Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախյան բանակցային գործընթացի վերջին զարգացումները

hayk
June 2023
Արցախյան բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Լուսանկարը՝ futurearmenian.com-ի

Բենիամին Պողոսյան

2023 թ. մայիսն արցախյան հակամարտության պատմության մեջ կմտնի, թերևս, որպես առավել ինտենսիվ բանակցությունների ամիս:  2022 թ. նոյեմբերի սկզբից գործընթացում ձևավորված հարաբերական դադարն ընդհատվեց 2023 թ. փետրվարին, երբ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը: Դրանից հետո ապրիլի երկրորդ կեսին ԱՄՆ-ն մաքոքային դիվանագիտության շարք սկսեց՝ դիվանագետների մի ամբողջ աստղաբույլ ուղարկելով Բաքու և Երևան:

Նախապատրաստական գործընթացից հետո 2023 թ. մայիսի սկզբին Վաշինգտոնում մեկնարկեցին հայ-ադրբեջանական քառօրյա բանակցություններն արտաքին գործերի նախարարների և նրանց թիմերի միջև: Առաջին անգամ՝ 2001 թ. գարնանը տեղի ունեցած Քի Վեսթի գագաթնաժողովից հետո, Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաները ներգրավվեցին մի քանի օր անընդմեջ շարունակվող բանակցություններում: Բանակցային այս մարաթոնի արդյունքների վերաբերյալ գանահատականները տարբեր էին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարում էր զգալի առաջընթացի մասին, մինչդեռ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններն իրենց հայտարարություններում շատ ավելի զուսպ էին: Ամեն դեպքում, պաշտոնապես հաստատվեց այն տեղեկույթը, որ Վաշինգտոնում կողմերը աշխատել են կոնկրետ փաստաթղթի վրա, և կարողացել են որոշակի առաջընթաց արձանագրել:

Թերևս, այս հաջողությունը ճանապարհ հարթեց 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև բանակցությունների համար: Մայիսի 14-ի հանդիպման արդյունքներով Հայաստանն առաջին անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետր սահմաններով: Դրանից առաջ, 2022 թ. հոկտեմբերին, Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ադրբեջանում, սակայն, կասկածներ էին մնացել, որ Հայաստանը կարող է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին արդեն չէր հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի մաս, հետևաբար, այդ հռչակագրի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: 2023 թ. մայիսի 14-ին այս հարցում ևս վերջնական հստակություն մտցվեց, ինչը Հայաստանի վարչապետը հաստատեց նաև 2023 թ. մայիսի 17-ին Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում ունեցած ելույթի, ինչպես նաև 2023 թ. մայիսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրի մեջ:

Բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարները մայիսի 19-ին հանդիպեցին Մոսկվայում: Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի 25-ին կայացավ նաև Փաշինյանի և Ալիևի հերթական հանդիպումն այս անգամ նախագահ Պուտինի մասնակցությամբ: Մոսկվայում քննարկվող հիմնական հարցը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման խնդիրն էր: Չնայած բոլոր հավաստիացումներին, որ կողմերը որևէ էական տարաձայնություն չունեն այս խնդրում, հանդիպման արդյունքում որևէ փաստաթութ չընդունվեց, և պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխվարչապետների մակարդակով գործող եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ, որը կայացավ Մոսկվայում 2023 թ. հունիսի 2-ին:

Մինչ այդ, 2023 թ. հունիսի 1-ին Քիշնևում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական հանրույթի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Թերևս, Գերմանիայի կանցլերի մասնակցությունը նպատակ ուներ հավասարակշռել Ֆրանսիայի դերակատարությունը, որը ծայրահեղ բացասական է ընկալվում Ադրբեջանի կողմից: Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին 2023 թ. հուլիսի 21-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, իսկ մինչ այդ, հունիսի 12-ին, Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած ինտենսիվ բանակցությունները որոշակի հստակություն են մտցրել բանակցային գորընթացում: Հայաստանը համաձայն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և հրաժարվել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության պահանջից: Միակ բանը, որը պնդում է Հայաստանը, դա Ադրբեջանում արցախահայերի իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքներն են Արցախում միջազգային ներկայության ապահովմամբ, ինչպես նաև Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ բանակցությունների անցկացումը միջազգային մեխանիզմի շրջանակում: Առայժմ հայկական կողմը չի հստակեցնում, թե ինչ նկատի ունի Արցախում միջազգային ներկայություն և բանակցությունների միջազգային մեխանիզմ տերմինների ներքո և ինչպես է պատկերացնում դրանց իրականացումը:

Իր հերթին Ադրբեջանը կտրականապես մերժում է այս պահանջները և Արցախից պահանջում պետական բոլոր ինստիտուտների լուծարում՝ խոստանալով այդ դեպքում դիտարկել Արցախի պետական համակարգում ներգրավված անձանց համաներում հայտարարելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը 2023 թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ փաստացի ավարտել է Արցախ մուտքի ու ելքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը: Չնայած Հայաստանից և միջազգային այլ դերակատարներից հնչող քննադատություններին՝ Ադրբեջանը որևէ մտադրություն չունի վերացնել այդ անցակետը, փաստացի արհամարհելով 2023 թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը: Արդբեջանը նաև հստակորեն նախապատրաստվում է Արցախում ուժային գործողությունների իրականացմանը՝ դա փաթեթավորելով «հակաահաբեկչական գործողությունների», կամ «ապօրինի զինված խմբավորումների զինաթափման» պիտակներով:

Ռուսաստանն իր հերթին ակնարկում է, որ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումից հետո իր հնարավորություններն Արցախի խնդրում էականորեն նվազել են, ինչը գումարվել է 2022 թ. փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմի հետևանքով Ռուսաստանի գրեթե ողջ ռեսուրսների՝ դեպի Ուկրաինա ուղղմանը: Ուկրաինական պատերազմն էականորեն ավելացրել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նշանակությունը Ռուսաստանի համար՝ որպես պատժամիջոցների շրջանցման և լոգիստիկ նոր ուղիների ձևավորման կարևոր գործիքներ: Միաժամանակ, Արևմուտքը, հանձինս Եվրամիության և ԱՄՆ-ի, մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար, իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 2023 թ. մայիսի 30-ին ողջունել է համաներման հնարավորության մասին Ադրբեջանի հայտարարությունը:

Ստեղծված պայմաններում, երբ Արցախում օրեցօր խորանում է սոցիալ տնտեսական ճգնաժամը և անընդհատ ի հայտ են գալիս հումանիտար բնույթի նորանոր բարդություններ, Հայաստանը և Ադրբեջանը մոտեցել են խաղաղության պայմանագրի ստորագրման, որը կարող է տեղի ունենալ մինչև 2023 թ. ավարտը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը կմեծացնի Ադրբեջանի իրավական և քաղաքական հնարավորությունները՝ պահանջելու ռուս խաղաղապահների դուրս բերումը Արցախից 2025 թ. նոյեմբերից հետո՝ կտրուկ մերժելով նրանց փոխարեն Արցախում որևէ միջազգային ուժերի տեղակայման հնարավորությունը: Ադրբեջանը կարող է չսպասել նաև մինչև 2025 թ. նոյեմբեր և վերջնագիր ներկայացնել Արցախին՝ պաշտպանության բանակի զինաթափման և պետական ինստիտուտների կազմալուծման հարցով՝ դա հիմնավորելով խաղաղության պայմանագրի ստորագրման հանգամանքով:

Արցախի կողմից այդ պահանջի մերժումը Ադրբեջանը կարող է ներկայացնել որպես խաղաղության պայմանագրի տորպեդահարման փորձ՝ հայտարարելով, որ Արցախը հակադրվում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի, Ադրբեջանի և միջազգային հանրության ջանքերին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակելու է հսկիչ անցագրային կետի գործունեությունը և Լաչինի միջանցքի փաստացի շրջափակումը՝ էլ ավելի խորացնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կա՛մ արցախահայությունը պետք է ընդունի Ադրբեջանի պահանջը պետական կառույցների, այդ թվում՝ պաշտպանության բանակի կազմալուծման վերաբերյալ, ինչը կնշանակի Արցախի վերջնական կորուստ, կա՛մ, ամենայն հավանականությամբ, պետք է նախապատրաստվի 2025 թ. նոյեմբերից առաջ կամ հետո Ադրբեջանի կողմից ռազմական նոր գործողությունների սկսմանը:

 

Բենիամին ՊՈՂՈՍՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

 

Թեգեր ՀոդվածներՀունիս 2023 առաջին թողարկում

Նմանատիպ  նյութեր

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

Ամենածանր թեմաներից մեկը վերաբերում է Պաշտպանության բանակին․ Արայիկ Հարությունյան

July 2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։...

Կարդալ ավելին
Դատական համակարգի՝ ժողովրդավարական բարեփոխումների գլխավոր երաշխավորի մասին

Ուկրաինայի ԶՈՒ ամառային հակահարձակումն ու դրա հարավկովկասյան արձագանքը

June 2023

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկուկես տարի անց հարկ է արձանագրել գլխավորը. Ուկրաինան դիմացավ՝ ի հեճուկս ամենաառաջատար հատուկ ծառայությունների և...

Կարդալ ավելին
Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

Ուկրաինայի Պաշտպանության ուժերի (հակա)հարձակումը և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների արագացման ռեժիմը 

June 2023

Վլադիմիր Կոպչակ Մեկնարկել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի (ՈՒՊՈՒ) ամառային ռազմարշավը։ Ըստ սպասվածի՝ լայն ճակատով սկսված առաջխաղացման մեկնարկի օրը տարեթվի ճշգրիտ...

Կարդալ ավելին
Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

Ուկրաինա. կայսրությունը վերադառնում է սրած ճանկերով

June 2023

Վահրամ Մարտիրոսյան 2022-ի դեկտեմբերի 24-ից մինչև 2023-ի հունվարի 10-ը ես Ուկրաինայում էի։ Վարշավայից ավտոբուսով մեկնեցի Լվով, ապա՝ Կիև, եղա Խարկովում,...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
    • Russian

© All rights reserved 2022 | The Analyticon.