զբաղեցրել ծագումով ադրբեջանցի, շիա մահմեդական, հայտնի իր ծայրահեղ ազգայնականությամբ, ընդգծված հայատյացությամբ, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող Սինան Օղանը։ Քըլըչդարoղլուի քեմալական կոալիցիայի համար երկրորդ քաղաքական ուժն էլ իր հերթին տիկին Մերալ Աքշեների «Լավ» Կուսակցությունն (IYI) է, որը ներկայացնում է քեմալականության աջ ազգայնական ավանդույթը։ Հակաքրդական և շովինիստական հռետորաբանության տեսակետից այն լիովին մրցունակ է MHP-ի և Օղանի հետ։ Եթե, ինչպես այժմ արդեն կանխատեսում են փորձագետները, Էրդողանը հաղթի երկրորդ փուլում, դա կնշանակի Եվրոպական Թուրքիա նախագծի եթե ոչ տապալում, ապա առնվազն խորագույն, սպորտային լեզվով ասած, նոկաուտ։ Սակայն, հակառակ արդյունքը նույնպես, հաշվի առնելով նոր խորհրդարանի կազմը, ազգայնական և շովինիստական ուժերի աջակցությունը բնակչության կողմից, ընդամենը կարող է մասնակիորեն ապահովել էրդողանականության հաղթահարումը, լավագույն դեպքում որոշ չափով արգելակելով դրա ընթացքը։
Հարևան երկրում ընթացող գործընթացները, մեր անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունենալով, կարևորում են «թուրքը թուրք է մնում» հայ առաջադեմ և ազատական շրջանակների կողմից հեգնվող, իսկ որոշակի տիպի ազգայնականության կողմից չարչրկվող թեզի խորքային վերաիմաստավորումը։ Ազգային ատելության զգացմունքայնությունից տարանջատվելով՝ այն դառնում է թուրք ժողովրդի, իր խորքային ձգտումների ու սպասումների բժշկական ձևակերպումը։ Երկրորդ կարևոր հետևությունը, որը պարզապես մակերեսի վրա է՝ արևմտյան կողմնորոշումն իբր ինքնաբերաբար թուրքականացմանը բերելու մասին թեզերի ասպարեզից դուրս գալն է, կամ առնվազն դրանց մարգինալ ու անիրատես բնույթի հստակ հանրային ընկալումն է։
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան